«Փաստ». ՔՊ-ում դժգոհության նոր ալիք է բարձրանում
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊ-ում դժգոհության նոր ալիք է բարձրանում։ Այս դեպքում դա պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը արվեստի և մշակույթի մի շարք գործիչների «համոզել» է առաջադրվել ՔՊ նախընտրական ցուցակով՝ վերջիններիս բավական բարձր դիրքեր խոստանալով ընտրական ցուցակում, ինչն էլ հարուցել է ՔՊ հնաբնակների և խորհրդարանական խմբակցության պատգամավորների դժգոհությունները։
Մեր տեղեկություններով, սակայն, Փաշինյանը սարսափելի զայրացել է, հորդորել «չմոռանալ», որ ինքն է որոշում, թե ով պետք է լինի խորհրդարանում։ Ճիշտ է, նաև հիշեցրել է, որ ցուցակը կազմվելու է առաջիկայում կայանալիք ՔՊ համաժողովում, բայց խմբակցությունում վստահ են, որ այդ համաժողովում ցուցակները կազմվելու են նախապես տրամադրված հուշաթերթիկներով:
Համաժողովին 1000- ից ավելի պատվիրակներ են մասնակցելու, որոնց հետ հիմնականում աշխատում են ՔՊ տարածքային կազմակերպության ներկայացուցիչները, նրանց վերահսկում են վարչապետի աշխատակազմից՝ «հուշելով» այս կամ այն ընտրությունը կատարել: Ըստ մեր զրուցակցի, քպականները վստահ են, որ արդյունքում բազմաթիվ նոր դեմքեր կլինեն ընտրացուցակի բարձր հորիզոնականներում։
Ըստ այդմ, քպականները նաև դժգոհ են, որ իրենք ոչ միայն չեն հայտնվի խորհրդարանում, այլև կկորցնեն կես միլիոնից մինչև 1,5 միլիոն դրամ գումարը, որը պարտադրել են վճարել կուսակցության բյուջե։
Ի դեպ, այս պահին հայտնի է միայն մեկ դերասանի անուն, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, քպականացվող ու ՔՊ-ի ցուցակում տեղ ունենալու թեկնածու դերասանների և երգիչների թիվը մոտ երկու տասնյակի է հասնում։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

