Իրանը չի հանդուրժի որեւէ անխոհեմ քայլ իր հարեւանների կողմից. Էհսան Մովահեդիան
ՄիջազգայինՀարավային Կովկասի հարցերով փորձագետ, միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու, Թեհրանի ATU (Allameh Tabataba) համալսարանի դասախոս ԷՀՍԱՆ ՄՈՎԱՀԵԴԻԱՆԻ գնահատմամբ՝ տարածաշրջանում ընթացող նոր ռազմական զարգացումներն արմատապես փոխել են ուժերի դասավորությունը Մերձավոր Արեւելքում։ Այս մասին նա ընդգծեց «Իրան-ԱՄՆ հակամարտությունը եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրները» խորագրով բաց քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր «Հայաստանի ժողովրդային շարժում» հայրենասիական հասարակական կազմակերպությունը: Այնուհետեւ իրանցի միջազգայնագետը հայ գործընկերներին ներկայացրեց «Իրանի հաջողության պատճառները վերջին պատերազմում եւ դրա հետեւանքները Կովկասի համար» թեմայով զեկույցը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«ԱՎԱՐՏՎԵՑ ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ ԱՄՆ-Ի ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՌԱՍՊԵԼԸ»
Միջազգայնագետի կարծիքով՝ վերջին պատերազմում Իրանը կարողացել է ոչ միայն դիմակայել ԱՄՆ-ի եւ Իսրայելի համատեղ ճնշմանը, այլեւ կարճ ժամանակում անցնել հակագրոհի՝ լուրջ վնաս հասցնելով այդ երկրների ռազմական ու ենթակառուցվածքային համակարգերին։ Այդ համատեքստում Մովահեդիանը բացատրել է, թե ինչո՞ւ է, իր կարծիքով, Իրանն այս պատերազմում կարողացել առավելության հասնել։
— Պատերազմը սկսվեց Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի համատեղ հարձակումներով 2026 թվականի փետրվարի 28-ին։ Երեք ժամ էլ չէր անցել նախնական հարձակումից, երբ Իրանը նպատակային հարվածներ տվեց եւ այնպիսի վնաս հասցրեց այդ երկու «ռեժիմների» ենթակառուցվածքներին, որի միայն վերականգնումը տասնյակ միլիարդների ծախս եւ երկար տարիներ կպահանջի։ Սրանով ավարտվեց Պարսից ծոցում ԱՄՆ-ի ներկայության մասին առասպելը։ Խելամտորեն գործելու դեպքում՝ Իրանը կարող է փոխարինել ԱՄՆ-ին տարածաշրջանում եւ, ձեւավորելով իր հեգեմոն դիրքը Պարսից ծոցում ու վերահսկելով Հորմուզի նեղուցը, ստիպել տարածաշրջանի երկրներին ընդունել իր գաղափարներն ու որոշումները։ Վերահսկողությունը տարածաշրջանի էներգակիրների հիմնական ուղիների որոշ մասի նկատմամբ Իրանի համար կհեշտացնի ազդեցության գործադրումը բազմաթիվ ամերիկյան, եվրոպական եւ ասիական երկրների վրա։ Այդպիսով վերջիններս այլեւս չեն կարողնա նախկինի պես իրենց պահանջներն ու պատժամիջոցները պարտադրել Իրանին:
Թեեւ այս հարձակումներից զոհվել են Իրանի առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին եւ մի շարք բարձրաստիճան ռազմական հրամանատարներ, ինչի հետեւանքով փոխվել է երկրի ղեկավարության կառուցվածքը, սակայն այն, որ Ալի Խամենեին փոխարինել է որդին, ըստ իրանցի միջազգայնագետի, ավելի մեծ ուժով, մոտիվացիայով եւ կարողություններով կհետապնդի նույն գաղափարները։
— Նոր ռազմական ղեկավարները եւս նպատակադրված են դաս տալու ԱՄՆ-ին եւ Իսրայելին։ Այսպիսով, Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը, կարծես, նոր արյունով է սնուցվել, եւ 7000 տարվա քաղաքակրթությամբ հպարտ իրանցիները ցույց տվեցին, որ թույլ չեն տա որեւէ մեկին միջամտել իրենց ներքին գործերին։ Իրանցիների միասնությունն ավելի է մեծացել՝ արտաքին ագրեսիայի պատճառով մարդիկ մի կողմ են դրել ներքին տարաձայնությունները։ Իրանի մասնատման գաղափարները՝ պանքրդական խմբերի հարձակումների, քաղաքացիական պատերազմի հրահրման եւ այլ փորձերի միջոցով, ձախողվել են։ Իրանը նաեւ ծանր հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանում գործող խմբավորումներին:
Ըստ Մովահեդիանի` Իրանը հրթիռներով եւ անօդաչու սարքերով պատասխանել է Իսրայելին եւ տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմակայաններին, իսկ երկարատեւ պատերազմով եւ էներգիայի թանկացման հետեւանքով առաջացած տնտեսական ճնշմամբ հոգնեցրել է հակառակորդին։
— Դոնալդ Թրամփը չկարողացավ զսպել նավթի գները, իսկ նրա եւ Բենիամին Նեթանյահուի գործողությունները, որոնք հանգեցրել են աշակերտների եւ անմեղ մարդկանց զոհվելուն, Իրանում առաջացրել են լայն ատելություն ԱՄՆ-ի եւ Իսրայելի նկատմամբ ու նաեւ համաշխարհային հանրության դժգոհությունը։ Այս փուլում բազմաթիվ վերլուծաբաններ կարծում են, որ պատերազմը զարգանում է Իրանի օգտին։ Պատերազմից հետո Իրանը ձգտում է ձեւավորել իրանական տարածաշրջանային կարգ, որը տարբերվում է նույնիսկ «արեւելյան կարգից»։ Այդ համակարգում Իրանի դիրքը կճանաչվի ոչ թե Չինաստանի եւ Ռուսաստանի հետ կապերի շնորհիվ, այլ նրա սեփական աշխարհաքաղաքական եւ ռազմական ուժի հիման վրա։ Իրանը կայուն ազդեցություն կունենա Հորմուզի նեղուցում, Պարսից ծոցի եւ Օմանի ծովի տարածքում տեղի ունեցող գործընթացների կարգավորման հարցում։
Այս պատերազմը Իրանի առաջ բացել է երկու ճանապարհ. ներգրավվել շարունակական բախումներում կամ դառնալ տարածաշրջանային հեգեմոն։ Իսկ պատերազմի ավարտը հնարավոր է միայն Իրանի տարածաշրջանային հեգեմոնիայի ձեւավորման դեպքում։ Նույն տրամաբանությամբ, Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Հորմուզի նեղուց ուղեւորվող նավերի անցումը եւ այդ փոքր շեյխության նավահանգիստներ մուտքը պետք է պայմանավորվեն հետեւյալ պահանջներով՝ Իրանին փոխհատուցում վճարելու, Պարսից ծոցի իրանական կղզիների նկատմամբ Իրանի ինքնիշխանությունը պաշտոնապես ճանաչելու, «Պարսից ծոց» անվանումը մշտապես օգտագործելու եւ Էմիրություններից ամերիկացիների ու իսրայելացիների մշտական հեռացման պահանջով:
«ԱՄՆ-Ի ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՑԱՆԿԱՑԱԾ ՓՈՐՁ ԻՐԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԻ»
Անդրադառնալով պատերազմի ազդեցությանը Կովկասի տարածաշրջանի վրա՝ իրանցի միջազգայնագետը նշեց, որ այն ընդլայնվելու դեպքում՝ Կովկասի երթուղիների նշանակությունը կմեծանա, ինչպես նաեւ Իրանն ավելի կոշտ կդիմադրի «Զանգեզուրի միջանցքի» եւ «Թրամփի ճանապարհի» ստեղծմանը:
— Պարսից ծոցի կամ Հորմուզի նեղուցի ուղիների անապահով դառնալու պարագայում, տարածաշրջանի երկրները կսկսեն մտածել այլընտրանքային ցամաքային ուղիների մասին։ Կովկասի երթուղիները՝ Իրան-Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան, առեւտրական եւ ռազմական առումով ավելի կարեւոր կդառնան։ Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» եւ «Թրամփի ճանապարհի» ստեղծմանը՝ Իրանը նախկինում արդեն հայտարարել էր, որ չի ընդունում Կովկասում սահմանների փոփոխությունը, քանի որ դա կարող է հանգեցնել Իրանի աշխարհաքաղաքական մեկուսացման։ Իրանի դեմ ագրեսիան կարող է ստիպել նրան ավելի ակտիվ պաշտպանել Հայաստանի հետ իր սահմանը։ Բաքվի եւ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող միջանցքի ստեղծմամբ կնվազի Իրան-Հայաստան ուղիղ կապը։ Այդ պատճառով Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ներկայիս սահմանները փոխելու եւ սահմանների մոտ ԱՄՆ-ի ազդեցության տարածք ստեղծելու ցանկացած փորձ Իրանը չի ընդունի։
Եթե Երեւանն ու Բաքուն կարծում են, որ ՆԱՏՕ-ի եւ Իսրայելի հետ համագործակցությունը, ինչպես նաեւ այդ երկրներին ռազմական կամ հետախուզական բազաներ տրամադրելը կարող է ապահովել իրենց անվտանգությունը, ապա պետք է ուշադիր ուսումնասիրեն վերջին երկու շաբաթների զարգացումները Պարսից ծոցում։ Արաբական երկրներն էլ կարծում էին, թե ամերիկյան զինվորականներին հյուրընկալելով՝ կերաշխավորեն իրենց անվտանգությունը։ Սակայն այժմ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ իրենք ի վիճակի չեն պաշտպանել իրենց անվտանգությունը ամերիկյան ռազմակայանների վրա Իրանի հարձակումների պայմաններում։ Անվտանգության ապահովման նկատմամբ արտատարածաշրջանային ուժերին դիմելն արաբական երկրների համար հակառակ արդյունք է տվել, եւ որոշ երկրներում, օրինակ՝ Բահրեյնում, նույնիսկ ժողովրդական ապստամբություններ են սկսվել։
Ինչ վերաբերում է Արցախին, որը 2023 թվականի պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, Մովահեդիանի կարծիքով՝ Իրանի պատերազմը ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ, կարող է ստեղծել երեք սցենար։
— Սցենար 1. իրավիճակը չի փոխվում. եթե պատերազմը սահմանափակ մնա եւ արագ ավարտվի՝ Արցախի ներկայիս կարգավիճակը կմնա անփոփոխ, հատկապես, որ Հայաստանի կառավարությունն այլեւս պահանջներ չի ներկայացնում այդ տարածքի վերաբերյալ։
Սցենար 2. Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցության աճ. եթե Իրանը թուլանա պատերազմի հետեւանքով՝ Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են ավելի ազատ գործել Կովկասում, եւ կաճի «Զանգեզուրի միջանցքն» արագ ավարտին հասցնելու ճնշումը։ Այդ դեպքում վտանգի տակ կարող է հայտնվել նաեւ Սյունիքի մարզի ապագան։ Թուրքիայի եւ Բաքվի կողմից «Թրամփի ճանապարհի» ստեղծման գաղտնի ներդրումները, ինչպես նաեւ տարածաշրջանի ժողովրդագրական եւ ինքնության փոփոխության փորձերը կարող են ուժեղանալ։
Այդ պատճառով Հայաստանը եւ Իրանը պետք է ամրապնդեն իրենց ռազմական եւ անվտանգային համագործակցությունը, իսկ Հայաստանի կառավարությունը պետք է խուսափի հակաիրանական քայլերից՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության կամ Իսրայելի հետ հարաբերությունների խորացման միջոցով, քանի որ նման քայլերը կարող են վտանգել հենց Հայաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։
Այս պայմաններում Մոսկվան, եթե Ուկրաինայում լարվածությունը նվազի, կարող է փորձել Կովկասում ավելի ակտիվ անվտանգություն ապահովողի դերը ստանձնել եւ զսպել Թուրքիայի ու Արեւմուտքի ազդեցության աճը։
Սցենար 3. Իրանի ակտիվացումը Կովկասում. եթե Իրանը պատերազմում հաջողություն գրանցի կամ որոշի Կովկասում բացել նոր ճակատ՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար, ապա կարող է զարգացնել ավելի սերտ քաղաքական եւ տնտեսական համագործակցություն Հայաստանի հետ։ Այդ դեպքում մեծ նշանակություն կստանան Իրան-Հայաստան-Վրաստան տարանցիկ ուղիները, իսկ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը կարող է աճել։
Այսպիսով, թե Իրանի հարաբերությունների ապագան Ադրբեջանի եւ Հայաստանի հետ ինչպիսին է լինելու, իրանցի միջազգայնագետը մանրամասնում է հետեւյալ կերպ.
— Իրան-Ադրբեջան հարաբերություններն արդեն իսկ լարված են, եւ եթե Իրանը համոզվի, որ Ադրբեջանի տարածքն օգտագործվել է Իրանի դեմ լայնածավալ հարձակումների համար, լարվածությունը կարող է ավելի սրվել։ Իսկ Իրան- Հայաստան հարաբերությունները հավանաբար կսերտացվեն, քանի որ երկուսն էլ պաշտոնապես դեմ են «Զանգեզուրի միջանցքի» այնպիսի տարբերակին, որը կարող է սպառնալ Հայաստանի ինքնիշխանությանը: Հայաստանի համար կարեւոր է պահպանել իր միակ անվտանգ հարեւանի՝ Իրանի հետ սահմանը։ Երկու երկրների հասարակություններում էլ կա փոխադարձ աջակցություն հարաբերությունների ամրապնդմանը։ Հայաստանում Իրանի դեսպանատան առջեւ հայերի մեծ հավաքը եւ նրանց համերաշխությունը Իրանի ժողովրդի հետ այդ բարեկամության նշաններից մեկն է։ Իրանի ժողովուրդը գնահատում է այս աջակցությունն ու համերաշխությունը եւ շնորհակալություն է հայտնում Հայաստանի քաղաքակիրթ եւ բարեկամ ժողովրդին։
Ամեն դեպքում, այս պատերազմը կբարձրացնի Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը։ Իրանի ու Հայաստանի հաջողությունն ու բարօրությունը մեծապես կախված կլինի երկու երկրների համագործակցությունից՝ դիմակայելու Արեւմուտքի, Իսրայելի, Թուրքիայի եւ Բաքվի քաղաքականություններին։
Վերջում ուզում եմ ընդգծել, որ Իրանն այս անգամ հստակ հայտարարել եւ գործնականում ցույց է տվել, որ չի հանդուրժի որեւէ անխոհեմ քայլ իր հարեւանների կողմից։ Իրանի հարեւան երկրները ցանկացած սցենարի դեպքում ստիպված են լինելու ապրել Իրանի կողքին, եւ իրենց անվտանգության ու բարեկեցության համար պետք է հաշվի առնեն այս հանգամանքը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

