Կա հոգեբանական մեծ ճնշում, որը ֆիզիկական բռնությունից շատ ավելի վատ է․ Բաքվի դժոխքի դարպասներով անցած Գևորգը՝ դատապարտված հայրենակիցների մասին
Հանդիպում«Իրավունքի» զրուցակիցն է հինգ տարի երեք ամիս 2 օր ադրբեջանական գերության մեջ գտնվող, «Նոր Հայաստան Հայրենիք–Սփյուռք» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր ԳԵՎՈՐԳ ՍՈՒՋՅԱՆԸ․
-Պարոն Սուջյան, Բաքվի դատարանում հրապարակվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու գործով «դատավճիռը»։ Դուք սեփական մաշկի վրա եք զգացել թշնամական երկրի «օրենքների» կիրառումը հայերի նկատմամբ եւ թերեւս լավագույնս եք գիտակցում նրանց հոգեվիճակը ու պահման պայմանները, ի՞նչ է սպասում սրանից հետո մեր հայրենակիցներին Բաքվում:
-Ինչպես Դուք նշեցիք օրենքի բացակայութան մասին, Ադրբեջանի հանրապետությունում օրենք գոյություն չունի։ Պահման պայմանները բավարար են այնքանով, որ ֆիզիկական բռնության չեն ենթարկվում, բայց կա հոգեբանական մեծ ճնշում, որը ֆիզիկական բռնությունից շատ ավելի վատ է, բուժօգնությունը իսպառ բացակայում է, իսկ թե ինչ է սպասվում մեր հայրենակիցներին կախված է մեր ազգի միաբանությունից, մեզնից բոլորիցս նաև ձեզանից հարգելի լրագրողներ։
-Պարոն Սուջյան, ասում են, թեեւ գերության մեջ գտնվողները հարազատների հետ ուղիղ չեն կարողանում ասել, բայց անուղղակի կերպով հաակացնում են, որ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսեւորվում, որ նրանք զրկված են անգամ մարդավայել լոգանք ընդունելու հնարավորությունից, որ հաճախ սառը ճրով են ստիպված լողանում։ Դուք, որպես այդ դժոխքի բոլոր դռները պատվով հաղթահարած անձ, ի՞նչ կասեք այս մասին։

