Բա հիմա ո՞ւր է գնալու նիկոլը
ՎերլուծությունԳլխավոր հարցադրումը, որի առաջ այսօր կանգնած է ողջ աշխարհը, առավել եւս, Իրանի շրջապատում գտնվող երկրները, դարձել է սա` ի՞նչ ավարտ կարող է ունենալ Մերձավոր Արեւելքի այս պատերազմը, եւ դրանից հետո ի՞նչ հավանական ուժային, ապա քաղաքական բալանս է ստեղծվելու: Այն, որ այդ հարցն ամենայն սրությամբ դրված է նաեւ Փաշինյան Նիկոլի առաջ, երեւի երկրորդ կարծիք չլինի:
ԵՐԲ ՆԱԽՆԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԸ ՉԱՇԽԱՏԵՑ
Նիկոլի պարագայում, հիշեցնենք, իրավիճակը սա էր: Նախնական կուրսը Եվրոպան էր, որը որոշակի տրանսֆորմացիայի ենթարկվեց Թրամփի ժամանակաշրջանում: Այսինքն, եթե Բրիտանիան, ավանդաբար հենվելով թուրքական գործոնի վրա, ակտիվորեն առաջ էր տանում պանթյուրքիստական սխեման, ապա Թրամփի ժամանակաշրջանում շատ գերիշխող դարձավ իսրայելական տեսլականը: Այն է` Թուրքիային չտալով լուրջ առավելություն, նաեւ շարունակել Հայաստան–Ադրբեջանով` Իրանի դեմ պլացդարմ ստեղծելու սխեման: Իսկ դրա տարբերակը «Թրամփի ուղին» էր, որը այդ գծի վրա պահելով ամերիկյան վերահսկողությունը, Անկարային զրկում էր կարեւոր լծակից:
Մեխանիզմը, որի ուղղությամբ էլ անցած տարվա օգոստոսից «վերապրոֆիլավորվեց» Փաշինյանը, գագաթնակետին կարող էր հասնել Իրանի անկումով: Ու երեւի Նիկոլն էլ նրանցից մեկն էր, ով համոզված էր` ԱՄՆ–ն եւ Իսրայելը կհարվածեն, Իրանն անմիջապես ծնկի կգա, որից հետո Թել Ավիվը Թրամփի միջոցով արագորեն կձեւավորի ինչպես ողջ Մերձավոր Արեւելքի, այնպես էլ` Թուրքիա–Հայաստան–Ադրբեջան գծի աշխարհաքաղաքական նոր դիմագիծը: Միայն թե ակնկալիքները, որին միգուցե սրբորեն հավատում էին նաեւ Թել Ավիվում եւ Սպիտակ տանը, որ առաջին իսկ ռումբերից Թեհրանը ծնկի կգա, գոնե այս պահին դեռ չի աշխատում: Ավելին, ստեղծվել է ռազմական մի իրավիճակ, երբ մեծ հարցական կա, թե իրականում ում դիրքերն է ավելի շահեկան` ամերիկա–իսրայելական կոալիցիայի՞, թե` Իրանի, որի թիկունքում շատ պարզ զգացվում է ինչպես Պեկինի, այնպես էլ` Մոսկվայի շունչը: Այն կարգի, որ իսրայելյան բանակային հրամանատարության նյարդերը, նման է, որ սկսում են տեղի տալ. դժվար է այլ բացատրություն գտնել այն բացահայտ սպառնալիքներին, որոնք ՑԱՀԱԼ–ի մամուլի խոսնակն օրերս հղեց Մոսկվային, որը ոչ այլ ինչ էր, քան ռուսական ղեկավարությանն ուղղված սպառնալիք:
Կարճ ասած, մի իրավիճակ է, երբ մեծ հարցական է կախվել` «կգա ԱՄՆ–ն եւ բոլորին կասի, թե ինչ են անելու» տեսլականի գլխին: Ավելի ճիշտ, կարող է լիովին հակառակը լինել` «կհեռանա ԱՄՆ–ն, եւ այս դեպքում Թեհրանը (Մոսկվան, Պեկինը) բոլորին կասի, թե ինչ են անելու» տարբերակով: Իսկ այդ հարցականը, իհարկե, ոչ միայն Նիկոլին, այլ բոլորին է կանգնեցնում խնդիր առաջ` ո՞ր տարբերակն է ավելի հավանական, ինչի՞ պետք է պատրաստվել, ո՞ր ուղղությամբ գնալ:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԻՆՉ–ՈՐ ԲԱ՞Ն Է ՓՈԽՎԵԼ
Նույն հարցը, նույնիսկ ավելի մասշտաբային տեսքով, նախ դրված է Թուրքիայի առաջ: Էրդողանը, հասկանալի է, իր սովորական դարձած «երկու աթոռի» վրա է: Մի կողմից, հրապարակավ մեղադրանքներ է հղում, թե, տեսեք, մեզ ուզում են ներքաշել պատերազմի մեջ: Մյուս կողմից, ինչպես նախօրեին հայտնեց ԻՀՊԿ-ին մոտ կանգնած աղբյուրը. «Սաուդյան Արաբիան Ռիադում հյուրընկալեց արաբական եւ իսլամական երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում՝ Իրանի շուրջ պատերազմի ֆոնին տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկելու համար»: Ըստ աղբյուրի, քննարկվում է Իրանի դեմ կոալիցիա ստեղծելու թեման, որին մասնակիցների մեջ հիշատակվում են Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Հորդանանը, Քուվեյթը, Պակիստանը, Քաթարը, Սիրիան, Թուրքիան եւ Միացյալ Արաբական Էմիրությունները»: «Այս երկրները ճակատ են ձեւավորում Իրանի դեմ»,– կարծում են ԻՀՊԿ–ում: Բայց նաեւ, այդ հանդիպմանը ժամանելուն պես Ֆիդանը զանգահարեց Արաղչուն, նոր երդումներ տվեց, թե ի՞նչ ճակատ, մենք այստեղ ենք նման բան թույլ չտալու համար:
Սակայն այս տիպի երկակի խաղերի ընթացքում, նաեւ մեկ ազդակ էլ եղավ Անկարայից, որ գլոբալ առումով իրավիճակին նայում են «մի փոքր» այլ դիրքերից: Այսպես, Էրդողանի դաշնակից, ավելի կոնկրետ` «էրդողանից էլ բեթար Էրդողան», ազգայնամոլական թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության միջազգային քաղաքականության եւ թյուրքական աշխարհի գծով փոխնախագահ, թուրքական խորհրդարանի պատգամավոր, թյուրքական ժամանակակից գաղափարախոսներից մեկի համարում ունեցող Իլյաս Թոփսաքալն ուշագրավ մտքեր է հայտնել թյուրքական աշխարհի ապագայի հետ կապված սպասելիքների մասին: Ըստ այդմ, «Թուրանի մասին խոսելը որպես պետությունների միավորման իրական քաղաքական նախագիծ սխալ կլինի, քանի որ այսօր Թուրքիան, Ռուսաստանը եւ Կենտրոնական Ասիայի պետությունները գոյություն ունեն որպես ազգային պետություններ»։ Նրա խոսքով՝ այսօրվա պայմաններում «Թուրանն» ավելի շատ ռոմանտիկ կարգախոս եւ պատմական պատկեր է, քան գործնական ծրագիր։
«Ռոմանտիկայի» փոխարեն Թոփսաքալը պաշտպանում է ռեալիզմը, որը, նրա կարծիքով, նշանակում է, որ Թուրքիան պետք է ապրի եւ աշխատի Ռուսաստանի կողքին՝ ընդհանուր եվրասիական տարածքում։ Նա նաեւ ընդգծում է, որ ապագա թյուրքական աշխարհը չպետք է գոյություն ունենա «Ռուսաստանից, Չինաստանից, Կովկասից եւ այլ հարեւան տարածաշրջաններից առանձին», եւ որ թյուրքական պետությունների կազմակերպումը, վերջին հաշվով, պետք է լրացնի, այլ ոչ թե փոխարինի եվրասիական փոխազդեցության առկա մեխանիզմները։ Ավելին, Կենտրոնական Ասիայի մասին խոսելով՝ Իլյաս Թոփսաքալը ուղղակիորեն նշում է, որ ռուսական մշակույթի եւ ռուսական կրթական տարածքի ազդեցությունը տարածաշրջանում «շարունակում է մնալ շատ ուժեղ», եւ նա դա արտահայտում է բացառապես դրական լույսի ներքո։ Ըստ այդմ էլ, նա փորձում է համոզել, որ Թուրքիայի մշակութային ներկայությունը չպետք է ընկալվի որպես Ռուսաստանին տեղահանելու գործիք, եւ ինքն Անկարայի աշխարհաքաղաքական ազդեցությունը տարածաշրջանում անհամեմատելի է անվանում Մոսկվայի ազդեցության հետ։ Նույնիսկ թուրքական կրթական ծրագրերը տարածաշրջանի համար պայքարի գործիք չեն, այլ թուրք-ռուսական ապագա մերձեցման եւս մեկ ուղի: «Թուրքիայի ազգային շահերը պաշտպանելու համար մենք չպետք է մրցակցենք Ռուսաստանի հետ, այլ համագործակցենք նրա հետ այս ամբողջ տարածքում», - նշել է Թոփսաքալը: Իսկ ահա արեւմտյան` ՆԱՏՕ–ական մոդելը Թոփսաքալը նկարագրում է, որպես անկայունության եւ քաոսի աղբյուր, որը տարածվում է Հյուսիսային Աֆրիկայից մինչեւ Մերձավոր Արեւելք, Իրան, Արեւելյան Եվրոպա եւ այլուր։ Մի խոսքով, անհրաժեշտ է քննարկել Թուրքիայի, Ռուսաստանի, Չինաստանի եւ այլ խոշոր եվրասիական տերությունների միջեւ նոր դաշինքներ եւ համագործակցության ձեւեր, քանի որ հին մեխանիզմները այլեւս չեն գործում: Իսկ թյուրքական աշխարհը պետք է ընկալվի նախեւառաջ որպես մշակութային նախագիծ, բայց այնպիսին, որը նպաստում է տարածաշրջանային կայունությանը եւ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ավելի սերտ համագործակցությանը։
Այսպիսով, թուրքական ազգայնամոլության քիչ տեսանելի, բայց միանգամայն «ծանրքաշային» սույն գործիչը փորձում է բոլորովին այլ իրողություններ նկարագրել, քան այն կուրսն է, որն Անկարան վարում է ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր: Ի՞նչ է սա նշանակում. Թուրքիայում սկսել են մտածել, որ գլոբալ փոփոխություններն այն կարգի՞ են, որ պետք է փոխել Անկարայի հետխորհրդային ժամանակների ողջ կուրսը, թե՞ այս ամենը սովորական «թուրքական դիվանագիտություն» է` «երկու աթոռի» վրա խաղի դրվագներից մեկը: Բայց եթե անգամ երկրորդ տարբերակն է, ապա մեկ է, նշանակում է, որ Թուրքիայում մինչ այս միանշանակորեն, առանց որեւէ բանի նայելու, վարվող կուրսը փորձում են դարձնել ավելի քողարկված: Ինչը եւս հուշում է, որ Անկարան գլոբալ իրավիճակը սկսել է այլ կերպ տեսնել:
Ամեն դեպքում` Անկարան, իհարկե, քաղաքական կուրսի վերախմբագրման կարիք ունի. ի՞նչ չափով, հարցը դա է: Կհաղթի Իրանը, պետք է սկսել խոսել ՌԴ–Չինաստանի հետ «նոր դաշինքների եւ համագործակցության ձեւերի» մասին: Կհաղթի Իսրայելը... Չնայած այս դեպքում արդյունքը կարող է Թուրքիայի համար ողբերգական լինել. հաջորդ թիրախը հաստատ Էրդողանն է դառնալու:
Ու սա եւս մեկ գործոն է, որը Նիկոլի համար ապագան դարձնում է մշուշոտ:

