Սովորական մեթոդներով հաղթելու Թրամփի շանսերը զրոյանում են
ՄիջազգայինԱյն տպավորությունն է, որ Հորմուզի նեղուցի թեման, որի մասին դեռ ան ցած շաբաթ խոսում էին բոլորը, կամաց–կամաց երկրորդ պլան է անցել: Պատճառն այն չէ, որ նեղուցը կորցրել է համաշխարհային էներգետիկայի վրա իր ազդեցության հարցով արդիականությունը. ընդհակառակը, էներգետիկ ճգնաժամը միայն սրվում է: Պատճառն այն է, որ աշխարհը պարզապես չի տեսնում այն տարբերակը, որը կբացի նեղուցը, այդ թվում, որ ԱՄՆ–ն ունի դրա հնարավորությունը:
ՎԵՐՋՆԱԳԻՐԸ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾԻ
Այսպիսով, Հորմուզի նեղուցի փակ լինելն ընկալվում է, որպես ցավոտ իրողություն` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Բայց նաեւ, որ դրա բացելու եւ հետեւանքները չեզոքացնելու խնդիրը կախված է իրանական պատերազմի ավարտից կամ գոնե ներկա ընթացքի փոփոխությունից: Ու հիմա գլոբալ կենտրոնացվածությունն այն ուղղվածությամբ է, թե վերջապես ո՞րն է լինելու այս ամենի հանգուցալուծումը: Առավել եւս, որ էներգետիկ իմաստով ներկա իրավիճակը կարող է երանելի թվալ այն հեռանկարի համեմատ, որը սպասվում է մեկ–երկու շաբաթից, եթե բան չփոխվի:
Բանն այն է, որ այս ընթացքում ԱՄՆ–ն երկու քայլ կատարեց, որը դեռ չի թողնում, որ 100 դոլար/բարելի սահմանն անցած նավթի համաշխարհային գները կտրուկ թռիչքով անցնեն 150–200 դոլարից էլ այն կողմ: Նախ, ռուսական նավթի վրա պատժամիջոցների մեղմացումն էր, որը հնարավորություն տվեց որոշակի հավելյալ քանակներ մտցնել շուկա: Դրան հաջորդեց աբսուրդի նմանվող, բայց ավելի շատ ճարահատյալ քայլը. ժամանակավորապես չեղարկվեց նաեւ Իրանի նավթի վրա պատժամիջոցները: Իրանական նավթի որոշակի խմբաքանակներ ներկա պահին ծովում են, դրանք եւս մտնում են շուկա` մեղմացնելով դեֆիցիտը: Բայց նաեւ, բոլորն են հասկանում, որ դա շատ կարճ ժամանակով միայն կմեղմի վիճակը մեկ, ամենաշատը երկու շաբաթ: Որին էլ հաջորդելու է գների կտրուկ թռիչքը, որի դեմ անելու բան արդեն չկա: Պետք են լուծումներ, սակայն Թրամփը պարբերաբար յուղ է լցնում կրակին` հայտարարելով, թե Հորմուզի նեղուցն իր խնդիրը չէ, թող դրա մասին մտածեն նրանք, ովքեր դրանից օգտվում են: Բայց նաեւ հասկանալով, որ այդ բլեֆը եւս երկար չի աշխատի: Առավել եւս, Իրանի հակաքայլից հետո, ով հայտարարում է, որ բաց կթողնի նավթի դիմաց չինական յուանով վճարած տանկերները, ինչը կարող է չափազանց լուրջ հարված դառնալ նավթադոլար հասկացությանը:
Այսպիսով, Թրամփին մեկ–երկու շաբաթ է մնում ինչ–որ արմատական լուծումների համար: Ի՞նչ շանսեր եւ հավանական տարբերակներ կան:
Այս ամենի հանրագումարում էլ նախօրեին ի հայտ եկավ Իրանին ուղղված Թրամփի հերթական վերջնագիրը. «Եթե Իրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը, Միացյալ Նահանգները կհարվածի եւ կոչնչացնի նրա տարբեր էլեկտրակայանները՝ սկսելով առաջինը ամենամեծից»: Ինչպես եւ սպասվում էր, Իրանն էլ ավելի կոշտ պատասխան տվեց. «Եթե Իրանի վառելիքային եւ էներգետիկ ենթակառուցվածքները հարձակման ենթարկվեն թշնամու կողմից, մեր պատասխան հարվածի թիրախ կդառնան ԱՄՆ-ին եւ սիոնիստական ռեժիմին պատկանող բոլոր էներգետիկ, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ջրի աղազրկման օբյեկտները տարածաշրջանում»:
Այսպիսով, պատերազմը Մերձավոր Արեւելքում կարող է էսկալացիայի նոր փուլ մտնել, որտեղ արդեն «կարմիր գծեր» եւ հարձակման ոչ ենթակա օբյեկտներ, ենթակառույցներ չեն մնում: Իսկ դա նշանակում է, որ Պարսից ծոցի գործնականում ամբողջ էներգետիկ ենթահամակարգը կարող է զրոյացվել շատ երկար ժամանակով, անգամ եթե պատերազմն արագորեն ավարտվի: Դա էլ ենթադրում է էներգակիրների համաշխարհային գերբարձր գների պահպանում շատ երկար ժամանակով` բխող բոլոր հեռանկարներով հանդերձ:
ԻՆՉ ԿՏԱ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՕՊԵՐԱՑԻԱՆ
Ամբողջ հարցն այն է, թե «էսկալացիայի նոր փուլ» ասվածը ներկա իրավիճակում ի՞նչ է նշանակում:
Թրամփը ներկա պահին մնում է նույն հաշված թվով հնարավոր լուծումների առաջ: Այն է` հասնել ռազմական իրավիճակի արմատական փոփոխության կամ, եթե դա հնարավոր չէ, հեռանալ Իրանից: Որպես կանոն` ԱՄՆ նախագահը շարունակում է երկու տարբերակների մասին էլ խոսել: Կամ` «Տեսեք, թե ինչ օրն են գցում Իրանին», եւ այլընտրանքը` «Մենք հաղթել ենք, երկար չենք մնալու այնտեղ»: Իսկ սա հիմք է ենթադրելու համար, թե նա եւս դեռ չի կարողանում վերջնականապես կողմնորոշվել. երկու տարբերակն էլ նրա համար լի են բազում խնդիրներով:
Գործնականում, պատերազմի շարունակությունը կարող է ունենալ այս տեսքը: Այն, որ ԱՄՆ–ն արդեն սպառել է ողջ ոչ միջուկային զինանոցը, այսինքն, բացի միջուկային զենքից, Իրանի դեմ կիրառել է բոլոր զինատեսակները, հաստատում են հենց ամերիկյան ռազմական փորձագետները: Արդյունքն այն է, որ անգամ Նեթանյահուն է հրապարակավ հայտարարում, որ առանց ցամաքային օպերացիայի գործը գլուխ չի գա:
Դա ի սկզբանե էր ենթադրելի, ու հիմա հարցն այն է, թե ցամաքային օպերացիան Թրամփի բան կտա՞: ԱՄՆ–ն կամաց–կամաց տարածաշրջանում է կետրոնացնում գրոհային ստորաբաժանումները: Քննարկվող թեմաներից մեկն է Հորմուզի նեղուցում առանցքային Հարգ կղզին: Դա, ի դեպ, թվում է ամենահարմար թիրախը, քան ցամաքային Իրան ներխուժումը: Կարո՞ղ է Թրամփը մոտ 10 հազարի չափով գրոհային ուժերով եւ Իսրայելի ցամաքային զորքերի աջակցությամբ լուծել այդ խնդիրը, այդ դեպքում պատերազմում կլինի բեկումնային փոփոխություն: Միայն թե դա հասկանում է նաեւ Իրանը: Ընդ որում, տարբեր աղբյուրներ հայտնում են այն խորը ընկճվածության մասին, որը կա ամերիկյան այդ նույն ցամաքային զորքերի մոտ: Այն իմաստով, որ օպերացիան ընկալվում է որպես «Իսրայելի համար մեռնելու» շատ մեծ հնարավորություն, ինչը, սակայն, հազիվ թե ամերիկյան այդ զինվորներին առանձնապես ոգեւորի: Առավել եւս, որ նրանք նաեւ հասկանում են, որ գործ են ունենալու իրանական միանգամայն մոտիվացված, լավ պատրաստված եւ զինված, շատ ավելի մեծաքանակ զորքերի դեմ: Ընդ որում, եթե ամերիկա–իսրայելական ցամաքային ուժերը սովոր են պատերազմի այն մեխանիզմին, որ նախ օդից ջնջվում են հակառակորդի դիմադրության բոլոր հնարավորությունները, որից հետո ցամաքային զորքերը «պիցցա ուտելով» մտնում եւ գրավում են տարածքը, ապա այս դեպքում դա չի լինելու: Իրանն անգամ ամերիկյան ավիացիայի հպարտություն հանդիսացող F–35 անտեսանելի կործանիչ կարողացավ տեսնել եւ խոցել, եւ օդից տոտալ ոչնչացման մասին այս դեպքում խոսք չի կարող լինել: Գումարած, իրանական բանակը շատ լավ է տիրապետում ժամանակակից «դրոնային պատերազմին», ի տարբերություն ամերիկացիների: Կարճ ասած, «պիցցա ուտելով», հարձակում այս դեպքում չի լինելու, իսկ կորուստների մեծ թվերը Թրամփի համար հերթական ծանր հարվածը կդառնան: Այնպես որ, ցամաքային օպերացիայի ռիսկը մնում է շատ բարձր, հավանականությունը` ընդհակառակը:
Կկարողանա՞ ԱՄՆ–ն, որպես «մսացու», օգտագործել արաբներին: Սաուդյան Արաբիան արդեն խզել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ կարող է պատերազմի մեջ մտել: Միայն թե, ինչպես օրերս խոսվեց, երկրի, այսպես ասենք, ավելի կրոնապաշտական թեւն այդ դեպքում կարող է ապստամբել:
ԻՆՉ ԿՏԱ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Հաջորդ տարբերակը, ըստ Թրամփի վերջնագրի, իրանական էներգետիկ համակարգի վրա հարձակումն է: Սակայն շատ լուրջ է նաեւ Իրանի պատասխանի սպառնալիքը: Համեմատության համար. Իսրայելը հարվածեց իրանական միջուկային օբյեկտին եւ ստացավ պատասխան հարված իսրայելյան հիմնական` Դիմոնայի միջուկային կենտրոնին, ինչքան էլ որ դա ամենամեծ պաշտպանվածությունն ունեցող օբյեկտներից է: Այսինքն, իրանական էներգահամակարգին (նաեւ նավթագազային) հարվածները կբերեն պատասխանի ողջ տարածաշրջանով մեկ: Ու փաստը, որ վերջին օրերին Իրանը մեկը մյուսից ցավոտ հարվածներ է սկսել հասցնել, եւ իսրայելական «Երկաթե գմբեթը» եւ պաշտպանական այլ համակարգերը ոչինչ չեն կարողանում անել, հուշում է, որ տարածաշրջանի էներգահամակարգերի խոցումները եւս կլինեն միանգամայն էֆեկտիվ: Այն դեպքում, երբ իսրայելական փորձագետներն են հաստատում, որ բավական է նույնիսկ երեք օր Իսրայելն էլեկտրաէներգիայի խնդիրներ ունենա, որ կորցնի ֆունկցիոնալությունը. կախվածությունը շատ մեծ է:
Կարճ ասած, սովորական ռազմական միջոցներով արդյունքի հասնելու ԱՄՆ–ի հնարավորությունները մնում են ցածր հավանականության մակարդակի վրա: Դիվանագիտությամբ հարց լուծելու տարբերակը եւս այս պահին գործնականում բացակայում է: Պատճառն այն չէ, որ Իրանը հրաժարվում է բանակցելուց` ներկայացնելով իր պահանջները: Շատ ավելի լուրջ է Թրամփի խոստովանությունը, որ պարզապես չգիտեն, թե ում հետ են բանակցելու. նրանց, ում գիտեին, սպանված են: Դա հրապարակավ խոստովանեց նաեւ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսին. «Իրանի ղեկավարության ներսում որոշումներ կայացնողների կայացման գործընթացը մնում է անհասկանալի»:
Ընդ որում, դա շատ ավելի ցայտուն դարձավ Լարիջանիի սպանությունից հետո: Նա, իհարկե, որոշումներ կայացնողներից էր, ում հետ հնարավոր էր խոսել: Բայց հիմա, կա փոխարինող, որի անունն անգամ չի ներկայացվում. Իրանը իր որոշում կայացնողներին հարվածներից զերծ պահելու լավ միջոց է գտել. հայտնի չեն անունները, հակառակորդը չգիտի, թե ում պետք է լիկվիդացնի: Ընդ որում, ակնհայտորեն նոր լիդերները շատ ավելի կոշտ են տրամադրված. Լարիջանիի սպանությունից հետո է, որ իրանական հարվածները կտրուկ սրվեցին` ընդամենը մեկ օրում Իսրայելին դնելով բացահայտորեն ցնցված վիճակում: Այն կարգի, որ անգամ Նեթանյահուն էր ստիպված բողոքել ՆԱՏՕ–ից օգնության բացակայությունից: Ու թե այս իրավիճակում ինչ է մնում Թրամփին, արդեն դժվար է անգամ պատկերացնել: Խոսում է ինչ–որ բանակցություններից, որոնց Իրանը հետեւողականորեն հերքում է Արախչիի մակարդակով: Թրամփն էլ, թե չէ, բանակցում ենք, դուք չգիտեք: Մնում է հավատալ Բրիտանացի քաղաքական գործիչ եւ լրագրող Ջորջ Գալոուեյի խոսքին, որ իրանական պատերազմի պատճառով ԱՄՆ նախագահը նյարդային խանգարման եզրին:

