«Իրանն ի կատար է ածում խոստումը, որ եթե իր դեմ գործողություն լինի, դա վերածելու է տարածաշրջանային պատերազմի. Ժաննա Վարդանյան
ՆերքաղաքականՍպանվեց Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին։ Թե ինչ զարգացումներ սպասել Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմից, «Իրավունք»-ը թեմայի շուրջ զրուցել է «Օրբելի» հետազոտական-վերլուծական կենտրոնի փորձագետ, Իրանի ռազմական-քաղաքական հարցերով վերլուծաբան, իրանագետ ԺԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:
— Տիկին Վարդանյան, ինչպես տեսնում ենք, Իրանում իրադարձությունները գնալով ավելի մեծ թափ են ստանում: Սպանվել է Իրանի Գերագույն առաջնորդը: Ի՞նչ սպասել այս պատերազմից:
— Այո, պետք է ասել, որ, ըստ էության, Իրանի դեմ ընթանում է լայնածավալ պատերազմ, ինչին Իրանն արձագանքում է նույն տրամաբանությամբ: Գլխավոր հարցերից մեկը մնում է Իրանի գերագույն առաջնորդի սպանությունը եւ նրա իրավահաջորդության խնդիրը: Իրանում արդեն այդ ուղղությամբ տանում են նախապատրաստական աշխատանքներ, ձեւավորվել է ժամանակավոր խորհուրդ, որը կղեկավարի երկիրը՝ միչեւ համապատասխան մարմինը, այս դեպքում փորձագետների խորհուրդը կընտրի նոր առաջնորդ: Այսինքն, Իրանն այս պահի դրությամբ շարունակում է դիմակայել եւ պատասխանել իրեն հասցված վնասներին. մարդկային կորուստների՝ մասնավորապես պաշտոնյաների, ռազմական վնասի տեսքով:
— Ինչպե՞ս կգնահատեք Իրանի շանսերն այս պատերազմում:
— Մենք տեսնում ենք, որ իր դեմ գործողություններին Իրանն արձագանքել է՝ տարածաշրջանում ամերիկյան բազաները թիրախավորելով: Նաեւ ասեմ, որ ոչ միայն բազաները, այլ նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներին է վնաս հասցրել: Այսպիսով, Իրանը կատարում է իր այն խոստումը, որ եթե իր դեմ գործողություն լինի, ապա դա վերածելու է տարածաշրջանային պատերազմի: Սրանով նաեւ իրանական կողմը ցույց է տալիս, թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ իր դեմ գործողությունները ողջ տարածաշրջանի համար: Սա իր հերթին տարածաշրջանների մոտ է առաջացնելու մտահոգություն եւ հրամայական` հնարավորինս նպաստել, աջակցել, որպեսզի այս իրավիճակն ավելի շուտ ավարտվի:
Ամեն դեպքում, այս պահի դրությամբ մենք տեսնում ենք, որ Իրանը դիմակայում է: Կախված նրանից, թե Միացիալ Նահանգները եւ Իսրայելը հետագայում ինչ գործողություններ կձեռնարկեն եւ որքան կշարունակեն հարվածները եւ ուրիշ էլ ինչ մեխանիզմներ կգործադրեն, ըստ դրա էլ` ավելի պարզ կլինի, թե Իրանը որքան կկարողանա դիմակայել: Հետագայում ավելի պարզ կերեւա, Իրանը ինչպես կդիմակայի՝ զուտ պատասխան հասցնելու, թե երկրի ներսում համակարգի դիմակայության տեսքով, որի փլուզմանն էլ նաեւ միտված է այդ գործողությունները:
— Ձեր գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետության համար ինչպիսի՞ վնաս կլինի, եթե շարունակվի պատերազմն Իրանում:
— Պատերազմական գործողությունների երկարումը, իհարկե, Հայաստանի համար եւս պարունակում է մարտահրավերներ՝ սկսած փախստականների հավանական հոսքից, որը տվյալ դեպքում կարող է լինել ոչ միայն իրանահայերի տեսքով, այլ հենց իրանցիների ու նաեւ, օրինակ, տաբեր երկրներ իրենց քաղաքացիներին կարող են փորձել Իրանից դուրս բերել Հայաստանի տարածքով, եւ այս առումով հնարավոր է որոշակի ճգնաժամային իրավիճակ առաջանա: Հիմնական վնասներից մեկը, որ ենթադրաբար մենք կարող ենք ունենալ պատերազմի շարունակման դեպքում, իհարկե, տնտեսությանն է վերաբերում եւ հայրենական առեւտրաշրջանառությանը: Սա կարող է ենթադրել տարբեր սցենարներ՝ սկսած նրանից, որ մեր առեւտրաշրջանառության գործընթացը կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել: Օրինակ, Իրանում իրավիճակով պայմանավորված, այդ երկրից հնարավոր չլինի ինչ-որ ապրանքներ ներկրել կամ ապրանքներ արտահանել: Չնայած մեր արտահանումները դեպի Իրան այդքան էլ մեծ չեն, բայց, ամեն դեպքում, կարող է այդ վտանգը լինել՝ կախված իրավիճակից եւ նաեւ նրանից, թե Իրանն ինչ որոշում կկայացնի, ենթադրենք, նույն իր ապրանքների արտահանման առումով: Այսինքն՝ այս տարբեր իրավիճակները հաշվի առնելով, այո՛, մենք եւս կարող ենք նման խնդիրների առնչվել:
Մյուս կարեւոր ուղղություններից մեկը վերաբերում է ենթակառուցվածքային ուղիներին, մասնավորապես այն ուղիները, որոնք մենք օգտագործում ենք Իրանի տարածքով դեպի այլ երկրներ հասանելիություն ունենալու համար: Եթե լինեն երկարաժամկետ պատերազմական գործողություններ, այդ ուղիները եւս կխափանվեն: Օրինակ` գործարարների համար, դրանք կարող են չհամարվել անվտանգ ուղիներ, եւ իրենք ստիպված լինեն մատակարարումները այլ երթուղիներով կազմակերպել: Այս ամենն անմիջական կապ ունի, թե ռազմական գործողությունները որքան ու ինչ բնույթով կշարունակվեն:
— Ինչպես գիտենք, Ռուսաստանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը եւ վերադառնալ տուն: Հայաստանը այդ հարցում լուռ է եւ մինչ այս պահը նման կոչով ու հայտարարությամբ հանդես չի եկել: Ի՞նչ կասեք այս մասին:
— Այո, որքանով որ ես տեղյակ եմ, Հայաստանը նման կոչ դեռեւս չի հնչեցրել, որովհետեւ ենթադրաբար Իրանում, գուցե ՀՀ քաղաքացիներ շատ չկան, սակայն բացի ՀՀ քաղաքացիներից, Իրանում մենք ունենք իրանահայեր, որոնք Իրանի քաղաքացի են, բայց հայ են: Ամեն դեպքում, այս առումով ես ինքս էլ նման հայտարարություններ չեմ հանդիպել: Կարծում եմ, պատկան մարմինները պետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում նաեւ կազմակերպելու հայերի արտահանում, եթե նրանք ունենան նման ցանկություն:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

