Եթե Թուրքիայի հայ համայնքը հնարավորություն ունենար մասնակցելու ընտրություններին՝ միանշանակ իր ձայնը կտար Փաշինյանին․ «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր
ՀանդիպումԹուրքիայի հայ համայնքը մեծամասամբ փաշինյանամետ կեցվածք ունի, տեղի հայերը բացառապես Փաշինյանի հետ են կապում Հայաստանի հզորացումը։ Ավելին, եթե Թուրքիայի հայ համայնքը հնարավորություն ունենար մասնակցելու ընտրություններին՝ միանշանակ իր ձայնը կտար Փաշինյանին,-«Իրավունքի» հետ զրույցում ասաց Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր, հայ համայնքի շրջանակներում ճանաչված հասարակական գործիչ Բագրատ Էստուկյանը, ապա անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ստամբուլահայ խմբագիրը նկատեց․
-Թուրքիան Ալիեւի կամքով է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգամավորումը որպես նախապայման ներկայացնում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Ալիեւն է Թուրքիային թելադրում գործողությունների այս ձեռագիրը։ Թուրքիան էլ, չկարողանալով պարտադրել սեփական կամքը, կայացնել սեփական որոշումները, հպատակվում է Ալիեւի թելադրանքին։
Այնպես որ մինչ Հայաստանի վարչապետը խոսում է Թուրքիայի հետ երկխոսության դրական մթնոլորտի մասին, իրականում այստեղ նման կերպ չեն մտածում։ Թուրքիան է, որ մերժեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, Թուրքիան է, որ փակեց իր սահմանները, Թուրքիան է, որ տնտեսական շրջափակում հայտարարեց Հայաստանի հանդեպ։ Այսօր եթե հետքայլ անելու կարիք կա, հետեւաբար մենք պիտի սպասենք, որ Թուրքիան բարելավի իր վարքագիծը։ Իսկ եթե Թուրքիան պետք է նախապայմաններ առաջ քաշի, անելիք չկա։ Բացի այդ՝ հաշտության պայմանագիր կնքելու գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիրն, Թուրքիան ինչո՞ւ է դրա պատրադրումը նախապայման համարում։ Դա ոչ թե Թուրքիայի, այլ Ալիեւի կամքն է։ Ես զարմանում եմ, թե ինչու են Հայաստանի իշխանություններն այդքան ոգեւորված «Թրամփի ուղի» նախագծով։ Զանգեզուրի միջանցքն անհնար է ասողները, խաղաղության խաչմերուկ առաջարկողները հիմա մոռացան բոլոր այդ միտքերը եւ մեծ ոգեւորությունով ողջունում են «Թրամփի ուղին» եւ ուրախություն հայտնում, թե Հայաստանն առաջին անգամ գերտերության հետ 99 տարվա պայմանագիր է կնքում։ Բայց սա պայմանագիր կնքե՞լ է նշանակում, թե՞ անձնատուր լինել, չեմ կարող ասել։ Ի՞նչ է նշանակում՝ գերտերության հետ 99 տարվա համաձայնություն կնքելուց ուրախանալ։ Թե որքանով է այն մեր տերությանն ի նպաստ, որքանով՝ նշված գերտերությանը, թող ուրիշները պատասխանեն, ես հույս չունեմ։ Հայաստանն ունի իր մարդկային ներուժը, որն իր գլխավոր կարողությունն է, այդ մարդուժը կարող է ամեն բանի համար լուծումներ առաջ քաշել, հայի միտքը կարող է ստեղծարար լինել, ճամփաներ, միջոցներ որոնել, գտնել։ Բայց հիմա այս բոլորը գերտերության հովանուն վերագրելը մեզ համար տխուր պատկեր է։ TRIPP-ով ռիսկի տակ է դնում Իրանի հետ հարաբերությունները, մինչդեռ Իրանը այս պահին Հայաստանի գլխավոր բարեկամ հարեւան պետությունն է։ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է։ Միգուցե Ամերիկահայը այս բանը չհասկանա, բայց Հայաստանցին պետք է հասկանա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հետին նպատակներ ունեն այդ տարածքի վրա։ Նրանց հետ խաղալը մեզ համար շատ վտանգավոր հետեւանքների կարող է բերել։

