Իսկ Թրամփի ցանկությունները համապատասխանո՞ւմ են նրա հնարավորություններին
ՎերլուծությունԻհարկե, եթե ԱՄՆ–ն ցանկանում է կենտրոնանալ Հարավային Կովկասում` դեպի Կենտրոնական Ասիա ծավալվելով հանդերձ (Տես նաեւ https://iravunk.com/?p=334650&l=am), առաջնային քայլերից մեկը Իրանի խնդիրը լուծելն է: Եվ այստեղ մեկ հետաքրքիր նյուանս. թեեւ հատկապես արևմտյան աղբյուրները համառորեն պնդում են, թե Իրանի վրա հարձակվելու որոշումը Վաշինգտոնն արդեն կայացրել է, իսկ բանակցություններն օգտագործվում են պատերազմի նախապատրաստական աշխատանքներն ավարտելու համար ժամանակ շահելու նպատակով, սակայն այդ մոտեցումը շարունակում է մի շարք անպատասխան հարցեր առաջացնել:
Ամենագլխավորներից մեկը. երեկ Ժնեւում, մինչ ուկրաինական բանակցությունները, Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները հանդիպեցին Արախչիի հետ: Սա, թերեւս, ազդակ է այն մասին, որ Ուկրաինայի եւ Իրանի հետ կապված գործընթացները մնում են մեկ ընդհանուր շղթայում, որտեղ լուծումները շատ բանով կախված են ռուս–ամերիկյան գործընթացներից: ԱՄՆ–ն, իհարկե, կարող է որոշել` Իրանի հետ պատերազմի մեջ մտնել: Բայց դա նաեւ կնշանակի, որ ռուս–ամերիկյան բանակցությունները եւս պետք է այդ իրավիճակում համարել ձախողված:
Սա, կրկնենք, միանգամայն հնարավոր տարբերակ է: Պարզապես մեկ բան է այս պահին հաստատ` վերջնական որոշումներ դեռ գոյություն չունեն: Ընդ որում, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Մոսկվան ու Պեկինը շարունակում են համառորեն ի ցույց դնել, որ ոչ մի պարագայում Իրանին մենակ չեն թողնի: Այսինքն, ԱՄՆ–ն միաժամանակ երեքի հետ կոնֆլիկտի մեջ մտնելու հեռանկարին կարող է բախվել:
Այս վերջին հանգամանքի մասին ավելորդ անգամ փաստեց ՌԴ նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևի հայտարարությունը, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը իրենց նավերն ուղարկել են Հորմուզի նեղուցում անցկացվող «Ծովային անվտանգության գոտի 2026» ռազմածովային զորավարժություններին մասնակցելու համար։
Գումարած սրան, իրանական տեղեկացված աղբյուրները մի գլուխ հայտնում են Չինաստանից եւ Ռուսաստանից դեպի Իրան շարունակվող ակտիվ ռազմական բեռնափոխադրումների մասին: Օրինակ` նախօրեին տեղեկություն եղավ ռուսական «Գիշերային որսորդ» ուղղաթիռների նոր խմբաքանակ տրամադրելու մասին: Օրերս էլ իսրայելյան աղբյուրները հայտնեցին, որ Պեկինը Թեհրանին է փոխանցել Dong Feng–17 հրթիռների որոշակի խմբաքանակ: Եթե դա հավաստի է, ապա այդ փաստն ԱՄՆ-ի համար լուրջ խնդիրներ է խոստանում: Բանն այն է, որ Dong Feng-17-ը հիպերձայնային հրթիռ է, որն ունակ է նաեւ մանեւրել, ինչը նրան դարձնում է հակառակորդի ՀՕՊ-ի համար գրեթե անխոցելի թիրախ: Երկրորդը, Dong Feng-17-ը կարող է օգտագործվել ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային շարժվող օբյեկտների դեմ` պահպանելով ճշգրտության բարձր մակարդակ: Այսինքն, նման միավորը կարող է արդյունավետ լինել թշնամու խոշոր նավերի դեմ, ինչպիսիք են ավիակիրները: Իսկ թե ինչ տեղի կունենա, եթե Իրանը թեկուզեւ մեկ ամերիկյան ավիակիր խոցի, դժվար չէ կռահել: Առավել եւս, որ իրանական աղբյուրները խոսում են այն ռազմավարության մասին, որը Թեհրանը պատրաստվում է կիրառել պատերազմի դեպքում: Այն է` առավելագույն շատ կորուստներ պատճառել թշնամուն: Դեպի ԱՄՆ դագաղների մեծ հոսքի դեպքում Թրամփը հազիվ թե կարողանա պահել իր աթոռը:
Ու մյուս կողմից, հարցեր կան նաեւ ամերիկյան ռազմական պոտենցիալի հետ կապված: Արեւմտյան աղբյուրները մի գլուխ մատնանշում են, որ Իրանի հետ պատերազմը չի կարող արագ լինել: Մինչդեռ, Իսրայելն ունի զարգացած պաշտպանական արդյունաբերություն, սակայն արտադրության ծավալները սահմանափակ են, ինչը նրան դարձնում է խիստ կախված ԱՄՆ մատակարարումներից: ԱՄՆ-ն ինքն ունի զենքի զգալի պաշարներ, սակայն նրա զինանոցի մի մասը հնացած է և չի կարող արդյունավետորեն օգտագործվել: Նախորդ պատերազմի փորձը ցույց տվեց, որ, օրինակ, «Տոմահավկ» հրթիռներն ունեն ձախողման բարձր մակարդակ, քանի որ այդ (եւ ոչ միայն) զինամթերքի հիմնական պաշարների ծառայության ժամկետը մոտ է ավարտվելուն: Վերջապես, թեեւ փորձել են Իսրայելը պատել ՀՕՊ համակարգի հսկա ցանցով, սակայն անցած պատերազմի վերջին օրերին, այն է` բախումների մոտավորապես 10–րդ օրվանից սկսած Իսրայելն ուներ ՀՕՊ հրթիռների լուրջ պակասորդ: Իսկ դրանք լրացնելը երկարատեւ գործ է, անգամ հսկա ֆինանսական միջոցներ ունենալով: Միայն թե այդ հսկա միջոցները չկան: «Ոսկու հեղաշրջում» կոչված գործարքը, որն առաջ են տանում Չինաստանն ու Ռուսաստանը, վերջին մեկ տարվա մեջ 70 տոկոսանոց եւ վերջին 3 տարվա ընթացքում` մոտ 3 անգամանոց արժեզրկում ստեղծեցին դոլարի համար: Ու ինչ տեղի կունենա, եթե ելնելով ռազմական անհրաժեշտությունից, ԱՄՆ–ն մինչեւ վերջ միացնի «դոլար տպող մեքենան», դժվար չէ կռահել: Ժամանակին Իրաքի դեմ պատերազմն ԱՄՆ–ի վրա նստեց մոտ 5 տրիլիոն դոլար: Ու ի՞նչ կնստի Իրանի դեմ պատերազմը, շատ էական հարց է:
Վիճակն էլ ավելի է բարդանում, որ այս հնարավոր զարգացումների ֆոնին, ԱՄՆ–ի թիվ 1 թշնամին` Իրանը, կշարունակի, ըստ սովորության, հերթական մեծ պատերազմից շատ մեծ փողեր վաստակել: Այսինքն, Իրանից հետո ԱՄՆ–ն այլեւս կունենա՞ Չինաստանի հետ բախման գնալու պոտենցիալ, շատ մեծ հարց է դառնում:
Մի խոսքով, Թրամփն ակնհայտորեն շատ մեծ ցանկություններ ունի: Բայց արդյոք նրա ցանկությունները համապատասխանո՞ւմ են հնարավորություններին. այստեղ շատ մեծ հարցական կա:

