Հոլիվուդի յոթ արտասովոր աստղերը. ՄԱՐԻՆԱ ԵՎ ՀԱՄԼԵՏ ՄԻՐԶՈՅԱՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾԸ
ՄշակութայինՀոլիվուդի յոթ արտասովոր աստղերը՝ Զաբել Մանգասարյանը (Ֆլորա Զաբել), Արշալույս Մարդիգանյանը (Ավրորա), Աննա Նահապետյանը (Էնն Բեդյան), Թամարա Թումանովան, Շերիլին Սարգսյանը (Շեր), Դիտա ֆոն Թիզը (Հեթեր Ռենե Սվիթ), Անժելա Սարաֆյանը, մեր «Այս արտասովոր հայերը» նախագծի հերոսները, տարբեր դարաշրջաններից են։ Սակայն նրանցից յուրաքանչյուրը նշանակալի հետք է թողել պատմության մեջ։
Հոլիվուդի յոթ արտասովոր աստղերը
1887 թվական՝ Հոլիվուդի ծննդյան տարին
1853 թվականին Հոլիվուդի տեղում կանգնած էր մեկ խրճիթ։ Հոլիվուդի ծննդյան պատմությունը համառոտ պատմելով՝ ուսումնասիրողները հիշում են Ուիլկոքս ամուսիններին։ 1887 թվականի սկզբին նրանք գնեցին հողատարածք և այստեղ հիմնեցին ֆերմա։ «Հոլիվուդ» անվանումը ամուսինները տվեցին՝ նշելով դրա սահմանները։ «Wood» թարգմանությամբ նշանակում է «անտառ», իսկ «holly»՝ «փշարմավ». այդ ծառերը մեծ քանակությամբ աճում էին այդ տարածքում։ Նույն 1887 թվականի օգոստոսին ամուսինները փաստաթղթեր ներկայացրին՝ «Հոլիվուդ» անվանումով նոր բնակավայր գրանցելու համար։
Գնդապետ Վիլյամ Ն. Սելինգը Չիկագոյում բացեց կինոընկերություն, իսկ դրա մի մասը տեղակայեց Հոլիվուդում՝ գնելով հողատարածք Ուիլկոքս ընտանիքից։
Հոլիվուդի բնությունը, հարմարավետ տնակները և փոքր փողոցները կատարելապես հարմար էին տարբեր ֆիլմերի նկարահանման համար։ Դրա շնորհիվ այստեղ տարեկան ստեղծվում էր ավելի քան 600 կինոնկար։ Հոլիվուդի պատմության մեջ առաջին ֆիլմերից մեկը եղավ «Հնդկուհու ամուսինը» վեստեռնը։ Հոլիվուդի ստուդիաներում նկարահանված առաջին լիամետրաժ ֆիլմերն էին «Մայրամուտից մինչև լուսաբաց»-ը (1913) և «Ծովագայլը» (1913)։ Հոլիվուդի ոսկեդարը 1930-1950-ական թվականներն էին։
Զաբել Մանգասարյան (Ֆլորա Զաբել)
(01.04.1880, Կոստանդնուպոլիս, Թուրքիա – 07.10.1968, Նյու Յորք, ԱՄՆ)
Զաբել Մանգասարյանը՝ Բրոդվեյի աստղը (Բրոդվեյը Նոր Աշխարհի հազարավոր դերասանների ամերիկյան երազանքն է, Նյու Յորքի մի վայր, որտեղ կենտրոնացված են աշխարհի ամենաշքեղ ու հանրահայտ թատրոններից մի քանիսը), ծնվել է Կոստանդնուպոլսում (այժմ՝ Ստամբուլ)՝ հայտնի պրոֆեսոր, պատմաբան, աստվածաբան և փիլիսոփա Մանգասար (Մկրտիչ) Մանգասարյանի և Ագապի Ալթունյանի ընտանիքում։
Ֆլորայի մանկությունն անցել է մոր և մորաքույրերի շրջապատում, որոնք շատ լավ կրթություն ունեին և ջանում էին, որ աղջիկը ավելի շատ գիտելիքներ ստանա, բայց միևնույն ժամանակ խստորեն հետևում էին հայերի և Արևելքի բարքերին այնպես, որ տղամարդկանցից նա շփվում էր բացառապես ազգականների հետ։
Ֆլորան դեռ մեկ տարեկան էլ չկար, երբ 1881 թվականին ընտանիքը, փախչելով Օսմանյան կայսրությունում հայերի ճնշումներից, տեղափոխվեց Ամերիկա՝ հաստատվելով նախ Ֆիլադելֆիայում, իսկ հետո Չիկագոյում։
Պրոֆեսոր Մանգասարյանն իր դասախոսություններից մեկում զգացմունքային ելույթով դատապարտեց թուրքական իշխանություններին, որոնք շարունակում էին հայերի ջարդերն ու հալածանքները։ Իսկ 1900-ականների հենց սկզբին նա հանելուկային առաքելությամբ ուղևորվեց Ստամբուլ, որտեղ ժամանելուն պես նա ձերբակալվեց և կալանավորվեց։
Այդ ժամանակ 19-ամյա Զաբելը տեղափոխվում է Նյու Յորք՝ մի նպատակով՝ բավարար չափով գումար վաստակել՝ հորը թուրքական բանտից դուրս բերելու համար։ Զաբելը աշխատանքի փնտրտուքների մեջ դիմում է Նյու Յորքի ամենահայտնի թատերական գործակալություններին և ընդունում Ֆլորա Զաբել բեմական կեղծանունը։ Սակայն երիտասարդ աղջկա համար սկզբում տեղ գտնվեց միայն երգչախմբում։ Հորը հաջողվեց փրկվել փաստաբանի ջանքերի շնորհիվ՝ երեք տարի բանտարկությունից հետո։
Շուտով Զաբելի բացառիկ երաժշտական ու դերասանական տաղանդը, գեղեցիկ սոպրանոն, էկզոտիկ արևելյան արտաքինն ու նպատակասլացությունը օգնեցին Զաբելին հաջողության հասնել Բրոդվեյի բեմում: Եվ այդ ժամանակ նա անսպասելիորեն ամուսնության առաջարկ ստացավ հայտնի կատակերգական դերասան և վոդևիլի աստղ Ռեյմոնդ Հիչքոքից: 1905 թվականին նրանք ամուսնացան:
Հոլիվուդում նկարահանված առաջին հայուհին Ֆլորա Զաբելն էր։ Դա տեղի է ունեցել 1910 թվականին։
Նա շատ հանրահայտ էր, խաղում էր Բրոդվեյում և նկարահանվում ֆիլմերում։ Որպես ամերիկյան համր ֆիլմերի առաջին դերասանուհիներից մեկը՝ նա հիմնականում հանդես է եկել կատակերգության ժանրում։
1915 թվականին նա նկարահանվեց «Օղակապոչ ռնգեղջյուրը» (The Ringtailed Rinoceros) և «Սկանդալ գյուղում» (A Village Scandal) ֆիլմերում: Նրան միջազգային փառք բերած ֆիլմերից մեկը «Կարմիր այրին» էր, որտեղ նա խաղում էր հայտնի դերասան Ջոն Բերիմորի հետ միասին:
Ֆլորան և Ռեյմոնդը ոչ միայն խաղում էին թատրոնում, այլև իրենք էին բեմադրում ներկայացումներ, շատ էին շրջագայում Ամերիկայում և Եվրոպայում։
Ռեյմոնդ Հիչքոքը մահացավ 1929 թվականին։ Ամուսնու մահից հետո Զաբելը սկսեց հազվադեպ դուրս գալ բեմ և նկարահանվել կինոյում, զբաղվում էր թատերական հագուստների ձևավորմամբ, իսկ 1940-ական թվականներից հետո ընդհանրապես անհետացավ տեսադաշտից։ 1968 թվականի հոկտեմբերի 7-ին ամբողջ Բրոդվեյը և ԱՄՆ-ի թատերական հանրությունը տեղեկացավ Ֆլորա Զաբել Հիչքոք-Մանգասարյանի վախճանի մասին։ Բրոդվեյի աստղը այն աշխարհը գնաց կյանքի 88-րդ տարում։
Արշալույս Մարդիգանյան (Մարտիկանյան), Ավրորա
(12.01.1901, Խարբերդ, Թուրքիա – 06.02.1994, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)
Արշալույսը ծնվել է մետաքսագործ գյուղացու բազմազավակ ընտանիքում։ Ուսում է առել, եղել է խոստումնալից ջութակահարուհի։
1915 թվականի ողբերգական իրադարձությունների ժամանակ նրա հորը և երեք եղբայրներին սպանել են նրա աչքերի առաջ, նրա քույրերին և մորը այլ հայ կանանց հետ աքսորել են Սիրիայի անապատներ։ Այնուհետև նրան առևանգել են ու վաճառել թուրքական Անատոլիայի ստրուկների շուկայում՝ ցեղապետի հարեմին՝ 85 ԱՄՆ ցենտով։ 14-ամյա Արշալույսը ենթարկվել է բռնության ու ծեծի քրդական ցեղերի և թուրք պաշտոնյաների հարեմներում։ Երկու տարի անց, փախչելով հարկադիր կրոնափոխությունից, նա փախչում է հարեմից, կրկին գերեվարվում ստրկավաճառների կողմից և կրկին փախչում։
Դերզիմի լեռներով 18 ամիս ավելի քան 1500 կմ անցնելուց հետո, թաքնվելով անտառներում ու քարանձավներում, սնվելով բույսերով ու արմատներով՝ նա ոտաբոբիկ, կիսամերկ և քաղցած հասավ Էրզրում, որն այն ժամանակ գրավել էին ռուսական զորքերը: Հայտնվելով ամերիկացի միսիոներների մոտ՝ Հայ ազգային միության և Հայաստանի ու Սիրիայի օգնության ամերիկյան կոմիտեի (նախագահ Ջեյմս Բրայս) օգնությամբ նա Թիֆլիսով (այժմ՝ Թբիլիսի) և Սանկտ Պետերբուրգով հասավ մինչև Օսլո, իսկ հետո Նյու Յորք, որտեղ նրան ընդունեց մի հայ ընտանիք:
Նրա պատմությունը գրավեց լրագրողների ուշադրությունը։ Հայոց ցեղասպանության մասին Արշալույսի պատմածը հրատարակվել է Նյու Յորքի և Լոս Անջելեսի թերթերում 1918 թվականին։ Այդ թվականի դեկտեմբերին հրատարակվել է «Հոշոտված Հայաստան» գիրքը։ Գրքի լույս տեսնելուց անմիջապես հետո «Սելիգ Պոլիսկոփ» (Selig Polyscope) ընկերությունը սկսել է համր ֆիլմի նկարահանումները Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գրքի հիման վրա, որը հայոց ցեղասպանության մասին առաջին ֆիլմն էր։ Ֆիլմում գլխավոր դերը՝ համր կինոյի դարաշրջանի Հոլիվուդում իր իսկ դերը, խաղացել է Արշալույսը՝ անձնական անվտանգության նպատակով «Ավրորա» կեղծանվամբ։ Նկարահանված նյութը ուսումնասիրել են ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան վիկոնտ Ջեյմս Բրայսը և Թուրքիայում Ամերիկայի դեսպան Հենրի Մորգենթաուն, նրանցից ստացել է բարձր գնահատական և ունեցել է վիթխարի հաջողություն։
«Հոշոտված Հայաստան» ֆիլմը, որը որոշ երկրներում հայտնի է «Հոգիների աճուրդ» անվանումով, առաջին անգամ ցուցադրվել է Վաշինգտոնում 1919 թվականի հունվարին: Փետրվարին կայացավ ֆիլմի պրեմիերան լայն հանրության համար Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում: Ֆիլմը ցուցադրվել է 23 նահանգների խոշոր քաղաքներում, ինչպես նաև Միացյալ Թագավորությունում և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում: Սա Ավրորայի առաջին ու վերջին դերն էր կինոյում:
«Հոշոտված Հայաստան» ֆիլմի ցուցադրությունից գոյացած հասույթը կազմեց 30 միլիոն դոլար, որը ֆիլմի հեղինակների որոշմամբ փոխանցվեց Մերձավոր Արևելքի հիմնադրամին (Near East Relief)՝ 60,000 հայ որբերին օգնություն ցուցաբերելու համար: Ավելի ուշ Ավրորան զբաղվեց հարյուրավոր հայ որբ երեխաներին մահմեդական տներից փրկագնելով:
Արշալույս-Ավրորան 1929 թվականին Նյու Յորքում ամուսնացել է հայ ներգաղթյալ Մարտին Գովեյանի հետ։ Նա վախճանվել է 1994 թվականին Կալիֆոռնիայի ծերանոցում։ Հայաստանում թողարկվել է Ավրորա Մարդիգանյանի պատկերով փոստային նամականիշ՝ նվիրված հայոց ցեղասպանության 100-ամյակին։
Աննա Նահապետյան (Էնն Բեդյան)
(ծնվել է 15.03.1972, Մոնրեալում)
Կինոյի և հեռուստատեսության դերասանուհի, կինոպրոդյուսեր Աննա Նահապետյանը (Էնն Բեդյան) ծնվել է Մոնրեալում՝ Կանադայի Քվեբեկ գավառում՝ հայկական ծագում ունեցող ընտանիքում: Նա ազատ խոսում է անգլերեն, ֆրանսերեն, հայերեն, գերմաներեն և իսպաներեն, ինքնուրույն սովորել է կարդալ եբրայերեն ու ռուսերեն: 1990-ից մինչև 1993 թվականը Բեդյանը ծառայել է Կանադայի թագավորական նավատորմում որպես ռազմանավի ավագ ենթասպա (բոցման)՝ դառնալով “HMCS Nipigon” նավի (որը կանանց աշխատանքի ընդունած առաջին ռազմանավն էր) անձնակազմի ամենաերիտասարդ անդամը: Բեդյանը դերասանական դասընթացներ է անցել “Meisner” ծրագրով Մոնրեալում, Տորոնտոյում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում։
1999 թվականին Էննը իր կինոդեբյուտը կատարեց Ինտելլայի դերով «Կանանց սենյակ» ֆիլմում։ Նա հայտնի դարձավ Մարիայի դերով «Դելտա նահանգ» անիմացիոն հեռուստասերիալում (2004), Շարայի դերով «Սանձիր քո ոգևորությունը» (2011–2017) հեռուստասերիալում և դոկտոր Անալիսա Նազիրի դերով «Դեբորա Լոգանի առևանգումը» (2014) սարսափ ֆիլմում։
Էնն Բեդյանը նկարահանվել է 52 ֆիլմերում, այդ թվում՝ «Արհեստական սուտ» (2000), «Պար բարձրակրունկ կոշիկներով» (2001), «Կարմայի աշխարհը» (2003), «Ցանցը» (2004), «Օրենք և կարգ. հանցավոր մտադրություն» (2005), «Խուզարկուն» (2006), «Խաբիր ինձ» (2009), «Պահապան հրեշտակ» (2014), «Ռոզաննա» (2018), «Լքելով ֆաբրիկան» (2022), «Մեղադրյալները» (2023), «Ունիվերսալ ռիթմիկ զգացողություն» (“Universal Groove”, 2024):
Թամարա Վլադիմիրի Թումանովա
(02.03.1919, Տյումեն – 29.05.1996, Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա, ԱՄՆ)
Թամարայի մայրը՝ Եվգենյա Դմիտրիևնա Թումանովան (1899–1989), հայկական ծագումով իշխան Դմիտրի Զախարովիչ Թումանովի և վրացուհի Ելիզավետա Չխեիձեի դուստրն էր։
Դմիտրի Թումանովի արխիվային փաստաթղթերում գրված է. կրոնական դավանությունը՝ «հայ գրիգորյանական» (տե՛ս РГВИА, ֆոնդ 400, գույքացուցակ 15, գործ 732, թերթ 6 և 6 об.), թեև նրա դուստրը ԱՄՆ արտագաղթելու ժամանակ իր ազգությունը նշել էր որպես «ռուս»։
Եվգենյա Դմիտրիևնայի առաջին ամուսինը և Թամարայի կենսաբանական հայրը ոմն Կոնստանտին Զախարովն էր, իսկ գնդապետ Վլադիմիր Դմիտրիևիչ Բորեցկի-Խազիդովիչը՝ նրա երկրորդ ամուսինը։
Թամարան ծնվել է 1919 թվականին Տյումենում: 1925 թվականին աղջիկը ընտանիքի հետ զարտուղի ճանապարհներով Շանհայով գնացել է Փարիզ, որտեղ ընդունվել է հայտնի բալետի պարուհի Օլգա Պրեոբրաժենսկայայի բալետի դպրոցը և արդեն ինը տարեկանից հանդես է եկել պրոֆեսիոնալ բեմերում: Նրան ծափահարել են Փարիզի «Գրանդ օպերան», Միլանի «Լա Սկալան», Լոնդոնի «Քովենթ Գարդենը»:
Եկավ Նոր աշխարհը նվաճելու ժամանակը: Իր էկզոտիկ արտաքինի, մուգ աչքերի ու մազերի, և, իհարկե, իր արտասովոր տաղանդի համար Թումանովային արևմտյան լրատվամիջոցներում կնքեցին «Ռուսական բալետի սև մարգարիտ» անունով: Իսկ բեմից հեռանալուց հետո Թամարան հաջող դերասանական կարիերա ունեցավ:
Առաջին անգամ Թումանովան նկարահանվեց Հոլիվուդում 1942 թվականին կարճամետրաժ ֆիլմում և երկու տարի անց ստացավ իր առաջին գլխավոր դերը «Փառքի օրեր» ֆիլմում: Այդ կինոնկարում Թամարա Վլադիմիովնան խաղաց ռուս բալետի պարուհի Նինայի դերը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ միացել էր պարտիզանական ջոկատին: «Փառքի օրեր»-ում նրա խաղընկերը Գրեգորի Պեկն էր, որի համար այս ֆիլմը դարձավ կինոդեբյուտ: Նա անհավանական գեղեցիկ էր, և ֆիլմի օպերատոր Տոնիո Գաուդիոն կարողացավ դա ցույց տալ հանդիսատեսին: «Փառքի օրեր» ֆիլմից հետո Թամարա Թումանովան ինը տարի չնկարահանվեց և կրկին հայտնվեց էկրանին 1953 թվականին՝ Աննա Պավլովայի դերով «Այսօր երեկոյան մենք երգում ենք» ֆիլմում: «Իմ սրտի խորքում» (1954) երաժշտական ֆիլմում Թամարա Վլադիմիրովնան խաղաց կաբարեի արտիստուհու դերը և ցույց տվեց հանդիսատեսին, որ կարող է ոչ միայն պարել, այլև երգել:
Ալֆրեդ Հիչքոքի «Պատռված վարագույրը» (1966) թրիլլերում Թումանովան հանդես եկավ Չեխոսլովակիայից եկած բալետի պարուհու կերպարով, որը քիչ էր մնում «վնասեր» դրական գլխավոր հերոսներին։
Հոլիվուդում Թումանովայի վերջին դերը բալետի առաջին պարուհի (պրիմա-բալերինա) մադամ Պետրովան էր «Շերլոկ Հոլմսի անձնական կյանքը» (1970) կատակերգական դետեկտիվում, որը նկարահանել էր մեծն Բիլլի Ուայլդերը։ Այս ֆիլմում Թամարա Վլադիմիրովնան իր բոլոր խոսքերն արտասանել է ռուսերեն։
Թամարան ամուսնացած է եղել, բայց ընդամենը տասը տարի։ 1944 թվականին նա ամուսնացավ ամերիկացի գրող, պրոդյուսեր և ռեժիսոր Քեյսի Ռոբինսոնի հետ, որը հանուն նրա լքեց իր ընտանիքը, սակայն տասը տարի անց վերադարձավ իր առաջին կնոջ մոտ։
Թամարա Թումանովան, մինչև կյանքի վերջին օրերը պահպանելով իր անսովոր հմայքը, այն աշխարհը գնաց 77 տարեկան հասակում Սանտա Մոնիկա քաղաքում: Մահվանից կարճ ժամանակ առաջ նա իր բեմական զգեստները նվիրեց Սանկտ Պետերբուրգի Ռուսական բալետի ակադեմիային:
Շերիլին Սարգսյան (Շեր)
(ծնվել է 20.05.1946, Էլ-Սենթրո, Կալիֆոռնիա, ԱՄՆ)
Շերիլինի ծնողները գաղթել են Միացյալ Նահանգներ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ցեղասպանությունից խուսափելու համար: Հայրը՝ հայ Ջոն Սարգսյանը, մասնագիտությամբ բեռնատարի վարորդ էր: Ծնվելիս ապագա երգչուհուն անվանել են Շերիլին Սարգսյան: Հայրը երկար չի մնացել ընտանիքի հետ. նա հեռացել է, երբ աղջիկը մեկ տարեկան էլ չկար: Նրա մայրը՝ դերասանուհի Ջորջիա Հոլթը, երջանկության որոնումների մեջ վեց ամուսին է փոխել: Շերիլինի մանկությունն անցել է աղքատության մեջ:
16 տարեկանում նա թողեց դպրոցը, քանի որ այն ձանձրալի էր համարում, և տեղափոխվեց Լոս Անջելես։ Հենց այնտեղ նա հանդիպեց Սոննի Բոնոյին, որը դարձավ նրա ամուսինը և երաժշտական գործընկերը։ 1965 թվականին «Սոննի և Շեր» դուետը թողարկեց “I Got You Babe” երգը, և Շերիլինի անունը հայտնի դարձավ ամբողջ Ամերիկային։ Նա անցել է բեք վոկալիստից մինչև ոճի աստվածուհու, դերասանուհու և «Օսկարի», «Գրեմմիի», «Էմմիի» և երեք «Ոսկե գլոբուսի» դափնեկրի ճանապարհը։
Սոննին, ծանոթանալով Շերիլինի հետ, նրան անսովոր առաջարկ արեց. անվճար ապրել իր հետ՝ մաքրության և եփելու դիմաց։ Այսպես սկսվեց նրանց պատմությունը։ Երկու տարի նրանք ապրեցին որպես լավագույն ընկերներ՝ միանգամայն զերծ մարմնական հաճույքներից։ Եվ, այնուամենայնիվ, 1964 թվականին նրանք ամուսնացան։
Էկրանին Շերիլինի՝ որպես դերասանուհի առաջին անգամ հայտնվելը տեղի ունեցավ 1967 թվականին՝ ամերիկյան «Գործակալներ Ա. Ն. Կ. Լ.» հեռուստասերիալում՝ մոդել Ռամոնայի դերում։ Այդ ժամանակվանից Շերիլինը նկարահանվել է մի շարք անկախ և հոլիվուդյան ֆիլմերում։
Սոննին և Շերիլինը միասին եղան 12 տարի։ Բոլորը, ի դեմս նրանց, տեսնում էին կատարյալ ընտանիքի։ Սակայն ավելի ուշ նա կասեր. «Հանկարծ հասկացա, որ նա սկսում է ինձ հետ վերաբերվել ինչպես հավի հետ, որը ոսկե ձվեր է ածում»։ Ի վերջո, չկարողանալով դիմանալ մշտական լարվածությանը և ամուսնու դավաճանությանը, երգչուհին ամուսնալուծության հայց ներկայացրեց և այդպիսով վերջ դրեց իրենց հարաբերություններին։
1978 թվականին երգչուհին փաստաթղթեր ներկայացրեց օրինական անվանափոխության համար։ Այսօր նա անձնագրով պարզապես Շեր է։
Իր դերասանական գործունեության ընթացքում Շերը խաղացել է հիմնականում կատակերգական, դրամատիկական և ռոմանտիկական ֆիլմերում: Նա նկարահանվել է տասնութ կինոնկարներում, վեց անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուսի» մրցանակին և երեք անգամ հաղթել է. 1974 թվականին՝ կատակերգական սերիալի կնոջ լավագույն դերի համար, 1983 թվականին՝ Մայք Նիկոլսի «Սիլկվուդ» ֆիլմում լեսբուհու դերի համար և 1987 թվականին՝ «Լուսնի իշխանությունը» երաժշտական ֆիլմում խաղացած դերի համար: Ռոմանտիկ կատակերգությունը դարձավ նրա ամենանշանակալի առևտրային հաջողությունը՝ ավելի քան 80 միլիոն դոլար միայն Նահանգներում: «Լուսնի իշխանությունը» ֆիլմի համար Շերը արժանացավ նաև «Օսկարի»՝ «Լավագույն կանացի դեր» անվանակարգում:
Նույն 1987 թվականին նա հանդես եկավ ևս երկու ֆիլմերում։ Դենիս Քուեյդի և Լիամ Նիսոնի մասնակցությամբ «Կասկածյալը» թրիլլերը ճանաչում ձեռք բերեց բարձրակարգ դերասանական խաղի համար։ «Իսթվիքի վհուկները» ֆանտաստիկ ֆիլմում նրա խաղընկերները հարթակում եղան Ջեք Նիկոլսոնը, Սյուզան Սարանդոնը և Միշել Փֆայֆերը։
1989-1991 թվականներին Շերը նկարահանվեց Ռիչարդ Բենջամինի «Ջրահարսներ» ֆիլմում՝ Բոբ Հոսկինսի և Վայնոնա Ռայդերի հետ։ 1999 թվականին Շերը Ֆրանկո Ձեֆիրելիի «Թեյ Մուսոլինիի հետ» հաջողված ֆիլմում խաղաց գլխավոր դերերից մեկը։ Ներկայումս Շերը ամբողջ աշխարհում հանրահայտ է որպես փոփ երաժշտության աստվածուհի և կինոյի աստղ։
Դիտա ֆոն Թիզ (Հեթեր Ռենե Սվիթ)
(ծնվել է 28.08.1972, Ռոչեստր, Միչիգան, ԱՄՆ, 5 տարեկանում ընտանիքով տեղափոխվել է Վեստ Բրենչ, Միչիգան, ԱՄՆ)
Դիտա ֆոն Թիզը (բեմական կեղծանունը՝ Հեթեր Ռենե Սվիթ) հոր կողմից հայկական ծագում ունի։ Այս մասին նա հայտարարել է իր միկրոբլոգում՝ 2009 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելու ժամանակ՝ արտահայտելով իր հիացմունքը Հայաստանի մասնակիցներ Ինգա և Անուշ Արշակյանների ելույթից։ Իր հայկական արմատների մասին Դիտա ֆոն Թիզը հիշատակում է տարբեր հրատարակություններին տված իր հարցազրույցներում՝ հաղորդելով, որ իր տատիկը կիսով չափ հայ է եղել։
Վաղ հասակից նա զբաղվել է բալետով և 13 տարեկանում մենապարային համարներ է կատարել։ Նա ցանկանում էր դառնալ բալետի պարուհի, 15 տարեկանում իր կարողությունների գագաթնակետին էր։ Հետագայում նա բալետի տարրեր է ներառել իր բուռլեսկային համարներում (մոտիկ է մյուզիքլի և վոդևիլի ժանրերին)՝ ելույթ ունենալով մատների վրա կանգնելով (en pointe)։
Դիտան հայտնվում է մեյնսթրիմ (mainstream – հիմնական ուղղվածություն) ֆիլմերում, օրինակ՝ 2005 թվականի «Սալվադոր Դալիի մահը» կարճամետրաժ կինոնկարում։ Ֆիլմը փառատոներում արժանացավ մի շարք մրցանակների, իսկ Դիտան ստացավ «Լավագույն դերասանուհի Բևեռլի Հիլզի կինոփառատոնում» մրցանակը։
Դիտան նկարահանվել է նաև «Սիրավեպ Սառայի հետ» (1995), «Ոճրագործություն» (1998), «Սուրբ Ֆրենսիս» (2007), «Ծաղկող խոլորձ» (2004), «Բում Բում սենյակը» (2007), «Մի՛ անհանգստացիր, սիրելիս» (2022) ֆիլմերում։
2005 թվականին Դիտան ամուսնացավ երաժիշտ Մերիլին Մենսոնի հետ։ 2006 թվականի դեկտեմբերին նրանից ամուսնալուծվելուց հետո, պատճառաբանելով «անհաշտելի տարաձայնությունները», նա հանդիպում էր ֆրանսիացի կոմս Լուի-Մարի դը Կաստելբաժակի հետ (2009–2012)։ 2014 թվականից Դիտան հարաբերությունների մեջ է գրաֆիկական դիզայներ Ադամ Ռայչևիչի հետ։
Անժելա Սարաֆյան
(ծնվել է 30.06.1983, Երևանում)
Հմայիչ Անժելան լույս աշխարհ է եկել Հայաստանի մայրաքաղաքում: Չորս տարեկան հասակում նա իր նախկին դերասան հոր և նկարչուհի մոր հետ ներգաղթել է ԱՄՆ: Նա ազատ խոսում է իր մայրենի լեզվով՝ հայերենով, թեև, հասկանալի է, հրաշալի տիրապետում է նաև անգլերենին:
Սարաֆյանների ընտանիքը հաստատվեց ամերիկյան մայրցամաքում՝ Լոս Անջելեսում։ Այստեղ, նախքան դերասանուհի դառնալը, Անժելան ջանասիրաբար զբաղվում էր բալետով, սովորեց դաշնամուր նվագել։ Երազում էր դառնալ բժիշկ կամ դպրոցի ուսուցչուհի, բայց հետո հանկարծ որոշեց դառնալ կինոդերասանուհի։
«Ես ուզեցի միաժամանակ ապրել ոչ թե մեկ, այլ մի քանի կյանքով»,– բացատրում է դերասանուհին։ «Եվ դա հնարավոր է միայն կինոյում կամ թատրոնում խաղալով»։
2000 թվականին Սարաֆյանը իր հեռուստատեսային դեբյուտը կատարեց «Արդարամիտ Էմին» սերիալի մի դրվագում: Այդ ժամանակվանից նա հայտնվել է Հոլիվուդում՝ «Վահան», «24 ժամ», «Մենթալիստը», «Մտածել հանցագործի պես», «Օրենք և կարգուկանոն. հատուկ կորպուս» և «Սարսափների ամերիկյան պատմություն» ֆիլմերում։ Նրա մեկ այլ հաջողված դեր էր Կլեմենտայնը՝ զգայուն ռոբոտը «Վայրի Արևմուտքի աշխարհը» (2014) գիտաֆանտաստիկ սերիալում:
2016 թվականին Անժելան նկարահանվեց «Խոստումը» դրամայում, որը պատմում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ցեղասպանության մասին, 2019-ին՝ «Գեղեցիկ, վատ, չար» ֆիլմում և «Խավարին ընդառաջ» սերիալի երկրորդ եթերաշրջանի «Աշխատանքի տհաճ մասը» դրվագում: Այնուհետև Հոլիվուդյան աստղի կյանքում հաջորդեցին նաև խոշոր կինոդերեր՝ «Կորած մոլորվածը Հայաստանում» («Ամերիկացու անհավանական արկածները Հայաստանում»), «Գեղեցիկ կյանք» և այլն:
Ինչպես գրում է անդրօվկանոսյան մամուլը, նրա ամուսինը հայ դրամատուրգ և ռեժիսոր Նարեկ Ղափլանյանն է՝ «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմի սցենարի ու երաժշտության հեղինակը։ Ֆիլմը տեղ-տեղ զվարճալի է, տեղ-տեղ՝ տխուր, պատմում է ամերիկացի զբոսաշրջիկի մասին, որը պատահաբար հայտնվում է հայկական գյուղում, որտեղ ապրում է տեղացի մի գեղեցիկ աղջիկ՝ Անժելայի դերակատարմամբ։
Հոլիվուդում գեղեցիկ և տաղանդավոր դերասանուհու համբավ ունեցող Անժելա Սարաֆյանը այսօր իր ստեղծագործական գանձարանում ունի գրեթե 50 բազմազան ֆիլմեր ու հեռուստասերիալներ, այդ թվում՝ «Հուշեր» գիտաֆանտաստիկ ֆիլմը, որտեղ նա խաղում է գլխավոր դերը: Շերի հետ Անժելա Սարաֆյանին համարում են Հոլիվուդի հայ թագուհիներից մեկը:
1923 թվականին, երբ տեղադրվեց գովազդային վահանակը, ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ այս նշանը՝ Հոլիվուդը, կդառնա Ամերիկայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։

