Հերթական հարվածը տպագիր մամուլին
ՆերքաղաքականԻշխանությունները շարունակում են հետեւողականորեն նեղացնել տպագիր մամուլի առանց այդ էլ սահմանափակ դաշտը: Մինչ այժմ գործող մի շարք օրենքներ պահանջում էին տարբեր ծանուցումների պարտադիր հրապարակում թերթերում՝ ապահովելով հանրության իրազեկման որոշակի մակարդակ եւ ոչ պակաս կարեւոր՝ պահելով մամուլի կենսունակությունը:
Սակայն ԱԺ-ում քննարկված նոր նախաձեռնությամբ իշխանությունը մտադիր է ամբողջությամբ հրաժարվել այդ պահանջից: Արդարադատության նախարար ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆԸ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրել է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրինագիծը, որով տպագիր մամուլը փաստացի դուրս է մղվում այս գործընթացից:
Պաշտոնական հիմնավորումը՝ «ժամանակակից պահանջներին համապատասխանեցումն» է եւ «ծախսերի կրճատումը»: Իրականում, սակայն, խոսքը հերթական քայլի մասին է, որը հարվածում է արդեն իսկ դժվարին պայմաններում գոյատեւող թերթերին՝ զրկելով նրանց գոյատեւման աղբյուրից:
Նախագծով առաջարկվում է պարտադիր հրապարակումները տեղափոխել առցանց հարթակներ՝ այդ թվում azdarar.am կայք: Բայց ակնհայտ է, որ այս փոփոխությունը ոչ միայն չի լուծում տեղեկատվության հասանելիության հարցը բոլոր խմբերի համար, այլեւ խորացնում է տպագիր մամուլի անկումը՝ այն թողնելով լուսանցքում:
Այսպիսով, «թվայնացման» անվան տակ իշխանությունը շարունակում է վերաձեւել տեղեկատվական դաշտը՝ հերթական անգամ անտեսելով տպագիր խոսքի դերը եւ դրա գոյության անհրաժեշտությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

