Թրամփի վիճակը դեռ միայն վատանում է
ՎերլուծությունԵվ այսպես, Իրանում պատերազմը մտնում է մի այնպիսի փուլ, երբ, ինչպես ասում են, վերջը չի երեւում: Թե կողմերից որ մեկը մյուսին ինչ հարվածներ է հասցնում, արդեն դարձել են հավելյալ դետալներ: Իսկ ընդհանրական իմաստը սա է. հիմնական հակառակորդները շարունակում են ամենօրյա ռեժիմով իրար հարվածել, եւ տեսանելի չէ, որ որեւէ մեկն այս պահին ինչ–որ առանձնահատուկ առավելություն ունի:
ՆԵՐՔԻՆ ՊԱՅԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է
Նման իրավիճակը, ինչ խոսք, առաջին հերթին գնալով խորացող խնդիր է դառնում Թրամփի համար: Ամերիկյան զուտ ռազմական կորուստները, եթե դեռ մի կողմ ենք թողնում պատերազմի առաջ բերած անուղղակի կորուստները, գնալով միայն ավելանում են: Արդյունքում, նույն հետեւողականությամբ սրվում են մասնավորապես ԱՄՆ–ի ներսում Թրամփին ուղղված հարցերը` հանուն ինչի՞, Նահանգների կոնկրետ ո՞ր շահի համար են այդ բոլոր կորուստները: Ըստ այդմ, աչքի առաջ սրվում է նաեւ Թրամփի դեմ ներքին քաղաքական ճնշումը:
Դեմոկրատներին հաջողվեց անգամ Սենատի օրակարգ մտցնել բանաձեւ, որը նախատեսում էր արգելել Թրամփին` նոր հարվածներ հասցնել Իրանին, նաեւ այն հիմքով, որ Կոնգրեսից նա պատերազմ սկսելու թույլտվություն չի ստացել: Ճիշտ է, հանրապետականներին հաջողվեց մեծամասնություն ունենալու հաշվին ձախողել նման որոշումը, բայց դա դեռ միայն սկիզն է: Այն իմաստով, որ ամերիկյան ներքին օրենսդրության հետ կապված եւս Թրամփի դիրքերը գնալով միայն թուլանում են: Ինչին, ի դեպ, իր գործողություններով մեծապես նպաստեց նաեւ Իրանը:
Բանն այն է, որ դեմոկրատներն այս փուլում հնարավորություն ունեն Թրամփի առտաջ դնել ամերիկյան օրենսդրությունից բխող կոնկրետ հարցադրումներ, սկսած փաստը ֆիքսելուց, որ ամերիկյան ոչ մի նախագահ իրավունք չունի առանց թույլտվության պատերազմ սկսել: Ու եթե սկսել է, ապա, ըստ ԱՄՆ Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերի հայտարարության. «Թրամփը կրում է Մերձավոր Արեւելքում տիրող քաոսի ողջ պատասխանատվությունը»: Իսկ սա արդեն Թրամփի համար չափազանց լուրջ մեսիջ է. եթե այս պահին, երբ նա ունի երկու պալատներում մեծամասնություն, դեռ կարողանում է արգելափակել այդ հայտարարությունից բխող հետեւանքները, ապա ի՞նչ է լինելու, երբ պալատներից մեկում նա կորցնի մեծամասնությունը: Իսկ դա, ի դեպ, կարող է տեղի ունենալ արդեն այս աշնանը:
Բայց Իրանն իր որոշակի գործողություններով այդ թեման արդեն ներկա պահին է ստիպում բերել օրակարգ: Այսպես, թեեւ այս ֆոնին Թրամփի թիմն ուզում է ամեն կերպ համոզել, թե Իրանի դեմ ոչ թե պատերազմ են իրականացնում, այլ ինչ-որ ռազմական գործողություն: Սակայն Իրանը լիովին ոչնչացրեց այդ վարկածը` սկսելով հարվածել տարածաշրջանում ամերիկյան դեսպանատներին: Հաստատություններին, որոնք, հիշեցնենք, տվյալ երկրի, կոնկրետ դեպքում` ԱՄՆ-ի տարածք են. դեսպանատանը ռազմական հարված հասցնելը նույնն է, ինչ հարվածելն այդ երկրին: Այսինքն, Իրանը հարվածել է ԱՄՆ-ին, որի դեպքում Թրամփը պարզապես պարտավոր էր դիմել Կոնգրեսին եւ Սենատին, պաշտոնապես ֆիքսել, որ ԱՄՆ-ն ռազմական հարձակման է ենթարկվել, եւ պատերազմի թույլտվություն ստանար: Բայց նման դիմումը Թրամփի համար կործանարար է լինելու. պետք է այդ դեպքում բացատրել` բա այդ ինչո՞ւ Իրանը որոշեց հարվածել ԱՄՆ–ին` ի դեմս դեսպանատների: Թրամփին կմնա արդարանալ` ռազմական օպերացիայի միջոցով հարվածում էի Իրանին, նրանք էլ հարվածեցին մեզ: Իսկ դա դառնում է փաստագրված հիմք, որ Թրամփի գործողությունների արդյունքում ԱՄՆ-ն քաշվել է պատերազմի մեջ, որն արդեն իմպիչմենտի թեմա է: Բայց դա էլ ամբողջը չէ. Սենատում եւ Կոնգրեսում Թրամփին նաեւ պաշտոնապես հարցնելու են` բա այդ ինչո՞ւ հանկարծ որոշեցիր ռազմական օպերացիա սկսել Իրանի դեմ: Կպտտվեն-կպտտվեն եւ կհասնեն այն բացատրությանը, որ հանուն Նեթանյահուի: Ու կստացվի` Թրամփը հանուն Նեթանյահուի է ԱՄՆ-ին ներքաշել պատերազմի մեջ: Դա արդեն հաստատ իմպիչմենտի թեմա է, ինչը հարամելու է Թրամփի նախագահության մնացած ողջ ժամկետը` նաեւ նրան թուլացնելով մյուս բոլոր ուղղություններում: Կարելի է պաշտոնապես չտեսնելու տալ Իրանի հարվածներն ԱՄՆ-ի դեսպանատներին: Բայց դա էլ քիչ բան կտա. երբ դեսպանատները ոչնչանում են ամենօրյա ռեժիմով, այսինքն, ամեն օր ԱՄՆ-ն ենթարկվում է Իրանի հարվածներին, դա արդեն անտեսելը հնարավոր չէ:
ԹՐԱՄՓԸ ԵՄ–ԻՆ ՄՂՈՒՄ Է ԴԵՊԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐ
Իհարկե, Թրամփի այս բոլոր խնդիրներին գալիս են գումարվելու նաեւ ռազմական ուղղությամբ կորուստները: Այն, որ ակտիվորեն նվազեցվում են այդ կորուստների իրական մասշտաբները, իր հերթին է գալիս հիմնավորելու, թե Սպիտակ տունը դրա տակ ինչ խոշոր խնդիրներ է տեսնում: Բայց այս բոլոր ներքին խնդիրների համար «կրակին յուղ լցնելու» էֆեկտ են թողնում նաեւ այն անուղղակի բարդությունները, որոնք առաջանում են իրանական պատերազմի պատճառով, այդ թվում` սեփական դաշնակիցների հետ կապված Թրամփի առանց այդ էլ վատ հարաբերությունների առումով:
Միգուցե էներգակիրների գների սկսված թռիչքից Թրամփը մի բան էլ օգտվի, հաշվի առնելով նաեւ, որ նրա տրամադրության տակ է նաեւ Վենեսուելայի նավթը: Բայց նաեւ իրականությունն այն է, որ այդ աժիոտաժից ցնցումներ են առաջացել ողջ ֆոնդային համակարգում, որը հազիվ թե նավթի հաշվին Թրամփը կարողանա փոխհատուցել: Մասնավորապես, ըստ փորձագիտական հաշվարկների, միայն երկու օրում` մարտի 3–4–ին, երբ դեռ նոր էր սկսվում համաշխարհային զարգացող խուճապը, աշխարհը կորցրել է 3.2 տրիլիոն դոլար: Դրանից 1.7 տրիլիոնը` ԱՄՆ–ն, մոտ 0.5 տրիլիոնը` Ճապոնիան, մի փոքր պակաս` Հարավային Կորեան: Ընդ որում, այս հաշվարկներում ներառված չէ Եվրոպան, որտեղ սկսել են անգամ «տարօրինակ» զարգացումներ նկատնել: Այսպես, Մերձավոր Արեւելքի նավթի եւ գազի հիմնական գնորդներից է հենց Եվրոպան: Բայց ահա, հերիք չէ փակ է մնում Հորմուզի նեղուցը, դեռ մի բան էլ Կատարը հայտարարեց հեղուկ գազի արտադրման հիմնական ձեռնարկության փակման մասին` ստացած հարվածների արդյունքում: Ու հանկարծ Եվրոպան սկսեց գիտակցել, որ ռուսական նավթի եւ գազի հետ կապված հայտնի խնդիրների արդյունքում, որին էլ գումարվեց Մերձավոր Արեւելքի հարցը, հայտնվում է էներգետիկ կոլապսի շեմին: Պատկերացրեք, եթե մինչ այդ Բրյուսելը միայն քմծիծաղով էր նայում նաեւ Հունգարիայի բողոքներին, թե Ուկրաինան, մեծ վնասների պատրվակով, դիտավորյալ փակել է «Դրուժբա» նավթամուղը, հիմա արդեն եվրաչինովնիկությունն այն կարգի է անհանգստացած, որ Զելենսկուց պահանջում է ժամ առաջ այն բացել` չհավատալով վնասված լինելու պատմությանը: Ու անմիջապես էլ թեման շիկացրեց Պուտինը, հայտարարելով, որ Ռուսաստանը պատրաստ է լիովին կանգնեցնել դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարումները:
Թե սա ինչ կերպ կանդրադառնա ուկրաինական պատերազմի եւ, առհասարակ, Ռուսաստան–Եվրոպա հարաբերությունների վրա, իհարկե, դեռ վաղ է եզրակացություններ անելու համար. ամեն բան կախված է իրանական պատերազմի հետագա ընթացքից, թե դեռ որքան այդ մղձավանջը կշարունակվի: Սակայն արդեն այս պահին էլ հասկանալի է, որ այն ծանր տնտեսական կորուստները, որոնք սկսել են կրել եվրոպացիները, էապես է խորացնում հակամարտությունը Թրամփի հետ: Իհարկե, իսրայելյան լոբբինգը դեռ փորձում է ամեն բան չափի մեջ պահել: Բայց, թերեւս, ճիշտ այնքան, որքան Իսրայելը կունենա Թրամփի կարիքը: Իսկ դա, ի դեպ, կարող է շատ արագ փոխվել, հաշվի առնելով, որ Թել Ավիվում, նման է, որ խորը մտահոգություններ են ի հայտ գալիս, թե Թրամփը գաղտնի բանակցություններ է սկսել Իրանի հետ` մտածելով խաղից դուրս գալու մասին:
ՍԵՊԱՐԱՏ ՀԱՇՏՈՒԹՅՈ՞ՒՆ
Ամեն դեպքում, CNN-ի փոխանցմամբ, Թրամփի խորհրդականներն արդեն ծայրահեղորեն են մտահոգված ներկա զարգացումներից եւ «տակից» համոզում են Թրամփին` «հաղթանակ հռչակել» Իրանի հետ պատերազմում: Այսինքն, ինչին ուզում էինք, հասել ենք, Իրանի ղեկավարությունը գլխատված է, հրթիռային եւ միջուկային համակարգերին մեծ վնաս է հասցված, հիմա կարելի է նաեւ անցնել բանակցությունների: Ըստ աղբյուրի, Թրամփի որոշ խորհրդականներ վախենում են, որ արշավը կվերածվի երկարատեւ պատերազմի՝ առանց հստակ նպատակների եւ անխուսափելիորեն կազդի ընտրությունների վրա:
Բայց արդյոք Իրանը ԱՄՆ–ին «խաղից դուրս գալու» հնարավորություն կտա՞: Բանն այն է, որ, ըստ մի շարք փորձագիտական աղբյուրների, Թեհրանը դեռ իր ոչ բոլոր խաղաթղթերն է օգտագործել: Նախ, հարվածներ են սկսվել Amazon-ի տարածաշրջանային տվյալների կենտրոնների վրա, որը կարող է դառնալ ողջ համացանցի, եւ առաջին հերթին` բանկային եւ առեւտրային համակարգերի համար իսկական քաոսի պատճառ:
Հաջորդը, կան խոսակցություններ, որ Իսրայելն ու ԱՄՆ–ն փորձում են տարածաշրջանային երկրներին ռեալ պատերազմի մղել Իրանի դեմ, այդ թվում` ցամաքային գործողությունների: Բայց այդ դեպքում Իրանը կարող է հասցնել նաեւ «գոտկատեղից ներքեւ» հարված` խոցելով ջրի վերամշակման համակարգը: Տարածաշրջանում բնական աղբյուրներ չկան, ջրի հիմնական պահանջը բավարարվում է ծովի ջրի աղազերծման միջոցով` խոշոր կայաններում: Եթե այդ կայանները խոցվեն, բոլորի վիճակը կդառնա անտանելի: Ի դեպ, կային նաեւ խոսակցություններ, որ Թրամփը եւ Իսրայելը նաեւ իրաքյան քրդերին են դրդում` ցամաքային հարվածներ հասցնել Իրանին: Սակայն իրանական ցամաքային ուժերը կորուստներ չունեն, պատրաստ վիճակում են, եւ նման հարվածները, կարծես քրդերն էլ են լավ հասկանում, իրենց համար կարող են դառնալ ինքնասպանության պես մի բան:
Ու քանի դեռ չկա իրական, հաղթական ցամաքային արշավանք Իրանի դեմ, ինչն անգամ իսրայելցի փորձագետներն են քիչ հավանական համարում, Թրամփի վիճակը շարունակելու է միայն վատանալ:

