Դոստոեւսկին նոր երիտասարդական շնչով՝ ռուսական թատրոնի բեմում
ՄշակութայինԼՈՒՅՍԻ ԵՏԵՎԻՑ՝ ԵՐԱԶԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ առաջնախաղ, որն ավելին էր, քան ներկայացումը: Այն, կարծես, ներքին ճամփորդություն լիներ՝ ինքնդ քո մտորումների հետ եւ լույսի փնտրտուքներով։ Հանդիսատեսին ներկայացվեց ռուս դասականներից Ֆեոդոր Դոստոեւկու «Ծիծաղելի մարդու երազը» ստեղծագործության պլաստիկ դրամատիկական տարբերակը՝ ԻՆՆԱ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻ ռեժիսուրայով: «Իրավունք»-ն առաջնախաղից հետո՝ բեմադրիչի հետ զրուցեց ներկայացման գաղափարական առանցքի, երիտասարդ դերասանական կազմի եւ նրանց հաճելիորեն աչքի ընկնող պլաստիկ շարժումների ճկունութան մասին:
— Ի՞նչ ներքին հարցադրում է դնում «Ծիծաղելի մարդու երազը» հանդիսատեսի առաջ։
— Ներկայացման հիմքում անհատի փնտրտուքներն են, այսպես ասած՝ անձի միայնության բախումը հասարակության հետ։ Անձի վերածնման եւ կյանքի վերաարժեւորման գաղափարն է ներկայացված, թե ինչպես լույսը գտնել քո մեջ, արթնացնել այն եւ տարածել։ Եվ դա անել արդեն գործով։ Երազը յուրահատուկ ճանապարհ է հանդիսանում գլխավոր հերոսի համար։ Նա մեղք էր գործել, եւ բոլորս էլ մեղավոր ենք, սակայն պետք է կարողանանք մեր մեջ կամք գտնել։ Քանի դեռ մարդը մեր մեջ չի մահացել, քանի դեռ խիղճը կենդանի է, հնարավոր է վերածնունդը։ Հերոսը չի գործում ինքնասպանություն, որովհետեւ ցավը սկսում է նրան տանջել, խիղճը՝ խոցել. նա հասկանում է, որ չի օգնել մերձավորին։ Եվ երազի ճանապարհով անցնելով՝ վերաարժեւորում է կյանքը եւ գնում արդեն լույսի ետեւից։
— Ներկայացման դերասանական ամբողջ կազմը երիտասարդ է։ Ի՞նչ կասեք նոր սերնդի հետ աշխատանքի մասին։
— Նրանք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Սուրեն Շահվերդյանի արվեստանոցի ավարտական կուրսի ուսանողներն են։ Ես նրանց դասավանդել եմ բեմական շարժում, այսինքն՝ մեր համագործակցությունը երկար պատմություն ունի. մի քանի տարի «կրթել եմ» իրենց մարմինը: Եվ հետո արդեն ծնվեց այս ներկայացումը: Դա, կարելի է ասել, այդ տարիների աշխատանքի ստեղծագործական ծնունդ էր։ Իսկ թե որքանով այն կայացավ՝ այդ մասին արդեն հանդիսատեսը կասի։
— Ներկայացումը հագեցած է խմբային պլաստիկ տեսարաններով։ Դժվա՞ր էր դերասաններին դարձնել մեկ ամբողջական օրգանիզմ։
— Այդքան էլ հեշտ չի տրվել։ Խմբային տեսարանը պահանջում է ոչ միայն տեխնիկա, այլ փոխզգացողություն։ Մենք երկար ենք չարչարվել ու տանջվել։ Փորձել ենք հասնել նրան, որ բեմում լինեն ոչ թե առանձին դերակատարներ, այլ մեկ շնչող, մեկ զգացող օրգանիզմ։ Կարծում եմ՝ այդ միասնականությունը մեզ հաջողվել է։
— Երաժշտական ձեւավորումը առանձնահատուկ ազդեցիկ էր։ Ինչպե՞ս է այն ձեւավորվել։
— Երաժշտական ձեւավորումն անձամբ ես եմ արել, փորձել եմ գտնել հնարավորինս լավագույնը։ Իհարկե, սա ցավոտ թեմա է, որովհետեւ իդեալական տարբերակը ներկայացման համար գրված օրիգինալ երաժշտությունն է, որպեսզի այլ ասոցիացիաներ չառաջանան։ Չէ որ այսպես, թե այնպես ինչ-֊որ մեկը մի տեղ լսած կլինի այդ երաժշտությունը: Բայց այս դեպքում փորձել եմ ընտրել այնպիսի ստեղծագործություններ, որոնք խոսեն տեսարանի լեզվով, շարունակեն նրա միտքը։ Հիմնականում ընտրությունը կատարել եմ մեկ հեղինակային ձեռագրի շրջանակում՝ Ռեն Ռեգնոնի երաժշտությունից, սակայն կան նաեւ այլ հեղինակներից հատվածներ։
— Դուք, որպես դերասան եւ ռեժիսոր, մնջախաղից անցում եք կատարել դրամատիկական թատրոն։ Այդ անցումը բարդ չէ՞ր։
— Ինձ համար՝ ոչ, որովհետեւ ես նաեւ դրամատիկական թատրոնի դերասանուհի եմ, աշխատել եմ Տիկնիկային թատրոնում։ Խոսքը միշտ եղել է իմ ստեղծագործական կյանքի մաս։ Պարզապես երբեմն այն արտահայտվել է մարմնի լեզվով, երբեմն՝ բառով։
Իրականում այս երկու աշխարհները երբեք հակադրության մեջ չեն եղել ինձ համար։ Դրանք զուգահեռ են ընթացել։ Երկու թատրոնում էլ զուգահեռ աշխատել եմ եւ երկուսն էլ ինձ հոգեհարազատ են: Հետեւապես, ինձ համար խորթ չէր խոսքի հետ աշխատելը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

