ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԹՐԱՄՓԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՄԱՐ ՎՍՏԱՀԵԼԻ ԲԱՆԱԿՑՈՂ
ՎերլուծությունԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ օրերս կայացած հեռախոսազրույցը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը փնտրում է իրանական խորացող ճահճից ելքի ուղի: Եվ այն, որ անմիջապես հաջորդեց Պուտինի հերթական կապը Փեզեշքիանի հետ, պետք է դրա հավելյալ վկայությունը համարել:
ՄՈՍԿՎԱՅԻ ՄԵՍԻՋԸ` ԹՐԱՄՓԻՆ
Իհարկե, Պուտինի եւ Թրամփի հիշատակված կապը, բացի իրանական թեմայից, այլ մեսիջներ եւս հղում է: Ամենագլխավորը. Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ երկխոսությունը շարունակվում է՝ չնայած մի շարք կարեւոր միջազգային հարցերի շուրջ առկա անհամաձայնություններին։ Ամերիկացի առաջնորդի նախաձեռնությունն ինքնին ցույց է տալիս ԱՄՆ վարչակազմի ցանկությունը՝ պահպանել Կրեմլի հետ ուղիղ կապի ալիքը՝ աշխարհաքաղաքական ներկա սրացումների պայմաններում։
Ընդ որում, դատելով հաղորդագրություններից, Պուտինն ու Թրամփն ամենեւին էլ միայն Իրանի թեման չեն քննարկել։ Չնայած, նման քննարկումները պետք է լինեն կոմպլեքս բնույթի, հաշվի առնելով, որ ներկա հիմնական համաշխարհային սրացումները` ուկրաինական հակամարտությունից սկսած, Իրանով վերջացրած, ըստ էության, նույն շղթայի օղակներն են: Եվ եթե ժամանակին` մինչ այս պատերազմը հնարավոր էր հարցերը դիտարկել առանձնացված, ապա ներկա փուլում արդեն իրատեսական են միայն ընդհանրական լուծումները, ընդ որում, ոչ առանց Պեկինի գործուն մասնակցության:
Մոսկվային, իհարկե, առաջին հերթին հետաքրքրում է ուկրաինական ուղղությունը, որի հետ կապված իրանական պատերազմը, բնական է, որ Կրեմլում պետք է որ լուրջ մտահոգություններ առաջացներ: Այդ թվում, արդյոք Մոսկվայի հետ Թրամփի բանակցությունները նույն ոճի մեջ չե՞ն, ինչ Իրանի հետ բանակցությունները: Այն է` խոսում են ընդամենը ժամանակ շահելու ու հարված պատրաստելու համար: Նման մտահոգություններ Մոսկվան դեռ մինչ իրանական պատերազմն էր ի ցույց դնում. հիշեցնենք Լավրովի հայտնի հայտարարությունը, որ Ալյասկայի պայմանավորվածությունները, որոնք առաջարկել էր հենց ԱՄՆ-ն, այդպես էլ տեղից չեն շարժվում: Ու հիմա, դրան էլ գումարվեց ակնհայտորեն Կրեմլից եկող մեկ այլ մեսիջ, թե իրականում որքանո՞վ է ռեալ Ուիտկոֆի կողմից վարվող բանակցային գործընթացը:
Այսպես, «Վեդոմոստի»-ն, որտեղ, հիշեցնենք, պարբերաբար հանդես են գալիս ռուսական ամենաբարձր իշխանավորները, այդ թվում` պետական ռազմավարական թեզերով, ամերիկյան դիվանագիտության մասին գրում է հետեւյալը. «Իրանի դեմ իր հարվածներով Դոնալդ Թրամփը թուլացրեց ոչ միայն իրանական կառավարությունը, այլեւ իր դիվանագիտության հեղինակությունը…»: Աղբյուրը մատնանշում է, որ այն դերակատարները` Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները եւ հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆը, որոնք աշխատում էին Մոսկվայի հետ` ուկրաինական ուղղությամբ, ներկայանում էին որպես Վաշինգտոնի գլխավոր բանակցային զույգը՝ ամենահրատապ հարցերի ուղղվածությամբ։ Այնսինքն, նրանք էին աշխատում Գազայի հակամարտության լուծման վրա, միասին այցելում էին Մոսկվա, ուսումնասիրում ուկրաինական հակամարտության լուծման հնարավորությունները եւ համատեղ փորձում էին համոզել Իրանին` հրաժարվել իր միջուկային ծրագրից։
Այդ փուլում կար այն տպավորությունը, որ Ուիտկոֆ-Քուշներ զույգն ունի ԱՄՆ նախագահի բացարձակ վստահությունը։ Այսինքն, որ նրանց հետ բանակցելը նույնն է, ինչ Թրամփի հետ բանակցելը: Սակայն իրանական պատերազմն այդ տպավորությունը գլխիվայր շրջեց: Այսինքն, Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել համատեղ գործողության մեկնարկը տրվեց հենց այն պահին, երբ Ուիտկոֆի եւ Քուշների կողմից վարվող բանակցությունները ընթացքի մեջ էին, հայտարարված էր նոր հանդիպման մասին: Իսկ դա շատ պարզ հարց է առաջ քաշում` իրականում նրանց կշիռը Թրամփի արտաքին քաղաքականության թիմում համապատասխանո՞ւմ է եղած պատկերացումներին։ «Վեդեմոստին» այդ մասին գրում է ուղղակի. «Երկու հավասարապես անբարենպաստ սցենարներ են ի հայտ գալիս. կա´մ նրանք (Ուիտկոֆն ու Քուշները- Հեղ.) գիտեին Իրանին սպասվող հարվածների մասին եւ շարունակել են խոսել իրանցիների հետ՝ դիտավորյալ մոլորեցնելով նրանց: Կա´մ չգիտեին, այդ դեպքում կնշանակի, որ Թրամփը չի կիսվում նրանց հետ որոշումների կայացման ավելի խորքային գործընթացների մասին: Եթե այդպես է, ապա կորչում է ղեկավարի վստահության գործոնը, որն իր հերթին ապահովում էր Ուիտկոֆի ու Քուշների կշիռը` որպես ԱՄՆ-ի անունից բանակցողների»:
Այսինքն, նշված երկու հնարավոր տարբերակներից որ մեկն էլ ընտրես, Մոսկվայի մոտ շատ պարզ հարց է առաջացնում. իրենց հետ բանակցող Ուիտկոֆը եւ Քուշները կա´մ կարող են Իրանի օրինակով Ռուսաստանի հետ եւս կեղծ բանակցային օրակարգ առաջ տանել: Կա´մ էլ նրանք հարց լուծող չեն եւ բանակցային այդ զույգին Թրամփը պարզապես օգտագործում է մյուս կողմին խաբելու համար: Եթե իրավիճակին նայենք այս տեսանկյունից, ապա ոչ ոք այնքան չի վնասել Քուշների եւ Ուիտկոֆի դիվանագետների կերպարին, որքան ինքը՝ Թրամփը։ Ընդ որում, դրանով նաեւ հարված հասցնելով իր իսկ դիվանագիտական հեղինակությանը:
Սա, իհարկե, չափազանց կարեւոր է Ռուսաստանի համար, որովհետեւ Մոսկվան հիմա կանգնում է պարզագույն հարցադրման առաջ. շարունակե՞լ Ուիտկոֆ-Քուշների մասնակցությամբ գործընթացին, թե՞ ներկայիս ողջ բանակցային գործընթացը համարել կեղծ ընթացք եւ կենտրոնանալ այլ քայլերի վրա: Ամեն դեպքում, Իրանի օրինակը միանշանակ ցույց տվեց, որ Վաշինգտոնի հետ բանակցություններ ասվածը կարող է կոնկրետ պահի հանգեցնել բոլորովին այլ արդյունքի, ինչն ակնկալվում էր: Ու հիմա արդեն խնդիրը ոչ թե Ուիտկոֆն է, այլ շատ ավելի խորքային` պե՞տք է Թրամփի թիմի հետ բանակցային շփումները շարունակել: «Վեդեմոստի»-ի միջոցով հղված այդ մեսիջը բավականին թափանցիկ տեսք ուներ: Այն է` Թրամփը կա´մ պետք է աշխատի հիմնավորել, որ իր բանագնացները իրականում են ներկայացնում իր իսկ մոտեցումները ՌԴ-ի հետ հարաբերություններում, այլ ոչ թե գործում է իրանական տարբերակի պես մի բան: Կա´մ Մոսկվան պարզապես կարող է դադարեցնել շփումները Ուիտկոֆի ու Քուշների հետ` նրանց համարելով ոչ համապատասխան կշիռ ունեցող ինչ-որ ամերիկյան չինովնիկներ:
ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ ԳԼՈԲԱԼ ԼՈԳԻՍՏԻԿԱՆ
Իհարկե, Պուտինի հետ կապի դուրս գալով, Թրամփը փորձեց ցույց տալ, թե Մոսկվայի հետ բանակցություններում ընթացքից որեւէ շեղում չկա: Զրույցում, կրկնենք, հատուկ տեղ է զբաղեցրել Ուկրաինայի թեման։ Ռուսական կողմը շեշտել է առաջնագծում փոփոխվող իրավիճակը՝ նշելով ռուսական զորքերի առաջխաղացումը որպես գործոն, որը, Մոսկվայի կարծիքով, պետք է մղի Ուկրաինային քաղաքական փոխզիջման։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Վաշինգտոնը չի հայտարարել հրադադարի նոր պայմանների մասին: Այսինքն, որ կողմերի դիրքորոշումները մեծ մասամբ անփոփոխ են մնացել, բանակցային գործընթացը շարունակվում է եւ այլն: Կարճ ասած, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ հաղորդակցության ուղիները շարունակում են գործել, ավելին, պահանջված լինել: Թեեւ դա իր տրամաբանությունն ունի. կողմերը, ի վերջո, հասկանում են, որ այնքան են մոտեցել Երրորդ աշխարհամարտի սահմանագծին, որ առանց նման հաղորդակցման, այդ գիծն անցնելը չափազանց մեծ հավանականություն կունենա: Այսինքն, որ նույնիսկ այս լարված դիմակայության պայմաններում Մոսկվան եւ Վաշինգտոնը նույնիսկ ստիպված են փնտրել ընդհանուր լեզու՝ ուղիղ երկխոսությունը դիտարկելով որպես միջազգային ճգնաժամերի կառավարման կարեւոր գործիք:
Ու սրա հետ միաժամանակ, այս օրերին ի հայտ է գալիս եւս մեկ ցուցիչ, որը որոշակիորեն այլ տեսք է սկսում հաղորդել անգամ իրանական պատերազմին: Խոսքը հետեւյալի մասին է:
Այն, որ պատերազմը ծանրագույն հարված էր համաշխարհային առեւտրային հիմնական ուղիների համար, հայտնի փաստ է: Ավելի կոնկրետ, համաշխարհային բիզնեսի համար դա հստակ ցուցիչ դարձավ. Մերձավոր Արեւելքում պայթյունը միանգամից հարվածում է Սուեզի ջրանցքի վրա հիմնված Ասիա-Եվրոպա լոգիստիկային, որը համաշխարհային առեւտրում ունի «ծանրքաշայինի» կարգավիճակ: Առավել եւս, այն իրավիճակում, երբ օդում սկսում են գերիշխող դառնալ ոչ թե ավիացիան եւ հրթիռները (որոնք ամեն օր չէ, որ հնարավոր է օդ բարձրացնել), այլ անօդաչուները: Այսինքն, ցանկացած մեկը ցանկացած ափից կարող է հարվածել իր համար անհաճո ցանկացած լողամիջոցի, եւ դրա դեմ գոնե այս պահին տեսանելի լուծում չկա: Ընդ որում, անկախ նրանից` այդ պահին պատերազմ կա՞, թե` ոչ:
Արդյունքում, Մերձավոր Արեւելքում պատերազմը սպառնում է բառացիորեն վերաձեւավորել համաշխարհային լոգիստիկայի քարտեզը։ Ու այս քաոսի մեջ հանկարծ սկսեց ուրվագծվել այն, որ Պուտինի խաղադրույքը` հյուսիսային ծովային ուղին կարող է զերծ լինել ներկա եւ ապագա հիմնական մարտահրավերներից: Ռուսական ուղին, ի թիվս մի շարք այլ առավելությունների (հեռավորություն, ժամանակ, քիչ մաքսային գոտիներ եւ այլն) անցնում է Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ափերով եւ մեծ մասամբ` բաց ծովով (քարտեզում): Այսինքն, չի մտնում Մերձավոր Արեւելքի նեղլիկ ջրային հատված, որտեղ ամեն մի հուսիթ կամ բեդվին կարող է մերձափնյա անապատից անօդաչու արձակել եւ «թռնել»:
Ու հիմա, Մերձավոր Արեւելքի ներկա քաոսի ֆոնին պարզվեց, որ մասնավորապես Հնդկաստանը եւ Չինաստանը` երկու գիգանտները, սկսել են շատ ավելի մեծ. «աչք դնելու» կարգի ուշադրությամբ նայել Հեռավոր Արեւելքին եւ Արկտիկային: Ընդ որում, Մոսկվային դիտարկելով ոչ միայն որպես գործընկեր, այլեւ որպես սառցահատների կառուցման առաջատար։
Ու այստեղ հասնում ենք մեկ հետաքրքիր փաստի. բայց չէ՞ որ, ըստ տարբեր աղբյուրների, հյուսիսային ուղին եւ Արկտիկայում համագործակցությունը նաեւ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի քննարկումների եւ հնարավոր համագործակցության հիմնական թեմաներից մեկն էր: Ու պատահակա՞ն էր, որ իրանական պատերազմը հենց այդ քննարկումների պահին եկավ օրակարգ` դառնալով հյուսիսային ուղու համար աննախադեպ քարոզչական մեխանիզմ:
Ընդ որում, եթե այստեղ կա ոչ պատահականության գործոնը, սա ամենեւին էլ չի նշանակում Իրանին «գցել»: Եթե Թրամփը չկարողանա հաղթել, եւ ամեն բան դրա մասին է հուշում, ապա պատերազմն Իրանի բոլոր խնդիրների լուծումը կդառնա` նրան սարքելով տարածաշրջանի թիվ 1 տերությունը: Իհարկե, օրակարգում կմնան նաեւ Իրանով` ցամաքով անցնող երթուղիների հայտնի ծրագրերը, այն է` Չինաստանի շահը եւս կբավարարվի: Պարզապես այն մնացած ապրանքները, որոնց համար ծովային ուղին ավելի հարմար է, կարող են բրիտանական ծագումնաբանության Սուեզի ջրանցքի համակարգից տեղափոխվել հյուսիսային երթուղի: Ու այն, որ Բրիտանիան այդպես էլ չմասնակցեց Թրամփի այս պատերազմին, իր հերթին է շատ բան ակնարկում:

