Խորհուրդ կտամ հաշվել՝ թե ֆիլմում քանի անգամ է հնչում «Արարատ» բառը, ինչը մեկ ամսվա կտրվածքով հնչեց Կամչատկայից մինչեւ Կալինինգրադ. Սահարյան

Մշակութային

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել ենք «Ոսկե դուբլ. Արարատ-73» ֆիլմի պրոդյուսեր, սցենարի համահեղինակ, AP-Cinema կինոընկերության հիմնադիր տնօրեն ՎԱԼԵՐԻ ՍԱՀԱՐՅԱՆԻՆ:

«ՄԻՆՉ ԱՅՍՕՐ, ՑԱՎՈՔ, ՈՒՆԵՆՔ ՄԻԱՅՆ ԱՅԴ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՓԱՌԱՎՈՐ ԷՋԸ»

Թույլ տվեք նախ շնորհավորել Ձեզ՝ որպես «Ոսկե դուբլ. Արարատ-73» ֆիլմի պրոդյուսեր, ֆիլմի պրեմիերայի կապակցությամբ: Ինչպե՞ս որոշվեց ստեղծել մի ֆիլմ, որը պատմում է մեր հաղթանակի, մեր լեգենդար մարզիկների մասին:

— Միշտ ցանկություն եմ ունեցել ստեղծել մի ֆիլմ, որտեղ կներկայացվի մեր խմբային հաղթանակը: Մինչ այսօր, ցավոք, ունենք միայն այդ հաղթանակի փառավոր էջը: 1973 թվականին մեր տղաները՝ լեգենդար ֆուտբոլիստները, որոնց անունները բոլորն անգիր գիտեն, ու Նիկիտա Սիմոնյանը՝ այդ ընթացքում լեգենդար մարզիչը «Արարատ» ակումբի, նվիրեցին մեզ այդ էմոցիան, որից անցել է տասնյակ տարիներ, սակայն մենք դա հիշում ենք եւ ապրում այդ պատմությունով:

— Պարոն Սահարյան, ֆիլմը նվիրված էր Նիկիտա Սիմոնյանի 100 ամյակի՞ն:

— Ոչ, իրականում ցանկանում եմ այդ հարցը հստակեցնել. ֆիլմի սցենարի վրա աշխատանքները սկսել ենք 2019 թվականից: Այդ տարի բավականին մեծ աշխատանք կատարվեց իմ կոլեգա եւ ընկեր, պրոֆեսիոնալ անձնավորության Էդուարդ Այանյանի կողմից: Մենք մոտավորապես 240-270 ժամ հարցազրույցներ արեցինք ֆուտբոլիստների հետ ու, ցավոք, նրանցից մի մասն արդեն չկան... Պայմանական 2 տարի տեւեց այդ աշխատանքը: Դրան հաջորդեց «Քովիդը», հետո պատերազմն, այնուհետ տարբեր ընդմիջումներ եղան եւ այլն: Ես սա ինչու եմ այսքան մանրամասն լուսաբանում, քանի որ տարբեր տեսակի զրույցներ են պտտվում այս հարցի շուրջ՝ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ ոչ երեկ եւ այլն: Ուզում եմ հստակ ասել, որ մենք ֆիլմի աշխատանքները սկսել ենք 2019 թվականից՝ ուսումնասիրել, հետաքրքիր փաստեր ենք ձեռք բերել: Ֆիլմը ժանրով ոչ միայն սպորտային դրամա է, այլ բայոպիկ է, այսինքն՝ պատմում է իրական դեպքերի մասին: Հետեւապես, մենք չէինք կարող մեզ թույլ տալ, ուղղակի, գեղարվեստական մի պատմություն հորինել եւ այն ներկայացնել: Դրա համար ծավալուն աշխատանքներ կատարվեց, չհաշված նախապատրաստական աշխատանքները, որոնք երկար ժամանակ տեւեցին: Դա կապ չունի նաեւ այսօրվա ռուս-ուկրաինական փոխհարաբերությունների հետ, կապ չունի մոտակա ընտրությունների հետ:

Փաստորեն, ֆիլմը փորձել են նաեւ քաղաքականացնե՞լ:

— Մարդիկ երկու կատեգորիայի են բաժանվում. ովքեր սիրում են, հիմա մի բառ կա տարածված,  խայպ, նման մարդիկ վազում են խայպի հետեւից: Եվ կան մարդիկ, ովքեր խուսափում են խայպից: Համարում եմ, որ ես երկրորդ դասին եմ պատկանում: Կարող էի հիմա ասել նախադասություններ, որոնք վաղը, մյուս օրը կդարձնեին խայպ եւ կզարգացնեին այդ թեմաները: Ցանկանում եմ բոլոր այն մարդկանց ովքեր չարախոսում են եւ չեն չարախոսում, հայտնել իմ շնորհակալությունը, քանի որ, ինչպես մեկ անգամ ասել եմ, սեւ փիառը եւս փիառ է:

«ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՄ ՖԻԼՄԸ ԴԻՏԵԼ, ՆՈՐ ԽՈՍԵԼ՝ ՓԱՍՏԵՐՈՎ»

Չարախոսել ասացիք, հիշեցի. Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը գրառում էր կատարել եւ ընդգծել, թե այս ֆիլմը հիբրիդային հարձակում է Ռուսաստանի Դաշնության իշխանության կողմից:  

— Այո, ես տեղյակ եմ այդ ամենից, եւ այդ գրառմանը արձագանքել եմ, տակը գրելով իմ պատասխանը: Ես չեմ ճանաչում պարոն Սաֆարյանին, եւ հուսամ՝ սա այն դեպքն է, երբ ասում են, որ լռությունը համաձայնության նշան է, երբ ես իրեն առաջարկեցի մեծ ուշադրությամբ դիտել ֆիլմը, գտնել այդ ֆիլմում հիբրիդային պատերազմի գործիքներ կամ ինչպես այնտեղ ամպագոռգոռ բաներ էր գրված, որ իբր ռուսական հատուկ ֆոնդերից է ֆինանսավորված եւ այլն: Իմ պատասխանից մարդիկ պարզ կհասկանան ինչն ինչոց է: Թող Ստյոպա Սաֆարյանը ֆիլմը դիտի, հետո նոր այդ մասին խոսի՝ փաստերով: Դե նման բաներ էլ են պատահում: Սովորաբար, մարդիկ բռնկվում են այս կամ այն հանգամանքներից ելնելով: Ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչու նա այդպիսի արձագանք տվեց, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ, ինչպես ասացի, լռությունը համաձայնության նշան է, ու որ նա ֆիլմը դիտելուց հետո, համոզվեց, որ իր աղբյուներն այդքան էլ հավաստի չեն, ինչպես նա կարծում էր՝ մինչ դիտելը:

Հիմա ֆիլմը բոլոր կինոթատրոններում ցուցադրվում է, Հայաստանում այն ստացել է վարձույթի վկայական: Վարձույթի վկայական ստանալու պարագայում ֆիլմն անցնում է որոշ փորձաքննություն՝ պետության կողմից: Կարծում եմ՝ պետական մարմինները եթե ֆիլմում տեսնեին այն, ինչի մասին խոսվում էր, մի քիչ տարօրինակ կլիներ, որ մեզ թույլ տային Հայաստանում դուրս գալ մեծ էկրաններ: Առհասարակ խորհուրդ կտամ այն մարդկանց, ովքեր նման կերպ են մտածում, գնան ֆիլմը դիտեն եւ հաշվեն, թե քանի անգամ է հնչում «Արարատ» բառը, որը մեկ ամսվա կտրվածքով հնչեց Կամչատկայից մինչեւ Կալինինգրադ: Ֆիլմը Ռուսաստանում ունեցավ աննախադեպ լայնածավալ վարձույթ. 1846 կինոթատրոններում  ցուցադրվեց: Սա առաջին դեպքն է՝ ֆիլմ նվիրված Հայաստանին եւ հայկական պատմությանը, որը ստացավ նման արձագանք: Կարծում եմ, մենք փորձեցինք անել ամենը, որպեսզի մեր ֆիլմի միջոցով ներկայանանք ոչ միայն հայ հանդիսատեսին, այլ նաեւ այլ ազգի մարդկանց՝ մեր մշակույթով, մեր հայկական կոլորիտով, համ ու հոտով: Թե որքանով դա ստացվեց, կգնահատի հանդիսատեսը: Մեր կողմից կասեմ, որ ողջ ստեղծագործական թիմն աշխատել է մաքսիմալ անկեղծ եւ եթե տոկոսային առումով ասեմ, ապա 80 տոկոսը դրական կարծիքներ են: Ես մի քիչ զարմացած կլինեի, եթե լիներ 100 տոկոս:

Չեմ ցանկանա «սպոյլեր» անել, սակայն ինձ անընդմեջ հարցնում են՝ 8 համարի պատմությունը իրակա՞ն է եղել, թե՞ պարզապես հուզական դետալ էր:

— Մենք փորձեցինք ուսումնասիրություն անել այդ փաստի վերաբերյալ եւ պարզեցինք հետեւյալը. պայմանական թվով ասեմ՝ 10 անձից 8-ն ասել են, որ նման բան եղել է, եւ դա եղել է Գյումրիում՝ այն ժամանակ Լեննական քաղաքում, իսկ երկուսն ասում են, որ դա հորինված է: Սակայն, մենք մեր կողմից մի բան ավելացրել ենք՝ 8 համարի պատմությունը Գյումրիից տեղափոխեցինք Երեւան՝ Լենինի մեծ արձանի մեջքին գրեցինք:

«ՌՈՒՍ ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՂԵԼ Է ԻՄ ԱՌԱՋԱՐԿՈՎ, ՈՐՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ԹԻՄԻ ԿՈՂՄԻՑ»

Ի՞նչ սկզբունքով կատարվեց դերասանների ընտրությունը:

— Այսօրվա պայմաններում, խոսելով ներկայիս կինոյի մասին, բավականին մեծ տարածում է ստացել հետեւյալ ֆորմատը, որը կոչվում է պրոդյուսերական կինո: Պրոդյուսերական կինոյի պարագայում, պրոդյուսերի դերակատարությունը կինոարտադրության մեջ շատ ավելի է մեծացել, քան նախկինում է եղել: Նկատի ունեմ, որ պրոդյուսերը ոչ միայն զբաղվում է ֆինասական հաշվարկներով, այլ նաեւ ունենում է միջամտություն ֆիլմի գեղարվեստական մասում:

Այս դեպքում պետք է ասեմ առաջին հերթին շնորհակալություն այն բոլոր մարդկանց, ովքեր աշխատել են մեր ֆիլմի քաստինգում. դա հիանալի քաստինգի տնօրեն Մարինա Մկրտչյանն էր, ով հրաշալի դերասաններ էր ներկայացնում ֆիլմի բեմադրող ռեժիսոր Մհեր Մկրտչյանին: Նա էլ շատ ճիշտ ընտրություն էր անում, եւ այսօր մենք դա կարող ենք գնահատել: Սակայն, ռուս դերասանական կազմը եղել է իմ առաջարկով, որն ընդունվել է թիմի կողմից: Այսինքն՝ այդ առաջարկը չի եղել այսպես, որ պետք է լինի ու վերջ, դա քննարկվել է եւ ընդունվել: Կարծում եմ՝ բոլոր դերասանները՝ թե՛ ազգությամբ ռուս, թե՛ հայ, բոլորը փայլուն կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրն ու աշխատանքը:

Նիկիտա Սիմոնյանի դերակատար Եգոր Բերոեւը նմա՞ն էր լեգենդին իր խառնվածքով:

— Տեսեք, մենք մի կոլեգա ունենք Մոսկվայում, որն անդրադարձել էր այդ թեմային, եւ նշել, որ Եգոր Բերոեւի հասակը մեկ մետր 94 սանտիմետր է, իսկ Նիկիտա Սիմոնյանը՝ մեկ մետր 80 է. այդպիսի տարբերություն էր գտել: Սակայն, կարծում եմ կինոյի մեջ կարեւորը կերպար եւ քո հերոսի բնավորությունը ստանալն է: Եգոր Բերոեւը դա փայլուն կատարեց եւ, ի վերջո, Բերոեւի պարագայում մենք ստացել ենք Նիկիտա Սիմոնյանի համաձայնությունը: Նրանք ծանոթացան եւ երկար ժամանակ ունեցան շփվելու, քննարկելու: Կարծում եմ՝ այս դեպքում ամենակարեւորը՝ Նիկիտա Սիմոնյանի համաձայնությունն էր:

Ֆիլմի շրջանակներում պատիվ ունեցա 20-25 անգամ հանդիպել լեգենդի հետ, այդ ընթացքում, որքան հնարավոր էր ճանաչել նրան: Կարող եմ ասել, որ Եգորին հաջողվել է փոխանցել նրա կերպարը: Ցավոք, մեր լեգենդը այդպես էլ չտեսավ ֆիլմը...

Վալերի Սահարյանը՝ ֆիլմում Նիկիտա Սիմոնյանի կերպարը մարմնավորած ռուս դերասան Եգոր Բերոեւի հետ

«ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ ԵՆ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԱԼԻՔՆԵՐՆ ՈՒ ԹԵՐԹԵՐԸ »

Մոսկվայում տեղի ունեցավ ֆիլմի մեծ պրեմիերան: Կպատմե՞ք ինչպես անցավ, ինչպիսի՞ արձագանքներ եղան:

— Պետք է ասեմ, որ արձագանքները շատ անկեղծ էին: Նախ ցանկանում եմ օգտվել առիթից եւ իմ խորհին շնորհակալությունը հայտնել բոլոր գործընկերներին եւ մամուլի ներկայացուցիչներին, քանի որ այնպես, ինչպես իրենք լուսաբանեցին ֆիլմը, դա յուրահատուկ, ֆանտաստիկ հարգալից մոտցում էր: Ֆիլմի մասին խոսել են գրեթե բոլոր ռուսական ալիքներն ու թերթերը: Սա շատ կարեւոր է, քանի որ ֆիլմը հայկական պատմություն, կոլորիտ, մարդ ներկայացնող է: Եվ եկեք չմոռանանք, որ ֆիլմի 80 տոկոսը նկարահանվել է Հայաստանում: Ու համարում եմ բացառիկ հնարավուրություն այլ ազգի հանդիսատեսին նման կերպ ներկայացնել Հայաստանը: Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Մոսֆիլմում, որի մեջ ես եւս սիմվոլիզմ եմ տեսնում:

Տպավորություն է, որ շատ դժվար է նկարել հին ժամանակաշրջան ներկայացնող, պատմական ֆիլմեր, քանի որ այն ժամանակների հագուստները, մեքենաները եւ այլն եղել են շատ այլ: Ինչպե՞ս Ձեզ հաջողեց այդքան հին մեքենաներ գտնել ֆիլմի համար:

— Շատ լավ հարց եք տալիս: Մեքենաները գտել ենք Հայաստանից եւ շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր նույնիսկ իրենց կոլեկցիոն մեքենաները տրամադրեցին: Մեքենաներ, որոնք անգամ տեղից չեն շարժվել: Մեր թիմում ունենք ֆանտաստիկ գործընկերներ՝ Վարդանը Մամիկոնյան, Արմեն Ղազարյան եւ Արմեն Սահարյան, ովքեր զբաղվում էին մեքենաներ գտնելով: Ռուսաստանում նման հին մեքենաներ գտնելը բավականին հեշտէ՝ ընտրությունը մեծ է, վարձույթի սրահներն են շատ եւ այլն: Հայաստանում կար խնդիր, եւ հիշում եմ, թե երեկոյան նրանք ինչպես էին մեկը մյուսին պատմում, քննարկում այդ աշխատանքային պրոցեսը:

Առջեւում ի՞նչ նոր ֆիլմեր, նախագծեր ունեք:

— Այս պահին արդեն ունենք սկսած 4 նոր նախագիծ: Մեկը դա սերիալ է, որը նկարվում է միջազգային գործընկերների հետ: Մյուսները գեղարվեստական ֆիլմեր են, որոնցից երկուսը նկարվելու է Հայաստանում եւ 2027 թվականին, առաջ Աստված, դրանք եւս կցուցադրվեն:

Իսկ պատմական ֆիլմեր սպասե՞նք:

— Որ ասացի երկու ֆիլմերը Հայաստանում են նկարահանվելու, դրանք պատմական ֆիլմեր են լինելու: Դեռեւս չակերտներ չբաացեմ...

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում