Ինչ պետք է աներ լքված եւ դավաճանված բոլորի կողմից, սոված ու վիրավոր, առանց դրսի օգնության, ուժերի բազմապատիկ անհավասարության պայմաններում արցախցին. Բորիս Առուշանյան
Փաշինյանը արցախցիներին մեղադրեց «փախնելու» մեջ։ Տնավեր դարձած մեր հայրենակիցներին մատնանշելով, որ արցախցիները վեշերը կապած կանգնել էին հրապարակում ու խնդրում էին ճանապարհները բացեն, որ փախնեն Հայաստան։ Արցախցի հասարակական գործիչ Բորիս Առուշանյանը մեկն է այն հազարավոր արցախցիներից, ով սեփական մաշկի վրա է զգացել այդ օրերի սարսափը։ «Իրավունքի հետ զրույցում պարոն Առուշանյանը նկատում է.
- Դժվար է մեկ- երկու նախադասությամբ պատասխանել այդ խոսքերին։ Կարծեմ հետո զգալով, որ չափը անցել է՝ սկսել է հերքել եւ ,անգամ, ներողություն խնդրել։ Բայց այդ բարկացած պահին նա ցույց է տվել իր իրական վերաբերմունքը, ես կասեի ատելությունը, արցախցիների հանդեպ։ Արցախում մի ասացվածք կա «գդալը, որ ընկնում է չի կոտրվում, բայց զնգում է»։ Մենք այդ զնգոցը նորից լսեցինք։ Ինչ մնում է փախչելուն, ապա դրա մասին բազմիցս ասվել եւ գրվել է, չեմ կրկնի։ Դա փորձ է սեփական մեղքը բարդել արցախցիների վրա։ Սկսած 44 օրյա պատերազմի առաջին ժամերից, մինչեւ 2023 թ սեպտեմբերը թուրքական կոալիցիան մի կողմից, ՌԴ եւ ՀՀ ղեկավարությունը մյուս կողմից այնպիսի պայմաններում էին դրել արցախցիներին, որ ուրիշ ելք չէր մնում։ Սկզբում խախտվել էր պատերազմի այբուբենը, թողնելով Արցախի օդը անպաշտպան, չհասցնելով հարվածներ թշնամու ռազմավարական օբյեկտներին, ճիշտ չկառավարելով պատերազմը եւ գնալով խայտառակ զինադադարի այն դեպքում, երբ ՀՀ բանակը դեռ ամբողջ թափով չէր մտնել պատերազմի մեջ, իսկ Արցախում միայն հարավային ուղղությամբ էնք կրել անհաջողություն։ Ես չեմ թվարկի բոլոր սխալները եւ տարօրինակ որոշումները, միջազգային իրավունքի եւ ՀՀ օրենքների խախտումները, Արցախի շրջափակումը եւ արցախցիների ծայրահեղ ծանր վիճակը եւ, վերջապես Փաշինյանի 2023 թ սեպտեմբերյան վերջին ագրեսիայի ժամանակ արած հայտարարությունը, որ ՀՀ չի միջամտելու ռազմական գործողություններին։ Կարո՞ղ է բացատրություն լինի նման իրավիճակում ինչ պետք է աներ արցախցին։ Լքված եւ դավաճանված բոլորի կողմից, սոված ու վիրավոր, առանց դրսի օգնության, ուժերի բազմապատիկ անհավասարության պայմաններում։ Այսքանից հետո Դուք ինքներդ ասացեք ինչ պատասխան տալ նման սադրանքին։ Կարծում եմ այդ հերոսական կինը, հրամանատար Մոսիյանի աղջիկը, շատ կոռեկտ է իրեն պահել։ Մեկ ուրիշը կարող էր ավելի կոշտ արտահայտվել։ Ես չեմ հասկանում Փաշինյանի նման գործելակերպի իմաստը։ Նման կերպ նա կարող է իր կողմը գրավել միայն կիսագրագետ, արցախցիների հանդեպ թույնով լցված մարդկանց, բայց ոչ հայրենասեր, պետականամետ ուժերին։ Նա էլ ավելի է խորացնում ճեղքվածքը հայ ժողովրդի տարբեր հատվածների միջեւ։ Ճիշտ կլինի, որ ընդդիմությունը փաստերով, ապացույցներով հանրությանը ներկայացնի առաջին եւ հետագա պատերազմներում ՀՀ եւ Արցախի բնակչության դերն ու ավանդը, տնտեսական համագործակցության պատկերը, անվտանգային համակարգի նշանակությունը, տարբեր անձանց դերակատարությունը եւ բացթողումները, հետագայի անելիքները, վտանգները եւ մյուս կարեւոր հարցերը, որպեսզի տարբեր սադրիչներ չկարողանան էլ ավելի խորացնել հայության տարբեր հատվածների միջեւ այն անդունդը, որը մեր թշնամիները խորացնում են օրեցօր։

