Անվտանգությունը գիտակցված առաջնահերթություն է, հայրենիքը՝ արժեք, իսկ ապագան՝ պլանավորված նպատակ
Արդյո՞ք մենք՝ որպես հասարակություն, պատրաստ ենք վերջապես հրաժարվել միջազգային «արդարության» դատարկ ակնկալիքից և իրականացնել այն գիտակցական ու արժեհամակարգային վերափոխումը, որն անհրաժեշտ է Հայաստանի պետականությանը «տրված իրականությունից» վերածելու համար ինքնաբավ, համակարգային պլանավորված և ներքին պատասխանատվության վրա հիմնված անխոցելի հայրենիքի, թե՞ շարունակելու ենք մեր անհոգությամբ վտանգել մեր գոյությունը մինչև պատմական հիշողության վերջնական կորուստը։ Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանից.
- Փոքր ազգերի գոյաբանական անվտանգության խնդիրը՝ Հայաստանի և Արցախի փորձի համատեքստում, հիմնական թեզն այն է, որ ազգային անվտանգությունը խաթարվում է ոչ միայն արտաքին սպառնալիքներով, այլև ներքին՝ գիտակցական և արժեհամակարգային թուլություններով։ Այստեղ արծարծվում է «ամրոցի ընկալման» տեսությունը, ըստ որի՝ ռազմավարական տարածքների կորուստը նախ և առաջ պայմանավորված է դրանց արժեքային ընկալման խաթարմամբ։ Հայաստանի ապագան կախված է անվտանգության, արժանապատիվ կենսապայմանների և ազգային արժեքների համակարգային համադրությունից։
Փոքր ազգերի գոյության խնդիրը մշտապես եղել է քաղաքական փիլիսոփայության և միջազգային հարաբերությունների տեսության կենտրոնական հարցերից մեկը։ Պատմությունը ցույց է տալիս, որ նման ազգերը հաճախ հայտնվում են մեծ ուժերի շահերի բախման կիզակետում՝ կորցնելով ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը։ Հայաստանի և հատկապես Արցախի վերջին տասնամյակների փորձը վկայում է, որ գոյաբանական վտանգները պայմանավորված են ոչ միայն արտաքին ուժերի ագրեսիվ քաղաքականությամբ, այլև ներքին համակարգային թերություններով։Այս համատեքստում առաջ է գալիս մի հիմնարար հարց․
արդյո՞ք ազգային անվտանգության ճգնաժամը ավելի շատ արտաքին, թե ներքին բնույթ ունի։
Արցախը կարելի է դիտարկել որպես ոչ միայն ռազմավարական տարածք, այլև որպես հոգեբանական և քաղաքակրթական «ամրոց»։ «Ամրոցի ընկալման» տեսությունը ենթադրում է, որ որևէ տարածքի պաշտպանունակությունը կախված է ոչ միայն ռազմական ռեսուրսներից, այլև դրա նկատմամբ ձևավորված արժեքային վերաբերմունքից։Երբ տարածքը ընկալվում է որպես անփոխարինելի գոյաբանական հենարան՝ձևավորվում է համազգային մոբիլիզացիա,ուժեղանում է դիմադրողականությունը,նվազում է ներքին պառակտումը։Հակառակ դեպքում՝
երբ այն դիտարկվում է որպես «տրված իրականություն», առաջանում է ինքնաբավության պատրանք, որը հանգեցնում է զգոնության կորստի։Արցախի պարագայում այս երկրորդ մոտեցումն աստիճանաբար գերակշռեց, ինչն էլ թուլացրեց համակարգային դիմադրությունը։
Հայ ժողովրդի պատմական փորձը ցույց է տալիս արտաքին ուժերի նկատմամբ վստահության պարբերական վերարտադրություն։Ցավոք այսօր էլ շարունակվում է։Դարերի ընթացքում մեր ազգի դեֆեկտիվ կողմը չի կարգավորվում։ Հայկական փորձը կարելի է բնութագրել որպես այս սխալի պարբերական կրկնություն, ինչը վկայում է ոչ թե պատահականության, այլ համակարգային մտածողության խնդրի մասին։ Այս երևույթը կարելի է սահմանել որպես «արդարության արտաքին դելեգացիա», երբ ազգը իր անվտանգության ապահովումը ենթագիտակցաբար փոխանցում է միջազգային համակարգին։Սակայն միջազգային հարաբերությունների իրականությունը կառուցված է ոչ թե արդարության, այլ ուժի և շահերի հավասարակշռության վրա։
Այս պայմաններում արտաքին արդարության ակնկալիքը դառնում է ռազմավարական խոցելիություն։Կոսմոլոգիական պարադոքս չէ չգիտենալու համար, որ ազգային անվտանգությունը բազմաշերտ համակարգ է, որտեղ ներքին գործոնները հաճախ որոշիչ են արտաքին սպառնալիքների նկատմամբ դիմադրության ձևավորման հարցում։Պետությունը պետք է կարողանա կանխատեսել և չեզոքացնել սպառնալիքները՝ առանց արտաքին կախվածության։Դրա հետ մեկտեղ Ժողովրդագրական պոտենցիալի կորուստը ուղղակիորեն թուլացնում է պետության դիմադրողականությունը։Իսկ ահա ազգային արժեքների թուլացումը բերում է հայրենիքի նկատմամբ պատասխանատվության նվազման։
Հայրենիքը դադարում է լինել ներքին պարտավորություն և վերածվում է արտաքին իրականության։Արցախի կորուստը պետք է դիտարկել ոչ թե որպես ավարտված իրադարձություն, այլ որպես նախազգուշացում Հայաստանի համար։ Եթե նույն մտածողության մոդելները պահպանվեն, ապա վտանգը կարող է տարածվել արդեն պետականության հիմքերի վրա։Հայաստանի առջև կանգնած է հետևյալ ընտրությունը՝շարունակել ապավինել արտաքին ուժերին,կամ ձևավորել ինքնաբավ և պատասխանատու ազգային համակարգ։Առաջին տարբերակը ենթադրում է կախվածության խորացում,
երկրորդը՝ երկարաժամկետ կայունություն, սակայն պահանջում է գիտակցական վերափոխում։
Արցախի կորուստը չի կարող բացատրվել միայն արտաքին գործոններով։ Այն նաև ներքին գիտակցական և արժեհամակարգային ճգնաժամի հետևանք է։Հիմնական եզրահանգումն այն է, որ՝
ազգային գոյությունը չի պահպանվում արտաքին արդարությամբ,
այլ պահպանվում է ներքին պատասխանատվությամբ և համակարգային կազմակերպվածությամբ։Հայաստանի ապագան կախված է նրանից, թե արդյոք կկարողանա ձևավորել այնպիսի հասարակություն, որտեղ՝անվտանգությունը գիտակցված առաջնահերթություն է,հայրենիքը՝ արժեք,իսկ ապագան՝ պլանավորված նպատակ։Միայն այս դեպքում հնարավոր կլինի ապահովել ոչ միայն պետության շարունակականությունը, այլև նրա պատմական հիշողության փոխանցումը հաջորդ սերունդներին։

