Հայտնի ազգանուն եւ սեփական երազանքներ. Միշել Սերովայի բացառիկ հարցազրույցը

Մշակութային

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԵՐՈՎԻ  ԴՈՒՍՏՐԸ  ՆՈՒՅՆՊԵՍ ԵՐԳՈՒՄ Է

«Я люблю тебя до слез» , «А может ночь не торопить» եւ այլ հայտնի հիթային երգերով հազարավոր սրտեր գերած ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սերովի միակ դուստրը նույնպես որոշել է կյանքը նվիրել երաժշտական կարիերային եւ արդեն սկսել է թողարկել իր երգերը։ Այս թեմայի շուրջ էլ ծավալվեց «Իրավունք»-ի բացառիկ զրույցը ռուսական էստրադայի լեգենդար աստղի դստեր՝ ՄԻՇԵԼ ՍԵՐՈՎԱՅԻ հետ:

«ԵՐԲԵՔ ՉԵՄ ՎԱԽԵՑԵԼ ԲԵՄԻՑ, ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ՝ ԱՅՆ ԻՆՁ ԴՈՒՐ ԷՐ ԳԱԼԻՍ»

— Միշել, Դուք ծնվել եք աստղային ընտանիքում։ Ինչպիսի՞ մանկություն եք ունեցել: Ի՞նչ հիշողություններ ունեք` այդ տարիների հետ կապված:

— Իմ մանկությունը, ընդհանուր առմամբ, նման էր շատ երեխաների մանկությանը՝ մանկապարտեզ, դպրոց, ընկերներ։ Բայց, իհարկե, կային նաեւ բաներ, որոնք ինձ տարբերում էին հասակակիցներիցս. հայրիկս ելույթ էր ունենում բեմում, եւ ես հաճախ նրան տեսնում էի հեռուստացույցով, լինում էի համերգներին, կանգնում էի բեմի ետեւում կամ նստում դահլիճում։

Ինձ շատ էր տպավորում համերգների մթնոլորտը՝ մեծ դահլիճ, շատ մարդիկ, հանդիսատեսը երգում է արտիստի հետ, պարում։ Այդ ամենը վառ հիշողություններ է թողել, եւ, հավանաբար, հենց այդ ժամանակ էլ ծնվեց բեմի հանդեպ իմ սերը։ Դպրոցում ես ակտիվորեն մասնակցում էի բոլոր միջոցառումներին՝ երգում էի, պարում, հաճախում թատերական խմբակ։ Երբեք չեմ վախեցել բեմից, ընդհակառակը՝ այն ինձ դուր էր գալիս։ Մինչեւ ավարտական դասարան՝ ես մնացի շատ ակտիվ ու ստեղծագործ երեխա։ Այդ պատճառով իմ մանկությունը կարելի է անվանել ստեղծագործ եւ հագեցած։

Ինչպե՞ս ծնվեց երգելու գաղափարը։

— Ամեն ինչ սկսվեց դեռ մանկությունից: Ինչպես ասացի, դպրոցում ես միշտ սիրել եմ երգել եւ ելույթ ունենալ։ Շրջադարձային պահը եղավ ավարտական երեկոն, երբ 16 տարեկանում կատարեցի Լարա Ֆաբիանի երգը։ Հայրիկիս շատ դուր եկավ իմ ելույթը, եւ շուտով առաջին անգամ դուրս եկա մեծ բեմ նրա մենահամերգին` Երաժշտության տանը։
Այդ ժամանակ առաջին անգամ իսկապես զգացի մեծ համերգի մթնոլորտը, հետո եղան հեռուստատեսային ծրագրերի նկարահանումներ, որոնք նվիրված էին հայրիկիս հոբելյանին։ Ինձ անչափ դուր եկավ այդ աշխարհը՝ բեմը, ստուդիաները, նկարահանումների գործընթացը։

Հետագայում եղան իմ առաջին երգերը, թեեւ այն ժամանակ դեռ լիովին չէի հասկանում, թե ինչպես է կառուցվում երաժշտական կարիերան։ Ես պարզապես տեսնում էի արդեն կայացած արտիստի օրինակն ու չգիտեի, թե մարդիկ ինչպես են սկսում զրոյից։ Ժամանակի ընթացքում կամաց-կամաց սկսեցի ինքս հասկանալ այդ ամենը։

«ՄԻԱՅՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ, ԵՐԲԵՄՆ ՀԱՅՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է»

Լինելով հայտնի երգչի դուստր՝ ստեղծագործական ճանապարհին դա ավելի օգնո՞ւմ է, թե՞ խանգարում։

— Հայտնի ընտանիքների նկատմամբ միշտ մեծ ուշադրություն կա, եւ մարդկանց, իհարկե, հետաքրքիր է, թե ինչպես է ապրում սիրելի արտիստի ընտանիքը։ Այդ իմաստով հայտնի ազգանունը օգնում է՝ լրացուցիչ հետաքրքրություն է առաջանում մամուլի եւ հանդիսատեսի կողմից։ Բայց երբ խոսքը վերաբերում է սեփական երաժշտական կարիերային, այստեղ արդեն ամեն ինչ կախված է միայն քեզանից։ Պետք է գտնել սեփական ոճը, հետաքրքիր լինել ունկնդրին, ստեղծել նոր բան։ Միայն ազգանունը բավարար չէ։ Երբեմն հայտնիությունը նույնիսկ խանգարում է, որովհետեւ քեզանից անմիջապես սպասում են բարձր մակարդակ, մինչդեռ յուրաքանչյուր արտիստի համար կարեւոր է անցնել փորձերի ու սխալների ճանապարհը, սկսել սկզբից, սովորել։ Իսկ երբ սպասելիքները չափազանց բարձր են, առաջանում է սխալվելու վախը։

Երգեր գրո՞ւմ եք ։

— Սկզբում ես ինքս երգեր չէի գրում, այլ ձեռք էի բերում պատրաստի նյութ։ Դպրոցից հետո ընդունվեցի Մոսկվայի պետական միջազգային հարաբերությունների ինստիտուտ, հետո որոշեցի ստանալ երաժշտական կրթություն՝ զբաղվում էի վոկալով, սոլֆեջիոյով: Այնուհետեւ ավարտեցի Գնեսինների անվան Ռուսաստանի երաժշտական ակադեմիան՝ էստրադա-ջազային ուղղությամբ։ Ամուսնացա, ծնվեցին երեխաներս, ամբողջովին նվիրվեցի մայրությանը: Մի քանի տարի առաջ կրկին վերադարձա երաժշտությանը, սկսեցի ակտիվորեն աշխատել եւ թողարկել նոր երգեր։ Այժմ ինքս եմ գրում երաժշտությունը. ինձ ուղարկում են տեքստեր, ես ստեղծում եմ մեղեդին եւ հարմոնիան, հետո երգը գնում է ստուդիական աշխատանքի։ Այդպես են ստեղծվել, օրինակ, «Летит Земля», «Земля Россия», «Миллионы» եւ «Снег» երգերը։ Ինձ շատ է դուր գալիս այդ գործընթացը, եւ շարունակում եմ զարգանալ այս ուղղությամբ։

«ՄԵՐ ՈԼՈՐՏՈՒՄ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԿԱՆԳ ԱՌՆԵԼ, ՊԵՏՔ Է ՄՇՏԱՊԵՍ ԱՇԽԱՏԵԼ»

Երգչուհու կարգավիճակը Ձեզ ի՞նչ սովորեցրեց:

— Ինձ համար այս կարգավիճակը նոր չէ. ամեն ինչ սկսվել է դեռ երիտասարդ տարիքում։ Ժամանակի ընթացքում գալիս է փորձը եւ մասնագիտության ըմբռնումը։ Գլխավորը, որ ես հասկացել եմ՝ մեր ոլորտում չի կարելի կանգ առնել։ Պետք է մշտապես աշխատել, նոր բան մտածել, ակտիվ լինել։ Եթե երկար ժամանակ անհետանում ես, հանդիսատեսի հետաքրքրությունն արագ նվազում է։

Վերջին մի քանի տարիների ակտիվ աշխատանքի արդյունքում սոցիալական ցանցերում ավելացել են իմ հետեւորդները, մեծացել է ներգրավվածությունը, եւ մարդկանց աջակցությունը շատ է մոտիվացնում առաջ շարժվելու համար։

Իհարկե, երբեմն հոգնածություն է լինում, բայց այդ դեպքում կարեւոր է պարզապես փոքր դադար վերցնել, փոխել զբաղմունքը, եւ ոգեշնչումը վերադառնում է։

Ինչպե՞ս եք կարողանում համատեղել կարիերան եւ մայրությունը։

— Այդ ամենը հնարավոր է միայն օգնության առկայության դեպքում։ Մեր դեպքում երեխաների ծնունդից ի վեր մեզ օգնում են դայակները, որոնք աշխատում են հերթափոխով։ Այժմ երեխաները հաճախում են մանկապարտեզ, եւ ես կարողանում եմ պլանավորել աշխատանքային գրաֆիկս, փորձերն ու նկարահանումները։ Դրա շնորհիվ հնարավոր է հավասարակշռություն պահպանել ընտանիքի եւ աշխատանքի միջեւ, հանգիստ զբաղվել ստեղծագործությամբ եւ զարգանալ։

Դուք խի՞ստ մայր եք։

— Ավելի ճիշտ կլինի ասել՝ պահանջկոտ։ Կարծում եմ՝ կարեւոր է, որ երեխաներին փոքր տարիքից բացատրվեն վարքի հիմնական կանոններն ու նորմերը, որպեսզի ընտանիքում բոլորի համար հարմարավետ լինի ապրելը։

Եթե երեխային հանգիստ եւ հասկանալի ձեւով բացատրես որոշակի կանոններ, ապա կոնֆլիկտներն էլ ավելի քիչ կլինեն, եւ կյանքում ավելի հեշտ կկողմնորոշվեն։

ԻՆՉՊԻՍԻ՞ ՊԱՊԻԿ Է ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԵՐՈՎԸ. ԴՈՒՍՏՐԸ ՓԱԿԱԳԾԵՐ Է ԲԱՑՈՒՄ

— Ինչպե՞ս ծանոթացաք Ձեր ամուսնու հետ, եւ ինչպիսի՞ն է նրա վերաբերմունքը Ձեր բեմական գործունեությանը: Կա՞ն արդյոք սահմանափակումներ։

 — Իրականում ամեն ինչ մի փոքր այլ էր։ Երբ մենք ծանոթացանք, ես արդեն սովորում էի Գնեսինների անվան ակադեմիայի առաջին կուրսում, ելույթ էի ունենում, երգում, ունեի իմ երգերը։ Այդ պատճառով նրա համար դա անակնկալ չէր՝ նա արդեն գիտեր, թե ինչով եմ զբաղվում։

Մեզ ծանոթացրեց իմ համակուրսեցին, որի ամուսինն իմ ապագա ամուսնու մտերիմ ընկերն էր։ Իհարկե, նա արդեն պատմել էր, որ մենք միասին ենք սովորում, եւ ես երգում եմ, այնպես որ, նա պատկերացում ուներ իմ մասին։ Այդ պատճառով ոչ մի անակնկալ չկար՝ պարզապես հետաքրքիր էր շփվել եւ ավելի լավ ճանաչել միմյանց։ Ամեն ինչ շատ հանգիստ էր ընդունվում։

Ինչ վերաբերում է խստությանը, չափազանց սահմանափակումներ չկան։ Պարզապես, ինչպես յուրաքանչյուր ընտանիքում, կան վարքի եւ փոխադարձ հարգանքի որոշ կանոններ, որոնք պետք է պահպանվեն։

Ինչպիսի՞ պապիկ է Ալեքսանդր Սերովը։

— Նա շատ ուշադիր եւ հոգատար պապիկ է, միշտ փորձում է օգնել, նվերներ է փոխանցում։ Ցավոք, տարբեր հանգամանքների պատճառով մենք այնքան հաճախ չենք հանդիպում, որքան կցանկանայինք, սակայն նա շատ սիրող է եւ մշտապես ուշադրություն է ցուցաբերում թոռներին։

«ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՄԵԾ ՈԳԵՇՆՉՈՒՄ ԵՎ ՈՒԺ Է ՏԱԼԻՍ»

Ինչի՞ վրա եք ուշադրություն դարձնում երգեր ընտրելիս։

— Եթե խոսենք համերգների մասին, ապա շատ բան կախված է միջոցառման առիթից եւ մթնոլորտից։ Օրինակ՝ ձմռանը, Նոր տարվա նախաշեմին, ավելի արդիական են ձմեռային եւ տոնական երգերը, մարտի 8-ին՝ կանանց ավելի մոտ թեմաներով երգերը, իսկ մայիսի 9-ին՝ հայրենասիրական երգերը։ Եթե համերգը որեւէ կոնկրետ իրադարձության չի նվիրված, կարեւոր է ճիշտ կառուցել ծրագիրը՝ փոխարինելով արագ եւ դանդաղ երգերը, որպեսզի հանդիսատեսը չձանձրանա։

Եթե խոսենք իմ ռեպերտուարի մասին, ապա այժմ հաճախ ինձ ուղարկում են տարբեր տեքստեր, եւ ես սկսում եմ աշխատել դրանց վրա՝ ստեղծելով մեղեդին եւ հարմոնիան։ Առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում բառերին, հատկապես կրկներգին՝ որքանով է այն հիշվող։ Եթե զգում եմ, որ երգն ունի ներուժ, սկսում եմ դրա վրա աշխատել։ Իհարկե, գործընթացի ընթացքում առաջանում են տարբեր նրբություններ եւ դժվարություններ, սակայն այդ ամենը ստեղծագործական աշխատանքի մի մասն է, որը վերջում բերում է արդյունքի։

Որքանո՞վ է կարեւոր Ձեզ համար երկրպագուների ուշադրությունը։

— Ցանկացած արտիստի համար դա շատ կարեւոր է, որովհետեւ հենց հանդիսատեսն է ցույց տալիս, թե որքան է քո ստեղծագործությունն արձագանք գտնում մարդկանց մոտ։ Երբ մարդիկ դրական են արձագանքում, հասկանում ես, որ ճիշտ ուղղությամբ ես շարժվում։ Այդ աջակցությունը մեծ մոտիվացիա է տալիս շարունակելու եւ զարգանալու համար։ Իհարկե, իմ նպատակն է համերգներով հանդես գալ, գտնել իմ հիթերը եւ դառնալ ճանաչելի։ Արտիստի համար շատ կարեւոր է լսելի լինել։ Կան նաեւ կատարողներ, որոնց համար բավարար է ավելի կամերային միջավայրը՝ առանց մեծ շոու-բիզնեսի։ Իսկ ինձ հետաքրքիր է փորձել տարբեր բաներ, դուրս գալ հարմարավետության գոտուց եւ ձեռք բերել նոր փորձ։ Որքան շատ ես փորձում, այնքան ավելի լավ ես հասկանում, թե ուր պետք է շարժվել։ Երկրպագուների աջակցությունն ինձ մեծ ոգեշնչում եւ ուժ է տալիս առաջ շարժվելու համար։

«ՈՐՈՇԵԼ ԵՄ 2026 ԹՎԱԿԱՆԸ ՆՎԻՐԵԼ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՆ. ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԻՄ ԱՌԱՋԻՆ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ»

Շփվո՞ւմ եք այլ արտիստների հետ։

— Այո, իհարկե։ Ես ծանոթ եմ բազմաթիվ արտիստների հետ, հաճախ հանդիպում ենք տարբեր միջոցառումների ժամանակ, փոխանակում ենք նորություններ, երբեմն նաեւ աջակցում ենք միմյանց, այդ թվում՝ սոցիալական ցանցերում։ Այսպիսով, մասնագիտական շփումներ, իհարկե, կան։

— Մոտ ապագայում ի՞նչ ծրագրեր ունեք։

— Ես որոշել եմ 2026 թվականը նվիրել ելույթներին։ Արդեն ապրիլի 3-ին Մոսկվայում, Պետրովկայում գտնվող «Petter» ակումբում, տեղի կունենա իմ առաջին մենահամերգը։ Համերգը կամերային ձեւաչափով կլինի: Ինձ համար դա շատ կարեւոր քայլ է։ Իհարկե, կա հուզմունք՝ արդյոք ճիշտ եմ ընտրել երգացանկը, ինչպես կանցնի համերգը, եւ ինչպես կընդունի հանդիսատեսը։ Սակայն այս փորձը շատ կարեւոր է, որպեսզի հասկանամ՝ ինչ ուղղությամբ պետք է զարգանամ եւ ինչի վրա աշխատեմ հետագայում։

Այժմ զգում եմ, որ ժամանակն է անցնել նոր փուլ՝ ավելի հաճախ հանդես գալ համերգներով եւ ընդլայնել իմ համերգային գործունեությունը։ Սկսելու եմ Մոսկվայից, իսկ հետո արդեն կտեսնենք, թե ինչ արձագանք կլինի հանդիսատեսի կողմից։ Զուգահեռաբար աշխատում եմ նոր երգերի վրա, համալրում եմ իմ ռեպերտուարը եւ շարունակում ակտիվորեն վարել սոցիալական ցանցերը, քանի որ դրանք կարեւոր հարթակ են հանդիսատեսի հետ շփվելու համար։ Հուսով եմ, որ այս տարին ինձ համար նոր փորձ կբերի եւ նոր հնարավորություններ կբացի։

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում