Ալիեվն ինչու նորից կատաղեց
ՎերլուծությունՄյունխենի համաժողովում արձանագրվեցին դրվագներ (Տես նաեւ https://iravunk.com/?p=334564&l=am), որոնք կարող են հավելյալ հուշում դառնալ, որ անկախ այն բանից, թե ռուսներն ու ամերիկացիներն ինչ են պայմանավորվել Ալյասկայում, ռուս-ամերիկյան հարաբերությունները կարող են վերադառնալ ծայրահեղ վատթարացման փուլ: Դա է մասնավորապես հուշում Իլհամ Ալիեւի աղմուկ հանած հայտարարությունը:
Այսպես, Հեյդարովիչը, ով մի որոշակի ժամանակահատված աշխատում էր Մոսկվայի հետ հարաբերությունենրում խուսափել ավելորդ լարումներից, ի ցույց դրեց հին հակամարտությանը վերադառնալու հակում: «Եղբայրական ջերմ» հանդիպում Զելենսկու հետ, որին զուգահեռ հայտարարեց, թե ռուսները երեք անգամ «նպատակային հարձակում» են իրականացրել Կիեւում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա:
Ժամանակին նա այս մասին էլի էր խոսում: Բայց այն բանից հետո, երբ հանդիպում ունեցավ Պուտինի հետ, կտրուկ փոխել էր հռետորաբանությունը: Ու հիմա, երբ Ալիեւը վերադառնում է հին հռետորաբանությանը, ապա դա ակնարկ է, որ նա նորից ինչ-որ խաղերի մեջ է մտել:
Ռուսական որոշ հեղինակավոր փորձագիտական շրջանակներ հակված են այդ կտրուկ փոփոխությունը կապել հետեւյալի հետ: Իրանական ճգնաժամի ներկայիս փուլում քիչ չէին խոսակցությունենրը, որ Ալիեւն ակտիվորեն տեղավորվում է հակաիրանական դաշտում, բնականաբար հասկանալով, որ դա նաեւ հակառուսական, ասենք նաեւ` հակաչինական է: Եվ այն, որ Վենսի տարածաշրջանային այցից հետո Հեյդարովիչը հին կուրսին վերադառնալու նման բացահայտ հակումներ է ի ցույց դնում, նույն փորձագետները փորձում են բացատրել այն հնարավոր խոստումներով կամ ազդեցությամբ, որը ԱՄՆ փոխնախագահի միջոցով փոխանցվել է Բաքվին:
Սրանք, իհարկե, մերկապարանոց մեղադրանքներ չեն: Իրողությունն այն է, որ եթե ԱՄՆ-ի ծրագրերում կան Իրանի դեմ ռազմական արշավի հարցը, ապա Հայաստան-Ադրբեջան գիծը Վաշինգտոնի համար կարեւորագույն պլացդարմ է: Առավել եւս, որ այդ արշավր մեծ հավանականությամբ երկարատեւ կլինի, որի համար ցամաքային գործողությունն անխուսափելի պայման է:
Բայց Իրանը խնդրի միայն մի կողմն է: Վենսի այցը ինչպես նաեւ դրան զուգահեռ ԱՄՆ-ից եկած տարաբնույթ մեկնաբանությունները հուշում են, որ ԱՄՆ-ն փորձում է ակտիվացնել Կենտրոնական Ասիայի էներգառեսուրսների վերահսկողության եւ դրանք Ադրբեջան–Հայաստան գծով դուրս բերելու հարցը: Ընդ որում, խոսքը ծրագրերի մասին է, որն ամերիկա–բրիտանական օրակարգում է հայտնվել ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր, եւ որը փորձագետները գնահատում են, որպես մասնավորապես հարավկովկասյան տիրույթում ռուս-ամերիկյան ամենախորը բախումային օջախներից մեկը: Ավելի կոնկրետ, որ դրանով ԱՄՆ-ն փորձում է Ռուսաստանից խլել նրա ազդեցության ավանդական ոլորտները, ինչն արդեն գոնե Ռուսաստանում գնահատում են, որպես բացահայտ թշնամանք:
Ընդ որում, նկատենք. այդ բոլոր ծրագրերում Ադրբեջանը ԱՄՆ–ի համար հիմնական կետ է, բազա` ուղղված ինչպես դեպի հարավ, այնպես էլ` արեւելք եւ հյուսիս: Ու հիմա, երբ Ալիեւը նորից կտրուկ տեղափոխվում է հակառուսական հարթություն, ապա ռուսական առնվազն փորձագիտական շրջանակներում հենց այդ գնահատումն է սկսել գերիշխել` ԱՄՆ-ն փորձում է մասշտաբային բազայավորում ստեղծել Ադրբեջանում, «Թրամփի ուղին» օգտագործել դրա ապահովման համար, եւ այդ թեմայով հստակ պայմանավորվածություններ կան Վենսի այցի շրջանակներում: Ընդ որում, որոշ աղբյուրներ հասնում են մինչեւ այն մտքին, որ Ալյասկայի պայմանավորվածությունները սովորական շիրմա էին այդ ծրագրերը քողարկելու, ժամանակ շահելու համար, եւ հիմա խաղի մեկնարկը տրված է:
Իհարկե, միանգամայն հնարավոր տարբերակ է, թեեւ այստեղ արդյունքի հասնելու համար ԱՄՆ-ը դեռ պետք է կարողանա մեկ էական խնդիր լուծել` ենթարկեցնել Իրանին: Ու էականն այն չէ` դա կլինի պատերազմով, թե բանակցելով: Ամեն դեպքում, այս ընթանում է նաեւ ԱՄՆ–Իրան բանակցային հերթական ռաունդը, որը եւս շատ փակագծեր կարող է բացել:
Մյուս կողմից, եթե Թրամփը որոշել է գնալ նման կտրուկ քայլերի, ապա դա կնշանակի պատերազմի հայտարարում ոչ միայն Ռուսաստանին, այլ նաեւ Չինաստանին: Այսինքն, կարող է նաեւ այնպես ստացվել, որ Երրորդ աշխարհամարտը, որը սկսելու մեջ Թրամփը հաճախ էր մեղադրում Բայդենին, ամերիկյան ներկա վարչակազմի օրոք շատ ավելի իրատեսական դառնա:

