Աննա Հակոբյանի կարմիկ պատիժն իր բոլոր մեղքերի համար էլ ավելի ծանրացավ. Էլեոնորա Մանանդյան
ՀանդիպումՆիկոլ Փաշինյանի հետ քաղաքացիական ամուսնությունն ավարտելու մասին վերջերս հայտարարած Աննա Հակոբյանը Միացյալ Նահանգներում հանդիպել է 2300 մղոն ձգվող «Քայլերթ հանուն խաղաղության» առաքելությունն ավարտած բուդդայական վանականներին։ Հանդիպումը կայացել է Տեխաս նահանգի Ֆորտ Ուորթ քաղաքի տաճարներից մեկում, որտեղ Աննա Հակոբյանի գլխավորությամբ «Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը շփվել է Պատկառելի Բհիկխու Պանակարայի եւ մյուս վանականների հետ՝ ամփոփելով խաղաղության գաղափարին նվիրված նրանց 112-օրյա ճանապարհը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Բուդդհայականության հոգեւոր ուսուցիչ, հանրային գործիչ ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱՆԱՆԴՅԱՆԻ հետ:
— Փաշինյանը նշել է, թե ուրախ է, որ Աննա Հակոբյանը բուդդայական վանականներին հարգանքի տուրք է մատուցել: Ի՞նչ եք կարծում՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգեւորականներին չհարգող ու ամենազազրելի մեղքերի մեջ մեղադրող տիկինն ինչո՞ւ հանկարծ սկսեց առանձնակի հարգանք տածել բուդդայական վանականների հանդեպ:
— Չի կարող խոսք անգամ լինել «հարգանք» հասկացության մասին՝ այն մարդու մոտ, որը հանդիսանում է մի կրոնի, առավել եւս հայ ազգի հիմնասյուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ հալածանքների համահեղինակ։ Բուդդհայական վանականների խաղաղության այս քայլարշավն այժմ զանգվածային լրատվական միջոցներում եւ սոցիալական ցանցերում լայն տարածում է ստացել, սակայն ընդհանուր առմամբ այն ընդունված եւ տարածված մեթոդներից մեկն է՝ նպաստելու բոլոր շնչող էակների զարգացմանը թե՛ բուդդհայականությունում, թե՛ քրիստոնեությունում, եւ ըստ ավանդության` աշխարհիկ մարդիկ շարվում են ուխտագնացության ուղեգծի երկայնքով ու ողջունում վանականներին, իսկ վանականներն էլ իրենց հերթին օրհնում են բոլորին` տարբերություն չդնելով «լավ» ու «վատ» մարդկանց միջեւ. հենց այդ պատճառով էլ այդ ողջունողների մեջ, ցավոք սրտի, թերեւս խիստ հազվագյուտ, կարող են քաղաքական նպատակներով հայտնվել ստոր մարդիկ։
— Ամեն դեպքում, Պատկառելի Պանակարան նշել է, որ իրենց համար անհավատալի էր, որ մեկ այլ երկրի առաջին տիկինը կարող է նման ոգեշնչմամբ հետեւել իրենց, կիսել իրենց մտքերը, հավատալ իրենց գաղափարին եւ նման երկար ճանապարհ անցնել՝ իրենց հետ հանդիպելու համար։ Ըստ բուդդայական վանականի, իրենք եւ Աննա Հակոբյանն ունեն նույնական առաքելություն եւ նպատակ։ Աննա Հակոբյանն էլ իր հերթին ընդգծել է, որ ի տարբերություն բուդդայական վանականների՝ իր «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը անավարտ մնաց: Ի՞նչ կասեք այս մասին:
— Ինչպես ասացի, երբեմն, կրկին ընդգծեմ, որ շատ հազվագյուտ, ուխտագնացություն կատարողներին հանդիպում են նաեւ ստոր մարդիկ, եւ չնայած բարձր կարգի վանականները մշտապես տեսնում են բոլորի ով լինելը, սակայն նրանց հոգեւոր խոհեմությունը թույլ չի տալիս ուխտագնացության վեհ ընթացքը շեղել եւ էներգիա ծախսել այդ ստոր մարդկանց մանր նկատառումների վրա, սակայն կարեկցանքից ելնելով նրանք ողջունում են բոլոր հանդիպողներին։ Դա բոլոր հոգեւորականների մշտական դիրքորոշումն է, որը սակայն չի լուծում նշված ստոր եւ չար մոտիվացիա ունեցող մարդկանց կարմիկ պատասխանի անխուսափելիությունը, եւ հատկապես դատապարտելի է այս` ամբողջ աշխարհի համար մեծ նշանակություն ունեցող ուխտագնացությունն օգտագործելը սեփական կեղտոտ եւ ճղճիմ խաղերի մեջ, եւ ինչն էլ ավելի սարսափելի է` խաբել հոգեւորականներին, ուստի՝ Աննա Հակոբյանի կարմիկ պատիժն իր բոլոր մեղքերի համար էլ ավելի ծանրացավ։
— Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքի գնահատմամբ՝ խորհրդանշական է, որ հանդիպմանը ներկա է եղել Ալոկանը՝ «Խաղաղության շունը», ով քայլերթի ողջ ընթացքում՝ բոլոր 112 օրերին, անբաժան է եղել վանականներից՝ դառնալով նրանց լուռ, բայց հավատարիմ ուղեկիցն այս դժվարին եւ խորհրդավոր ճանապարհին։ Որեւէ զուգահեռներ տեսնո՞ւմ եք Ալոկանի եւ 2018-ի նիկոլական քայլիստների խորհրդանիշ դարձած Չալոյի միջեւ:
— Փաշինյանների ընտանիքի հետաքրքրությունը շան հանդեպ լրիվ հասկանալի է, դա առավելագույնն էր, որ իրենք կարող էին տեսնել եւ հասկանալ այդ վեհ եւ բոլորի համար բարենպաստ ուխտագնացության մեջ։ Մյուս կողմից` վանականների հավատարիմ շուն Ալոկանին համեմատել Փաշինյանների Չալոյի հետ ավելի հեշտ է, քան բուդդհայականների վեհ առաքելությունն Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության հետ, քանի որ վերջինն անգամ Չալոյի հետ էլ չես համեմատի. Չալոն գոնե անմեղ շուն է։
Նյութը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

