Թրամփը Մոսկվայի հետ «կրկնակի խա՞ղ» է խաղում
ՎերլուծությունՌուսական փորձագիտական աղբյուրները շարունակում են բավականին լուրջ մտահոգվածություն ի ցույց դնել` կապված Մյունխենի օրերս տեղի ունեցած անվտանգության համաժողովում Ալիեւի ելույթի հետ: Հեյդարովիչը, հիշեցնենք, որոշակի ընդմիջումից հետո կրկին կտրուկ հակառուսական քայլերի դիմեց, մասնավորապես` Մոսկվային մեղադրելով դիտավորյալ Կիեւում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումների մեջ:
ՌԴ–Ն ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ՆՇԱՆՆԵՐ Է ՑՈՒՑԱԴՐՈՒՄ
Արդյունքում, ռուսական մի շարք հեղինակավոր փորձագիտական եւ լրատվական աղբյուրներ այն համոզմունքին են, որ նման հայտարարությունն Ալիեւի կողմից աշխարհաքաղաքական դիրքորոշման ի ցույց դնել է ներկայացում: Ընդ որում, դա կապում են Վենսի` տարածաշրջան կատարած այցի հետ` հասնելով այն ընդհանրական մտքին, որ թրամփյան Վաշինգտոնը կարող է եւ մեծ խաղ է ձեռնարկել` մտնելով Մոսկվայի հետ բանակցային գործընթացի մեջ, բայց իրականում դա բոլորովին այլ նպատակներ է հետապնդում:
Օրինակ, ազգայնական ուղղվածության «Ցարգրադ» փորձագիտական–տեղեկատվական կենտրոնը իրավիճակը գնահատում է մոտավորապես այսպես. «Այս ամենի (Ալիեւի հայտարարության– Հեղ.) հետևում թաքնված է Կովկասում մեծ տեղաշարժ: Մասնագետները վստահ են, որ Ալիևը վերջապես կողմ է ընտրել, և դա Ռուսաստանը չէ։ ԱՄՆ-ի հովանու ներքո մեկնարկում է մեր սահմանները շրջանցող և արդեն շքեղորեն «Թրամփի ուղի» անվանված «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը։ Վաշինգտոնը ստանձնել է տարածաշրջանում գլխավոր արբիտրի դերը՝ խոստանալով միլիարդավոր ներդրումներ։ Մինչ մենք փորձում ենք խաղաղ համաձայնության հասնել, Բաքուն «վաճառվում» է Արևմուտքին, հասկանալով, որ Ռուսաստանը չափազանց կապված է Ադրբեջանի տարածքով անցնող ստվերային սխեմաների հետ»:
Թե որն է այս իրավիճակում, ըստ աղբյուրի, Ռուսաստանի համար ճիշտ քայլը, դեռ կհասնենք: Մինչ այդ, չմոռանանք, որ Մոսկվան նաեւ պաշտոնական մակարդակով է, ըստ էության, Վաշինգտոնին մեղադրում բանակցային գործընթաց սկսելով հանդերձ, Ռուսաստանին գցելու փորձի մեջ: Կարելի է, օրինակ, հիշատակել Լավրովի բազմանշանակ հայտարարությունը, կապված նրա հետ, որ Թրամփը չի կատարում (չի ուզում կամ չի կարողանում կատարել Ալյասկայում Պուտինի հետ ձեռքբերված պայմանավորվածությունները, որը, ի դեպ, հենց ամերիկյան կողմի առաջարկների հիման վրա էր ձեւավորվել): Ավելին, չնայած պայմանավորվածություններին, դեռ մի բան էլ հակառուսական կոնկրետ քայլեր է կատարում` կապված նավթի, Իրանի հետ: Իսկ Հարավային Կովկասում ձեռնարկվող քայլերն էլ գործնականում նշանակում են ռուսական ազդեցության ավանդական ոլորտներ մտնելու փորձ:
Արդյունքում, պատահական չէր նաեւ ազդակը, որը երեկ Ժնևում մեկնարկած Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցային փուլի շեմին եկավ Մոսկվայից: Այն է` ըստ ՌԴ փոխարտգործնախարար Ռյաբկովի` բանակցություններում Ռուսաստանի պատվիրակությունը կգործի «Անքորիջի համաձայնագրի շրջանակներում»: Նույն մտքին է տանում նաեւ Կրեմլի դիրքորոշումը. ըստ Պեսկովի` «Քննարկվող հարցերի շրջանակն ավելի լայն կլինի, քան Աբու Դաբիում, այդ թվում՝ տարածքների թեման»: Փաստորեն, Ռուսաստանը, ըստ էության, պաշտոնական մակարդակով ԱՄՆ–ից պահանջում է` կա՛մ ապահովել, որ հենց Թրամփի առաջարկած կարգավորման մեխանիզմը վերջապես աշխատի, որից ելնելով էլ Մոսկվան բանակցային այս հերթական փուլում կգործի: Կա՛մ Ալյասկայի պայմանավորվածությունները պարզապես կորցնում են իմաստը, նաեւ հաշվի առնելով, որ դրանք ձեռք բերելուց հետո արդեն երկար ամիսներ են անցել, ռազմական նկատելի իրողություններ են փոխվել, եւ այդ պայմանավորվածությունները ներկա իրավիճակին չեն համապատասխանում:
«ԵՐԿԱԿԻ ԽԱՂԻ» ՆՇԱՆՆԵՐ
Դեռ ժնեւյան բանակցությունները չսկսված` Թրամփից ռեակցիա եկավ: «Այնտեղ մեծ զրույց է լինելու: Առայժմ Ուկրաինայի համար լավագույնն է հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,– հայտարարեց ԱՄՆ նախագահը` ցույց տալով, թե ճնշում է բանեցնում Կիեւի վրա: Որքանո՞վ դա էֆեկտիվ կլինի. հասկանալու համար դեռ տեսնենք, թե իրականում ինչ արդյունավետություն են ունենալու բանակցությունները:
Սակայն հազիվ թե Մոսկվայի մտավախությունները փարատի Թրամփի նման ստանդարտ հայտարարությունը, հաշվի առնելով, որ տարբեր աղբյուրներից շարունակում են գալ հետեւողական ազդակներ, որ ԱՄՆ–ն, շատ հնարավոր է, որ Մոսկվայի հետ «կրկնակի խաղ» է ծավալում: Օրինակ, ոչ անհայտ ձեռնարկատեր, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, հաքեր եւ Միացյալ Նահանգների գլխավոր թշնամիներից մեկի համարում ունեցող Քիմ Դոտքոմը նախօրեին տարածեց տեղեկություն, թե ԿՀՎ-ն Ուկրաինայի համար պատրաստում է միջուկային և կենսաբանական զենք՝ մեկ տարվա ընթացքում Ռուսաստանին հաղթելու համար: Ըստ Դոտքոմի՝ հաքերները համապատասխան փաստաթղթերը, որոնք ներառում են նաև Թրամփի, Մասկի և Վենսի միջև հազարավոր էլեկտրոնային նամակներ, ստացել են ԱՄՆ ռազմական և հետախուզական գործակալությունների համար աշխատող ամերիկյան Palantir ընկերությունը «կոտրելով»: Նաեւ, որ ըստ այդ ֆայլերի, որոնք խոստանում են փոխանցել Ռուսաստանին և Չինաստանին, Միացյալ Նահանգները ձգձգում է խաղաղության բանակցությունները՝ հույս ունենալով մեկ տարվա ընթացքում հասնել Ուկրաինայի հաղթանակին:
Տպավորիչ է նաեւ Intelligence Online–ի պնդումը, թե Ուկրաինայում F-16-երի մի մասի օդաչուներն ամերիկացի և հոլանդացի են: Ըստ աղբյուրի, վերջին շաբաթներին խիստ գաղտնիության պայմաններում ստեղծվել է գաղտնի F-16 էսկադրիլիա, որը կազմված է ուկրաինացի և ՆԱՏՕ-ի վետերան օդաչուներից: Նրանց առաքելությունն է փորձել խոցել ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը: Եթե լուրը հաստատվի, կնշանակի, որ Թրամփն արտոնել է ամերիկյան զինվորականների ուղիղ բախումը ռուսների հետ, ինչի տակ էլ որ դա փորձեն քողարկել:
Սրանցից զատ, կան նաեւ ուղիղ փաստեր, որոնք խոսում են Մոսկվայի հետ Թրամփի երկակի խաղի վարկածի օգտին: Մասնավորապես, ամերիկացի սենատորներ Շելթոն Ուայթհաուսը և Ռիչարդ Բլումենտալը Կիև կատարած իրենց այցի ժամանակ խոստումներ տվեցին, որ ԱՄՆ–ն կտրամադրի «Տոմահավկ» հրթիռներ: «Իրականում կա զգալի երկկուսակցական աջակցություն «Տոմահավկ» հրթիռների օգտագործման թույլտվություն ստանալու համար։ Մեզանից շատերը անընդհատ ճնշում են գործադրում բոլոր վարչակազմերի վրա՝ Բայդենի վարչակազմի, Թրամփի վարչակազմի, Օբամայի վարչակազմի վրա՝ այս գործընթացը առաջ տանելու համար»,- նշել է Ուայթհաուսը: Իսկ սա առնվազն նշանակում է, որ Թրամփը չի կարողանում վերահսկել իրավիճակը, եւ առավելագույնը` նա այդ խաղերից անմասն չէ: Երկու տարբերակով էլ Վաշինգտոնի հետ լուծումների հասնելու` Մոսկվայի հույսերի օգտին չէ:Առավել եւս, որ այս ամենին պետք է ավելացնել նաեւ այն խաղերը, որոնք Ալիեւը տվեց Մյունխենում, եւ որոնք արդեն ուղղակիորեն կապվում են Թրամփի անվան հետ` շնորհիվ Վենսի տարածաշրջանային այցի: Եվ այստեղ հարցը միայն Ալիեւը չէ: Կրեմլից ոչ հեռու կանգնած փորձագիտական աղբյուրներից մեկն էլ վստահ է, որ. «2026 թվականի աշնան մոտ սպասվում է Հայաստանի ղեկավարության հետագա վճռական գործողություններին՝ որպես Երևանի` դեպի Արևմուտք շրջադարձի մաս։ Սա հիմնականում կվերաբերի անվտանգության հարցերին (անդամակցություն ՀԱՊԿ-ին և Գյումրու բազան)»: Էլ չասած, որ Փաշինյանն արդեն բացահայտ է խոսում հայաստանյան երկաթուղին այլ «գործընկերոջ» հանձնելու ծրագրերից, ինչը եւս տարբեր աղբյուրներ ուղղակիորեն կապում են ԱՄՆ–ի ազդեցության եւ, մասնավորապես, Վենսի այցի հետ»:
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՄԵՆԱՎԱՏ ՁԵՎՆ Է»
Սյս իրավիճակը նշանակում է, որ Մոսկվան առնվազն պետք է մտածի (եթե դեռ չունի) այն «Բ պլանի» մասին, որը ստիպված է լինելու գործադրել, եթե վերջնականապես գա այն համոզմանը, որ Թրամփի հետ պայմանավորվածությունները սովորական խաղից այն կողմ չեն անցնում: «Ցարգրադը», ամփոփելով Ալիեւի հայտարարության մասին իր թեզը, հասնում է այս մտքին. «ԱՊՀ-ում համակարգային ձախողումները հանգեցրել են նրան, որ նախկին դաշնակիցները այլևս չեն վախենում մեզանից և սկսում են պայմաններ թելադրել»։ Եվ իրավիճակից ելքն էլ, ըստ աղբյուրի, միայն սա կարող է լինել. «Այս ամոթալի պրակտիկային վերջ դնելու միակ ճանապարհը փոխզիջումների որոնումը չէ, այլ ԱՊՀ-ն լիակատար հաղթանակի հասցնելը։ Միայն սա կստիպի մեր կովկասյան գործընկերներին հիշել դիվանագիտական էթիկետի մասին»:
Բայց մյուս կողմից, այն ներքին համակարգը, որը նաեւ Արեւմուտքի ջանքերով երկար տարիների ընթացքում ստեղծվել է Ռուսաստանում, նման վճռական գործողությունների քիչ հնարավորություն է տալիս, ինչը նաեւ պրակտիկ փորձն է հուշում: Այս տեսանկյունից պատահակա՞ն է Կրեմլին մոտ կանգնած եւ միանգամայն փորձառու քաղաքագետ Սերգեյ Կարագանովի այն գաղափարը, թե Ռուսաստանում` «Պետք է կառուցվի կոշտ ավտորիտար համակարգ... քանի որ ժողովրդավարությունը կառավարման ամենավատ ձևն է... Մենք պետք է գիտակցաբար ներքին մոբիլիզացվենք և հասկանանք. կա՛մ կփլուզվենք և այդ դեպքում կստանանք այն ամենը, ինչ ստացանք 1917 թվականին։ Կա՛մ կհավաքվենք, մասամբ կմոբիլիզացվենք...»:
Միգուցե: Միայն թե մի ամբողջ կառավարման համակարգ փոխելը ժամանակատար գործ է, որը, միգուցե, Մոսկվան կսկսի այս տարվա Պետդումայի ընտրություններից հետո: Բայց մինչ այդ, կարող են լինել նաեւ այն կարգի փոփոխություններ, որոնք իրավիճակը կհասցնեն անդառնալիության կետից այն կողմ: Մասնավորապես` Իրանի հետ կապված:
Չնայած` մյուս կողից էլ, չմոռանանք, Թրամփը Մոսկվայի հետ 12 տրիլիոն դոլարանոց «հազարամյակի գործարքի» հույս ունի, եւ կա նաեւ այն վարկածը, որ ներկայիս բոլոր սրացումների տակ պետք է տեսնել միայն տնտեսական առավելություններ ստանալու տեսլականը: Չնայած, Մոսկվան ակնհայտորեն սպասում է ժնեւյան այս հերթական բանակցային փուլի արդյունքներին, որից հետո շատ բան կարող է մինչեւ վերջ որոշակի տեսքի գալ: Ընդ որում` այն, որ երեք կողմերն էլ բանակցությունների վայր են ներկայացել չափազանց լուրջ պատվիրակություններով, կարող է ակնարկել, որ Մոսկվայի զգուշացումներին Վաշինգտոնում ուշադրություն են դարձրել:

