Խմբագրությունները հայտնվում են ֆինանսական եւ համացանցային ագրեսիվ ճնշման տակ. Թովմասյան
ՆերքաղաքականԱԺ անկախ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ գնահատմամբ՝ օրվա իշխանության օրոք հաճախ լրատվական խմբագրությունները հայտնվում են ֆինանսական եւ համացանցային ագրեսիվ ճնշման տակ, իսկ քննադատական խոսքը բանտարկված է։
— Իհարկե, տարբեր գնահատականներով, Հայաստանը շարունակում է դասվել խոսքի ազատություն ունեցող երկրների շարքում, բայց իրավիճակը շատ ավելի բարդ է։ Լրագրող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք 63 լրագրողի նկատմամբ բռնություն է կիրառվել, եւ մինչ օրս դրանք ամբողջությամբ լրիվ ու օբյեկտիվ բացահայտված չեն։
Արձանագրվել են 605 ճնշման դեպքեր՝ լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ, այդ թվում եւ ներխուժումներ, հավատարմագրումից զրկումներ ու այսպես շարունակ։ Փակվել են տասնյակ մեդիաներ։ 668 դեպք է արձանագրվել, երբ իշխանությունը զրկել է լրագրողին տեղեկություններ ստանալու եւ տարածելու հիմնարար իրավունքից: 318 դատական հայցեր են ներկայացվել լրագրողների նկատմամբ՝ իբրեւ ճնշման գործիք, իսկ ատելության խոսքը լրագրողների նկատմամբ ամբիոններից, համացանցային հարթակներում հիմնականում մնում են անպատիժ։
Ահա թե ինչ միջավայրում են գործում Հայաստանում լրագրողները, որոնց ամեն ինչ անում են մեղադրելու բեւեռացվածությամբ քաղաքական լինելու, անկիրթ լինելու մեջ, եւ, երեւի, սա ժողովրդավարության նոր որակ է։ Անգամ աշխարհահռչակ «Ֆրիդմ Հաուսը» արձանագրել է իր 2024 թվականի զեկույցում, որ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման եւ հաշվետվողականության ուղղությամբ արձանագրված առաջընթացը խիստ սահմանափակ է, իսկ մեդիայի եւ քաղաքական վերահսկողության արդյունավետությունը էականորեն թուլացված է։
Այսօր, երբ խոսում ենք մեդիաբարեփոխումների մասին, ուզում եմ հիշեցնել մի պարզ ճշմարտություն՝ խոսքի ազատությունը չի չափվում ռազմավարություններով, այլ կոնկրետ նախադեպերով, թե որքան ազատ է լրագրողը՝ հարց տալու իր իրավունքն իրացնելիս։ Լրագրողն ինչպես է պաշտպանված իր ամենօրյա աշխատանքում, քանի՞ խմբագրություն է այսօր գործում առանց ճնշումների։
Քանի որ ես օրենսդիր իշխանության դաշտում եմ գործում, պարտավորված եմ նաեւ արձանագրել` խոսքի ազատությունը Հայաստանում ինստիտուցիոնալ երաշխիքներ չունի, այն հաճախ կախված է կոնկրետ քաղաքական միջավայրից, քաղաքական քմահաճույքից եւ քաղաքական կոնկրետ գործիչներից, ինչը վտանգ է մեր պետության համար, որովհետեւ առանց ազատ մամուլի՝ չկա վերահսկողություն։ Առանց վերահսկողության՝ չկա պատասխանատվություն, իսկ առանց պատասխանատվության՝ չկա վստահություն։ Սա պետք է գիտակցել։

