Իրավական պետությունում հաշվեհարդար չի լինում, արյունոտ միջադեպերը պարզապես քրեական քրոնիկոն չեն.Հայտնի փաստաբանը երկրում վխտացող կրիմինալի մասին
«Օրը ցերեկով փողոցային հաշվեհարդարները և արյունոտ միջադեպերը պարզապես քրեական քրոնիկա չեն․ դրանք պետության իրավական առողջության ցուցիչն են։ Երբ բռնությունը դառնում է հրապարակային և անվախ, նշանակում է՝ ինչ-որ տեղ օրինականության շղթան կտրվել է»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում ժամ առ ժամ ծաղկող կրիմինալին ու դրա հետեւանքներին, ասաց հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը, նկատելով.
-Եթե հանցագործությունը արագ չի բացահայտվում, իսկ մեղավորները չեն կրում համաչափ պատասխանատվություն, ձևավորվում է վտանգավոր համոզմունք՝ «պետությունը չի պատժի»։
Անպատժելիությունը միշտ ավելի վարակիչ է, քան հանցագործությունը։
Երբ ոստիկանության, քննչական մարմինների և դատախազության նկատմամբ հանրային վստահությունը նվազում է, քաղաքացին սկսում է հավատալ, որ իր անվտանգությունը պետք է ապահովի ինքը։ Իսկ այդ «ինքնադատաստանային» մտածողությունը քաղաքակրթական հետընթաց է։
Եթե հասարակությունը չի հավատում, որ դատարանը արդար և արագ որոշում կկայացնի, առաջանում է վտանգավոր տրամաբանություն՝
«Լավ է ես լուծեմ հարցը, քան տարիներով դատարան գնամ»։
Սա արդեն ոչ թե իրավական, այլ պետականության խնդիր է։
Օրինականության թելը կտրվում է հատկապես այն պահին, երբ իրավունքը սկսում է ընկալվել ոչ թե որպես ընդհանուր կանոն, այլ որպես գործիք՝ կիրառվող ըստ իրավիճակի կամ անձի։
Օրենքը պետք է լինի անաչառ և կանխատեսելի, այլապես այն դադարում է լինել կարգավորիչ և վերածվում է ձևականության
Որպես իրավապաշտպան,,արձանագրում եմ,օրենքի ուժը ոչ թե խստության մեջ է, այլ անխուսափելիության։
Երբ քաղաքացին սկսում է հաշվեհարդար տեսնել և ընդունել դա որպես «սովորական», վտանգը կրկնապատկվում է։
Սա նշանակում է, որ հանրային գիտակցության մեջ բռնությունը սկսում է նորմալացվել։ Իսկ այդ փուլը ամենավտանգավորն է։
Պետության հիմնական առաքելությունը մեկ նախադասությամբ ձևակերպված է Սահմանադրության ոգով՝
ապահովել մարդու կյանքը, արժանապատվությունն ու անվտանգությունը։
Եթե փողոցը դառնում է հաշվեհարդարի հարթակ, նշանակում է՝ այդ առաքելության իրականացումը ճեղքվածք ունի։
Ամփոփելով խոսքը հայտնի փաստաբանը ընդգծում է.
-Օրինականության թելը կտրվում է այնտեղ, որտեղ
օրենքը չի կիրառվում հավասար,
պատիժը չի լինում անխուսափելի,
քաղաքական շահը խառնվում է իրավական գործընթացին,
և իրավապահ համակարգը կորցնում է հանրային վստահությունը։
Վերականգնել այդ թելը հնարավոր է միայն մեկ ճանապարհով՝
օրենքի դիկտատուրա՝ առանց ընտրողականության և առանց բացառությունների ու գիտակցել,որ բացառապես միասնական ուժերով է հնարավոր կառուցել Արևային Հայաստան։ Այսօր ես դրան հասնելու համար դնում եմ իմ առողջությունն ու ժամանակս։
Իրավական պետությունում հաշվեհարդար չի լինում։
Այնտեղ լինում է քննություն, մեղադրանք, դատավարություն և դատավճիռ։

