«Արարատ 73» կամ «Ոսկե Դուբլ» ֆիլմից հուզվել էին բոլորը
ՄշակութայինՀայկական ֆուտբոլի ոսկե տարիները՝ մեծ էկրաններին
Օրերս տեղի ունեցավ «Արարատ 73» սպորտային դրամանյի պրեմիերան, որը նվիրված է «Արարատ» ֆուտբոլային թիմի հաղթանակին եւ թիմի գլխավոր մարզիչ, Խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի հիշատակին: Ցավոք, լեգենդար մարզիչը ֆիլմի պրեմերան այդպես էլ չտեսավ. նա մահացավ 99 տարեկան հասակում 2025 թվականի նոյեմբերի 24-ին:
«Արարատ 73» ֆիլմը ներկայացնում է 70-ականներն՝ իր բոլոր հմայքով: Ֆիլմում նկարահանվել են Եգոր Բերոեւը, Սոֆյա Դոնյանցը, Քսենիա Ալֆերովան, Սերգեյ Շակուրովը, Սերգեյ Գազարովը, Բաբկեն Չոբանյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Դավիթ Մանոյանը, Արծրուն Չոբանյանը, Հայկ Աղաքարյանը (Freestyle), Սեյրան Մովսիսյանը, Լեւս Դավթյանը, Էդվին Հակոբյանը, Անահիտ Կիրակոսյանը եւ այլք։ Ֆիլմի ռեժիսորն է Մհեր Մկրտչյանը, գլխավոր պրոդյուսեր՝ Վալերի Սահարյան:
Ֆիլմի պրեմիերային ներկա էին անվանի մարզիկներ, սիրված դերասաններ, քաղաքական գործիչներ եւ, պարզապես, «Արարատ 73»-ի երկրպագուները:
«ԱՄԵՆԱԲԱՐԴԸ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՑ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԹԻՄ ՍՏԵՂԾԵԼՆ ԷՐ»
«Արարատ-73»-ի պրոդյուսեր, սցենարի համահեղինակ ՎԱԼԵՐԻ ՍԱՀԱՐՅԱՆԸ ցավով նշեց, որ Նիկիտա Սիմոնյանը մահացավ պրեմիերայից 2 ամիս առաջ եւ չհասցրեց ֆիլմն ամբողջությամբ դիտել, թեեւ որոշ հատվածներ տեսել է:
«Երբ «Արարատ-73»-ի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարն առաջացավ, առաջինը հենց Նիկիտա Սիմոնյանի հետ եմ խոսել ու խորհրդակցել: Երկար տարիներ աշխատել ենք սցենարի վրա, ու այդ ամբողջ ընթացքում նրա հետ կապ պահել: Նա ամենաուղիղ մասնակցությունն է ունեցել ֆիլմի ստեղծման գործում»,- պատմեց Սահարյանը:
«Իրավունք»-ի հետ զրույցում «Արարատ 73» ֆիլմի ռեժիսոր ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ խոստովանեց, որ նույնիսկ վախեցել է այս ֆիլմին դիպչել:
«Ամենաբարդը դերասաններից պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների թիմ ստեղծելն էր՝ իր էներգետիկայով, կանոններով ու տրամադրությամբ։ Շատ տաղանդավոր ու շնորհքով դերասաններ կային, որ ֆուտբոլ խաղալ չգիտեին: Նրանք 2-3 ամիս շաբաթը մի քանի անգամ պարապել են՝ տիրապետելու համար այն նվազագույնին, որը պետք էր նկարահանումների համար: Իրականում շատ բարդ թեմա էր, որը կապված էր պատմության հետ, եւ այն տապալելը ոչ թե վտանգավոր է, այլ՝ ռեժիսորի համար ինքնասպանությանը հավասարազոր բան: «Արարատ 73»-ը դա լեգենդների մասին է, որոնց նայելով սերունդներ են մեծացել: Իհարկե կստեմ, եթե ասեմ, որ չեմ վախեցել այս թեմային դիպչելուց», -նշեց ռեժիսորը:
Այն հարցին թե ինչ սկզբունքով է ընտրվել դերասանական կազմը, Մհեր Մկրտչյանն ասաց, որ հիմնականում առաջարկներն արվել են կա՛մ ռեժիսորի, կա՛մ պրոդյուսերի կողմից եւ վերջում հանգել են մեկ որոշման:
«ՖԻԼՄԻ ՀԱՄԱՐ ՆԻՀԱՐԵԼ ԵՄ 20 ԿԳ, ՀԻՄԱ ԷԼ ՉԱՂԱՑԵԼ ԵՄ՝ ԿՐԿԻՆ 20 ԿԳ-ՈՎ»
«Արարատ-73» -ի անփոխարինելի ավագ Հովհաննես Զանազանյանի կերպարը կերտել է դերասան ԼԵՎՍ ԴԱՎԹՅԱՆԸ, որը պատմեց բոլոր այն դժվարությունների մասին, որոնք ունեցել է ֆիլմի ընթացքում:
«Մենք ֆուտբոլիստ չենք՝ դերասան ենք: Երկար պարապմունքներից ու քրտնաջան աշխատանքից հետո ենք սովորել ֆուտբոլ խաղալ: Ցավոք, Զանազանյանը մեզ հետ չէ, բայց նրա մասին հարցուփորձ եմ արել իր խաղընկերներից եւ ընկերներից։ Նա ինձ շատ հոգեհարազատ է, որովհետեւ Երեւանի տղա էր, ուժեղ, մաքրամաքուր մարդ եւ բոլորի կողմից հարգված: Իսկական հայ տղամարդ էր, թիմի ավագ ու առաջնորդ: Կերպարը ստեղծելիս փորձել եմ չկրկնօրինակել նրան, այլ իր հատկանիշներն իմ մեկնաբանությամբ ներկայացնել: Ֆիլմի համար նիհարել եմ 20 կգ, սակայն հիմա էլ չաղացել եմ կրկին 20 կիլոգրամով», - ասաց Դավթյանը:
Դերասան ԲԱԲԿԵՆ ՉՈԲԱՆՅԱՆԸ շատ չակերտներ չբացելով՝ միայն նշեց, որ մարմնավորել է այնպիսի կերպարի, որն իրեն հոգեհարազատ էր.
«Կերպարի մասին երկար չեմ ցանկանա խոսել, միայն կասեմ, որ այնպիսի կերպար էր, որ ուզեցի անպայման խաղալ եւ այդ մարդու մասին պատմել, որովհետեւ ֆուտբոլիստների մասին շատ, թե քիչ մարդիկ գիտեն, բայց այն մարդիկ, ովքեր թիկունքում բավականին մեծ գործեր են արել, նրանց, ցավոք, չգիտեն: Դրանցից մեկն էլ իմ կերպարն էր՝ Ծաղիկյանը», - խոսելով իր կերպարի՝ լեգենդար ֆուտբոլային թիմի տնօրեն Ռոբերտ Ծաղիկյանի մասին՝ ընդգծեց Չոբանյանը:
«ԵԹԵ ՖԻԼՄԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԹՈՂՆԵԼ ԷՄՈՑԻԱ, ԱՊԱ ԱՅՆ ՎՍՏԱՀԱԲԱՐ ՍՏԱՑՎԱԾ Է»
Դերասանուհի ԱՆԱՀԻՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ֆիլմում մարմնավորելով ավանդական հայ հարեւանուհու կերպարը՝ անկեղծացավ.
«Իրականում, երբ դերի առաջարկը ստացա, առաջին հարցս հետեւյալն էր. ֆուտբոլիստ չեմ խաղալու, չէ՞: Իհարկե, կատակեցի, քանի որ պարզ էր, որ լեգենդարներին պետք է կերտեին տղաները: Իմ կերպարը փոքրիկ է ֆիլմում, սակայն շատ հետաքրքիր եւ կոլորիտային է՝ հայ կնոջ, հարեւանուհու ջերմությունն ու տեսակն է ցույց տալիս: Փոքրիկ գաղտնիք բացեմ՝ ես Նիկիտա Սիմոնյանի հարեւանուհին եմ ֆիլմում: Պետք է ասեմ, որ տեսարանները փոքր էին, սակայն շատ նպատակային եւ հետաքրքիր կերպով ընդգծում են մեր հայկական կոլորիտը, ինչը հաճելի կլինի նաեւ մեր Հայաստանից դուրս բնակվող հանդիսատեսի համար»:
«Իրավունք»-ի հարցին, թե ինչպես անցավ Մոսկվայում ֆիլմի պրեմիերան, Կիրակոսյանը հայտնեց իր հիացմունքը. «Անասանելի տպավորիչ արձագանք էր: Ես տեսել եմ շատ հուզված դեմքեր եւ կարծում եմ, որ հուզմունքը կրկնակի էր «Արարատ 73»-ի ոչ միայն հաղթանակի եւ կարեւորության համար, այլ նաեւ սփյուռքում բնակվող մեր հայ համայնքի կարոտն էր: Ֆիլմում դրվագներ կան, երբ հանդիսատեսը նույնիսկ փշաքաղվել էր եւ հուզվել: Սա ամենից կարեւորն է. եթե ֆիլմը կարողանում է թողնել էմոցիա, ապա այն վստահաբար ստացված է»,- ասաց դերասանուհին:
«ՖԻԼՄԸ ՇԱՏ ԱԶՆԻՎ ԷՐ, ՀԱՅԵՑԻ, ԶԵՂԾՎԱԾ ՉԷՐ, ՊՃՆԱԾ ՉԷՐ…»
Ֆիլմի հայաստանյան պրեմիերայից հետո՝ հուզված էր նաեւ ԿԳՄՍ նախկին փոխնախարար, սպորտային մեկնաբան ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆԸ:
«Շատ էմոցոնալ ֆիմ էր՝ հուզիչ: Դժվար է խոսել անգամ: Ֆիլմը շատ ազնիվ էր, հայեցի ու հրաշալի նկարված էր: Իսկապես հուզական էր եւ ճիշտ, բարի կերպով մատուցված հանդիսատեսին ու կրկնում եմ շատ ազնիվ, զեղծված չէր, պճնած չէր: Ներկայացված էր այն, ինչ եղել էր: Միայն չգիտեմ, այդ արձանի հետեւում 8 գրելը ճի՞շտ էր, թե՝ ոչ, ֆիլմից իմացա: Իսկ մնացածը շատ տեղին էր, ճիշտ ու հուզիչ»,- ասաց Գիլոյանը: Իսկ թե ինչ 8-ի մասին է խոսքը ֆիլմը դիտողների համար պարզ կլինի՝ այն դիտելուց հետո:
Հավելենք, որ ֆիլմի հայաստանյան պրեմիերան հատկանշվեց նաեւ նրանով, որ մինչեւ դիտումը սրահ բերվեց այն նույն գավաթը, որը նվաճել էին «Արարատ 73»-ի լեգենդար մարզիկներն՝ իրենց լեգենդար մարզիչով:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

