ԷՊՇՏԵՅՆԻ ՍԿԱՆԴԱԼԸ ԿՀԱՍՑՆԻ՞ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՎԱՐՏԻՆ
ՎերլուծությունԿարեւոր, նաեւ սպասելի հայտարարությամբ հանդես եկավ Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահը պնդում է, որ երբեք չի եղել Էպշտեյնի կղզում, բայց գրեթե բոլոր դեմոկրատներն ու նրանց ֆինանսավորողները են եղել։
ԻՆՉՈ՞Ւ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑԻՆ ՀԵՆՑ ԱՅՍ ՊԱՀԻՆ
Այսպես, ըստ Թրամփի գրառման. «Ես ոչ միայն Ջեֆրի Էպշտեյնի հետ բարեկամական հարաբերություններ չունեի, այլեւ Արդարադատության նախարարության կողմից վերջերս հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Էպշտեյնը եւ Մայքլ Վուլֆ անունով մի անպիտան, ստախոս «հեղինակ» դավադրություն են կազմակերպել ինձ եւ/կամ իմ նախագահությանը վնասելու համար։ Այնպես որ, մոռացեք արմատական ձախերի հուսահատ հույսերի մասին. ես նրանցից մի քանիսին դատի կտամ։ Բացի այդ, ի տարբերություն շատ մարդկանց, ովքեր սիրում են «անհեթեթություններ» անել, ես երբեք չեմ եղել Էպշտեյնի վարակված կղզում, բայց այդ անսկզբունք դեմոկրատներից եւ նրանց դոնորներից գրեթե բոլորը եղել են»:
Այսինքն, ինչպես եւ ենթադրել էինք, թեեւ Էպշտեյնի գործի բացահայտման թեման ի սկզբանե տաքացվեց, հսկայական հանրային հնչեղություն տրվեց` իբր թե Թրամփի վրա սկսվող գլոբալիստական հարձակում, սակայն ներկայումս այն միանգամայն այլ հունով է գնում: Որքան էլ բացահայտված փաստաթղթերում փորձում են Թրամփին ուղղված ուղիղ մեղադրանքներ գտնել, դեռ չի ստացվում: Անուղղակի ինչ–որ բաներ կան, թե այս մեկը ժամանակին այսպես–այսպես բաներ է պատմել: Բայց դրանք հաստատ «գործին չես կցի»: Փոխարենը բազում գլոբալիստական կարկառուն դեմքերի մասով կան ուղիղ մեղադրանքներ` լուսանկար–տեսանյութեր, անձնական նամակագրություն եւ այլն: Ընդ որում, նման մեղադրանքներում շոշափվում են ինչպես ամերիկյան լիբերալ էլիտայի շատ ներկայացուցիչներ` քլինթոններից սկսած, գեյթսերով վերջացրած, այնպես էլ եվրոպական էլիտան, ընդհուպ` արքայական ընտանիքներ (բրիտանական, նորվեգական եւ այլն): Մինչեւ իսկ դուրս լողաց տեղեկություն, թե ինչպես է Էպշտեյնը տեւական ժամանակ բնակություն հաստատել Վատիկանում` նախկին Հռոմի պապին հյուրընկալվելով:
Մի խոսքով, այս պատմությունն ակնհայտորեն դարձավ գլոբալիստական վերնախավին ուղղված եւ դեռ շատ կեղտեր ջրի երես հանելու ունակ ծանր հարված: Ու սա սկսում է տալ մեկ պարզ հարցի պատասխանը` ինչո՞ւ այդ փաստաթղթերը հրապարակվեցին հենց այս պահին: Այսինքն, երբ հանգուցալուծման փուլ են մտել գլոբալ նշանակության մի քանի գործընթացներ, որոնց ավարտը, ավելի ճիշտ, թե ինչ տեսքով կավարտվեն, կարող են մեծ ու ամենաուղղակի ազդեցությունն ունենալ աշխարհի ապագա աշխարհաքաղաքական կառուցվածքի վրա: Նկատի ունենք, որ այն մեծ թվով սկանդալները, որոնք կապվում են գլոբալիստական կարկառուն դեմքերի հետ, նկատելիորեն թուլացնում է նրանց կողմից այդ գործընթացների վրա հնարավոր ազդեցությունը:
Խոսքը, իհարկե, ինչպես ուկրաինական, այնպես էլ Մերձավոր Արեւելքում Իրանի շուրջ իրադարձությունների մասին է: Ուկրաինայից, հասկանալի է, նկատելիորեն կախված է այն կոնֆիգուրացիան, որն այդ համակարտության ավարտի դեպքում ստեղծվելու է ԵՄ–ում եւ ՆԱՏՕ–ում` այդ կառույցների, ըստ այդմ` Եվրոպա–ԱՄՆ–ՌԴ–Չինաստան հարաբերությունների ապագայի իմաստով: Ընդ որում, այստեղ ամեն բան դարձել է շատ պարզ` կկարողանա՞ն Թրամփն ու Պուտինը Զելենսկուն կարգադրել խաղաղության այն մոդելը, որը, հիշեցնենք, ի հայտ եկավ Ալյասկայում ռուս–ամերիկյան բանակցությունների ժամանակ: Իսկ այդ դեպքում, եւս մեկ անգամ ֆիքսենք, Եվրոպան եւ ներկայիս եվրալիդերները, այն է` ներկայումս Եվրոպայում իշխող գլոբալիստական համակարգը, մեղմ ասած, տարօրինակ վիճակում է հայտնվում:
ԻՆՉՈՒ ՀԵՏԱՁԳՎԵՑ ԱԲՈՒ ԴԱԲԻԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Իհարկե, պատահական չէր, որ Աբու Դաբիում փետրվարի 1–ին ծրագրված բանակցային հերթական ռաունդը մի քանի օրով հետաձգվեց: Պատճառներից մեկը, իհարկե, այն էր, որ հանդիպման նախօրեին Զելենսկին հերթական անգամ հայտարարեց, թե բանակցային հիմնական արգելակի` Դոնբասից ուկրաինական զորքերը դուրս բերելու հարցում մտքով անգամ չի անցնում նահանջել: Սա նշանակում էր, որ նրա վրա գործում է գլոբալիստական ազդեցությունը, չնայած այն բանին, որ ամերիկացիներին հաջողվեց սատանիստ եւ բրիտանական բացահայտ գործակալ Երմակի փոխարեն նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ հիմնական բանակցողի դիրքում նշանակել տեսանելիորեն ամերիկյան ենթակայի տպավորություն թողնող Բուդանովին: Ամեն դեպքում, ուկրաինական դեռ ողջամիտ փորձագիտական աղբյուրները գնահատում են նման պատկեր` Բուդանովը փորձում է Զելենսկուն տանել Թրամփի առաջադրած ուղղությամբ: Սակայն Զելենսկու վրա պահպանվող գլոբալիստական ազդեցությունը նրան դեռ հետ է պահում այդ գծից: Այսինքն, հիմա Զելենսկու մոտեցումը սա է` ժամանակ շահել, տեսնելու համար, թե Եվրոպայի խոստացած 90 միլիարդ դոլարը ստանալո՞ւ է, թե` ոչ: Ընդ որում, պետք է ժամանակ շահել` բանակցելով, քանի որ ի հայտ է եկել նաեւ այս մահացու խնդիրը: Ուկրաինական էներգետիկ ճգնաժամը, երբ մասնավորապես այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Կիեւը, Խարկովը, Դնեպրոպետրովսկը եւ այլն, ներկայիս խիստ ձմեռվա պայմաններում զրկված լինելով հոսանքից, գազից, ըստ այդմ` ջեռուցումից, ջրից եւ ամենատարրական կենցաղային այլ պայմաններից, կարող են պայթեցնել ուկրաինական ամեն մի իշխանություն եւ ամեն մի հաշվարկ: Ուրեմն, պետք է ժամանակ շահել մինչեւ գարուն, երբ կպարզվի ինչպես 90 միլիարդի հարցը, այնպես էլ կմեղմվի էներգետիկ ճգնաժամը: Ու այդ դեպքում կարելի է եւս մեկ տարի պատերազմը շարունակել: Իսկ այդ տարվա ընթացքում, եթե Թրամփը կորցնի Կոնգրեսում մեծամասնությունը, կարող է նաեւ Կիեւի համար իրավիճակ փոխվել:
Հաջորդ խնդիրը. Զելենսկին նաեւ հասկանում է, որ հենց ստորագրվեց պայմանագիրը, ամերիկացիները ժամ առաջ իր տեղն են նստեցնելու, ըստ ամենայնի, նույն Բուդանովին: Իսկ այդ դեպքում, անկախ այն բանից, թե Արեւմուտքից ով ու ինչ է խոստանում, իր` Զելենսկու անձնական ապագան կդառնա չափազանց պարզ. եթե բախտը բերի, կընկնի ռուսների ձեռքը, եթե չբերի, գլոբալիստները հաստատ նրան ողջ չեն թողնելու, որպես չափազանց շատ բան իմացող: Այսինքն, ներկա բանակցությունների ձախողումը կթուլացնի նաեւ Բուդանովի դիրքերը, որպես ուկրաինական բանագնացի, ամենակարեւորը` որպես պոտենցիալ փոխարինողի:
Սակայն նաեւ նման է, որ Էպշտեյնի գործով ստեղծված իրավիճակը Զելենսկու մոտ նաեւ այլ տրամադրություններ է ստեղծում: Նախ, իր տերերն են հարվածի տակ, այսինքն` օգնությունը կթուլանա: Երկրորդը, Զելենսկու անունը եւս շրջանառվում է բազում փաստաթղթերում, այդ թվում, որպես մարդկային առեւտրով զբաղվողի. ուկրաինացի կանանց եւ երեխաների է վաճառել դրսում: Գումարած, այս իրավիճակում, երբ գրեթե ողջ եվրոպական էլիտան թաթախվել է այդ սկանդալի մեջ, 90 միլիարդի թեման դառնում է շատ ավելի անորոշ:
Թերեւս, այս նոր հանգամանքի հիման վրա էր, որ նախօրեին Զելենսկին սկսեց խոսել` «Պատերազմը պետք է ավարտել» բառապաշարով, բայց ուկրաինական աղբյուրն ընդամենը մեկնաբանեց. «Քչերն են կարծում, որ բանակցային հարցը կհասնի իր տրամաբանական ավարտին։ Այն, հավանաբար, որոշ պահի կխափանվի՝ ցանկացած պատրվակով կամ պատճառով: Մեծ պատրանքներ չկան, որ խաղաղությունը կգա առաջիկա ամիսներին»:
Նման է, որ նաեւ Մոսկվայում չեն հավատում: Ըստ այդմ, երեկ գիշեր (որը կրկնվեց), Թրամփի հետ պայմանավորված հրադադարից հետո ռուսներն իրականացրին հերթական մասշտաբային հարձակումներն ուկրաինական էներգետիկ համակարգի վրա, ցույց տալով, որ չեն պատրաստվում Զելենսկուն մինչեւ գարուն ժամանակ տալ: Ընդ որում, ռուսները կանգնեցին ամենածայրահեղ կետի վրա, որից անցնելու դեպքում ուկրաինական էներգետիկայից պարզապես բան չի մնա: Ու եթե դա հասկանան նաեւ, օրինակ, Կիեւի բնակիչները, որ ողջ քաղաքը սառչելու դեպքում հետեւանքները լինելու են անուղղելի, կարող են կորցնել ամեն ինչ, ապա շատ ռեալ է, որ «գազազած ամբոխները» դուրս գան փողոցներ` Զելենսկուն փնտրելու: Առավել եւս, որ թրամփական ուղղությունից կարող են նաեւ ակտիվորեն ուղղորդել նրանց:
Կարճ ասած, հաստատվել է, որ փետրվարի 4–5–ին հերթական բանակցային փուլն է Աբու Դաբիում: Կհաստատվի այստեղ ռուս–ամերիկյան խաղաղության ծրագիրը. կարծես թե դա ռուսական այս նոր հարվածներից հետո դարձել է շատ հավանական: Չի՞ հաստատվի, տեսանելի է նաեւ դրան հաջորդող սցենարը:
Ամենակարեւորը. ներկա փուլում` Էպշտեյնի սկանդալի արդյունքում, եվրագլոբալիստական գործոնը առավելագույնս թուլացել է: Թերեւս, այդ հանգամանքը բացատրում է, թե ինչու այդ սկանդալը հենց այս պահին պայթեց:

