Ընտրությունների շեմին տատիկ-պապիկներին տանում են կազինո՞
ՎերլուծությունՀայաստանում՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, իշխանության կողմից նոր ռազմավարություն է որդեգրվում՝ քաղաքացիների գրպաններից «վիզ փող» պոկելու համար: Խաղային գործունեության ոլորտում վերջին օրենսդրական փոփոխությունները ոչ թե վերահսկողության ամրապնդման, այլ՝ քաղաքացիների ֆինանսական ռեսուրսների արագացված վերադասավորման գործիք են դարձել՝ միտում, որը մեր հասարակությունը դեռ չի տեսնում ամբողջ ծավալով:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Ազգային ժողովում բարձրաձայնեց ՊԵԿ-ի անորոշ ու ձգձգվող գործունեության մասին՝ հիշեցնելով, որ 2024 թվականի հունվարին Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն տրված հանձնարարականն էր՝ մինչ 2025-ի հունվարի 1-ը պատրաստել խաղային գործունեության օպերատորին: Սակայն այսօր` 2026-ի փետրվարին, օպերատոր դեռ չկա, իսկ օրենքը գործնականորեն չի գործում։
ՊԵԿ փոխնախագահ Ռաֆայել Գեւորգյանն իրավիճակն արդարացրեց՝ ասելով, որ այս երկարաժամկետ՝ 15 տարի ժամկետով մասնավոր գործընկերոջ հետ պայմանագրեր կնքելն ազգային փորձառության մեջ հազվադեպ է եւ պահանջում է համալիր մոտեցում: Սակայն, սա փաստացի նշանակում է, որ օրենսդրական փոփոխությունները դանդաղեցրել են վերահսկողությունը՝ աչք փակելով քաղաքացիների պաշտպանության վրա:
Հայկ Սարգսյանը ընդգծեց, որ կառավարությունը հանեց օրենքում նախատեսված սահմանափակումների մեծ մասը, որոնք նախատեսված էին՝ խաղամոլության ռիսկերը նվազեցնելու համար: Մասնավորապես հանվել են. պետական սուբսիդավորում ստացող քաղաքացիների մասնակցության արգելքը, պետական նպաստառուների մասնակցության արգելքը, սնանկության գործընթացում գտնվող անձանց մասնակցության արգելքը, սպառողական վարկերի ծավալը գերազանցող քաղաքացիների մասնակցության սահմանափակում, կենսաթոշակային տարիքի անձանց մասնակցության արգելքը:
Այս փոփոխություններով կառավարությունը, ըստ էության, բաց է թողել տատիկ-պապիկներին, ինչպես նաեւ նրանց թոռներին, ում ֆինանսական վիճակը թույլ չի տալիս խաղերին մասնակցել առանց ծանր հետեւանքների: Այո, հանրությունը հերթական անգամ փաստացի պարտվում է, իսկ իշխանության ընկերների գրպանները լցվում են: Իսկ երբ Հայկ Սարգսյանը փորձեց մանրամասնել, թե իրականում ինչ է կատարվում, նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անմիջապես անջատել տվեց նրա խոսափողը՝ հստակ ցույց տալով, որ իշխանության համար հրապարակային բացահայտումները պակաս կարեւոր են, քան ընկերական-իշխանական շահերը:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆՎԱԾ ԹԱԼԱՆ
Հիշեցնենք, որ ժամանակին՝ դեռ նախորդ իշխանությունների օրոք, կար օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում էր արգելել բոլոր բուքմեյքերական եւ «տոտո» ընկերությունների գործունեությունը: Ավելին՝ դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւս հրապարակավ կողմ էր արտահայտվել, սակայն իշխանափոխությունից հետո՝ այդ նախաձեռնությունը մոռացվեց: Իսկ պատճառն, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, այն է, որ օրինակ, իշխանությունն ընկերական հարաբերություններ ունի «Վիվարո» ընկերության տնօրեն Վահե Բադալյանի հետ: Վերջինս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մտերիմն է: Մեկ անգամ չէ, որ անդրադարձ է եղել այդ մասին եւ մտահոգություններ բարձրաձայնվել, որ նրանց հանդիպումները ոչ թե անձնական են, այլ շահերի փոխհարաբերությունների ցուցիչ՝ խաղային գործունեությունից եկող շահույթների պաշտպանության տեսանկյունից:
Երեւանի փողոցներում ու հանրային տարածքներում խաղային գովազդները գույնզգույն եւ անընդհատ են՝ Վիվարո, Տոտո Գեյմինգ, Աջարաբեթ. մայրաքաղաքը դարձել է փողի կուտակման հարթակ, որտեղ քաղաքացիները առանց իրազեկման եւ հնարավորության վերահսկելու իրենց մասնակցությունը՝ դատարկում են իրենց գրպանները՝ իշխանության ընկերների համար:
Այս առումով հատկանշական է նաեւ Հայկ Սարգսյանի դիտարկումը, որ խաղային ոլորտի կամ ինքնաարգելքի մեխանիզմները, որոնք միջազգային փորձով նախատեսում են խաղամոլ քաղաքացիների պաշտպանություն, Հայաստանում արդյունավետ չեն գործում: Ռուսաստանում եւԵվրոպայում նման համակարգերը գործում են միայն անձի սեփական դիմումով, իսկ Հայաստանի օրենսդրությունը դեռ չի սահմանում հարազատների կամ իրավաբանական մուտքի հնարավորություն՝ թույլ տալու խաղամոլությանը միջամտել:
Այսպիսով՝ ակնհայտ է, որ ընտրությունների նախաշեմին կառավարության կողմից խաղային ոլորտի օրենսդրական փոփոխությունները բխում են ոչ թե քաղաքացիների շահից, այլ՝ իշխանության հետ մտերիմ կապերով սերտորեն կապված տնտեսվարողների շահերից: Մարդկանց միտումնավոր թողնելով վերահսկողության բացակայության պայմաններում, կառավարությունը դարձնում է դրանք շահի գործիք՝ թալանելու քաղաքացու գրպանները, անգամ այնպիսի խոցելի խմբերի, ինչպիսիք են թոշակառուներն ու անապահովները:
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹՈՀՈՒԲՈՀԸ ՄԵԿՆԱՐԿԱԾ Է
Իսկ ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում. երեկ պաշտոնական շնորհանդեսի ժամանակ «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարվեց, որ կուսակցության վարչապետի թեկնածուն կլինի հորեղբայրը՝ գործարար Սամվել Կարապետյանը։
Նորությունը, կարելի է ասել, կանխատեսելի էր. այս քաղաքական ուժի թե ներսում, թե ներքաղաքական դաշտում արդեն ակնհայտ էր, որ թիմի մյուս անդամների առաջադրումը կարող էր, պարզապես, չընկալվել:
Միջոցառման ընթացքում «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը նաեւ տեղեկացրեց, որ ընտրություններում հաղթելու դեպքում կուսակցությունը նախատեսում է ԱԺ-ում Սահմանադրության 148-րդ հոդվածում փոփոխություն կատարել՝ հնարավորություն տալով ՀՀ ցանկացած քաղաքացու, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին, ընտրվել վարչապետ։ Որքանով է այս մոտեցումն իրատեսական, ցույց կտա ժամանակը:
Ներկայում արդեն նկատելի են մի քանի նույնիսկ «ֆանտաստիկ» դաշինքներ, որոնք պատրաստվում են մտնել ընտրապայքարի մեջ: Ընդդիմադիր ուժերի մեծ մասը դեռ լուռ բանակցություններ է վարում՝ հնարավոր դաշինք փնտրելով քաղաքական ծրագրերի եւ որոշ դրույթների շուրջ։
Ինտրիգների եւս մեկ շերտ կարելի է դիտարկել արտաքին ազդեցությունների լույսի ներքո. արտաքին խաղացողները միշտ ունենում են «ֆանտաստիկ» շահեր՝ իրենց լոբբիստական խմբերով փորձելով ուղղորդել ներքին քաղաքական բլոկների կառուցվածքը: Սա կարող է հանգեցնել անսպասելի կոալիցիաների:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

