«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումը մասնակցելո՞ւ է ընտրություններին. Բաբուխանյանը փակագծեր է բացում
ՏեսանյութերՄիջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից ՀՀ քաղաքացիների շրջանում իրականացված վերջին հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքացիների 18 տոկոսը վստահում է Նիկոլ Փաշինյանին, 6 տոկոսը՝ «Մեր ձեւով» շարժման առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանին, 3 տոկոսը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 3 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: 48 տոկոսը նշել է, որ ոչ ոքի չի վստահում: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ։
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՊԵՏՔ Է ՀԱՆԴԵՍ ԳԱ «Ո՛Չ ՆԻԿՈԼԻՆ, ԱՅՈ՛ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ
— Ի՞նչ կասեք վերոնշյալ սոցհարցման արդյունքների մասին, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ինչի՞ մասին է հուշում այս պատկերը:
— Նախ եւ առաջ, բոլորս հասկանում ենք, որ ամերիկյան այս կազմակերպությունը մի քիչ ուռճացնում է Նիկոլ Փաշինյանի հնարավորությունները եւ մի փոքր նվազեցնում է ընդդիմության դիրքերը։ Բայց կարեւոր է հետեւյալ հարցը՝ իսկ ի՞նչ անուններ էին դրված։ Մեկի անունը դնում են, մեկինը չեն դնում, տպավորություն է, որ զուտ ամերիկյան, ոճով է սարքված արդյունքները: Այնուամենայնիվ, եթե միայն այս 4 անունն են դրել հարցաթերթիկում, ապա, երեւի թե, այդպես էլ պետք է լիներ պատկերը, որովհետեւ մարդկանց մեծ մասն այսօր չի հասկանում, թե ինչ ծրագրով են հանդես գալիս նշյալ քաղաքական գործիչները։
Ռոբերտ Քոչարյանն՝ իր թիմով, ցույց տվեց, որ 5 տարի Ազգային ժողովում որեւէ բան չկարողացավ անել՝ բացի գոռգռալուց: Չստեղծեց այն քաղաքական կրիզիսը, սահմանադրական ճգնաժամը, որի մասին մենք կոչ էինք անում, որ նա քայլ կատարեր: Այսպես ասած՝ աշխատեց ընդդիմություն Նիկոլի մոտ։ Մյուս երկու ուժը դեռեւս չեն ներկայացրել իրենց ծրագրերը: Իսկ հիմնական ծրագիրը հետեւյալը պետք է լինի՝ ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր երկիրը։ Նույն հարցման ժամանակ, երբ քաղաքացիներից հետաքրքրվել են, թե՝ ո՞ր խնդիրն են համարում ամենաառաջնայինը, առաջին տեղում ճնշող մեծամասնությունը նշել է անվտանգության, երկրի պաշտպանունակության հարցը։ Հիմա թե այդ խնդիրն ինչպես են լուծելու, մեր այս ընդդիմադիր գործընկերները չեն բացահայտում։
Ինչպես տեսնում եք, Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը հիմնականում խոսում է տնտեսական ծրագրերից: Մինչդեռ տնտեսական ծրագրերն այդ նույն հարցման համաձայն՝ 6,6 տոկոսն են համարում առաջնային կարեւորության խնդիր: Չէ որ կարող ես փայլուն տնտեսական ծրագիր ունենալ, բայց երկիրդ կորցնել։ Մենք Արցախում ունեինք շատ լավ զարգացնող տնտեսություն, բացվում էին աշխատատեղեր, մշակվում էին դաշտեր, այգիներ, արտադրվում էր օղի, կոնյակ, արտահանվում էին մրգեր, բանջարեղեն, ցորեն եւ այլն, ոսկու բազմաթիվ հանքեր կային, բայց, ի վերջո, Արցախը չկա՝ այդ ամբողջ աշխատատեղերով հանդերձ։
Այս համատեքստում շատ հատկանշական է, որ քաղաքացիների 48 տոկոսը չի կողմնորոշվում եւ չի վստահում ոչ ոքի: Այսինքն՝ ընտրազանգվածի գրեթե կեսն այսօր չի ստանում իր հիմնական հարցերի պատասխանները: Այո՛, Նիկոլին չի ուզում, բայց ընդդիմությունն էլ որեւէ հստակ ծրագիր չի ներկայացնում: Հետեւապես, կա երկու տարբերակ. կա՛մ ընտրությունը լինի սեւ ու սպիտակի մեջ, այսինքն` ով կողմ է Նիկոլին, դեմ է ընդդիմությանը եւ հակառակը` ով դեմ է Նիկոլին, կողմ է միասնական մեկ ընդդիմադիր ցուցակի, կա՛մ լինի հստակ ծրագրերի մրցակցություն, որտեղ արդեն մենք էլ կասենք մեր խոսքը։
— Ի դեպ, Ձեր առաջարկը, որ պետք է ձեւավորել մեկ միասնական ընդդիմադիր ճակատ, քաղաքական լայն արձագանք է գտել: Այսօր արդեն մի շարք քաղաքական գործիչներ հայտարարում են, որ ճիշտ ճանապարհը հենց սա է: Եվ ուրեմն՝ ինչու՞ չի կայանում այդ միավորումը:
— Դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերին մեր կուսակցությունը հանդես եկավ շատ կարեւոր, պաշտոնական հայտարարությամբ, ըստ որի՝ ընդդիմությունը պետք է մասնակցի ընտրություններին միասնական ցուցակով։ Այդ միասնական ցուցակը պետք է հանդես գա «Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Սահմանադրությանը» կարգախոսով։ Մեզնից հետո, այո՛, բազմաթիվ քաղաքական գործիչներ եւ ուժեր նմանատիպ հայտարարություններ արեցին եւ, ըստ էության, միացան մեր այս կոչին։
Սակայն հիմնական քաղաքական դերակատարները, որոնք այս նախընտրական շրջանում փորձում են ակտիվություն ցուցաբերել եւ ունեն դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, առաջին հերթին նկատի ունեմ Սամվել Կարապետյանին, պետք է փորձեն իրենց շուրջ ձեւավորել այդ միասնությունը։ Այսինքն՝ այն ուժը պետք է սա անի, որն իրեն համարում է թիվ մեկ եւ որի մասին հարցումները, նույնպես այդ մասին են փաստում: Ճիշտ է, սոցհարցման արդյունքում նշված շատ համեստ տոկոսներով խորհրդարանում լուրջ արդյունք ապահովել հնարավոր չէ, սակայն, բոլոր դեպքերում, եթե խոսքը վերաբերում է ընդդիմադիր քաղաքական ուժերին, գոնե նրանց, որոնց անունները հիշատակված էին այդ հարցման մեջ, ապա պետք է նկատի ունենալ, որ Սամվել Կարապետյանը պետք է առաջարկի բոլոր ընդդիմադիրներին, ովքեր դեմ են Նիկոլին եւ կողմ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միավորվել մեկ ցուցակի շուրջ։
Շեշտում եմ՝ առաջին հերթին դրան պետք է արձագանքեն նրանք, ովքեր այսօրվա գլխավոր ընդդիմությունն են: Ճիշտ է, սպառել է իրեն, ժամկետն էլ մի քանի շաբաթից վերջանում է, բայց Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժը եւս պետք է արձագանքի: Մնացած այն քաղաքական ուժերը, ովքեր այսօր հայտարարել են կամ պատրաստվում են հայտարարել, որ նրանք մասնակցելու են ընտրություններին, եւս պետք է հայտարարեն այդ մասին: Այդ դեպքում գործընթացը կսկսվի: Ի վերջո, միավորվելու համար պետք է առանցքում լինեն հիմնական խաղացողները: Այսօր գլխավոր ընդդիմությունը խորհրդարանում Ռոբերտ Քոչարյանի ուժն է, համենայնդեպս, դեռեւս մի քանի շաբաթ դեռ կլինեն գլխավոր:
Այլապես եթե ամեն ինչ այսպես շարունակվի, Նիկոլն «ընտրվելու» է՝ իր ֆինանսական, քաղաքական ռեսուրսով, արտասահմանյան աջակցությամբ եւ վերջապես ադմինիստրատիվ, իրավապահ ուժերի ճնշմամբ, քաղբանտարկյալների թիվն ավելացնելով: Այո՛, վախի մթնոլորտում կազմակերպելու են ընտրությունները եւ շարունակելու են պահել իշխանությունը: Բայց եթե լինի հիմնական ուժերի՝ Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ համաձայնություն եւ հետո այդ միասնական ճակատ ձեւավորելու համաձայնությունն առաջարկվի բոլորին՝անկախ քաղաքական ծրագրերից, անցյալում կատարած սխալներից, այդ թվում` անցյալում Նիկոլին աջակցելուց, այդ դեպքում՝ հնարավոր է հեռացնել այս իշխանությանը: Այո, այսօր շատ-շատերը թաղված ու թաթախված են անցյալում կատարած կեղտերի մեջ, բայց թողնենք ամեն ինչ մի կողմ եւ ձեւավորենք մի ցուցակ, որտեղ կլինեն բոլոր նրանք ովքեր դեմ են Նիկոլին եւ կողմ են ՀՀ Սահմանադրությանը: Իսկ ովքեր չեն լինի այդ ցուցակում, ուրեմն՝ Նիկոլ են:
«ՉԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ ՀՍՏԱԿ ԾՐԱԳՐԵՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ»
— Բայց գոնե այս պահին Ձեր նշած ուժերը հակառակ ճանապարհով են գնում։ Ասում են` կանցնենք խորհրդարան, հետո կմիանանք, եթե կկարողանանք այնքան մանդատ ստանալ խորհրդարանում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հեռացնենք: Այսինքն՝ «Գյումրի 2» կանեն:
— Վերադառնանք սոցհարցման արդյունքներին, եթե անգամ դրանք հավաստի չեն, ասենք, պլյուս-մինուսով ոչ թե 3 տոկոս են, այլ՝ 6, միեւնույն է, 6-ը 60 չի կարող դառնալ: Անընդհատ խոսում են, թե կանցնենք խորհրդարան, հետո կփոխենք Սահմանադրությունը, նոր կնշանակենք մեր ուզած վարչապետին: Բայց այս ամենն ավելի շատ հեքիաթի ոլորտից է, որովհետեւ նախ Սահմանադրություն փոխելու համար 2/3 տոկոս մեծամասնություն պետք է ունենաս: Այդպիսի թիվ ոչ մի ընդդիմադիր այսօր չի կարող ապահովել։ Սահմանադրության փոփոխությունը պետք է լինի մինչեւ խորհրդարան անցնելը, որովհետեւ Սահմանդրությունն ասում է` խորհրդարանն անմիջապես ընտրվելուց հետո՝ անցնում է վարչապետի ընտրությանը։ Եթե անցումային կառավարություն պիտի ստեղծվի, ուրեմն՝ պետք է ժողովրդին ասվի՝ ո՞վ է այդ անցումային կառավարությունը, եթե խորհրդարան անցնեն առանձին-առանձին ընդդիմադիրներ:
Իհարկե, առանձին-առանձին ընտրությունների գնալով՝ 50 տոկոս այսօրվա դրությամբ, չի էլ կարող ստանալ ընդդիմությունը: Հետեւապես, արդեն նախընտրական իրենց քարոզը սկսած ուժերը պետք է բացահայտեն իրենց իրական ծրագրերը: Չեն ներկայացնում, դրա համար էլ ընտրազանգվածի մոտ 50 տոկոսը չկողմնորոշված է: Գուցե այս դեպքում մենք ստիպված լինենք արդեն մասնակցել ընտրություններին եւ ներկայացնել մեր ծրագրերը, որպեսզի այդ չկողմնորոշվածները կողմնորոշվեն եւ գան ընտրությունների: Մի քանի կուսակցություններ միավորվենք եւ մտնենք խորհրդարան:
— Փաստորեն, չե՞ք բացառում մասնակցությունը ընտրություններին, նկատի ունեմ ՍԻՄ կուսակցության եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման:
— Իհարկե, չենք բացառում: Ավելին` գնալով համոզվում ենք, որ մեր մասնակցությունը օգուտ կբերի երկրին, որովհետեւ նախ այս պահին միասնական գործընթաց մենք չենք տեսնում եւ երկրորդ՝ չենք տեսնում հստակ ծրագրեր ընդդիմության դերակատարների կողմից, ովքեր արդեն սկսել են իրենց նախընտրական քայլերը։
Մենք ունենք բոլոր հարցերի պատասխանները: «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումն արդեն 5 տարի է տալիս է բոլոր կարեւորագույն հարցերի ե՛ւ պատասխանը, ե՛ւ տվել է բոլոր իրադարձությունների կանխատեսումները։ Լավ է, որ կա «Իրավունք» թերթը, որը կարելի է ընթերցել եւ տեսնել, որ մեր կանխատեսումները մեկից մեկ, ցավոք սրտի, կատարվել են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

