Երկնքից երեք խնձոր ընկավ կամ նորօրյա Նյուտոնը
ՎերլուծությունՓարիզում վերջին օրերին ոչ միայն քաղաքական հայտարարություններ էին հնչում, այլեւ՝ խնձորներ էին ընկնում: Եվ եթե ժամանակին Իսահակ Նյուտոնը խնձորի ընկնելուց բացահայտեց ձգողականության օրենքը, ապա մեր օրերի «նորագույն Նյուտոնը»՝ Նիկոլ Փաշինյանը, կարծես փորձում է բացահայտել մի այլ «օրենք». որքան բարձր ես բարձրանում միջազգային ամբիոններ, այնքան ավելի հեշտ է սեփական երկրի հիմնասյուների վրա քար նետելը:
«Սա մռայլ ֆանտազիա չէ, ցավոք, սա հետեւողական քաղաքականություն է, որն իրականացնում է Հայաստանում թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող օկուպացիոն վարչակարգի ղեկավարը»,- արձանագրում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի ցուցադրական խնձորակերությունը սոցիալական ցանցերում դարձավ քաղաքական սիմվոլիկայի առարկա: Ոմանք այն մեկնաբանեցին որպես պարզ ժեստ, ոմանք՝ որպես հերթական ինքնագովազդային դրվագ: Սակայն իրական «խնձորները» կարծես ընկնում էին ոչ թե սեղանի վրա, այլ՝ Հայաստանի ներքաղաքական դաշտի գլխին:
ԱՌԱՋԻՆ «ԽՆՁՈՐԸ»՝ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Եվրոպական քաղաքական հարթակում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուր քննադատության թիրախ դարձրեց Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Նրա խոսքով՝ եկեղեցական որոշ շրջանակներ ներգրավված են քաղաքական գործընթացներում եւ նույնիսկ «պատերազմի կուսակցության առաջնորդություն» են ստանձնել:
Այս հայտարարությունը Հայաստանի ներսում ընկալվեց ոչ թե որպես հերթական քաղաքական բանավեճ, այլ որպես բաց հարված ազգային ինստիտուտներից մեկին: Քաղաքական դաշտի մի հատվածում համոզված են՝ իշխանությունը նպատակ ունի նվազեցնել այն կառույցների ազդեցությունը, որոնք կարող են հանդես գալ ազգային օրակարգի պաշտպանությամբ: Իսկ նման կառույցների շարքում առաջիններից մեկը, անկասկած, հենց Հայոց Եկեղեցին է՝ ինստիտուտ, որը դարերով եղել է ոչ միայն հոգեւոր, այլ նաեւ ազգային ինքնության կրող:
ԵՐԿՐՈՐԴ «ԽՆՁՈՐԸ»՝ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԴԵՄ
Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ նոր Սահմանադրության մեջ հնարավոր է չլինի հղում Անկախության հռչակագրին, քանի որ այն «կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա»:
Այս միտքը Հայաստանում հնչեց որպես քաղաքական ցնցում: Ի վերջո, հենց Հայաստանի անկախության հռչակագիրն է այն հիմնարար փաստաթուղթը, որի վրա կառուցվեց նորանկախ պետականությունը: Եթե այդ հղումը դուրս բերվի հիմնական օրենքից, ընդդիմադիր շրջանակներում համոզված են, որ դա կարող է հանգեցնել պետական գաղափարախոսության լուրջ վերանայման: Իսկ այդ վերանայման առանցքում, ըստ քննադատների, կանգնած է մի հարց՝ որքան հեռու կարող է գնալ իշխանությունը «խաղաղության օրակարգի» անվան տակ ազգային քաղաքականության վերաձեւակերպման մեջ:
ԵՐՐՈՐԴ «ԽՆՁՈՐԸ»՝ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ
Փաշինյանը չբավարարվեց միայն փարիզյան հարթակում սուր ճոճելով: Շարունակությունն էլ սպասվում էր կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում: Նա հայտարարեց, որ նույնիսկ եկեղեցական քարոզներում հնչող «Արցախի Հանրապետություն» արտահայտությունը կարող է ընկալվել որպես պատերազմի կոչ:
Այս տեսակետը, մեղմ ասած, բուռն արձագանք առաջացրեց: Ի վերջո, խոսքը վերաբերում է «Արցախ» անունին, որը հայկական քաղաքական եւ հասարակական գիտակցության մեջ տասնամյակներով եղել է ոչ միայն տարածքային, այլ նաեւ պատմական ու ինքնության հարց:
Քննադատները հիշեցնում են նաեւ վարչապետի սեփական հայտարարությունը 2019 թվականին Շուշիում, երբ նա հրապարակային հնչեցրեց «Արցախը Հայաստան է եւ վերջ» ձեւակերպումը: Եվ հենց այստեղ էլ առաջանում է գլխավոր հակասությունը՝ արդյոք նույն քաղաքական գործչի տարբեր ժամանակների հայտարարությունները չեն ստեղծում քաղաքական պատասխանատվության հարց:
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
Ներքաղաքական լարվածությունը առավել սրվեց՝այն բանից հետո, երբ իշխանությունը պաշտոնանկ արեց Հայոց ցեղասպանության թանգարան‑ինստիտուտի տնօրենին: Պատճառաբանությունը դարձյալ նույնն էր՝ «երկրում չի կարող լինել երկու արտաքին քաղաքականություն»:
«Ես եմ խնդրել, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հրաժարականի դիմում գրի, իմ ցուցումով»,- ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։ Դիտարկմանը, այսինքն՝ տնօրենը հեռացվել է ձեր ցուցումով՝ այն բանի համար, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Արցախի մասին գի՞րք է նվիրել, խոսել է Արցախի մասին, Փաշինյանը շեշտել է. «Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ, սադրիչ գործողություն, խնդրել եմ դիմում գրի»։
Միեւնույն ժամանակ, գիտական շրջանակներում դժգոհություն առաջացրեց նաեւ այն, որ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գիտական խորհուրդը մերժել է նոր տնօրենի ներկայացրած ծրագիրը՝ այն համարելով քաղաքական ենթատեքստերով հագեցած:
Այս բոլոր գործընթացները, ըստ բազմաթիվ վերլուծաբանների, ցույց են տալիս մի կարեւոր բան. իշխանությունը փորձում է վերաձեւակերպել ոչ միայն արտաքին քաղաքականության լեզուն, այլեւ ազգային հիշողության եւ հանրային խոսքի սահմանները:
Ո՞ՐՆ Է ԻՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Նիկոլ Փաշինյանը հաճախ ներկայացնում է քաղաքական պայքարը որպես «խաղաղության եւ պատերազմի» ընտրություն: Սակայն ընդդիմադիր դաշտում համոզված են, որ իրականում հարցն այլ կերպ է ձեւակերպված՝ Հայաստանի պետականության պահպանո՞ւմ, թե՞ այնպիսի գործընթացների շարունակություն, որոնք կարող են հանգեցնել ազգային ինքնության աստիճանական վերաձեւման:
Եվ ահա այս իրավիճակում երկինքից երեք խնձոր է ընկնում. մեկը՝ իշխանությանը, որ խժռի, մեկը՝ ընդդիմությանը, որ սթափվի, իսկ երրորդը՝ պետության գլխին… Հետեւանքները դեռ անորոշ են: Թե ով ինչ դաս կքաղի այդ խնձորներից՝ դա արդեն Հայաստանի քաղաքական ապագայի հարցն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

