Ինչ երգով է «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու Սիմոնը
Մշակութային«Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը կներկայացնի երգիչ, պարող, շոումեն Սիմոնը։ Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
Այս տարի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Սիմոնը ներկայանալու է «Paloma Rumba» երգով (մայիսի 12 և 14՝ կիսաեզրափակիչներ և մայիսի 16՝ եզրափակիչ):
«Paloma Rumba»-ն էներգիայով լի և աշխույժ երգ է, որը նշանավորում է ազատությունը, շարժումը և կյանքի սեփական ռիթմին համընթաց քայլելու կարիքը: Այն նաև ընդգծում է Սիմոնի՝ որպես կատարողի խարիզման և Եվրատեսիլի բեմը խոստանում ողողել հարուստ և անմոռանալի հնչյուններով»,- նշված է հեռուստաընկերության գրառման մեջ։
Երգի հեղինակներից մեկն էլ «Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինն է։ Հեռուստաընկերությունը հրապարակել է նաև երգի տեսահոլովակը, որում նկարահանվել է նաև 2016 թվականին մրցույթում Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը։
Ի դեպ, հիշեցնենք, որ Սիմոնն անցյալ տարի մասնակցում էր Հայաստանի ազգային ընտրությանը՝ «Դեպի Եվրատեսիլին»։ Նա զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ զիջելով անցած տարվա մեր պատվիրակին՝ Պարգին։ Մինչդեռ ժյուրիի քվեարկությամբ նա առաջին հորիզոնականում էր։

