Այն ինչ ներկայացրեց Անդրանիկ Թեւանյանը, ծիծաղելի էր. Արմեն Գալջյան
ՆերքաղաքականԲոլորովին վերջերս տեղի ունեցավ «Մայր Հայաստան» կուսակցության համագումարը, որի ընթացքում կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանը նշեց հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության եւ դրա ձեւաչափի մասին: Դրան հաջորդեց այն, որ Անդրանիկ Թեւանյանը հարցազրույց տվեց Հանրային հեռուստատեսությանը եւ պատասխանեց Պետրոս Ղազարյանի հարցերինՙ ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրերը:
Այսպիսով, ըստ Թեւանյանի, ընտրությունների արդյունքում իշխանության գալով՝ մեծ ծրագրեր ունեն իրականացնելու, որոնցից մեկը Մեծամորի Ատոմակայանի հետ է կապված: Եթե փակվի Ատոմակայանը, ապա Թեւանյանը խոստանում է նորը կառուցել: Ինչպես նաեւ խոստանում է Իրան-Հայաստան նոր երկաթուղի կառուցելու եւ Չինաստանի հետ սերտ հարաբերություններ ձեւավորելու մասին: Բայց, արի ու տես, որ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահի հնչեցրած ծրագրերը ոչ թե անհանգստության տեղիք, այլ հեգնանքի առիթ են դարձել իշխանության որոշ ներկայացուցիչների համար:
Այս հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ԳԱԼՋՅԱՆԻ հետ:
«ԵՍ ՀԵԳՆԱՆՔՈՎ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ԱՅՆ ԱՆԼՐՋՈՒԹՅԱՆԸ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ԹԵՎԱՆՅԱՆԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՓՈՐՁՈՒՄ ՄՈԼՈՐԵՑՆԵԼ»
— Դուք Ձեր սոցալական էջում հեգնական անդրադարձ էիք կատարել Անդրանիկ Թեւանյանի հարցազրույցին եւ գրել էիք. «Մեծ դիվանագետ ենք կորցրել»: Ի՞նչ ենթատեքստ ուներ այս տողերը:
— Ես երկու գրառում եմ կատարել: Առաջինը Թեւանյան Անդրանիկի հարցազրույցի հետ էր կապված, որտեղ նա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը, Չինաստանը, այս կանի, այն կանի՝ չունենալով անգամ այդ շրջանակների հետ, նույնիսկ այդ երկրների ներքեւի շրջանակների հետ շփվելու որեւէ հնարավորություն: Սակայն, Հանրային հեռուստաընկերությամբ Չինաստանի անունից ասում է, որ նրանք կգան Հայաստան եւ մեծ ներդրումներ կկատարեն կամ ինչ-որ բան կկառուցեն, որը շատ ծիծաղելի է:
Երբ հարց է հնչում. ո՞ւմ հետ եք խոսել եւ որքա՞ն գումարի մասին է խոսքը, նա չի կարողանում այդ հարցին պատասխանել: Ես հեգնանքով եմ վերաբերվել այն անլրջությանը, թե ինչպես է Անդրանիկ Թեւանյանը մարդկանց փորձում մոլորեցնել եւ համոզել, որ իրենք ինչ-որ բան են գալու անեն: Նա անգամ անլրջացրեց այն ուժի անունը, որով պատրաստվում է գնալ ընտրությունների: Անլրջացրեց նրանով, որ հայտարարեց իբրեւ Չինաստանի հետ պայմանավորվել է, որ չինացիները պետք է գան Հայաստանում երկաթգիծը կառուցեն՝ այն դեպքում, երբ ակնհայտ է, որ նա կապ չունի Չինաստանի հետ: Երբ հեռուստահաղորդավարը հարցնում է, թե՝ ո՞ւմ հետ եք խոսել Չինաստանում, Թեւանյանը չկարողանում պատասխանել այդ հարցին:
Թողնես, իրենք ողջ օրը կխոսեն Աջափնյակի մետրոյից, սակայն հիմա իրենց ծրագրում գրելու են, որ մի քանի մետրոյի կայարան պետք է կառուցեն: Սակայն կրկին այն հարցին, թե՝ քանի՞ մետրոյի կայարան պետք է կառուցեն եւ որտեղի՞ց այդ գումարները, նորից այդ հարցերի պատասխաններ չի տրվում: Այսինքն՝ դա եւս մեկ անգամ իրենց խոստումների կեղծ լինելու ընդգծումն էր:
«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԼԱՎ ԳԻՏԱԿՑՈՒՄ Է, ԹԵ ՈՒՄ ԱՐԲԱՆՅԱԿՆ Է «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը»
— Անդրանիկ Թեւանյանը Հանրայինի եթերում անդրադարձավ նաեւ մյուս ընդդիմադիրների հետ կոալիցիա կազմելու հնարավոր տարբերակին: Ինչպե՞ս եք վերաբերում դրան:
— Նախ ասեմ, որ իրենց կոալիցիան կրկին հին ուժերի համախմբումն է, որը դեռեւս կար 2018 թվականից առաջ: Այն մարդիկ, ովքեր «Մայր Հայաստան» կուսակցության շարքերում են, ժամանակին եղել են «Հայաստան» դաշինքի մեջ՝ Ռոբերտ Քոչարյանի ուժի: Դրանից առաջ կրկին դաշինքով են հանդես եկել եւ կրկին վերամիավորվում են՝ ստեղծելով պատրանք, իբրեւ թե նոր ուժ է: Բայց, արի ու տես, որ նույն մարդիկ են, փաստացի նույն նախկին իշխանության համակարգի տարբեր մասերն են:
— Պարոն Գալջյան, անցողիկ շեմը հաղթահարելու եւ Ազգային ժողով մտնելու «Մայր Հայաստան» կուսակցության շանսերը որքա՞ն են, ըստ Ձեզ:
— Գնահատական տալ չեմ ցանկանա, սակայն կարծում եմ, որ մեր ժողովուրդը լավ կգիտակցի, թե ում արբանյակն է «Մայր Հայաստան»-ը: Քանի որ նրանք դաշինքով չեն գնում, այլ կուսակցությունով են գնում եւ փորձում են հնարավորինս շատ ուժեր ներգրավել մեկ նախընտրական ցանկի տակ, որպեսզի նվազագույն չորս տոկոսն անցնեն, դա խոսում է այն մասին, որ իրենք կոնկրետ հեռվից կառավարվող ուժ են, ովքեր խնդիր են դրել խորհրդարան անցնելու եւ ձայները հետագայում մեկտեղելու մյուս ընդդիմադիրների հետ: Սակայն, կարծում եմ, մեր հասարակությունը լավ կհասկանա՝ ով որտեղից է գալիս:
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԱՆ» ՀԵՏ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԿԱ, ԴՐԱՆՔ ՀՈՐԻՆՎԱԾ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ, ԸՆԴԱՄԵՆԸ»
— Ի դեպ, մամուլում անդրադարձներ կան, որ Երեւանի ավագանիում Ձեր կոալիցիոն գործընկեր Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը սրտնեղած է «Քաղաքացիական պայմանագրից», քանի որ ԱԺ ընտրություններին նախընտրական դաշինք չեք կազմում նրանց հետ: Ի՞նչ կասեք այս մասին:
— Նման բան չկա, մենք «Հանրապետություն» կուսակցության հետ շատ լավ աշխատում ենք, որեւէ խնդր չկա: Դրանք հորինված խոսակցություններ են, ընդամենը:
— Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագրի» ներսում տեղի ունեցած ներկուսակցական ընտությունների արդյունքում Դուք զբաղեցրել էիք 130-րդ տեղը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
— Այո, սա առաջին փուլն էր եւ ես ցուցակում 130-րդ էի: Հետագայում, վերջնական ցուցակը ավելի ուշ կլինի, քանի որ առջեւում դեռեւս գործընթացներ կան:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

