Հրաշքներ ստեղծող մարդը՝ իրական կյանքի եվ հրաշքների մասին

Մշակութային

ԶՐՈՒՅՑ` ԻԼՅՈՒԶԻՈՆԻՍՏԻ ՀԵՏ

«Իրավունքը» զրուցել է հայ աճպարարների միության նախագահ, միջազգային մոգերի ընկերության անդամ, Ռուսաստանի իլյուզիոնիստների միության անդամ, «Մոգության արքա», «Միսթր մոգ» միջազգային կոչման արժանացած, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր ՎԱՐԴԱՆ ԱՄԻՐՅԱՆԻ հետ, որը հայկական աճպարարական արվեստը ներկայացրել է աշխարհի տարբեր երկրներում:

«ԿԱՆ ՕԺՏՎԱԾ ՄՈԳԵՐ, ՈՐՈՆՔ ԲԱՐԻ ԿԱԽԱՐԴՆԵՐ ԵՆ»

Պարոն Ամիրյան, ի՞նչն է ամենից շատ դուր գալիս Ձեր աշխատանքում:

— Իմ մասնագիտությունն աշխարհում այն սակավաթիվ մասնագիտություններից է, որը միայն ժպիտ, ուրախություն, լավ տրամադրություն եւ հաճելի հիշողություններ է պարգեւում: Եվ արդեն իսկ դա գիտակցելով՝ դու հաճույք ես ստանում քո աշխատանքից: Որովհետեւ քո աշխատանքը կապված է հրաշքների հետ, դու հրաշքներ ես ներկայացնում՝ իմանալով դրանց գաղտնիքները:

Կա՞ն արդյոք կանոններ, որոնք աճպարարը երբեք չի խախտում:

— Կանոնները շատ են: Գլխավորներից մեկը՝ երբեք չբացահայտել հնարքի գաղտնիքը: Երկրորդը՝ անտարբեր չլինել մասնագիտության նկատմամբ: Պետք է լուրջ վերաբերել դրան, որովհետեւ իլյուզիոն արվեստը լուրջ մասնագիտություն է: Կա նաեւ կանոն, որ նույն հնարքը չի կարելի երկու անգամ ցույց տալ: Խոսքը վերաբերում է այն հնարքներին, որոնք ցուցադրվում են շատ մոտ տարածությունից: Դա միկրոմագիայի մասին է: Իսկ բեմական հնարքները բոլորը կարելի է կրկնել, որովհետեւ եթե ծրագիր ես պատրաստում, կարող ես նույն տեսքով մի քանի տարի աշխատել: Պետք է ազնիվ լինես քո մասնագիտության հանդեպ, եւ ամենակարեւոր կանոններից մեկն էլ այն է, որ երբեք չօգտագործես քո մասնագիտությունը չարության համար:

Ի՞նչ կասեք մոգության կամ իլյուզիոնի չար նպատակներով օգտագործման մասին:

— Իլյուզիոնն արվեստի ձեւ է, ինչպես երաժշտությունը, քանդակագործությունը, գեղանկարչությունը: Մոգությունը բնություն է: Այն մարդուն տրվում է վերուստ կամ չի տրվում: Ամեն մարդ չէ, որ կարող է զբաղվել մոգությամբ: Ինչ վերաբերում է իլյուզիոնին, այո՛, կան մարդիկ, ովքեր գիտեն հնարքների գաղտնիքները եւ դրանք օգտագործում են չար նպատակներով: Կան նաեւ օժտված մոգեր, որոնք բարի կախարդներ են: Ինչո՞ւ են խոսում սպիտակ եւ սեւ մոգության մասին: Սպիտակն ու սեւը չի նշանակում, թե մեկը լավն է, մյուսը՝ վատը: Մոգությունը մեկն է: Կախված է նրանից, թե ինչպես ես այն օգտագործում: Բարի նպատակների համար օգտագործում են սպիտակ մոգություն, չարի համար՝ սեւ:

«ՈՒՆԵՆՔ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՅԻ ԲԼՈԿ, ՈՐԸ ՏԵՎՈՒՄ Է ՄՈՏ 10 ՐՈՊԵ»

Կա՞ արդյոք դասական հնարք, որն ամենաուժեղ տպավորությունն է թողնում:

— Իհարկե, իմ ծրագրում ամենամեծ համարներից մեկն այն է, որը ցուցադրում եմ կնոջս՝ Արեւիկ Հարությունյանի հետ: Մենք ունենք մանիպուլյացիայի բլոկ, որը տեւում է մոտավորապես տասը րոպե: Հենց դրանով էլ սկսում ենք մեր ծրագիրը: Սա իլյուզիոնի ամենաբարդ ճյուղերից է, որը ներկայացնում ենք: Եվ դա շատ գեղեցիկ համար է: Ես շատ եմ սիրում այս հնարքները, որից հետո անցնում ենք մյուսներին: Ընդհանուր առմամբ, իմ ծրագրում, թերեւս, ամենաշատը մանիպուլյացիան է:

Ո՞ր հնարքներն են ամենից շատ սիրում երեխաները:

— Երեխաները սիրում են ամեն ինչ: Բայց ամենից շատ նրանք սիրում են, երբ ներգրավում ես նրանց գործընթացի մեջ: Երբ նրանց ականջի ետեւից, հագուստից ինչ-որ բան ես հանում: Ես մետաղադրամներով հնարք ունեմ, երբ նրանց քթից, ականջների ետեւից, հագուստից մետաղադրամներ եմ հանում եւ լցնում դույլի մեջ: Դա նրանց շատ է ուրախացնում: Նրանք նաեւ ուրախանում են, երբ իմ բերանից անընդհատ փոքրիկ գնդիկներ են դուրս գալիս, եւ ես դրանցով լցնում եմ դույլը: Նրանք ուրախանում են, երբ մոտենում եմ նրանց եւ գրպաններից ինչ-որ բան եմ հանում: Այն հնարքները, որոնք օգտագործում ես երեխաների համար, բոլորն էլ շատ գեղեցիկ եւ զվարճալի են:

Պատահե՞լ է, որ հնարքը բեմում չստացվի:

— Իհարկե, պատահում է: Աճպարարը կոնկրետ հնարքի ձախողման դեպքում ունի մի քանի պահեստային տարբերակներ: Եթե տվյալ հնարքը չի ստացվում, նա անմիջապես փոխում է այն, շարունակում մեկ այլ ձեւով: Այսինքն՝ հանդիսատեսը չի հասկանում եւ չի տեսնում, որ աճպարարի մոտ ինչ-որ բան չի ստացվել: Դա կարող է նկատել միայն ինքը՝ աճպարարը:

«ՊԱՏԱՀԵԼ ԵՆ ԴԵՊՔԵՐ, ԵՐԲ ԻՆՁ ԴԻՄԵԼ ԵՆ ՄԵՐ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՑ»

Կպատմե՞ք Ձեր մասնագիտական ունակությունների հետ կապված որեւէ հետաքրքիր պատմություն:

— Իմ կյանքում շատ զվարճալի պատմություններ են եղել: Ես աշխատում էի «Հայհամերգում», մեկնել էինք հյուրախաղերի Լեհաստան: Կան այնպիսի մատնոցներ, որոնցով փողոցում խաբեությամբ են զբաղվում՝ գումար աշխատելով: Մեր խմբի մի քանի պարողներ, չիմանալով այդ մասին, գնացին ու գումար կորցրին: Վաղ առավոտյան եկան ինձ մոտ, ասացին. «Արի գնանք, մեզ թվաց, թե կշահենք, բայց ամբողջ գումարը տանուլ տվեցինք»: Ես նրանց հետ գնացի այդ վայրը, այդ տղան դեռ այնտեղ էր ու նույն բանով էր զբաղվում: Կանգնեցի, դիտարկեցի, հասկացա, թե ինչ տեխնիկայով է աշխատում, եւ վա-բանկ դրեցի իմ ամբողջ գումարն՝ այն ամենը, ինչ ունեի: Նա էլ դրեց իր ամբողջ գումարը: Նա չգիտեր, թե ով եմ ես, եւ չէր սպասում, որ կպարտվի: Եվ այն մատնոցի տակ, որը չպետք է լիներ (նա իր ձեռքով բացեց այն մատնոցը, որի տակ սովորաբար ոչինչ չի լինում, եւ ինքը պետք է հաղթեր), այնտեղ գնդիկ կար: Այսինքն՝ ես արդեն դրել էի այնտեղ: Նա ցնցված էր: Ես եռապատիկ ավելի գումար վերցրեցի, քան կորցրել էին այդ տղաները:

Մեկ այլ պատմություն. երբեմն կատակում էի, ձուն կոտրում էի ու ներսից ոսկե մատանի հանում: Չեմ հիշում՝ Իջեւանի՞, թե՞ Դիլիջանի գյուղերում էինք: Շուկայում մոտեցանք ձու վաճառող մի կնոջ: Ձուն կոտրեցի՝ մատանի հանեցի: Մեկ էլ կոտրեցի՝ նորից մատանի: Զարմացած ասացի. «Ձվերի՞ց են ոսկե մատանիներ դուրս գալիս»: Տեսնելով դա՝ կինն ասաց. «Այլեւս չեմ վաճառում»: Հետո մենք հեռացանք, կանգնեցինք անկյունում եւ սկսեցինք հետեւել, թե ինչ է անելու: Տեսնում ենք՝ նստած ձվերն է ջարդում: Ես խղճացի նրան, մոտեցա, ներկայացա, ասացի. «Մի ջարդիր»: Նա արդեն 4-5 հատ կոտրել էր: Ես վճարեցի նրան կոտրած ձվերի համար: Եվ էլի նրանից ձու գնեցինք, տարանք:

Քանի որ ես, բացի իլյուզիոնից, զբաղվում եմ նաեւ հիպնոսով, պատահել են դեպքեր, երբ ինձ դիմել են մեր ուժային կառույցներից: Լինում էին դեպքեր, երբ չէին կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Ինձ ցույց էին տալիս տարբեր տեսախցիկների տեսագրություններ, եւ մենք պարզում էինք, որ մարդը հանցագործությունը կատարել է հիպնոսի հոգեբանական ազդեցության տակ:

Ի՞նչ զվարճալի դեպք եք հիշում հիպնոսի հետ կապված:

— Ես ծառայում էի Ռուսաստանում, եւ մենք պետք է համերգ տայինք հոսպիտալում: Այդ ժամանակ ես հնարքներ էի ցույց տալիս զինվորական համազգեստով: Անսամբլը երգում ու պարում էր, իսկ ես դուրս էի գալիս համարներով: Եվ այնտեղ ասացին, որ ես կարող եմ նաեւ հիպնոս ցույց տալ: Հոսպիտալի աղջիկները՝ բժիշկները, բուժքույրերը, չէին հավատում: Մեկը կար, ասաց. «Ես նման բաների չեմ հավատում»: Ես նրան հիպնոսի ազդեցությամբ քնացրեցի: Նրա ընկերուհիներն ասացին. «Ասա, թող մերկանա, որ հետո արթնանալով հավատա»: Մենք նրան ամբողջովին չմերկացրինք, մի փոքր բացեցինք: Հետո երբ արթնացրեցի նրան, նա ցնցված դուրս թռավ:

Եղել են դեպքեր, երբ հիպնոսի օգնությամբ ես օգնել եմ մարդկանց դուրս գալ հոգեբանական, սթրեսային իրավիճակներից:

«ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՏՈՒՄ Է ՀՐԱՇՔԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ԱՅՆ ԵՐԿՆԱՅԻՆ Է»

Դուք հավատո՞ւմ եք հրաշքներին:

— Իհարկե, հավատում եմ: Մարդկությունը հավատացել է, հավատում է եւ հավատալու է հրաշքին, ինչքան էլ զարգացում լինի, որովհետեւ հրաշքը երկնային է: Այն կա եւ գոյություն ունի: Պարզապես պետք է հավատալ դրան եւ գնահատել:

Եթե Ձեզ հնարավորություն տրվեր, ի՞նչը կփոխեիք մեր մշակույթի մեջ:

— Կվերացնեի ոչ պրոֆեսիոնալ եւ ոչ որակյալ ելույթները, ներկայացումները: Այսօր ես իմ երեխաներին թույլ չեմ տալիս նայել այն սերիալներն ու անպետք հաղորդումները, որոնք ցուցադրվում են հեռուստատեսությամբ: Ժամանակին՝ Խորհրդային Միության տարիներին, կար դաստիարակություն, պրոպագանդա: Ամեն ինչ արվում էր մարդկային տեսանկյունից: Իսկ այսօր այդ մարդկային տեսանկյունը գոյություն չունի:

Առաջիկայում ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

— Պատրաստում ենք նոր ծրագիր, որը հնի ու նորի խառնուրդն է: Որտեղ ինձ հետ միասին աշխատում է կինս՝ Արեւիկ Հարությունյանը, որն ունի իր ինքնատիպ համարները: Եվ ինքն է դրանք կատարում: Իմ դուստրը՝ Եվա Ամիրյանը, նույնպես ունի իր բեմադրությունները, որոնք նա է կատարում: Ծրագիրը կոչվում է «Հրաշագործը եւ ծաղրածուն»: Իսկ մեր ծաղրածուն բոլորի սիրելի եւ տաղանդավոր Զորիկ Համբարձումյանն է, որը Հայաստանում հայտնի է որպես ծաղրածու Զոզո: Սա շատ հետաքրքիր ծրագիր է: Մեր նոր ծրագրի շրջանակներում մենք ներկայացումներ ենք ունենում Երեւանում եւ, իհարկե, բոլոր մարզերում:

«ՀԻՄԱ ՈՎ ՊԱՏԱՀԻ, ԲԵՄ Է ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ… ՑԱՎԱԼԻ Է»

Ըստ Ձեզ, ե՞րբ է եղել Ձեր մասնագիտական աճի ամենաբեղմնավոր շրջանը Հայաստանում:

— Սովորել ու մեծացել եմ Խորհրդային իշխանության տարիներին, եւ երբ ասում են, թե «վատ էր», ես դա չեմ տեսել: Ես շատ լավ եմ ապրել: Եվ իմ կյանքի լավագույն տարիները եղել են հենց Խորհրդային Միության շրջանում: Ամենաբեղմնավոր շրջանը եղել է Խորհրդային Միության ժամանակ: Այն տարիներին, երբ ես սովորում էի Լենինգրադում, ավարտեցի այն եւ վերադարձա Հայաստան, սկսվեցին իմ մեծ հյուրախաղերն ամբողջ աշխարհով եւ, իհարկե, ԽՍՀՄ հանրապետություններով: Հյուրախաղերը շատ էին: Եվ այդ շրջանը լավագույնն էր: Դրանից հետո ես 15 տարի ապրեցի Իսրայելում: Եվ այնտեղ, իհարկե, նույնպես շատ լավ էր: Ինձ այնտեղ շատ էին հարգում ու սիրում: Չնայած նրան, որ նրանք շատ են հարգում իրենց ազգն, ինձ որպես մասնագետի, շատ էին սիրում եւ հարգում:

Իսկ այն բանից հետո, երբ վերադարձա Հայաստան, մեր երկիրն արդեն ամբողջովին փոխվել էր: Եվ չկար այն, ինչ կար, երբ ես աշխատում էի «Հայհամերգում», որտեղ ամեն ինչ անում էին քո փոխարեն: Այսինքն՝ դու զբաղվում էիր քո արվեստով, այլ ոչ թե տոմսերի վաճառքով կամ հանդիսատեսի հավաքագրմամբ: Քո փոխարեն դրանով զբաղվում էր նա, ով այն ժամանակ կոչվում էր ադմինիստրատոր, իսկ հիմա՝ պրոդյուսեր: Իսկ հիմա այդ ամենը թողել են քո վրա: Հայաստանում դա, իհարկե, դժվար է: Որովհետեւ մենք գիտենք, թե այսօր ինչ վիճակում է Հայաստանը: Շատ բաներ արդեն կորցրել են իրենց իմաստը: Տարբեր ժանրերում ի հայտ են եկել ոչ որակյալ, ոչ պրոֆեսիոնալ արտիստներ, որոնց ես ընդհանրապես բեմ չէի թողնի:

Երբ ես աշխատում էի «Հայհամերգում», ամեն տարի անցկացվում էին արտիստների լսումներ, որտեղ ժյուրիի կազմում նստած էին Վանուշ Խանամիրյանը, Էմմա Ծատուրյանը, Վլադիլեն Բալյանը, Կոնստանտին Օրբելյանը, Խորեն Աբրահամյանը: Այսինքն՝ ժյուրիի կազմում գիտակ մարդիկ էին: Եվ նրանք որոշում էին՝ արդյոք դու իրավունք ունես հաջորդ տարի բեմ դուրս գալ, թե՝ ոչ: Եվ այնտեղ գնահատվում էր ամեն ինչ: Իսկ հիմա սա գոյություն չունի: Ով պատահի, բեմ է դուրս գալիս: Կարեւոր չէ՝ նա ավարտել է ինստիտուտը, թե՝ ոչ, ունի դիպլոմ, թե՝ ոչ, ունի ունակություններ, թե՝ ոչ: Նույնիսկ եթե ունակություններ ունես, եթե բնությունը քեզ օժտել է, միեւնույն է, պետք է սովորես: Եվ այսօրվա դրությամբ լիքը ոչ որակյալ, ոչ պրոֆեսիոնալ աճպարարներ, ծաղրածուներ կան: Այդ մասին խոսելը ցավալի է:

«ՌՈՒՍ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԿԱՌՈՒՑԵԼ ԵՆՔ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԸ»

Ի՞նչ կարծիք ունեք Միութենական պետության գաղափարի, հայ-ռուսական բարեկամության վերաբերյալ:

— Իհարկե, կուզենամ, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, բայց ոչ մի դեպքում չկորցնի իր բարեկամությունը Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի հետ, որովհետեւ մենք երկար տարիներ շփվել ու ապրել ենք ռուս ժողովրդի հետ: Այդ 70 տարիների ընթացքում, երբ գոյություն ուներ Խորհրդային Միությունը, ռուս ժողովրդի հետ միասին մենք կառուցել ենք Երեւան քաղաքը, մեր Հայաստանը:

— Դուք մշակութային կապեր պահպանե՞լ եք Ռուսաստանի հետ:

— Արդեն մոտ 40 տարի է, ինչ Ռուսաստանի իլյուզիոնիստների միության անդամ եմ: Ես Մոգերի միջազգային ընկերության անդամ եմ: Եվ ես կապ եմ պահում Ռուսաստանում իմ բոլոր գործընկերների, ընկերների հետ: Մենք միշտ շփվում ենք, կիսվում մտքերով, հնարքներով:

— Իսկ Ռուսաստանից հրավերներ ստանու՞մ եք:

— Ո՛չ, հիմա այս ամենը բարդացել է:

Ո՞րն է դժվարությունների պատճառը:

— Բարդացել է քաղաքականության հետ կապված շատ բաների պատճառով:

Այսինքն՝ հակառուսական տրամադրություններն ազդել են նաեւ Ձեր արվեստի՞ վրա:

— Իհարկե... Ես միշտ ասում եմ, որ Հայաստանը 70 տարի կառուցվել է ռուս ժողովրդի հետ միասին: Երևանի քաղաքը, Կոմիտասի թաղամասը, որտեղ ես ապրում եմ, այս գեղեցիկ շենքերը, մեր պողոտան. այս ամենը 70 տարի կառուցվել է այս ժողովրդի հետ միասին: Եվ դա խոսում է այն մասին, որ այն ժամանակ մեր ղեկավարության մեջ խելացի մարդիկ կային, ովքեր կարողացան ընդհանուր լեզու գտնել ռուս ժողովրդի հետ, համատեղ աշխատանք տանել եւ միասին ստեղծագործել:

Նրանք, ովքեր այսօր կան, այդքան խելք չունեն, որ այդ մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնեն: Դրա համար էլ հասանք այս վիճակին, որ մինչեւ հիմա էլ անընդհատ ինչ-որ բան ենք կորցնում: Մեր նախարարներն ու նախագահները, ովքեր եղել են այս 30-35 տարիների ընթացքում ամեն մեկն իր հերթին պատասխանատու է այս ազգի, մեր երկրի, մեր ժողովրդի հանդեպ։ Եվ ամեն մեկն իր բաժին մեղքն ունի:

«ՀԱՍԵԼ ԵՆՔ ՆՐԱՆ, ՈՐ ՊԻՏԻ ԵՂԲԱՅՐԱՆԱՆՔ ՄԵԶ ԿՈՏՈՐՈՂՆԵՐԻ ՀԵ՞Տ»

Ի՞նչ կասեք այն մասին, որ հաճախ այս կամ այն ղեկավարին ծաղրածու կամ աճպարար են ասում՝ դրանով փորձելով բացասական երանգ հաղորդել։

Այո, շատերը օգտագործում են «ծաղրածու», «աճպարար» բառերը որեւէ ղեկավարի հասցեին, ով չսիրված է հասարակության կողմից։ Թող դրանով չանպատվեն ու չվիրավորեն ծաղրածուներին եւ, իհարկե, աճպարարներին, որովհետեւ այդ բառերը տեղին չեն օգտագործում։ Աճպարարությունն ու ծաղրածուն հին արվեստ է, որը հազարամյակների պատմություն ունի: Եվ այդ արվեստաձեւը միշտ ուրախացրել է մարդկանց, տրամադրություն, ուրախություն է պարգևել։ Անվանումները կապելելով տվյալ մարդու՝ խաբեբայի հետ, որը զբաղվում է ստով ու կեղծիքով, տեղին չէ։ Ծաղրածու լինելը փիլիսոփայություն է, ծաղրածուն հոգեբանություն է, ծաղրածուն գիտելիք է։ Ծաղրածուն կրկեսում կարեւոր մարդկանցից մեկն է, որը տիրապետում է կրկեսի բոլոր ճյուղերին։ Շատ դեպքերում լինում է այնպես, որ ծաղրածուն, ասենք, ինչ-որ մեկը հիվանդանում է, օրինակ ակրոբատը, եւ ծաղրածուն փոխարինում է նրան։ Ծաղրածուն շատ կարեւոր արվեստաձեւ է, շատ կարեւոր մշակույթ է, շատ կարեւոր մարդ է կրկեսում։ Եվ համեմատել այս տեսակի մարդկանց հետ անհամատեղելի է։

Ինչպես նաեւ աճպարարությունը։ Աճպարարությունը եւս հին արվեստաձեւ է, նորից հոգեբանություն, փիլիսոփայություն, այդ ամենը ներառյալ։ Եվ, իհարկե, իմաստություն. երկուսն էլ իմաստուն են՝ ե՛ւ ծաղրածուն, ե՛ւ աճպարարը: Նրանք իմաստուն պետք է լինեն, որպեսզի կարողանան ներկայացնել այդ արվեստաձեւը։ Իսկ այն, ինչ թվարկեցի՝ իմաստություն, գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն, այդ ամենն այսօրվա կառավարությունը չունի:

Ի՞նչն է Ձեզ ամենից շատ զայրացնում այսօր Հայաստանում կատարվող իրադարձություններից:

— Իրավիճակը... Մեզ մոտ արժանավոր ղեկավար չեկավ, ով երկիրը դուրս կբերեր այս վիճակից: Այն տարիներին, երբ Հայաստանը անկախացավ, այդ շրջանում մենք վերելքներ ունեինք, բայց այդ վերելքը կոտրեցին: Եվ այդ վերելքը կոտրելուց հետո մեզ մոտ արժանավոր ղեկավար չեկավ, ով Հայաստանին դուրս կբերեր իրավիճակից: Ես շատ դեպքերում մտածում եմ՝ եթե մենք՝ աշխարհով մեկ սփռված 10 միլիոնանոց ազգս, աշխարհին տվել ենք ամեն ինչ՝ գիտությունից մինչեւ արվեստ, մշակույթի անուններ, բայց այս տաղանդավոր ազգի մեջ այսպիսի ղեկավարներ ունենք, ուրեմն՝ մենք իսկապես ապրելու իրավունք չունենք:

Այսօր փորձում են նաեւ ժողովրդին համոզել, որ թուրքի հետ կարելի է խաղաղ ապրել: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

— Ես սա սխալ եմ համարում, որովհետեւ այն ազգերը, որոնք հանցագործություն են կատարել, պետք է պատասխան տան դրա համար, ներողություն խնդրեն, հատուցեն այդ ամենը: Չի՛ կարելի պարզապես անել ու մոռանալ: Ինչպե՞ս կարելի է դա մոռանալ: Այդքան մարդ զոհվեց ցեղասպանության ժամանակ: Դրանից հետո մարդիկ թողեցին իրենց տները: Այս պատերազմներում քանի՞ երիտասարդ իրենց կյանքը զոհեց հանուն հայրենիքի: Արյուն թափեցին իրենց երկրի, իրենց հողի, մեր ազգի անվան համար, որպեսզի պահպանեն հայոց երկիրը, եւ այսօր մենք հասնում ենք նրան, որ այս ամենն իզո՞ւր էր: Ինչպե՞ս կարող է նման բան լինել: Հասել ենք նրան, որ պիտի եղբայրանանք մեզ կոտորողների հե՞տ: Ուրեմն՝ մենք ապրելու իրավունք չունենք, եթե պիտի եղբայրանանք մեզ կոտորողների հետ, եթե մենք այս տեսակին ենք պատկանում:

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ Ո՛Չ ՄԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ»

Երբ նայում եք մարդկանց աչքերի մեջ, ի՞նչ եք տեսնում:

— Այսօր բոլորը մտածում են օրվա հացի մասին: Այդպես չպետք է լինի: Մեր ազգը պետք է շատ լավ ապրի: Մենք հնագույն ազգ ենք՝ հազարամյա մշակույթով ու պատմությամ։ Դա չի կարող այդպես լինել:

Ի՞նչ կասեք իշխանության եւ եկեղեցու ներկա առճակատման մասին:

— Եկեղեցին ոչ միայն մեր հավատքի, այլեւ մեր ազգի հիմքն է, որի վրա կառուցվել է մեր երկիրը: Եկեղեցին կապ չունի քաղաքականության հետ: Եկեղեցին կապ չունի կառավարության հետ: Եվ կառավարությունը ո՛չ մի իրավունք չունի եկեղեցու նկատմամբ:

Եվ այսօր, երբ տեսնում եք այս ամենը, ի՞նչ եք զգում:

— Ամոթ... Ես հսկայական ցավ եմ ապրում այս ամոթի համար:

Այս ամենից հետո Դուք հավատո՞ւմ եք Հայաստանի լուսավոր ապագային:

— Այո... Մեր երկիրը Աստծո երկիր է, մեր երկիրը սուրբ երկիր է: Մեր ազգի կոդը սուրբ կոդ է: Ցանկացած ազգի մեջ կա վատը: Ես այդ ամենը մի կողմ եմ թողնում, որովհետեւ պետք է նայել ընդհանուրին: Իսկ ընդհանուր առմամբ մեր ազգը շատ ընդունակ, տաղանդավոր ազգ է: Եվ մենք ապրում ենք սուրբ հողի վրա, եւ մեր սուրբ հողը, մեր սուրբ գենետիկան թույլ չեն տա, որ մենք կորչենք կամ մեզ հետ ինչ-որ բան պատահի: Իհարկե, մեր երկիրը վերելք կապրի, կծաղկի եւ կբարգավաճի:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում