Ո՞ւմ էր պետք հեղինակավոր գեներալին «մեջտեղից հանելը»
ՎերլուծությունՎերջին օրերի ամենաաղմկոտ իրադարձություններից էր, ինչ խոսք, ՌԴ ԳՇ Հետախուզության գլխավոր վարչության, կամ, ավելի տարածված տարբերակով` ԳՌՈՒ-ի ղեկավարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեեւի դեմ մահափորձը: Սա ընդամենը գեներալի` շարքից հանելու դրվագ չէ, այլ շատ ավելին եւ մի քանի իմաստներով:
ՁԱԽՈՂՎԱԾ ՄԱՀԱՓՈՐՁ
Այսպես, ռուսական (ասենք նաեւ ուկրաինական) ԳՌՈՒ-ն թեեւ քիչ տեսանելի, սակայն ամենաառանցքային դերակատարություն ունի պատերազմի ընթացքի վրա: Ու այստեղ առանձնահատուկ է գեներալ Ալեքսեեւի, կամ, ինչպես ռազմական, մասնագիտական եւ փորձագիտական շրջանակներում են անվանում` Ստեփանիչի ֆունկցիան:
Նույնպես շատ կարեւոր է փաստը, որ հենց ԳՌՈՒ-ի պետը` ադմիրալ Իգոր Կոստյուկովն է ղեկավարում Աբու Դաբիում ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ եռակողմ բանակցություններում ռուսական պատվիրակությունը, եւ այս գործընթացում եւս Ստեփանիչը, դատելով փորձագիտական գնահատումներից, ունի քիչ տեսանելի, սակայն կարեւորագույն գործառույթներ:
Այն, որ մահափորձը տեղի ունեցավ Աբու Դաբիի բանակցությունների վերջին փուլի ավարտից հետո, իհարկե, չէր կարող պատահական լինել: Ավելին, այդ փաստը մահափորձի հիմնական վարկած է դարձնում հենց այդ ուղղությունը` բանակցային գործընթացը: Այսինքն, որ փորձելով սպանել ՌԴ ԳՌՈՒ-ի պետի տեղակալին, լուծվում էր ոչ թե ռազմական, այլ` քաղաքական խնդիր: Ընդ որում, դատելով իրավիճակից, այստեղ խոսքը շատ ավելի գլոբալ հարցերի մասին է, քան ընդամենը հեղինակավոր գեներալին «մեջտեղից հանելը»: Ինչի՞ մասին է խոսքը...
Ձերբակալվել է ինչպես Ստեփանիչի վրա կրակողը, այնպես էլ նրա հանցակիցները: Ռուսաստանի քաղաքացիներ են, բայց... բուն կրակողը, որ հասցրել էր թռչել Էմիրատներ` Դուբայ, եւ տեղի հատուկ ծառայությունները միանգամայն օպերատիվ կերպով նրան բռնեցին եւ հանձնեցին ռուսներին` Լյուբոմիր Կորբան, ծագումով Արեւմտյան Ուկրաինայից է: Գլխավոր հանցակիցը` Զինաիդա Սերեբրիցկայան, ով հասցրել է փախչել Ուկրաինա, նույնպես ծագումով ուկրաինուհի է: Վիկտոր Վասինը, որի դերը նման է, որ եղել է սահմանափակ, եւ ձերբակալվել է Մոսկվայում, բուն ռուսաստանցի է: Հիմնական դերակատարների ուկրաինական ծագումնաբանությունն առաջնային հանցագործությունը կապում է Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ: Չնայած, այստեղ շատ մեծ մեկ «բայց» կա:
Հիշեցնենք, Աբու Դաբիի խմբում ուկրաինական պատվիրակությունը փաստացի ղեկավարում է Կիրիլ Բուդանովը` Զելենսկու գրասենյակի ղեկավարը` Երմակի փոխարեն: Բուդանովը մինչ վերջերս այդ նշանակումը, չնայած ընդգծենք` ակնհայտորեն Վաշինգտոնի միջամտությամբ նշանակումը ղեկավարում էր ուկրաինական նույն կառույցը, ինչ ռուսական պատվիրակության ղեկավար Կոստյուկովը` ուկրաինական ԳՌՈՒ-ն: Ընդ որում, այդ կառույցն այս պահին էլ մնում է Բուդանովի լիակատար վերահսկողության տակ: Ընդ որում, ուկրաինական ԳՌՈՒ-ն, ինչը նաեւ այդ կառույցից են քանիցս հաստատել, Ռուսաստանի տարածքում (եւ ոչ միայն) իրականացրել է բազում նման հարձակումներ: Միայն թե այս դեպքում մի փոքր տարօրինակ կստացվեր, որ Բուդանովը մի կողմից բանակցում է Կոստյուկովի հետ, մյուս կողմից` հրամայում է կրակել նրա տեղակալի վրա: Իմաստ կլիներ, եթե ցանկանար տապալել բանակցությունները: Բայց ցանկանո՞ւմ է. սա էական հարց է…
ՀՈՒՍԱՀԱՏ ՎԵՐՋԻՆ ՔԱ՞ՅԼ
Կրկնենք, Բուդանովը ներկայիս դիրքին է հասել ամերիկացիների հաշվին, ենթարկվում է այնտեղից եկած հրահանգներին, ի տարբերություն մինչ այդ Զելենսկու գրասենյակը եւ ուկրաինական բանակցային խումբը ղեկավարող եւ բրիտանական MI6-ի գործակալի համարում ունեցող Երմակը: Վերջինս, իհարկե, ցանկանում էր ձախողման տանել Թրամփի պարտադրած բանակցությունները. հենց դրա համար ամերիկացիները խաղարկեցին Երմակին չեզոքացնելու օպերացիան` առաջ բերելով Բուդանովին: Ու հիմա, ինչպես նաեւ ուկրաինական մի շարք տեղյակ աղբյուրներն են պնդում, Բուդանովը փորձում է ավարտին հասցնել բանակցային գործընթացը` Զելենսկուն մղելով` համաձայնվել Դոնբասը հանձնելու պահանջին:
Թե որն է իմաստը, փորձագիտական աղբյուրը բացատրում է. «Բուդանովը, իհարկե` ոչ առանց ամերիկյան աջակցության, այս պահին Զելենսկուց վարկանիշային իմաստով կտրուկ առաջ է անցել: Ավելին, նա արդեն նաեւ հաղթական դիրքեր ունի Լոնդոնում ծվարած ուկրաինական նախկին հրամանատար Զալիժնիի նկատմամբ: Այսինքն, «եթե վաղը ընտրություններ» տարբերակի դեպքում, ամենամեծ հավանականությամբ, ամերիկացիները հենց Բուդանովին կտան ուկրաինական «թագը»: Առավել եւս, եթե կարողանա հասնել խաղաղության, որին կողմ են ուկրաինացիների բացարձակ մեծամասնությունը: Իսկ եթե դրա համար պետք է Դոնբասը տալ, ապա ինչ կա, այդ բեռը մնում է Զելենսկու վրա»:
Իսկ ահա Զելենսկին պարզ հասկանում է, որ պաշտոնը կորցնելու դեպքում իր գխի համար քոռ կոպեկ անգամ տվող չի լինի, հիմա իրեն ինչ անձնական անվտանգություն էլ որ խոստանան: Երեք հիմնական պատճառով: Թրամփը դեռ առաջին նախագահական ժամկետից է Զելենսկուն համարում անձնական թշնամի: Հաջորդը. պատերազմի հաշվին տասնյակ միլիարդներ է կուտակել, եւ ոչ մեկը չի թողնի, որ այդ փողն առնի ու հանգիստ հեռանա: Երրորդը` չափից դուրս շատ բան գիտի, այդ թվում` մեծ քաղաքականությունից:
Մինչդեռ Աբու Դաբիում ընթացող բանակցությունները, անկախ Զելենսկու մի քանի հայտարարություններից, թե Դոնբասը չի տա, շարունակվում են. այս շաբաթ տեղի կունենա հերթական փուլը: Ընդ որում, դեռ մինչեւ նախորդ փուլն էին բրիտանացիներն ահազանգում, որ Թրամփը պահանջում է ամենաուշը մայիսի կեսերին Ուկրաինայում ընտրություններ անցկացնել: Հիմա դա նաեւ Զելենսկին է խոստովանում, թե ԱՄՆ-ն Ուկրաինայի եւ Ռուսաստանի համար հունիսյան վերջնաժամկետ է սահմանել` պատերազմը դադարեցնելու համար: Մի փոքր ստում է. դա ոչ թե Ռուսաստանի, այլ իր` Զելենսկու համար է վերջնաժամկետ: Թե ինչու մայիսին, դա եւս բացատրելի է. Թրամփը մտնում է Կոնգրեսի վտանգավոր նախընտրական փուլ, եւ Ուկրաինայում խաղաղության պայմանագրի հասնելը նրա համար նաեւ հզոր նախընտրական քայլ է:
Ամեն դեպքում, որքան էլ Զելենսկին փորձում է բանակցությունները ձգել կամ ձախողել իր տարաբնույթ հայտարարություններով, մեկ բան նկատվում է` բանակցային թիմերը շարունակում են աշխատել: Այն է` Զելենսկին արդեն կորցրել է կամ կարող է կորցնել իր բանակցային թիմի հանդեպ վերահսկողությունը: Ու դա շատ ռեալ է, նաեւ հաշվի առնելով, որ նրա գլխավոր հովանավորների` բրիտանացիների մոտ շատ խառը ժամանակներ են` Էպշտեյնի սկանդալի հետ կապված: Սթարմերի հրաժարականի հարցը մազից է կախված, եւ ռեալ քաղաքական աջակցություն չեն կարողանում ցուցաբերել: Այդ թվում, ինչպես բրիտանացիները, այնպես էլ եվրոպացիները Աբու Դաբիի գործընթացի հանդեպ ունեն ընդամենը պասիվ դիտորդի դեր:
Այսինքն, ըստ այս տրամաբանության, Բուդանովը հիմա պետք է ամերիկյան հովանավորությամբ ավարտին հասցնի հայտնի պայմաններով բանակցությունները, դրանց պատասխանատվությունը թողնի Զելենսկու վրա, հանրաքվեով այդ ամենը կօրինականացվի, որից հետո նա հանգիստ կնստի ուկրաինական նախագահի աթոռին: Ըստ այդմ. նրան հիմա պե՞տք է բանակցությունները տապալել` իրեն ենթակա կառույցի միջոցով կազմակերպելով գեներալ Ալեքսեեւի մահափորձը: Նաեւ հաշվի առնելով, որ եթե բանակցությունները ձախողվեն, ապա Բուդանովին որպես չափազանց վտանգավոր թշնամի դիտարկող Զելենսկին չի հապաղի ձախողումը նրա վրա բարդել` շատ արագ հեռացնելով իր ներկա դիրքից:
Այսպիսով, Բուդանովին պե՞տք է բանակցությունները ձախողել. ըստ ամենայնի` ոչ:
Ո՞ւմ է դա պետք. ակնհայտորեն Զելենսկուն, որը կորցնում է պաշտոնը, որից հետո նրան հաստատ կոչնչացնեն:
Պետք է նաեւ Բրիտանիային, որն այս զարգացումների դեպքում Ուկրաինայում կկորցնի ամեն բան:
Սակայն Զելենսկին, առանց Բուդանովին ենթակա Հետախուզության գլխավոր վարչության, քիչ հնարավորություններ ունի ռուսական ԳՌՈՒ-ի պետի տեղակալի դեմ մահափորձ կազմակերպելու համար. Ալեքսեեւն այն մարդը չէ, որի վրա հնարավոր է կրակել` ինչ-որ պատահական քիլլերի ուղարկելով:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Բրիտանացիները, իհարկե, կարող են նման օպերացիա կազմակերպել եւ առանց Բուդանովի օգնության: Դա, իհարկե, կլիներ ծայրահեղ ռիսկային: Բայց եթե խաղաքարտին է դրված ամեն բան կորցնելու հեռանկարը, նման ռիսկը տրամաբանական է դառնում: Չնայած, եթե անգամ սրա տակ բրիտանացիներն են, մեկ է, մեղադրանքները կուղղվեն հենց Զելենսկուն. Թրամփը ձեռքից բաց չի թողնի հավելյալ ճնշման նման փայլուն առիթը: Ու ուկրաինական աղբյուրների լուրեր, թե ռուսները կարողացան գործը շատ արագ բացահայտել, քանի որ Զելենսկու շրջապատից տեղեկություն ստացան, մերկապարանոց չի թվում:
Ամեն դեպքում, հանցագործության հիմնական դերակատարին թեեւ հասցրին օբյեկտիվորեն էվակուացնել, բայց երեւի չէին սպասում, որ Դուբայում կգերադասեն Մոսկվայի, այլ ոչ թե, սովորականի պես, Լոնդոնի «խնդրանքը» կատարել` Կորբային արտահանձնել-չարտահանձնելու հետ կապված: Չնայած` կարելի է նաեւ մտածել, որ ամերիկացիները եւս իրենց ստվերային դերն այստեղ ունեցել են: Ու դա կարելի է հասկանալ. Զելենսկին աղմկում է, որ ներկա պահին Դմիտրիեւ-Ուիտկոֆ ձեւաչափում շրջանառվում է ոչ ավել, ոչ պակաս 12 տրիլիոն դոլարանոց բիզնես-փաթեթ: Հանուն նման փողերի, իհարկե, Պուտինը Թրամփի համար կդառնա պատմական մասշտաբի լավագույն ընկերը:

