Վեհափառը իր հայրական բարձրությունից ու մեծությունից միշտ ետդարձի մի ճանապարհ թողնում է.Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյան
ՀանդիպումՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրապարակված հրամանով նախարարությունը փաստացի դադարեցրել է Զինված ուժերի հոգեւոր ծառայության գործունեությունը: Այս եւ եկեղեցու, մասնավորապես Վեհափառ Հայրապետի դեմ իրականացվող արշավի անդառնալի հետեւանքների մասին «Իրավունք»-ը զրուցել է «Իզմիրլյան» ԲԿ-ում հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանի հետ.
-Հայր Հովհաննես, ինչպե՞ս եք տեսնում իշխանություն-եկեղեցի ժամ առ ժամ խորացող անջրպետի հետեւանքը։ Հասարակության մի մասը այն կարծիքին է, որ Վեհափառ Հայրապետը պետք է ավելի կոշտ արձագանքի իշխանությունների ամեն օր կատարելագործվող սանձարձակ գործողություններին։
Ի՞նչ կասեք Դուք։
- Նախ պետք է արձանագել, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին երբևէ նպատակ և միտում չի ունեցել անջրպետ ստեղծել իշխանության և եկեղեցու միջև: Պետք է արձանագրենք, որ այս լարվածությունը սկսվեց այն ժամանակ, երբ Վեհափառ Հայրապետը Շվեցարիայում բարձրաձայնեց Արցախի բռնազավթման, նրա մշակութային ժառանգության պահպանման և արցախահայության բռնի տեղահանության մասին: Դրանից հետո իշխանությունները սկսեցին նախ քարոզչական հարձակում իրականացնել եկեղեցու և առանձին եկեղեցականների վրա, այնուհետև այդ քարոզչությունը ստացավ գործնական տեսք՝ քրեական գործերի հարուցման, հետապնդումների և ձերբակալըթյունների տեսքով: Ինչ վերաբերում է այն կարծիքին, թե Վեհափառ Հայրապետը կոշտ պիտի արձագանքի այս ամենին, մի տեսակ ճիշտ ու վայելուչ չէ Հայոց Հորը: Հասարակ մարդկանց էմոցիոնալ ցանկությունները համեմատելի չեն Ամենայն Հայոց Հայրապետի հեռատես և խորիմաստ մտածումներին: Վեհափառը իր հայրական բարձրությունից ու մեծությունից միշտ ետդարձի մի ճանապարհ թողնում է, որը շատերի մոտ տպավորություն է ստեղծում, թե Վեհափառ Հայրապետը թուլություն է դրսևորում, իսկ այդ կարծիքը վերացնելու համար կարծում եմ պետք է ի մոտո ճանաչել Հայոց Հայրապետին: Վեհափառը անսասան է և հավատարիմ իր ուխտին:
- Վստահաբար առիթ ունեցել եք ժամանակին շփվելու տաս եպիսկոպոսների հետ, ովքեր հուդայաբար վարվեցին թե եկեղեցու եւ թե անձամբ Վեհափառ Հայրապետի հետ։ Ըստ Ձեզ ինչը կարող էր նրանց ուրացման տանել։ Ուրացած եպիսկոպոսներից ումից էիք ամենաքիչը սպասում նման քայլ։
- Շատերին ճանաչել եմ և ժամանակին նրանցից ոմանք ինձ համար օրինակ են եղել որպես Իրական հոգևորականի կերպար: Երբևէ չեմ պատկերացրել, որ եկեղեցու մեջ կլինեն հոգևորականներ ովքեր տուրք տալով իրենց անձնական ամբիցիաներին և օրվա իշխանության ծուղակը ընկնելով պիտի ապստամբեն 1700 ամյա եկեղեցվո նվիրապետության և կանոնականության դեմ: Ես որպես մի պարզ միաբան Սուրբ Էջմիածնի, ինձ իրավունք չեմ վերապահի նրանց որոկավորել, բայց վստահ եմ, որ պատմությունն ու հետագա սերունդները պիտի հստակ գնահատական տան իրենց արածին: Եթե անկեղծ որևէ մեկից չէի սպասում նման դավաճանական քայլ:
- ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով օրերս լուծարվեց ավելի քան 20 տարի ՀՀ զինված ուժերում գործող Հոգևոր առաջնորդության ինստիտուտը։ Սա ի՞նչ անդառնալի հետեւանքներով է հղի։
- Վերջին օրերին շատ մեկնաբանություններ եղան ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության լուծարման մասին: Ես որպես հոգևորական, ով անցել է բանակի ծառայության բովով, ցավ եմ ապրում այս իրողության համար: Սա ուղիղ հարված է բանակի բարոյահոգեբանական կերպարին, ազգային և քրիստոնեական դիմագծին: Պարզից պարզ է, որ այս քայլը իշխանության հակաեկեղեցական արշավի դրսևորումներից մեկն է: Արդեն հստակ է, որ այս իշխանությունը պատրաստ է ամեն քայլի դիմել իրենց առջև դրված խնդիրը լուծելու համար և կարևոր չէ, թե ինչը, ով կամ ովքեր կտուժեն դրանից:

