Ինչ նկատի ուներ Նիկոլը
ՎերլուծությունՀայաստանի ներքաղաքական դաշտում վերջին շրջանի զարգացումները նորից բացահայտում են մի հին, բայց չլուծված հակասություն՝ իշխանության եւ ընդդիմության միջեւ ոչ միայն քաղաքական, այլեւ արժեքային ճգնաժամը: Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, մեղմ ասած, դուրս են քաղաքական առողջ բանավեճի շրջանակներից եւ տեղափոխվում են սպառնալիքների ու ճնշման լեզվի տիրույթ: Այդ հռետորաբանությունը ոչ միայն սրում է իրավիճակը, այլեւ խորացնում է հասարակական բեւեռացումը՝ ստեղծելով փոխադարձ անվստահության նոր շերտեր:
Փաշինյանի ճեպազրույցում հնչեցված միտքը, թե լրագրողների մեծ մասը «պարտավոր է» քվեարկել իշխանության օգտին, հակառակ դեպքում կարող է բախվել անգամ հաշմանդամության սպառնալիքի, ոչ միայն անընդունելի է ժողովրդավարական պետության ղեկավարի համար, այլեւ ուղիղ հարված է խոսքի ազատության հիմքերին: Սա արդեն ոչ թե քաղաքական գնահատական է, այլ՝ քաղաքական ճնշման հռետորաբանություն, որը հիշեցնում է Հայաստանի նորագույն պատմության ամենամութ էջերը եւ վտանգավոր նախադեպեր է ստեղծում ապագայի համար:
Եվ հենց այստեղ է, որ առաջանում է ամենահետաքրքիր զուգահեռը: Փաշինյանն իր խոսքում ակնհայտորեն ակնարկում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիները՝ փորձելով ցույց տալ, որ ընդդիմության կոնկրետ շրջանակների վերադարձը կնշանակի հետընթաց դեպի բռնաճնշումներ: Ասվածում, որքան էլ պարադոքսալ հնչի, կա ճշմարտության հատիկ: Քոչարյանի օրոք իսկապես խոսքի ազատությունը ծանր վիճակում էր, լրագրողները ենթարկվում էին ճնշումների, խմբագրություններ էին փակվում կամ ենթարկվում հարձակումների: Սա փաստ է, որը ոչ ոք չի կարող ջնջել, ոչ էլ հերքել, եւ որի հետեւանքները դեռ զգացվում են հանրային հիշողության մեջ:
ԻՆՉՈ՞Վ Է ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՆԻԿՈԼԸ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ
Բավական է հիշել, թե ինչ իրավիճակում էր գտնվում մամուլը Քոչարյանի օրոք: Անկախ լրատվամիջոցները մշտապես ճնշման տակ էին, իսկ ամենահայտնի դեպքերից մեկը Ա1+ հեռուստաընկերության փակումն էր, երբ իշխանությանը ոչ հաճո ալիքը պարզապես զրկվեց եթերից: Սա դարձավ խոսքի ազատության սահմանափակման խորհրդանիշ եւ երկար տարիներ մնաց որպես նախազգուշացնող օրինակ:
Չպետք է մոռանալ նաեւ լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերը: Հանրության հիշողության մեջ դեռ թարմ է Պողոս Պողոսյանի սպանությունը, որը տարիներ շարունակ մնաց որպես իշխանության հետ կապվող աղմկահարույց պատմություն եւ վախի մթնոլորտ ձեւավորող ազդակ: Նույն տարիներին բազմաթիվ լրագրողներ ենթարկվում էին հետապնդումների, խմբագրություններում խուզարկություններ էին իրականացվում, իսկ քննադատական խոսքը հաճախ պատժվում էր ոչ միայն վարչական, այլեւ ֆիզիկական մեթոդներով, ինչն ավելի էր խորացնում հանրային լարվածությունը:
Ավելին, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները դարձան այդ համակարգի կուլմինացիան, երբ հետընտրական զարգացումները հանգեցրին բախումների, զոհերի եւ արտակարգ դրության: Այդ օրերին լրատվամիջոցների գործունեությունը խիստ սահմանափակվեց, եւ տեղեկատվական դաշտը փաստացի վերահսկվեց իշխանության կողմից, ինչը լուրջ հարված էր ժողովրդավարական ինստիտուտներին:
Բայց այստեղ է ամբողջ խնդիրը. եթե այսօր նույն երեւույթների ականատես ենք լինում արդեն գործող իշխանության կողմից, ապա ինչո՞վ է տարբերվում ներկան անցյալից: Երբ երկրի ղեկավարը բաց տեքստով ասում է՝ «չեք կարող մեզ չընտրել», դա այլեւս ոչ թե ժողովրդավարություն է, այլ քաղաքական մոնոպոլիայի հայտ, որը վտանգում է բազմակարծության հիմքերը:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՊԱՀՈՒՄ ԵՆ ՄՇՏԱԿԱՆ ՍԹՐԵՍԻ ՄԵՋ
Փաշինյանի խոսույթում առկա է նաեւ մեկ այլ վտանգավոր շերտ՝ վախի համակարգային օգտագործումը: Պատերազմի սպառնալիք, ինքնիշխանության կորուստ, ֆիզիկական վտանգներ, հաշմանդամ դառնալու մասին ակնարկներ: Սա դասական մեխանիզմ է՝ հասարակությանը պահել մշտական սթրեսի մեջ եւ այդ ֆոնի վրա լեգիտիմացնել սեփական իշխանությունը՝ նվազեցնելով քննադատական մտածողության դերը:
Միեւնույն ժամանակ, ընդդիմադիր դաշտը նույնպես հեռու է իդեալական լինելուց: Ռոբերտ Քոչարյանի վերադարձի շուրջ ձեւավորվող օրակարգը չի կարող լիարժեք վստահություն ներշնչել հասարակության լայն շերտերին: Նրա քաղաքական անցյալը շարունակում է ծանր բեռ լինել, իսկ ընտրական շեմը հաղթահարելու հարցը մնում է կասկածի տակ: Այս համատեքստում պատերազմում պարտված իշխանության կողմից նախորդ ընտրություններում պարտված ընդդիմության թեզը որոշակի հող ունի, բայց դա չի արդարացնում սեփական ձախողումները կամ վտանգավոր հռետորաբանությունը:
Ավելին, «նոր ուժերի» հայտը հաճախ վերածվում է հին համակարգերի վերաթողարկման՝ պարզապես այլ փաթեթավորմամբ: Քաղաքական դաշտում որակական փոփոխության փոխարեն՝ հաճախ տեսնում ենք կադրային նույն բազայի շրջանառություն: Օրինակ, իբրեւ ո՛չ նախկին, ո՛չ ներկա համարող ուժերն իրենց շարքերը համալրում են նախկին ոչ թե առաջատար, այլ այնպիսի դեմքերով, որոնք եղել են ինչ-որ պաշտոնյայի օգնականի տեղակալ: «Ճ» կլասի դեմքերով փորձում են ներկայանալ նորովի՝ առանց իրական բովանդակային փոփոխության: Բայց արդյունքում ստացվում է փակ շրջան. իշխանությունը վախեցնում է անցյալով, ընդդիմությունը փորձում է վերադառնալ՝ չհաղթահարելով այդ անցյալի ստվերը, իսկ հասարակությունը մնում է այս երկընտրանքի մեջ՝ առանց իրական այլընտրանքի:
Եվ հենց այստեղ է գլխավոր եզրակացությունը. խոսքի ազատության թեմայով ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը չունեն բարոյական առավելություն միմյանց նկատմամբ: Մեկը հիշեցնում է անցյալի ճնշումները, մյուսը՝ ներկայում ձեւավորում նույն մթնոլորտը: Իսկ ժողովուրդը, սա տեսնելով, ամփոփում է՝ իրար արժեն, եւ այդ ընկալումն ավելի է խորացնում հասարակական հիասթափությունը:
Այս պայմաններում ամենավտանգավորը ոչ թե նրանց հակադրությունն է, այլ նրանց նմանությունը: Երբ իշխանությունն ու ընդդիմությունը, տարբեր ձեւակերպումներով, բայց նույն տրամաբանությամբ, սահմանափակում են ազատությունը, հասարակությունը կանգնում է իրական ընտրության առաջ՝ ոչ թե անձերի, այլ համակարգի փոփոխության անհրաժեշտության: Իսկ մինչ այդ, քաղաքական դաշտում շարունակվում է նույն խաղը՝ պարզապես դերակատարների հերթափոխով, առանց բովանդակային շրջադարձի:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԲԱՐԴ ՀԱՆԳՐՎԱՆԻ ԱՌԱՋ
Հայաստանի քաղաքական իրականությունը այսօր կանգնած է մի բարդ հանգրվանի առաջ, որտեղ հասարակության պահանջները գնալով ավելի հստակ են, իսկ առաջարկվող լուծումները՝ ավելի ու ավելի անբավարար: Քաղաքացին այլեւս չի բավարարվում հին հակադրությունների վերարտադրմամբ կամ վախերի վրա կառուցված օրակարգերով: Նա սպասում է պատասխանատվության մշակույթի ձեւավորմանը, որտեղ իշխանությունն ու ընդդիմությունը մրցում են ոչ թե անցյալի մանիպուլյացիաներով, այլ ապագայի հստակ ծրագրերով:
Եթե այս պահանջը շարունակվի անտեսվել, ապա քաղաքական դաշտում կաճի ոչ թե վստահությունը, այլ օտարումը, եւ հասարակությունը աստիճանաբար կհեռանա ակտիվ մասնակցությունից: Իսկ դա ամենամեծ ռիսկն է ցանկացած պետության համար, քանի որ ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ առանց ներգրավված եւ վստահող քաղաքացիների: Հետեւաբար, իրական փոփոխությունը սկսվելու է ոչ թե հերթական դեմքերի ի հայտ գալուց, այլ քաղաքական մտածողության վերափոխումից, որտեղ ազատությունը, պատասխանատվությունն ու արժանապատվությունը դառնում են ոչ թե հռետորաբանություն, այլ` գործելակերպ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

