Թրամփը մտավ միաժամանակյա ցայտնոտային եվ ցուկցվանգային փուլ
ՎերլուծությունԱյն տպավորությունն է, որ ոչ միայն իրանական պատերազմի, այլ նաեւ համաշխարհային քաղաքականության հիմնական կիզակետն այս պահին դարձել է Հորմուզի նեղուցը: Ու դա կարելի է հասկանալ. հետեւանքները, որ այդ փոքրիկ ջրային տարածքը կարող է ունենալ եւ արդեն ունենում է համաշխարհային տնտեսության վրա, կարող է դառնալ անշրջելի: Բայց անգամ հարցի տնտեսական կողմը չէ, որ ամենաառաջնային պլան է բերել Հորմուզի նեղուցի թեման:
ՀՈՐՄՈՒԶԻ ՆԵՂՈՒՑԸ` ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏ
Սկսենք այն իրողություններից, որոնք ներկայումս սկսել են ձեւավորվել ԱՄՆ–ում: Հորմուզի նեղուցը բացել չկարողանալով, ինչպես եւ ենթադրվում էր, Թրամփն իրեն ուղղված քննադատության համար լայն դաշտ բացեց: Այդ թվում, սեփական թիմի ներսում են խորը ճեղքեր սկսել նկատվել: Այդ մասին նախ ցայտուն ազդակ դարձավ հեղինակավոր լրագրող Թաքեր Կարլսոնի պատմությունը: Լրագրողը, հիշեցնենք, նկատելի դեր ունեցավ Թրամփի` Սպիտակ տուն վերադարձի հարցում, եւ այն տպավորությունը կար, որ նա դառնալու է թիմի կարկառուն դեմքերից մեկը: Առավել եւս, որ հենց նրա միջոցով դրվեց Կրեմլի հետ կապի նախնական հիմքերը` Պուտինի հետ Կարլսոնի հայտնի հարցազրույցի միջոցով: Բայց ահա, Կարլսոնը դարձավ Իրանի դեմ արշավի քննադատողներից մեկը, որի պատճառով հայտնվել է ամերիկյան հատուկ ծառայությունների թիրախում:
Ի սկզբանե Իրանի դեմ պատերազմին եթե ոչ բացահայտորեն դեմ, ապա դրան նմանվող զգուշավորությամբ էր արտահայտվում նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը: Ավելին, Politico-ն պնդում է, որ նա ի սկզբանե կտրուկ դեմ էր «Էպիկական կատաղություն» գործողությանը` համոզմունքով, որ դա ոչ մի լավ բանի չի հասցնելու ո՛չ ԱՄՆ–ին եւ ո՛չ էլ թրամփական թիմին` այդ տերմինի ամենալայն իմաստով: Ու հիմա համառորեն այն հարցադրումն է պտտվում, թե արդյոք Վենսը նույն ճակատագրի՞ն կարժանանա, ինչ հանկարծակի մերժված լրագրող Թաքեր Կարլսոնը։ Ու հաշվի առնելով փաստը, որ հատկապես վերջին ժամանակներս Վենսն ակնհայտորեն մղվել է երկրորդ պլան, այդ բոլոր ենթադրությունները շատ ավելի հավանական են դառնում: Բայց նաեւ չմոռանանք, որ հենց Վենսը կարող է դառնալ Թրամփի փոխարինողը, եթե այս ամբողջ պատմությունը նրան հասցնի իմպիչմենտի, ինչի հիմքերն այս պահին առավել քան շատ են:
Բնական է, էլ ավելի կոշտ են ամերիկյան հակառակորդ, նույնիսկ կարելի է ասել` թշնամական թեւի հարձակումները Թրամփի դեմ: Ամենաբարձր, այդ թվում` նախկին մի քանի պետքարտուղարների մակարդակով արդեն իսկ իրանական պատերազմը հռչակել են տանուլ տրված: Ու, կրկնենք, հենց Հորմուզի նեղուցի փակ մնալու թեման է, որ առավելագույնս սրում են այդ կարգի խոսակցությունները: Ի վերջո, Թրամփը կարող է հայտարարել Իրանում հազարավոր խոցված օբյեկտների մասին` նշելով, թե հաղթողն ինքն է. ստուգելը եւ ամեն մի կոնկրետ փաստը հերքելը դժվար է: Բայց ահա, Հորմուզի նեղուցը փակ է. դա տեսնում են բոլորը, դրա շուրջ մանիպուլյացիաները դժվար են. փակ է, եւ Թրամփը բացել չի կարողանում: Ու դա միանգամից դառնում է իրանական պատերազմի ընթացքի լավագույն ցուցիչ` ներամերիկյան դժգոհությունը գեներացնելով Թրամփի դեմ:
ԹՐԱՄՓԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ԿՈՊԻՏ ՍԽԱԼՆԵՐԸ
Ու ԱՄՆ նախագահի համար ամենավատն այն է, որ տեսանելի լուծում նա այդպես էլ չի կարողանում առաջարկել, որն էլ ավելի է բարդացնում նրա վիճակը: Փորձեց սպառնալ Իրանին, արդյունք չտվեց: Հետո մտածեց միջազգային կոալիցիա ստեղծելու մասին` նեղուցը բացելու համար: Սակայն սա դարձավ նրա վատթարագույն քայլերից մեկը. ԱՄՆ–ի երբեմնի հավատարիմ դաշնակիցները` Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Հունաստանը եւ այլ երկրներ ցուցադրաբար հրաժարվեցին՝ միաձայն Թրամփին ոտքով ուղարկելով հայտնի հասցեով: Ընդ որում, նրանց բոլորի դիրքորոշումն էլ ավելի կոշտ դարձավ այն բանից հետո, երբ Թրամփը սկսեց հրապարակավ սպառնալ ՆԱՏՕ–ին: Սրան հետեւեց Թրամփի նոր կոպիտ սխալը: «Մեզ նավթ պետք չէ»,- ասաց նա`մանրամասնելով` ԱՄՆ-ն նեղուցից ստանում է նավթի 1%-ից պակաս, մինչդեռ Ճապոնիան՝ 95%-ը, Չինաստանը՝ 90%-ը, իսկ Հարավային Կորեան՝ 35%-ը։ «Մենք ուզում ենք, որ նրանք գան եւ օգնեն մեզ նեղուցի հետ կապված»: Ցնցող է. բոլորն են հասկանում, որ Իրանի դեմ այս պատերազմի նպատակներից մեկն էլ Չինաստանին հարվածելն է: Ու հիմա Թրամփը Պեկինի՞ց է օգնություն ակնկալում: Կամ այսպես. Թրամփն այս ամբողջ կաշան սարքել է, ու հիմա ուրիշնե՞րը պետք է մաքրեն նրա կեղտերը: Լավ, ենթադրենք եկան: Դրանից հետո ի՞նչ է ստացվում. ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին, հաջողության դեպքում իրանական նավթը կվերցնի, եւ այդ նույն Ճապոնիային, Չինաստանին եւ Հարավային Կորեային ի՞նքը կսկսի նավթ վաճառել. ուշագրավ, միայն թե անլուրջ շուստրիություն է:
Ամբողջ խնդիրն այն է, որ Թրամփը կեղծում է, թե Հորմուզի նեղուցի խնդիրն իրեն չի մտահոգում: Եթե անգամ ԱՄՆ-ն ստանում է նեղուցով անցնող նավթի 1 տոկոսը, մեկ է, նեղուցի փակ լինելն ազդում է ինչպես նավթի համաշխարհային, այնպես էլ` ներամերիկյան գների վրա: Ապա ազդում է մնացած բոլոր գների վրա, եւ եթե մեկ-երկու շաբաթ էլ նեղուցը փակ մնա, համաշխարհային տնտեսական ռեցեսիան կդառնա անխուսափելի: Իսկ թե դա ինչ ներամերիկյան եւ արտաքին ճնշում է Թրամփի վրա, նա շատ լավ է հասկանում:
Իսկ նման հայտարարություններով պարզապես խոստովանում է, որ ամենազոր հեգեմոնը Հորմուզի նեղուցն ինքնուրույն բացելու որեւէ տարբերակ չի տեսնում: Հեղինակավոր ռազմաքաղաքական փորձագետ եւ ամերիկյան հետախուզության նախկին սպա Սքոթ Ռիտտերը բացատրում է, թե ինչու: Հորմուզի նեղուցը բացելու հարցում Ռիտտերը միայն մեկ ճանապարհ է տեսնում՝ բացարձակ ուժի կիրառումը։ Բայց...
«Դրա համար անհրաժեշտ է գրավել Խարգ կղզին եւ այլ կղզիներ: Այս գործողությունը պահանջում է առնվազն 80 000 զինվորական, այն շատ թանկարժեք է, եւ ԱՄՆ-ն ներկայումս չունի անհրաժեշտ ռեսուրսներ»: Սակայն Ռիտտերը վստահ չէ, որ անգամ նման թանկարժեք եւ մեծ ժամանակ պահանջող օպերացիային գնալու դեպքում, հաջողություն կլինի: «Իրանը, օգտագործելով բալիստիկ հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր, անպայման հետ կմղի ձեր զորքերը։ Նման գործողությունը կտեւի ամիսներ եւ կպահանջի զգալի ֆինանսական եւ լոգիստիկ ռեսուրսներ. հետեւաբար, Հորմուզի նեղուցի արդյունավետ բացումը անհնար է»,- ամփոփում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախուզության նախկին սպան: Բնական է, պետք է ավելացնել այն հսկայական կորուստները, որոնք ԱՄՆ–ն անխուսափելիորեն կունենա` նման կասկածելի օպերացիայի դիմելով: Իսկ այդ դեպքում Թրամփը կպահի՞ աթոռը. խիստ կասկածելի է:
Մեկ այլ տարբերակ էլ կա, որի մասին Թրամփն ակնարկեց: Ըստ ԱՄՆ նախագահի, ինքը վստահ է, որ Իսրայելը երբեք չի օգտագործի իր միջուկային հրթիռները Իրանի դեմ. «Իսրայելը դա չի անի»: Արդյունքում, Թրամփը դարձավ առաջին գործող ամերիկացի նախագահը, ով փաստացի «պատահաբար խոստովանեց» Իսրայելում միջուկային զենքի առկայությունը: Այս տեսանկյունից, նման հայտարարությունը նմանվում է Իրանին ուղղված ամենաբարձր էսկալացիոն մակարդակի սպառնալիքների. Իսրայելը կարող է եւ միջուկային զենքի դիմել: Բայց այստեղ կա մեդալի հակառակ երեսը. իսկ ԱՄՆ–ում եւ Իսրայելում վստա՞հ են, որ Իրանը չի կարող միջուկային հարվածին պատասխանել միջուկային հարվածով: Պատրա՞ստ են նման ռիսկի, որը լավագույն դեպքում Մերձավոր Արեւելքը կվերածի միջուկային անապատի: Այդ դեպքում Հորմուզի նեղուցի բաց կամ փակ լինելն արդեն որեւէ մեկին չի հետաքրքրի:
ԻՐԱՆՆ ԱՆՑԱՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ
Ամեն դեպքում, կրկնենք, որ այս պատմությունը ի հայտ բերեց մեկ էական գործոն. ԱՄՆ–ի դաշնակիցները հետ են քաշվում նրանից, ինչը վերջին 110 տարվա պատմության մեջ նախադեպը չի ունեցել:
Ու դա Իրանին հնարավորություն է տալիս անցնել նաեւ քաղաքական հակահարձակման: Այսպես, Թեհրանը ներկայացրեց այն պայմանները, որի դեպքում Հորմուզի նեղուցը կբացի: Դրանք են.
Պատժամիջոցների երաշխավորված վերացում։
Ամերիկյան բազաների դուրսբերում Մերձավոր Արեւելքից։
Իրանի սառեցված ակտիվների վերադարձ։
Ոչ դոլարային առեւտրի զարգացում։
Սա նույնիսկ ոչ թե վերջնագիր է, այլ էսկալացիայի մակարդակի ակնհայտ բարձրացում: Այն իմաստով, որ Թեհրանում, իհարկե, հասկանում են, որ Թրամփն այդ պայմանները չի ընդունելու. դա նրա համար կնշանակի անվերապահ կապիտուլյացիա եւ միանշանակ իմպիչմենտ, որից հետո նաեւ բանտը հեռու չէ: Բայց երբ Թեհրանը դա հասկանալով, գնում է այս հերթական սրացմանը, ապա դա մեկ բանի մասին է ակնարկում: Իրանում (ըստ այդմ, նաեւ Մոսկվայում եւ Պեկինում) հասկանում են փակուղու այն խորությունը, որի մեջ հայտնվել է Թրամփը: Ելք պարզապես չկա, ու նաեւ չկա ինչ–որ նոր միջոց, մտածելու ժամանակ: Իրականում պատկերը սա է. Եվրոպայի համար էներգետիկ ճգնաժամն իրոք կործանարար է դառնում, եւ եթե այս պահին նրանք հրաժարվում են ԱՄՆ–ի հետ համատեղ օպերացիաներից, ապա մեծ հարց է, թե էներգետիկ ճնշումները մեկ–երկու շաբաթից եվրոպացիներին չե՞ն ստիպի փրկություն գտնել Չինաստանին «մեծ եղբայր» ընդունելու մեջ, այդ թվում` ռուսական էներգետիկայի հաշվին խնդիրները լուծելու հույսերով: Այսինքն, եթե իրանական պատերազմում Թրամփի խնդիրներից մեկն էլ Եվրոպան անվերապահ ենթակայության տակ վերցնելն էր, ապա կարող է լինել նաեւ հակառակը: Առավել եւս, երբ ապացուցվում է, որ «հեգեմոնը» մեկ նեղուց բացելու զորություն էլ չունի:
Այս միաժամանակ ցայտնոտային եւ ցուկցվանգային վիճակում Թրամփին, որին, ի դեպ, արդեն սկսել են լուրջ չվերաբերվել, երկու ռեալ տարբերակ է մնում: Ունեցած ուժերը նետել Իրանի դեմ ուղիղ հարձակման, այդ թվում` ցամաքային գործողության միջոցով: Այն հույսով, որ դա կխթանի ինչպես քրդերին, այնպես էլ` արաբներին: Երկրորդը, որ ավելի իրատեսական է, Մոսկվայի եւ Պեկինի հետ պայմանավորվելն է: Առավել եւս, որ այս բարդ իրավիճակում Պեկինը կարող է խփել «դագաղի վերջին մեխը»` հարձակվելով Թայվանի վրա: Մոսկվան էլ արդեն սկսում է ուկրաինական պատերազմում գարուն–ամառային կոմպանիան, ներկա իրավիճակում կարող են անսպասելի շատ լուրջ զարգացումներ լինել, որի դեպքում Թրամփը կկորցնի ռուսների հետ բանակցային բոլոր առավելությունները:

