Թուրքին թուրք մի ըսեր, մեղք է…
ՎերլուծությունՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անթույլատրելի է համարում քաղաքական դերակատարների ու հանրային գործիչների կողմից լայնորեն տարածվող՝ էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքը, պիտակավորող ու խտրական ձեւակերպումները, օրինակ՝ «թուրք» եւ այլ համանման ձեւակերպումները՝ որպես վիրավորանք օգտագործելը։
Ակնհայտ է, որ Մարդու իրավունքների պաշտպանի վերջին հայտարարություններն ավելի շատ հիշեցնում են ընտրովի զգայունություն, քան համակողմանի իրավապաշտպան մոտեցում։ Երբ ՄԻՊ Անահիտ Մանասյանը խիստ եւ հրապարակային տոնով անթույլատրելի է համարում էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով «ատելության խոսքը»՝ օրինակ բերելով «թուրք» բառի օգտագործումը՝ որպես վիրավորանք, ակամա հարց է ծագում. իսկ որտե՞ղ էր նույն այդ սկզբունքայնությունը, երբ Հայաստանում մարդկանց զրկում էին ազատությունից՝ զուտ խոսքի, քաղաքական դիրքորոշման կամ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին պաշտպանելու համար։ Ո՞վ պետք է պաշտպանի անձի սահմանադրական իրավունքը՝ խոսքի, խղճի ու կրոնի ազատության:
Այսօր բանտված են բարձրաստիճան հոգեւորականներ, քաղաքական գործիչներ, հանրային դեմքեր, որոնք հայտնվել են ազատազրկման մեջ ոչ թե բռնության, այլ խոսքի համար։ Խղճի ազատությունը, խոսքի ազատությունը, կրոնի ազատությունը շարունակում են մնալ լռության մեջ խեղդված իրավունքներ, որոնց պաշտպանության հարցում ՄԻՊ-ի ձայնը հազվադեպ է հնչում նույն ուժգնությամբ, ինչ մեկ բառի շուրջ ծավալված դատապարտումները։
Ավելին՝ երբ «թուրք» բառը ներկայացվում է բացառապես որպես ատելության խոսքի օրինակ, անտեսվում է դրա սոցիալ-քաղաքական բովանդակությունը հայ հասարակության մեջ։ Խոսքը ոչ թե էթնիկ ինքնության, այլ տասնամյակների պատմական հիշողության, անվտանգության սպառնալիքների ընկալման մասին է։ Այդ համատեքստը ջնջելը ոչ թե պայքար է ատելության դեմ, այլ` իրականության պարզունակացում։
ՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՆ Է ՄԻՆԱՍՅԱՆԸ
Չի կարելի չհիշել նաեւ վերջերս համացանցում հայտնված աղմկահարույց տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես է ոստիկանական բաժանմունքում խոշտանգվում քաղաքացին: Խոշտանգողը՝ արդեն նախկին ոստիկանը, առ այսօր ազատության մեջ, իսկ միջադեպը մինչ օրս չի ստացել արժանի արձագանք «պատվախնդիր» ՄԻՊ-ի կողմից: Մինչդեռ հնարավոր է հենց այդ դեպքը օգներ Մանասյանին հասկանալ, թե ինչու է «չեզոք» բառը երբեմն վերածվում ծանր, բացասական ածականի՝ հասարակության աչքում։
Դե ՄԻՊ Անահիտ Մանասյանի գլուխը խառն է այս օրերին: Հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ: Հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունն անգամ բացահայտում է ՄԻՊ-ի առաջնահերթությունը որն է: Կրկին օրակարգ են չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիան…Մտացածին խնդիրներ են հնարում ու «հերոսաբար» հաղթահարում, մինչդեռ իրավունքների պաշտպանությունը սկսվում է իրական խախտումների արձանագրումից՝ անկախ նրանից, թե ով է խախտողը, եւ ում իրավունքն է խախտվել:
Եթե ՄԻՊ-ի օրակարգում տեղ են գտնում միայն «անվտանգ» թեմաները, իսկ անհարմար հարցերը շրջանցվում են, ապա խոսքը արդեն ոչ թե մարդու իրավունքների պաշտպանության, այլ քաղաքական կոնյունկտուրայի սպասարկման մասին է։
Ի դեպ, հատկանշական է նաեւ եղբայրական եզդիների արձագանքը Մանասյանի հիշյալ հայտարարության վերաբերյալ, որովհետեւ ՄԻՊ-ն իր ձեւակերպման մեջ թուրքերին ու եզդիներին դրել էր մեկ շարքում:
«Մեզ համեմատելով թուրքերի հետ, դա արդեն իրավունքների ոտնահարում է:
Եզդիները դարերով եղբայրներ են եղել հայերի հետ՝ պաշտպանել հայրենիքը, զարգացրել երկիրը եւ կերտել համերաշխություն։ Բայց մի անգրագետ համեմատություն թուրքերի հետ ոչ միայն վիրավորում է մեզ՝ եզդիներիս, այլ նաեւ ոտնահարում մեր իրավունքները։ Հետաքրքիր է ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի արձագանք չտալը: Սա օրենքի եւ բարոյական պատասխանատվության խախտում է», - շեշտել է եզդի սցենարիստ, բեմադրող ռեժիսոր եւ դերասան Արմեն Ախմեյանը:
Ո՞ՐՆ Է, ԲԱԲՈ՛, ԱՅՍՕՐՎԱ ԵՎՐԱԱՐԺԵՔԸ
Եվ ահա մինչ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուզվում է «թուրք» բառը, որպես վիրավորանք օգտագործելուց, եվրոպացիներն ավելի անկեղծ ներկայացնում են, թե ինչ է կատարվում մեր օրերում:
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, ով վերջերս խոստովանեց, որ գրքեր է կարդում՝ խելացի դառնալու համար, բացահայտել է Եվրամիության իրական դեմքը: Այսպես, ըստ Կալլասի, համաշխարհային քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ջունգլիների օրենք:
«Միշտ էլ ջունգլիների օրենքն է եղել՝ ուժը ամեն ինչ վերցնում է։ Կանոնների վրա հիմնված աշխարհակարգը միշտ էլ պատրանք է եղել», - ասում է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։ Ավելին՝ նրա գնահատմամբ՝ նույնիսկ ջունգլիներում կենդանիները կարող են համագործակցել: Ու այս ամենից ակնհայտ է դառնում, որ եթե Կալլասը գալիս է Հայաստան ու սկսում ճառեր արտաբերել դեմոկրատիայի, մարդու իրավունքների եւ նման բաների մասին, ուրեմն՝ ստում է: Ահա այսպես՝ ջունգլիների օրենքով էլ Եվրամիությունը պատրաստվում է միջամտել Հայաստանում ընտրական գործընթացին: Իսկ մենք դեռ պատշաճ արձագանք էինք սպասում այս տեսակ Եվրոպայից՝ Բաքվի գերիների ու հայաստանյան բանտերում առկա քաղբանտարկյալների հարցում:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երեկ բողոքի ակցիա իրականացրեց Ազգային ժողովի դիմաց: Խորհրդարանում էր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթին: Բողոքի ակցիայի ընթացքում ոչ միայն Բաքվի բանտերում պահվող հայերի հարցը բարձրացվեց, այլ նաեւ հայաստանյան քաղբանտարկյալների եւ ամենաուշագրավը թերեւս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի արձանագրումն էր:
«25 տարի առաջ Հայաստանն անդամակցեց Եվրոպայի խորհրդին: Մենք հույս ունեինք, որ եվրոպական ինտեգրման ճանապարհը մեր երկրին բերելու է ազատություն, արժանապատվություն, հավասարություն, բարեկեցություն: 25 տարի անց փաստում ենք, որ այդ ամբողջը փուչիկ է, կեղծ է, եվրոպական կառույցները Եվրոպական խորհրդից մինչեւ Եվրոպական հանձնաժողով, Եվրոպական պարլամենտից մինչեւ Եվրոպական օմբուդսմեն, կույր են, խուլ են եւ համր», - հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

