Նիկոլը նորից փափուկ բա՞րձ է ուզում դնել Մոսկվայի գլխի տակ
Վերլուծություն3003ARTAQIN+
ՆԻԿՈԼԸ ՆՈՐԻՑ ՓԱՓՈՒԿ ԲԱ՞ՐՁ Է ՈՒԶՈՒՄ ԴՆԵԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԳԼԽԻ ՏԱԿ
Նիկոլի վերջին քարոզչական շրջագայություններից մեկի ժամանակ ուշագրավ դեպք տեղի ունեցավ: Մի տատիկ մոտենալով, դիմեց նրան, թե ինչ կլինի, Ռուսաստանի հետ հարաբերությունները մի վատացրա: Նիկոլն էլ, թե` այ տատիկ, բա էս ի՞նչ ես ասում, մեր բարեկամ Ռուսաստանն է, ես ո՞նց հարաբերությունները վատացնեմ, էս է` գնալու եմ: Համ էլ պապս է էնտեղ կռվել:
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՊԱՊԻՆ ՀԻՇԵՑ
Իհարկե, սա կարելի է համարել հերթական «լոլո» կարդալը: Ինչ–ինչ, սակայն Ռուսաստանի հետ փաշինյանական «բարեկամության» փաստերի պակաս չկա: Միայն թե, չգիտես ինչու, այս ամենը թատերական ներկայացման տեսք էր թողնում: Այն տպավորությունն է, թե Նիկոլն ուզում էր օրակարգ նետել «էս է, գնալու եմ Ռուսաստան» միտքը, ու դա արեց նման «լոլո»–ական տարբերակով` ոչ շատ լուրջ, բայց մեկ է, ֆիքսելով իր ուզածը:
Ընդ որում, ներկա իրավիճակը հուշում է, որ Փաշինյանը Մոսկվա գնալու` գնալով սրվող անհրաժեշտություն ունի: Դա մատնանշող գործոններից կարելի է առանձնացնել ինչպես իրանական պատերազմը, այնպես էլ այդ ֆոնին տարածաշրջանում ձեւավորվող իրավիճակը: Մի կողմից փաստը, որ Նիկոլն ընկած դռնեդուռ, ամենուր բաժանում է իբր Հայաստանը պատկերող ինչ–որ ծաղրանկար եւ, քարոզը բացահայտ հիմնելով` «եթե ես չլինեմ, պատերազմ է լինելու» գաղափարի վրա, գալիս է հուշելու, որ նա առաջիկա ընտրություններում համառորեն ուզում է հասնել թուրք–ազերիական տանդեմի աջակցությանը: Բայց այդ աջակցությունը գործնական ի՞նչ տեսք կարող է ունենալ եւ որքանո՞վ էֆեկտիվ կլինի, այստեղ հարցեր կան: Մինչ այս առավելագույնը, որ հայտարարել է Ալիեւը, այն է, որ եթե այսօր ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ապա վեց ամսից կարող է չճանաչել: Իհարկե, սա եւս մեկ անգամ է հիմնավորում, թե իրականում ինչ «անկախ Հայաստան» է կառուցել Նիկոլը, բայց դա մի կողմ: Նկատի ունենք, որ Ալիեւի ասածն ամենեւին էլ չի նշանակում, որ եթե Նիկոլը չեղավ, պատերազմն անխուսափելի է: Նա ավելի շատ ակնարկում է այս մասին` տեսնենք, թե ով կընտրվի, ինչ քաղաքականություն կվարի, որն էլ կորոշի Հայաստանի` ճանաչել–չճանաչելու հարցը:
Սրանով հանդերձ, Ալիեւը, իհարկե, շատ լավ է հասկանում, որ ընդհանրական տարածաշրջանային ներկայիս իրողությունները միանշանակ իրենց ճշգրտումներն են մտցնելու նաեւ հայ–ադրբեջանական հարաբերություններում: Այսինքն, եթե ներկա պահին, օրինակ, Թուրքիան հայտ է ներկայացնում, թե` «ուզում ենք մասնակցել «Զանգեզուրի միջանցքի» շինարարությանը», ապա իրանական պատերազմի վերջնարդյունքում է, որ լիովին հստակ կդառնա, թե Անկարայի այդ նկրտումները որքանո՞վ են իրատեսական: Մասնավորապես, Իրանի հաղթանակի դեպքում, հաշվի առնելով Թեհրանի բազում հայտարարությունները, մեծ հարցականի տակ է հայտնվում ինչպես «Զանգեզուրի միջանցքի», այնպես էլ դրա փաթեթավորված տարբերակի` «Թրամփի ուղու» սցենարը: Առավել եւս, հաշվի առնելով, օրինակ, այս օրերին արեւմտյան աղբյուրների կողմից համառորեն քարոզվող, ավելին` իրանական աղբյուրների կողմից կրկնվող գաղափարը, թե Ռուսաստանի օգնությունն Իրանին ներկա պահին միայն ավելանում է: «Ռուսաստանը զգալիորեն մեծացրել է Իրանին տրամադրվող արբանյակային հետախուզական աջակցությունը՝ հարվածների թիրախներն ավելի արագ հայտնաբերելու եւ փոխանցելու համար։ Նաեւ հաղորդվում է, որ Ուկրաինայում պատերազմի ժամանակ ձեռքբերված անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիան փոխանցվել է Իրանին»,– The Wall Street Journal-ին է մեջբերում իրանական աղբյուրը` իր կողմից մանրամասնելով. «Սա այն փոփոխությունների միայն մի փոքր մասն է, որոնք շուտով կամրապնդեն Իրանի դիրքերը որպես տարածաշրջանային գերիշխող»: Հասկանալի է, պատերազմում հաղթելու դեպքում Իրանը կհավակնի «տարածաշրջանային հեգեմոնի» դերին: Կհաղթի՞, պատերազմ ասվածն անորոշ բան է, պետք է ավարտին սպասել: Սակայն ներկա դինամիկան, ինչ խոսք, Իրանի օգտին է (որին դեռ կհասնենք), այդ թվում, որ հիշատակված աղբյուրների պնդմամբ, զարգանում է նաեւ ռուս–իրանական ռազմական հարաբերությունների դինամիկան եւս: Իսկ դա ենթադրում է հարավկովկասյան տարածաշրջանում կայուն դիրքերի պահանջ, որն էլ ենթադրում է «Զանգեզուրի միջանցքի կամ «Թրամփի ուղու» սցենարին ծանր հարված:
ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ԲՐԻՏԱՆԻԱՆ
Առավել եւս, Ալիեւին պետք է որ մտահոգի նաեւ Բրիտանիայից հնչեցված ահազանգը, որ Արեւմուտքը կորցնում է Վրաստանը: Ըստ Բրիտանիայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցի. «Հանձնաժողովը խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության շարունակական վատթարացմամբ, որը, ներկայիս զարգացումների պայմաններում, կհանգեցնի Ռուսաստանի ազդեցության արմատացմանը` Բելառուսի նման»: Երբ ասվածից «ժողովրդավարություն» եւ նման մյուս ստանդարտ դերասանությունը մի կողմ ենք թողնում, ստացվում է նման պատկեր` Բրիտանիայում ռեալ են համարում, որ Ռուսաստանը կվերականգնի երբեմնի աշխարհաքաղաքական դիրքերը Վրաստանում:
Իհարկե, նման ենթադրությունները մերկապարանոց չեն: Փաստը սա է. Թբիլիսին ցանկություն անգամ չունի ԵՄ–ի հետ երբեմնի հարաբերությունները վերականգնել: ԱՄՆ–ի հետ համագործակցության որոշ ակնարկներ եղան, սակայն Թրամփն այդպես էլ այսքան ժամանակ որեւէ ռեալ հետաքրքրություն Վրաստանի հանդեպ չի ցուցաբերել: Իսկ ահա Ռուսաստանի հետ հարաբերություններում անգամ բեկումնային դետալներ նկատվեցին: Օրինակ, Վրաստանում նավթավերամշակման գործարանի կառուցումը Թբիլիսիի համար ներկա իրավիճակում իսկական «դրախտային իրավիճակ» է ստեղծում: Պատկերացրեք, աշխարհով մեկ եւ, առաջին հերթին, Մերձավոր Արեւելքում նավթագազային համակարգերը ոչնչացման ուղին են բռնել: Իսկ ահա Վրաստանը կարող է առանց խոչընդոտի նավթ ստանալ, վերամշակել եւ բազմապատկված գներով շուկա հանել: Նույնը մեկ այլ գլոբալ խնդիր դարձած պարարտանյութերի հարցով, եւ այդպես շարունակ:
Իսկ եթե Ռուսաստանը սկսի ամրանալ Վրաստանում, դրան էլ գումարած Գյումրու ռազմաբազան, որը գոնե մինչեւ «գլոբալ ջրերի հանդարտումը» Նիկոլը ոչ մի դեպքում հանել չի կարող, ապա Մոսկվայի համար դա ոչ միայն կնշանակի Ռուսաստան–Վրաստան–Հայաստան–Իրան գծի պահպանում, այլ որ Ալիեւի համար լրջագույն խնդիր է, Ադրբեջանը կմնա այդ գծի այն կողմում: Իսկ ներկայիս խառը իրավիճակում, թեեւ Զանգեզուրում ճեղքման գնալը հրապուրիչ է, բայց նաեւ` շատ վտանգավոր. Իրանն ու Ռուսաստանը հազիվ թե հանդուրժեն իրենց միջեւ նման «պատնեշի» ստեղծման փորձը: Առավել եւս, երբ, կրկնենք, պատերազմում մի այնպիսի դինամիկա է, երբ Իրանը գոնե այս պահին հաստատ պարտվող կողմը չէ: Իսկ Թուրքիայի համար Իրանի պարտությունը հազիվ թե ձեռնտու լինի:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Ահա այս ընդհանրական ֆոնն է, որ որոշակի տրամաբանություն կա Նիկոլի շրջանառության մեջ դրված մտքում, թե ռուսներին շատ է սիրում եւ անհամբեր սպասում է Մոսկվա գնալուն: Բայց սրանով հանդերձ ասել, թե նա փոխել է իր «արեւմտամոլական էությունը», սխալ կլիներ: Թեկուզեւ հաշվի առնելով այն կոմպրոմատների մեծ քանակությունը, որը նա, հնարավոր է, որ «գրավի» տեսքով թողել է, ենթադրենք, բրիտանական հատուկ ծառայությունների մոտ: Պարզապես հիմա իրավիճակն այլ է, պետք է ռուսներին եւս մեկ անգամ փորձել համոզել, թե բա այդ ի՞նչ եք ասում, պապս այդտեղ է կռվել: Մոսկվայի գլխի տակ փափուկ բարձ դնելու պես մի բան, մինչեւ ավելի կանխատեսելի կդառնա իրանական պատերազմի հետագա ընթացքը:

