Ալյանսականները խոստանում են Հայաստանում օրենքով վերականգնել մահապատիժը
ՆերքաղաքականԵրկուշաբթի աշխատանքային օրվա վերջում հավաքված ալյանսականները հայտարարեցին իրենց նախընտրական խոստումը` Հայաստանում օրենքով վերականգնել մահապատիժը` որպես պետական դավաճանության, պետական մասշտաբի թալանի և այլ ծանրագույն հանցագործությունների համար պատիժ։
«Ալյանս» կուսակցությունը հայտնի է նրանով, որ այն հիմնադրել է նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որը քննադատում է նախկին իշխանություններին Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության զավթումը թույլ տալու համար, իսկ վերջինիս նկատմամբ որդեգրել է արմատական, երբեմն սահմաններն անցնող ծայրահեղ ընդդիմադիր դիրքորոշում։
Տիգրան Ուրիխանյանը բացի սոցիալական, իրավական, անվտանգային ծրագրային դրույթներից, շեշտը դրեց ֆեյք հեղափոխության, սադրված պատերազմի, Արցախի հանձնման, ՀՀ-ի տարածքները հենց այնպես հանձնելու և 8 միլիարդ արտաքին պարտք մսխելու համար իշխանություններին օրինական, բայց խիստ պատժի ենթարկելու խոստման վրա։
Հետաքրքիրն այն է, որ չնայած Ուրիխանյանը հակաիշխանական կոչերի համար հետախուզվում և գտնվում է Հայաստանից դուրս, սակայն կուսակցությունը ակտիվ գործում է ու պատրաստվում մասնակցել ընտրությունների։
Ի դեպ, Ուրիխանյանին հաջողվել է պահպանել ՀՀ-ում մշտական բնակության ռեժիմը, սովորելով Մոսկովյան ԲՈՒՀ-երից մեկում, ինչն, ըստ օրենքի, համարվում է հարգելի բացակայություն և չի խանգարում ընտրություններին մասնակցելու։
Եվս մեկ հետաքրքիր հանգամանք՝ համաժողովին էկրանից մասնակցում էր հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո), ով ևս հետախուզվում է հայաստանյան իրավապահների կողմից։

