«Հրապարակ». Միլիարդավոր դրամների պարգեւավճարները 80 տվել են պետերին, 20 տոկոսը` շարքային քաղծառայողներին
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական բյուջեից անցած տարեվերջին բաշխված միլիարդավոր դրամների պարգեւավճարները բաժանվել են խիստ անհամաչափ. գերատեսչությունների վերնախավը՝ վարչապետ, փոխվարչապետեր, նախարարներ, նրանց տեղակալներն ու վարչության պետերը, ստացել են հատկացվող ֆոնդի 80, իսկ շարքային քաղծառայողները՝ 20 տոկոսը։
Պարգեւավճարներն իբրեւ թե տրամադրվում են կոնկրետ աշխատանքի դիմաց, ուստի այժմ կարեւորվել է, թե որ քաղծառայողին ինչքան գործ է մակագրվում, ինչքան հանձնարարություն է տրվում: Գերատեսչություններից մեկից մեզ պատմեցին, որ սա փոխել է հիմնարկներում աշխատանքի բնույթը` վերադասը սկսել է գործեր չմակագրել, ոմանք էլեկտրոնային Մալբրի համակարգում օրերով հանձնարարականներ չեն ստանում։ Կամ մակագրում են իրենց սիրելի աշխատակիցներին, որպեսզի պարգեւավճարները բաշխելիս իրենք եւ իրենց յուրայինները փող ստանան:

