«Վոյինի» գործերը հեչ լավ չեն
ՎերլուծությունՀայաստանի ներքաղաքական դաշտում կրկին ակտիվացել են հին դերակատարները՝ նույն դեմքերով, նույն հայտարարություններով եւ գրեթե նույն խոստումներով։ Այս անգամ էլ առանց անակնկալների․ «Հայաստան» դաշինքը հայտարարեց, որ իրենց վարչապետի թեկնածուն լինելու է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հայտարարությունը հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով ժամանակին քաղաքական ասպարեզ էր մտել նիկոլական իշխող ուժի ցուցակով, բայց հետո հայտնվեց հակառակ ճամբարում։
Առաջին հայացքից թվում է՝ ոչինչ չի փոխվել։ Նույն թեկնածուն, նույն դաշինքը, նույն հավակնությունները։ Բայց եթե մի փոքր խորանանք, պարզ է դառնում, որ իրավիճակն արդեն նույնը չէ։ Եթե 2021 թվականի ընտրություններին «Հայաստան» դաշինքի քարոզչական տրամադրությունը արտահայտվում էր մարտական «կրելու ենք» կարգախոսով, ապա այսօր այդ կոշտությունը փոխարինվել է ավելի մեղմ ու կլոր «Միասին կարող ենք» ձեւակերպմամբ։
Հարցն այստեղ այն չէ, թե ինչ կարող են միասին։ Հարցն այն է՝ ովքե՞ր են այդ «միասին»-ը: Դաշինքի կազմում այսօր գտնվում են Հայ Յեղափոխական Դաշնակցությունը եւ նորահայտ «ԱռԱջ» կուսակցությունը։ Վերջինս քաղաքական դաշտում առանձնապես մեծ կենսագրություն չունի եւ ավելի հաճախ ներկայացվում է որպես երիտասարդական նախագիծ, որը կապված է Ռոբերտ Քոչարյանի որդու շրջապատի հետ։ Այսինքն՝ «դաշինքի ընդլայնումը» իրականում ավելի շատ հիշեցնում է ընտանեկան-քաղաքական կոնսոլիդացիա, քան լայն ընդդիմադիր միավորում։
Ստացվում է մի բավական հետաքրքիր պատկեր. «Հայաստան» դաշինքը գնում է ընտրության գրեթե նույն կազմով, բայց արդեն ավելի համեստ ակնկալիքներով։ Որովհետեւ նույնիսկ դաշինքի առաջնորդը լավ հասկանում է՝ եթե 2021 թվականին, ընտրություններից հետո ստեղծված շոկային մթնոլորտում, երբ ընդդիմությունը խոսում էր ռեւանշի մասին, չկարողացավ հաղթել, ապա այսօր այդ խնդիրը կրկնակի բարդ է։
ՎՃՌԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԻՆՉ ԵՆ ԱՆԵԼՈ՞Ւ
Այդուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանը շարունակում է հանդես գալ գրեթե նապոլեոնյան ինքնավստահությամբ։ Նրա հայտարարության մեջ հնչում էր այսպիսի ձեւակերպում․ «Սա պաշտոնի բարձրացում չէ, իջեցում է, բայց հայրենիքի համար պատրաստ ենք ամեն ինչի… Տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է»։
Հռետորաբանությունը կտրուկ է, հայտարարությունները՝ մարտական։ Սակայն հենց այստեղ է առաջանում ամենամեծ հակասությունը։ Քանի որ նույն Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թե առաջին իսկ օրից պայքարում է գործող իշխանության դեմ։ Բայց քաղաքական հիշողությունը Հայաստանում այնքան էլ կարճ չէ, որքան երբեմն թվում է։
2018 թվականի իշխանազավթման ժամանակ, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, քոչարյանական ճամբարում երջանիկ վիճակ էր։ Ավելին՝ քաղաքական դաշտում հիշում են, որ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա քաղաքական հենարան Հայ Յեղափոխական Դաշնակցությունն այդ ժամանակ ոչ միայն չհակադրվեց նոր իշխանությանը, այլեւ որոշ ժամանակ մասնակցեց իշխանական կոալիցիային եւ ստացավ նախարարական պորտֆելներ։ Այս փաստը դժվար է ջնջել հիշողությունից, որքան էլ այսօր փորձ արվի ներկայացնել, թե պայքարը սկսվել է հենց առաջին օրվանից։
Բայց սա դեռ ամենը չէ։ Քարոզարշավային ելույթում Ռոբերտ Քոչարյանը, ինչպես միշտ, հիշեց իր նախագահության տարիները: Մասնավորապես ընդգծեց, որ Հայաստանի տնտեսությունը աճել է, միջին աշխատավարձը բարձրացել է վեցապատիկ, եւ ընդհանրապես՝ երկիրը ունեցել է տնտեսական արագ զարգացում։
Այստեղ նույնպես կա մի փոքրիկ խնդիր. պատմությունը սովորաբար ամբողջական է լինում, ոչ թե` հատվածական։ Իսկ այդ ամբողջական պատմության մեջ տեղ են գտնում նաեւ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մամուլի նկատմամբ ճնշումները, «գույք պարտքի դիմաց» հայտնի գործարքները եւ քաղաքական բեւեռացվածության այն մակարդակը, որը տարիներով բաժանել է հասարակությանը: Եվ այս ամենը, այո՛, ճիշտ եք, կրկին Քոչարյան Ռոբերտի նախագահության օրոք էր:
ԵՐԿՐՈՐԴԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՐՁԸ՝ ՆՈՒՅՆ ՍՑԵՆԱՐՈՎ
Հենց այդ պատճառով էլ, երբ այսօր ՀՀ երկրորդ նախագահը կոչ է անում ընտրողներին տարբերել գեղեցիկ խոստումները իրական կարողություններից, այդ միտքը կարող է աշխատել նաեւ իր դեմ։
Էլ չասենք, որ վերջին հինգ տարիներին հենց իր ղեկավարած ընդդիմադիր շարժումները դարձան քաղաքական ամենամեծ փորձություններից մեկը։ Հայտարարվեցին փողոցային պայքարներ, սկսվեցին բողոքի ակցիաներ, ձեւավորվեցին շարժումներ՝ ամեն անգամ մեծ աղմուկով եւ մեծ սպասումներով։ Բայց վերջնական արդյունքը գրեթե միշտ նույնն էր՝ քաղաքական փակուղի։
Ո՛չ իշխանափոխություն եղավ, ո՛չ համակարգային փոփոխություն։ Փոխարենը եղան ձերբակալված ակտիվիստներ, երկարատեւ դատական գործընթացներ ու ընդդիմությունից հերթական անգամ հիասթափված ընտրազանգված։
Այս ամենի ֆոնին դժվար է չնկատել մեկ այլ հանգամանք։ Ռոբերտ Քոչարյանը արդեն երկրորդ անգամ գնում է ընտրությունների՝ փաստացի բաժանելով ընդդիմադիր դաշտը։ Առաջինը դա տեղի ունեցավ 2021 թվականին, երբ ընդդիմության մի քանի հատվածներ մրցում էին միմյանց հետ՝ նույն ընտրազանգվածի համար։
Այսօր իրավիճակն ավելի բարդ է։ Քաղաքական դաշտում արդեն հայտնվել են նոր խաղացողներ, նոր նախագծեր եւ նոր հավակնություններ։ Եվ եթե 2021-ին ընտրազանգվածի մի հատված դեռ հույս ուներ «ուժեղ վերադարձի» սցենարի վրա, ապա այսօր այդ հավատը նկատելիորեն պակասել է։
Այսպիսով, «Հայաստան» դաշինքի նոր հայտը քաղաքականության մեջ իրականում ավելի շատ հիշեցնում է երկրորդ փորձ նույն սցենարով: Նույն առաջնորդը, նույն քաղաքական հռետորաբանությունը, նույն թիրախը՝ գործող իշխանությունը։ Իսկ թե իշխանության գալով ինչպես են լուծելու, ամենաառանցքային՝ անվտանգային հարցերը, էլի ոչ մի կոնկրետացում, միայն բարի կենացներ՝ ուժեղ, հզոր, ինքնիշխան, ընկեր Իշխան…
Բայց քաղաքականությունն այն ոլորտն է, որտեղ նույն քայլը երկու անգամ հազվադեպ է բերում նույն արդյունքը։ Մանավանդ, որ նախորդն էլ առանձնապես հաջողություն չունեցավ: Եվ եթե նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը վստահ է իր հաղթանակի մեջ, ընտրությունների օրը սովորաբար ունի մի վատ սովորություն. այն հաճախ ցույց է տալիս իրականությունը, ոչ թե` քաղաքական հայտարարությունների ուժը։
Իսկ թե ինչ է լինելու այս անգամ, ինչպես ասում են քաղաքական կուլիսներում՝ դժվար է ասել: Թեեւ մի բան արդեն ակնհայտ է՝ ընդդիմադիր դաշտում «վոյինի գործերը» առայժմ այնքան էլ լավ չեն ընթանում։ Եվ այստեղ է, որ Ռոբերտ Քոչարյանը գեթ մեկ անգամ իսկապես անկեղծ էր, երբ երեկ մինչ ելույթը սկսելը ասաց. «Կարո՞ղ ա ճիշտ բան չենք անում»: Հաստա՛տ, պարոն Նախագահ, հաստա՛տ ճիշտ բան չեք անում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

