Երբեք ուշ չէ, իշխանությունները պարզապես պետք է նահանջեն. Աշոտ Մանուչարյան
ՀանդիպումԱվստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքը ավարտեց իր եռօրյա աշխատանքները։ Հավաքին մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության 25 եպիսկոպոս։ Նրանք քննարկեցին Եկեղեցու առաքելությանը, եկեղեցի-պետություն հարաբերություններին եւ Հայոց Եկեղեցու ինքնավարությանը վերաբերող հրատապ հարցեր՝ վերահաստատելով հավատարմությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր ավանդությանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հավաքի ավարտին եպիսկոպոսները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ անդրադառնալով առկա մարտահրավերներին, կոչ ուղղելով պետական իշխանություններին եւ հավատավոր ժողովրդին՝ պահպանելու Եկեղեցու միասնությունը, ինքնիշխանությունը եւ ազգային համերաշխությունը։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, աստվածաբան ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ:
«ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ԽԱՓԱՆԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՈՒՄԸ»
— Պարոն Մանուչարյան, ինչպե՞ս կգնահատեք Եպիսկոպոսաց ժողովի արդյունքները, արդյոք ստեղծված իրավիճակում եղած հայտարարությունն առավելագույնն էր, ինչ կարելի էր ակնկալել:
— Կարծում եմ՝ առայժմ, այո՛: Ամեն դեպքում, ՀԱՍԵ եպիսկոպոսաց դասն իր խորը մտահոգությունը հայտնեց եկեղեցի-պետություն ստեղծված զավեշտալի իրավիճակի առնչությամբ՝ միաժամանակ ՀՀ իշխանություներին կոչ անելով դադարեցնել հալածանքները Եկեղեցու հանդեպ, բռնաճնշումները Նրա ազգընտիր Գահակալի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ, ազատ արձակել կալանավորված չորս սրբազաններին, քահանային, ի պաշտպանություն Եկեղեցու հանդես եկած հայորդիներին: Կալանավորված սրբազաններից մեկն, ի դեպ, սերում է Հեթումյան արքայատոհմից, մյուսը՝ Պռոշյան իշխանազարմից, այսինքն՝ մերօրյա ներկայացուցիչներն են պատմական այն հզոր տոհմերի, որոնք հաղթական անջնջելի հետք են թողել Հայոց ռազմաքաղաքական պատմության փառունակ էջերում, Հայ Եկեղեցու կառավարման գործերում, իսկ ինչպես ժողովուրդն է ասում, պտուղը ծառից հեռու չի ընկնում:
— Ինչպիսի՞ դեր ունի եպիսկոպոսական ժողովը նման ճգնաժամային իրավիճակներում, եւ ի հեճուկս առկա քննադատությունների՝ կարելի՞ է համարել, որ Ավստրիայի հավաքը լիազոր ժողով էր:
— Եպիսկոպոսական ժողովը, որպես առաքյալներից շնորհ եւ իշխանություն ժառանգած հոգեւոր բարձրաստիճան իշխանավորների հավաք, պետք է լուծումներ գտնի Եկեղեցում կամ Նրա շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակներում: Դե, բնականաբար, առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ տեղում նախագահությամբ, ժողովը պետք է վերածվեր հավաքի: Դա էլ հաղթանակ է Եկեղեցու համար, քանի որ ՀՀ իշխանություններին չհաջողվեց խափանել դրա գումարումը:
«ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՏԵՂ Է ԹՈՂՆՈՒՄ ՈՒԹ ԽՈՏՈՐՅԱԼ ՍՐԲԱԶԱՆՆԵՐԻ ԴԱՐՁԻ ՀԱՄԱՐ»
— Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այն փաստը, որ մինչեւ Ավստրիա մեկնելը՝ ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը կաթողիկոսի հրաժարականը պահանջող հայտարարությունների տակ էր ստորագրում, հիմա՝ Վեհափառին աջակցող եպիսկոպոսների հայտարարության տակ:
— Երեւի ազդվել է Անառակ որդու առակից (Ղուկ. ԺԵ: 11-32):
— Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցները հորդորել են խոտորյալ ութ սրբազաններին գործել Սուրբ Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի եւ ծառայական կոչման գիտակցությամբ: Ի՞նչ եք կարծում՝ արդյոք բոլոր կարմիր գծերը հատված չեն, եւ չպետք էր քննարկվեր նրանց կարգալույծության հարցը:
— Քրիստոնեական Եկեղեցուն հատուկ է ներողամտության ոգին: Վեհափառ Հայրապետը տեղ է թողնում ութ խոտորյալ սրբազանների դարձի համար: Եթե փոշմանեն, դարձից առաջ պետք է ապաշխարեն: Առաջներում ուխտազանց, կարգազանց հոգեւորականներին որոշակի ժամկետով ապաշխարանքի էին ուղարկում Սեւանավանք:
«ՄԵԶ ԱՅՍՕՐ ԿԱՐԴԻՆԱԼ ԳՐԻԳՈՐ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ՆՄԱՆ ՀԶՈՐ ՀԱՅՈՐԴԻ Է ՊԱԿԱՍՈՒՄ»
— Նույն կերպ, դեռ շանս տեսնո՞ւմ եք՝ այսօրվա իշխանության եւ եկեղեցու հարաբերությունների կարգավորման: Ակնհայտ է, որ եկեղեցին բանադրելու փոխարեն՝ կրկին հորդորներով է հանդես գալիս:
— Ոչ մի բան երբեք ուշ չէ: Իշխանությունները պարզապես պետք է նահանջեն՝ հարգելով ՀՀ Սահմանադրության Հոդված 18-ը եւ առաջնորդվեն ՀՀ եւ ՀԱՍԵ հարաբերությունների մասին օրենքի Հոդված 2-ով, որի երկրորդ կետով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է ՀԱՍԵ-ի ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում, որն այսօր ոտնահարվում է դատապատկան մարմինների կողմից:
Ինչ վերաբերում է բանադրանքին, ապա այն, որպես կանոն, կիրառվում է Եկեղեցու եւ Նրա կարգի դեմ օրինազանց գործունեության, անհնազանդության պարագայում: Նորից եմ կրկնում՝ քրիստոնեությունը ներողամիտ կրոն է, համբերությունը՝ կյանք, պարզապես տեղ է թողնվում զղջման, նահանջի համար:
— Մինչ շատերն ակնկալում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ուղղությամբ հալածաքների հանդեպ միջազգային արձագանքների, ինչի պակասը չկա, չկա հստակ հայտարարություն՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից: Ինչպե՞ս կգնահատեք սա:
— Դեռ երեւի ժամանակը չի հասունացել: Ամեն դեպքում, ավելի ազդու կլիներ Հռոմի պապի արձագանքը: Է՜հ, մեզ այսօր կարդինալ Գրիգոր Աղաջանյանի նման հզոր հայորդի է պակասում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

