Թույլ չե՛մ տա ինչ-որ քաղաքական ինտրիգների համար փորձեն վարկաբեկել Հայ Եկեղեցուն. Իսպիրյան
Մշակութային«ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՌԱՆՑ ԻՐ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՐ՝ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՏԿԱՐԱՆԱ»
«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել էինք երգիչ ՊԱՊ ԻՍՊԻՐՅԱՆԻՆ եւ նրա հետ զրուցել ոչ միայն մշակույթից:
«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՌՈՒՅՑ ՉԷ»
— Ամիսներ է արդեն, ինչ տեսնում ենք, թե ինչպես է պառակտվում Հայ Առաքելական եկեղեցին՝ որոշ բարձրաստիճան հոգեւորականներ անցան հակաեկեղեցականների կողմը, որոշները մնացին Վեհափառի կողքին: Ի՞նչ կասեք այս ամենի մասին:
— Նախ թույլ տվեք խոսքս սկսեմ հետեւյալ կերպ՝ այն մշակութային գործիչը, ով իսկապես իր մշակույթի համար հոգ տանողն ու այդ արմանտները կրողն է, պարտավոր է այս օրհասական օրերին իր խոսքն ասել: Լինելով հայ եւ հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը՝ պետք է փաստենք, որ ունենք բազում սեպեր, խնդիրներ, որի առաջ դարեր իր վեր կանգնած ենք: Ակամայից ցանկանում եմ հիշեցնել 1915 թվականը, երբ մեր մտավորականները գլխատվեցին այն պատճառով, որ ավելի հեշտ լինի կառավարել մեր ժողովրդին: Այսինքն, եթե ցանկանում են մարդուն ոչնչացնել կամ կառավարել, պետք է նրա միջից հանել այն մտավոր գաղափարը, որը հիմքն է պետության: Հետեւաբար, դրան պետք է տեր կանգնի յուրաքանչյուր արվեստագետ, ով ապրում եւ շնչում է:
Ինչ վերաբերում է եկեղեցու խնդրին, ասեմ, որ շատ եմ անդրադարձել այս թեմային: Եկեղեցին հայի համար ուղղակի կառույց չէ: Ընդունելով քրիստոնեությունը 301 թվականին, ընդունել ենք այն որպես մեր տուն, մեր հիմք, ինչը մեր ազգին ապրեցրել է դարեր ի վեր: Երբ խոսում ենք քահանաներից, սրբազան հայրերից, նախ պետք է ինքներս մեզ հարց տանք՝ որքա՞ն ենք մենք մաքուր, անթերի, նոր հետո քննարկենք հոգեւորականին: Այսինքն, անգամ նման խոսակցություն պետք է չլիներ հայի մեջ՝ քահանան լավն է, վատն է եւ այլն: Սա խոսում է այն մասին, որ ուղղակիորեն մարդկանց անջատում, պառակտում են եւ ասում, որ նա գետի մյուս կողմում է, իրենք՝ մյուս: Այս դասակարգմանը շատ հայեր նորմալ չեն վերաբերվում: Անգամ սոցհարթակներում շատերը իրենց զայրույթն են արտահայտում նման մոտեցման համար:
— Երբ նայում ենք հետ՝ դեպի պատմություն, թերեւս նման դեպք դժվար է հիշել, որ եկեղեցու դռները կողպվի հայի ձեռքով, բայց դա էլ տեսանք…
— Գիտեք, եթե անգամ նման բան էլ եղել է, ապա դա արել են միայն բարբարոսները՝ եկեղեցի քանդել, ավերել ու կողպել: Հեռու չգնանք, 2020 թվականին, պատերազմի ժամանակ, այդ ամենը տեսել ենք: Երբ հանձնվեց Արցախը, տեսանք, թե բարբարոսները, որոնք չեն ունեցել պատմություն, մշակույթ, արժեհամակարգ, ինչպես վարվեցին մեր եկեղեցիների հետ: Մինչեւ հիմա էլ տեսնում ենք: Նմանների համար չկա մի շինություն, որն իրենից պատմություն ներկայացնի: Երբ հայը ցանկանում է մտնել եկեղեցի, իր մոմը վառել եւ Աստծո հետ առանձնանալ, նրան ոչ ոք եւ ոչինչ չպետք է խանգարի: Ինչ կատարվեց 2025 թվականի տարեվերջին Յոթ վերք եկեղեցու մոտ, կարծում եմ՝ ուղղակիորեն քաղաքական մոտեցում էր: Մի քիչ էլ հետ գնանք, կհիշենք, որ այնտեղի թեմի առաջնորդը կալանավորված է, իսկ ժողովուրդն առանց իր հոգեւոր հոր առաջնորդության` հնարավոր է տկարանա:
«ՆԵՐԿԱՅԻՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԹԱԼԱՆՈՒՄ »
— Պարոն Իսպիրյան, ամեն դեպքում, եկեք փաստենք, որ հակաեկեղեցական արշավի ժամանակ Գյումրին շատ ամուր կանգնեց իր ոտքերի վրա:
— Իհարկե: Ես միշտ եմ ասել, երբ որոշում են գնալ այս ու այն եկեղեցի, նախ պետք է հասկանան, թե ինչի հետ են բախվելու: Ինձնից սկած՝ ես միշտ իմ եկեղեցու, իմ հավատքի կողքին կանգնած եմ: Ես թույլ չեմ տա ինչ-որ քաղաքական դիվիդենտների կամ ինտրիգների համար փորձեն վարկաբեկել Հայ եկեղեցուն: Դա մեր ամենավեհ արժեքն է:
Դարեր ի վեր Թուրքիան երազել է մեզ մեր հավատքից, կրոնից զրկել: Մեր հարեւան Պարսկաստանը տարիներ ի վեր փորձել է զրադաշտություն սերմանել մեր մեջ, բայց չի կարողացել: Եվ ասեմ նաեւ, որ ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ասում են` մենք թուրքերի հետ հաշտ ու համերաշխ ենք ապրելու: Ես չեմ պատկերացնում` ինչպես է հնարավոր մի հարեւանի հետ համերաշխ ապրել, երբ նա մշտապես տենչում է քեզ սրի քաշել, սպանել, պղծել: Չեմ պատկերացնում, որ կգնտվի մի հայ, ով չի հասկանում, թե հիմա ինչ է կատարվում եկեղեցում: Նախ ամեն մի հայ մարդ ինքը պետք է իր մեջ կրի եկեղեցին, պատկերացնի նրա սուրբ արժեքը: Աստվածաշնչում էլ է գրված, որ պարտադիր չէ ամեն օր գնաս եկեղեցի, որ դառնաս հավատացյալ կամ Աստծո զավակ: Աստված ասում է՝ ես քո մեջ եմ, եւ եթե հավատում ես, փնտրում ես, ես կգամ:
— Այս ընթացքում կալանավորվեցին սրբազան հայրեր, քաղաքական գործիչներ միայն այն պատճառով, որ հայտնեցին իշխանությանը հակառակ կարծիք: Սա այլեւս բռնապետությո՞ւն է:
— Մենք արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ խոսում ենք ժողովրդավարությունից, ու վերջերս շատ հաճախ են ասում, որ եկեղեցականն իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ կամ երկրի ներքին ու արտաքին հարցերով: Բայց որքանով ես եմ տեղյակ, մեր սահմանադրական կարգի մեջ չկա որեւէ նման կետ, որտեղ ասվում է, թե հոգեւորականը չի կարող զբաղվել կամ մտածել իր երկրի, ժողովրդի մասին: Հիշենք, թե ինչպես էին մեր հոգեւորականները պատերազմի օրերին զենքը ձեռքին կանգնած սահմանում: Այսինքն՝ պատմությունը երբ թերթում ենք, տեսնում ենք, թե ինչպես են մեր հոգեւորականները պայքարել ե՛ւ զենքով, ե՛ւ քարոզով: Ու այսօր, երբ մեր հոգեւորականները բարձրաձայնում են, որ ունենք խնդիրներ եւ այլն, նրանք կալանավորվում են:
Գիտեք, միայն սիրուն ապրելը կամ խոսելը չէ, որ պետք է ուժ տա ապրելու: Դու պետք է քո հողի վրա ուժեղ ու ամուր կանգնես, քեզ հետ պետք է հաշվի նստեն: Եվ երբ գնաս օտար երկրում հանդիպումների, քննարկումների, մարդիկ պետք է քեզ հարգանքով մոտենան: Սակայն, այսօր ամեն մեկը մտածում է իր գրպանի, իր կարգավիճակի մասին՝ մոռանալով արժեհամակարգ: Երբ հայ մարդը դադարի մտածել միայն իր գրպանի, փորի մասին, շատ բան այլ կլինի նաեւ միջազգային հարթակներում: Այս վերջերս շատ եմ ասում, որ մենք դադարել ենք իրար սիրելուց, Աստծոն մոտ լինելուց: Հիմա շատերը փորձում են դիմացինին քծնել, որ իրենց համար լավ լինի եւ այլն, բայց մոռանում են մի պարզ բան՝ դա երկար կյանք չի ունենա:
Մինչ հիմա լսում եմ «նախկիններ» բառը, թե՝ նրանք այս արեցին, այն արեցին, թալանեցին… Ներկայիս իշխանություններն էլ են թալանում: Բոլորովին վերջերս տեսանք, թե ինչպես է արդարադատության նախարարը շատ հպարտ ասում, որ կարող է իրեն թույլ տալ 200 հազար դոլարի բնակարան ունենալ, քանի որ օր ու գիշեր աշխատում է: Հիմա հարց՝ բա գյուղացին, հայ մարդը օր ու գիշեր աշխատում է, ինչո՞ւ չի կարողանում դրա կեսի չափն ունենալ: Հակասություններն այնքա՜ն շատ են: Երբ տիկին նախարարը ասում է, որ պաշտոնատար անձն իրավունք ունի թանկ տներ ունենալու, ապա ինչպե՞ս է ստացվում, որ նախկին պաշտոնատարներն իրավունք չունեին:
Առհասարակ, երբ հասարակությունը ինքնակրթությամբ զբաղվի եւ կրթվի, նրա հետ ուզեն- չուզեն հաշվի կնստեն, եւ արդեն դժվար կլինի կրթված հասարակությանը կառավարելն այնպես, ինչպես իրենք կցանկանան:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

