Ում դուդուկի տակ է թմբուկ խփում Նիկոլը
ՎերլուծությունՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հերթական հրապարակումը՝ «Ցավալի իրողություններ եւ խոհեր» վերնագրով, ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Այն ոչ միայն քաղաքական գնահատականների ժողովածու է, այլ նաեւ յուրօրինակ փորձ՝ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունից հեռու մնալու եւ սեփական դերակատարությունը մոռացության տալու։ Սակայն քաղաքական հիշողությունը, ի տարբերություն քաղաքական հայտարարությունների, շատ ավելի երկար կյանք ունի։
Այսօր առաջին նախագահը խիստ քննադատում է իշխանություններին՝ մեղադրելով Նիկոլ Փաշինյանին հասարակության պառակտման, քաղաքական մշակույթի անկման եւ արտաքին քաղաքական սխալների մեջ։ Սակայն դժվար է անտեսել այն փաստը, որ տարիներ շարունակ հենց Տեր-Պետրոսյանն էր այն քաղաքական գործիչը, ով փաստացի քաղաքական լեգիտիմություն էր տալիս Փաշինյանին։
Հիշեցնենք, որ դեռեւս 2018-ի իրադարձություններից հետո բազմաթիվ վերլուծաբաններ Տեր-Պետրոսյանին անվանում էին Փաշինյանի քաղաքական «կնքահայր»։ Նա ոչ միայն չէր ընդդիմանում «թավշյա հեղափոխությանը», այլեւ տարբեր առիթներով ակնարկում էր, որ նոր իշխանությունը կարող է իրականացնել այն օրակարգը, որը ինքը ժամանակին առաջարկում էր։ Հատկապես դա վերաբերում էր Արցախի հարցում ավելի «իրատեսական» մոտեցմանը, որի մասին առաջին նախագահը խոսում էր դեռեւս 1990-ականներից։
Այս առումով ուշագրավ է, որ այսօր Փաշինյանի քայլերը քննադատող Տեր-Պետրոսյանը փաստացի բախվում է մի պարզ իրականության․ վարչապետը իրականացնում է այն քաղաքական տրամաբանությունը, որի մասին տարիներ շարունակ խոսել էր հենց ինքը։
Տեր-Պետրոսյանի հրապարակման երկրորդ կետում հնչում է եւս մեկ ուշագրավ միտք՝ կապված գործարար Սամվել Կարապետյանի հնարավոր քաղաքական դերի հետ։ Առաջին նախագահը ակնարկում է, որ «արեւմտյան տերերը» չեն ցանկանա նրա հաղթանակը, քանի որ դա կդիտվի որպես ռուսական ազդեցության վերականգնում։ Միայն թե Տեր-Պետրոսյանը չի հստակեցնում՝ իսկ ինչո՞վ է վատ, որ լավ էլ ռուսական ազդեցության վերականգնում տեղի ունենա Հայաստանում: Չէ որ այլընտրանքը թուրքացումն է:
Սակայն քաղաքական հիշողությունն այստեղ եւս հետաքրքիր հակադրություն է արձանագրում։ Տարբեր փուլերում հենց Տեր-Պետրոսյանի շրջապատից էին հնչում կարծիքներ, որ Կարապետյանը կարող է հանդես գալ որպես Հայաստանի «փրկիչ ներդրող», տնտեսական խնդիրների լուծման հնարավորություն։ Այժմ նույն անձի հնարավոր հաջողությունը ներկայացվում է որպես աշխարհաքաղաքական վտանգի պատճառ։
Այս հակասությունը դժվար է բացատրել քաղաքական տրամաբանությամբ։ Ավելի շատ այն հիշեցնում է դասական հայկական քաղաքականության մի երեւույթ՝ դիրքորոշումների արագ փոփոխություն՝ կախված քաղաքական կոնյուկտուրայից։
ԱՐՏԱՔԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԻՆ ԲԱՆԱՁԵՎԸ
Տեր-Պետրոսյանը կրկին առաջ է քաշում իր հայտնի թեզը՝ Հայաստանի «բնական դաշնակիցների» մասին՝ նշելով Ռուսաստանը, Վրաստանը եւ Իրանը։ Սակայն հետաքրքիր է, որ նույն ժամանակահատվածում ներկայիս իշխանությունը եւս խոսում է բազմավեկտոր քաղաքականության մասին՝ փորձելով հարաբերություններ զարգացնել նաեւ Չինաստանի եւ Հնդկաստանի հետ։
Այսպիսով ստացվում է տարօրինակ իրավիճակ․ առաջին նախագահը քննադատում է իշխանությանը, բայց թվարկում է գրեթե նույն արտաքին քաղաքական ուղղությունները, որոնք արդեն իսկ ձեւակերպված են պետական օրակարգում։ Հետո ինչ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության որեւէ ներկայացուցիչ չի գնում ՀՀ-ում Իրանի դեսպանատուն՝ ցավակցություններ հղելու, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները միայն վատթարացել են այս տարիներին, բայց ասում է նույնը, ինչ Տեր-Պետրոսյանը: Ընդհանրապես քաղաքականության մեջ հիշողությունը կարճ է լինում, բայց ոչ այնքան, որքան երբեմն կարծում են քաղաքական գործիչները։
ՀԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՓՈՐՁ
Տեր-Պետրոսյանը բավական կոշտ գնահատականներ է տալիս Փաշինյանի խոսույթին՝ նրան անվանելով «սեռական հայհոյախոսության հիմնադիր»։ Անկասկած, քաղաքական լեզվի մակարդակը Հայաստանում վաղուց դարձել է քննարկման առարկա։ Սակայն այստեղ եւս առաջանում է մեկ հարց. արդյոք քաղաքական մշակույթի անկումը միայն վերջին տարիների՞ արդյունք է, թե՞ դա կուտակային գործընթաց է, որի հիմքերը դրվել են շատ ավելի վաղ։
Հայաստանի քաղաքական համակարգը, ցավոք, դեռեւս անկախության առաջին տարիներից ձեւավորվել է կոշտ բեւեռացման պայմաններում։ Այդ բեւեռացման ճարտարապետներից մեկը հենց առաջին նախագահն էր։
Տեր-Պետրոսյանը գրում է, որ քաղաքական գործիչը պետք է պատրաստ լինի քննադատության։ Այս մտքի հետ դժվար է չհամաձայնել։ Սակայն նույն տրամաբանությամբ պետք է ընդունել նաեւ մեկ այլ ճշմարտություն․ քննադատությունը չի կարող ընտրովի լինել։
Եթե այսօր առաջին նախագահը քննադատում է իշխանությանը, ապա բնական է, որ հասարակությունն էլ հարցեր է տալիս հենց իրեն։ Օրինակ՝ ինչո՞ւ տարիներ շարունակ նա չարձագանքեց այն գործընթացներին, որոնք ի վերջո բերեցին այն իրավիճակին, որի մասին այսօր գրում է։ Ինչու էր ամենահեռատես ու փորձառու գործչի համբավ ունեցող Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի դեպքերի ժամանակ «դուխ» տալիս հենց Նիկոլ Փաշինյանին՝ երկիրը տանելով արկածախնդրության։
Տեր-Պետրոսյանի հոդվածը ավելի շատ հիշեցնում է փորձ՝ վերադառնալու քաղաքական օրակարգ եւ ձեւավորելու «իմաստուն դիտորդի» կերպար։ Սակայն Հայաստանի հասարակությունն արդեն անցել է մի քանի քաղաքական ցիկլ եւ ավելի զգայուն է դարձել նման փորձերի նկատմամբ։
Ի վերջո, դժվար է հավատալ այն քննադատությանը, որը հնչում է նույն քաղաքական դպրոցի հիմնադիրներից մեկի կողմից։ Իսկ երբեմն նույնիսկ թվում է, որ Հայաստանի ներկա քաղաքական իրականությունը պարզապես այն գաղափարների շարունակությունն է, որոնք տարիներ առաջ հնչեցվում էին հենց առաջին նախագահի կողմից։
ՔՊ-Ի ԱՐՁԱԳԱՆՔԸ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԷՐ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ՝ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ
Իսկ ահա վերջին օրերին հայաստանյան ներքաղաքական դիսկուրսում բավական աղմուկ բարձրացրեց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, ըստ որի` Հայաստանը պետք է մտածի” Միութենական պետության» ձեւաչափի մասին՝ հիշեցնելով այն մոդելը, որով ժամանակին գործել է Խորհրդային Միությունը:
Սա այն թեման է, որը Հայաստանում ավանդաբար արագ վերածվում է հիստերիկ բանավեճի՝ առանց փորձելու հասկանալ հայտարարության ռազմաքաղաքական ենթատեքստը։ Սակայն ամենահետաքրքիրն այստեղ ոչ թե բուն գաղափարն է, այլ այն, թե ովքեր եւ ինչպիսի ինտենսիվությամբ սկսեցին քննադատել այդ միտքը։
Գեներալ Բալասանյանի հայտարարությունը պետք է դիտարկել ոչ թե որպես գաղափարական նոստալգիա, այլ որպես տարածաշրջանային նոր ուժային բալանսի արձագանք։ Նա փաստացի մատնանշում է այն իրողությունը, որ աշխարհակարգը արագ փոխվում է, եւ փոքր պետությունները ստիպված են ընտրել անվտանգության հստակ համակարգեր:
Հայաստանի համար սա նոր թեմա չէ։ Պատմության ընթացքում մեր անվտանգությունը բազմիցս կառուցվել է դաշնակցային կամ ինտեգրացիոն համակարգերի միջոցով՝ սկսած կայսրությունների հովանավորությունից մինչեւ ավելի ինստիտուցիոնալ միավորումներ։
Այս ֆոնին Բալասանյանի ասածը կարելի է մեկնաբանել որպես պարզ քաղաքական հաշվարկ․ Հայաստանը միայնակ անվտանգության ռեսուրս չունի, տարածաշրջանում ձեւավորվում են բեւեռացված ռազմական դաշինքներ, ուժային կենտրոնների հետ ինտեգրացիան դառնում է գոյաբանական հարց: Այսինքն՝ խոսքը ոչ այնքան գաղափարական, որքան անվտանգային տրամաբանության մասին է։
Իշխանական ճամբարից արձագանքները սպասելի էին։ Օրինակ՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը բավական կոշտ արձագանքեց Բալասանյանին: Քաղաքական տեսանկյունից սա բնական է. իշխող ուժը չի կարող ընդունել որեւէ ձեւաչափ, որը կարող է սահմանափակել իր ներկայիս արտաքին քաղաքական բռնած թուրք-ադրբեջանական գիծը: Իրական զարմանքը ընդդիմության մի հատվածի վարքագիծն էր:
Բալասանյանի քննադատության ալիքին միացան ոչ միայն իշխանության ներկայացուցիչները, այլ նաեւ այն շրջանակները, որոնք տարիներ շարունակ հանդես էին գալիս որպես առավել «ռուսամետ» կամ «կոշտ անվտանգային» քաղաքականության կողմնակիցներ։ Այս իրավիճակը ներքաղաքական պարադոքս է ստեղծում. իշխանությունը քննադատում է՝ դա հասկանալի է, բայց որոշ ընդդիմադիրներ սկսում են նույն բառապաշարով գրոհել: Եվ այստեղ արդեն հարց է առաջանում՝ արդյոք սա գաղափարական դիրքորոշում է, թե պարզապես ներքաղաքական հաշվարկ։
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ
Այս համատեքստում հատկապես տարօրինակ է Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած” Հայաստան» դաշինքի մոտ կանգնած շրջանակների արձագանքը։ Տարիներ շարունակ այդ քաղաքական բեւեռը ներկայացրել է իրեն որպես՝ Ռուսաստանի հետ առավել խորը ինտեգրման կողմնակից, անվտանգության կոշտ համակարգի պաշտպան, տարածաշրջանում ուժային քաղաքականության հետեւորդ: Սակայն հենց այն պահին, երբ այդ թեման բարձրաձայնվում է ռազմական փորձ ունեցող մեկ այլ գործչի կողմից, նույն շրջանակներում սկսվում է կտրուկ քննադատություն։ Այս հակասությունը ցույց է տալիս մի պարզ բան. շատ դեպքերում խոսքը ոչ թե աշխարհաքաղաքական դիրքորոշման, այլ ներքաղաքական մենաշնորհի պահպանման մասին է։ Այլ կերպ ասած՝ եթե գաղափարը գալիս է «մեր թիմից», այն ռազմավարական է, եթե ուրիշից՝ «վտանգավոր»։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

