Հայաստան. ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի դեմ հղի է երկարաժամկետ հետևանքներով

Վերլուծություն

Անդրեյ Արեշև

Մարտի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ակտիվորեն պատրաստվում է հունիսյան խորհրդարանական ընտրություններին, ծանուցեց իր «Վարչաբենդ» երաժշտական ​​խմբի հերթական համերգի մասին: «Շուտով: Շատ շուտով», գրեց կառավարության ղեկավարը սոցիալական ցանցերում կարճ տեսանյութի տակ, որտեղ նա ոգևորված թմբուկներ է զարկում, իսկ երեխաները գլխիվայր բրեյքդանս են պարում:

Առանձնակի գաղտնիք չէ, որ երաժշտությամբ Փաշինյանի հանկարծակի հետաքրքրությունը «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ռազմավարության մի մասն է, ինչպես և կուսակցական ակտիվիստների հետ քաղաքից դուրս նրա զբոսանքները կամ տեսախցիկի առաջ կարկանդակ ու եգիպտացորեն ուտելը և այլ նման կարգի ներկայացումներ։

Այս ռազմավարության մեկ այլ մասն է ակտիվ արտաքին քաղաքական գործունեությունը կամ դրա դրսևորումը, որն ակնառու ցույց է տալիս, որ «Վարչաբենդի» թմբկահարը համակերպվող է և բաց է համագործակցության համար բոլոր նրանց հետ, ովքեր դա ցանկանում են։ Եվ ամեն ինչ լավ կլիներ, եթե Հայաստանը մնար անձեռնմխելի հանգրվան Կովկասում, որտեղ առանձնապես ոչինչ տեղի չի ունենում, իսկ պարապ լրագրողները ստիպված են տեղեկատվական առիթներ հորինել, որպեսզի գրելու բան լինի։

Սակայն քաջ հայտնի է, որ սա հեռու է իրականությունից։ Իսրայելի ու ԱՄՆ-ի հարձակումը Իրանի վրա, որը հանդիպեց վերջինիս դաժան դիմադրությանը՝ չնայած ուժերի ակնհայտ անհավասարությանը և ծանրագույն կորուստներին, կովկասյան պետությունների առաջ բավական լուրջ մարտահրավերներ է դնում և ծանրակշիռ ռիսկեր առաջ բերում։ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են հետաձգել «Թրամփի ճանապարհ» նախագիծը, ասել է Փաշինյանը հերթական ճեպազրույցի ժամանակ՝ խոստովանելով, որ ներկա պահին Սպիտակ տանը դա առնվազն առաջնահերթություն չեն համարում։ Միևնույն ժամանակ Երևանը «ոչ մտադրություններ, ոչ էլ պատճառներ» ունի հետաձգելու “TRIPP” նախագծի իրականացումը, ես հայտարարում եմ դա պաշտոնապես»։ Հայաստանի տնտեսության վրա մերձավորարևելյան ճգնաժամի հնարավոր ազդեցության առնչությամբ «Վարչաբենդ» խմբի թմբկահարը խոստանում է «միջոցառումներ ձեռնարկել» բարձր գնաճի սպառնալիք առաջանալու դեպքում։ Սակայն լիովին պարզ չէ, թե ինչ միջոցառումներ կարող են իրականացվել, հատկապես «եվրաինտեգրման» ռելսերի վրա, մանավանդ որ խոսքը շատ ավելի լուրջ խնդիրների մասին է։ 2025 թվականի տվյալներով՝ Հայաստանը Իրան է արտահանել 88 միլիոն դոլարի ապրանքներ, այն դեպքում, երբ ներմուծումը կազմել է 680 միլիոն դոլարի։ 2024 թվականի համեմատությամբ Հայաստանից Իրան արտահանումը նվազել է 18.3 %-ով, իսկ ներմուծումը (վառելիք, մետաղներ, ցեմենտ, սնունդ և այլն) աճել է 8.1 %-ով։ Հայաստանի տարանցիկ փոխադրումների մինչև մեկ քառորդը Իրանին է բաժին ընկնում։

Մարտի 9-ին Փաշինյանն անցկացրեց Անվտանգության խորհրդի նիստ, որին հաջորդեց բավական գործարարական (օպերատիվ) ուղերձ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին, որն ընտրվել էր փոխարինելու ահաբեկչական հարվածի հետևանքով զոհված (իր ընտանիքի անդամների մեծ մասի հետ միասին) Ալի Խամենեիին. «Համոզված եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը հետագայում ևս կզարգանան՝ հասնելով նոր հաջողությունների»։ Իսկ երկու օր անց արդեն Եվրախորհրդարանի ամբիոնից վարչապետը խոր ափսոսանք հայտնեց մերձավորարևելյան ճգնաժամի կապակցությամբ՝ ընդգծելով Իրանի հետ բազմադարյան բարեկամությունը, բայց անմիջապես գլուխը խոնարհեց ԱՄՆ-ի և Պարսից ծոցի երկրների ուղղությամբ՝ դիվանագիտական ​​լուծումների կոչ անելով միջազգային հանրությանը։

Արդյոք հավասարակշռությունը պահպանելու և ոչ մեկի հետ հակամարտության մեջ չմտնելու Երևանի ակնհայտ ձգտումը չի՞ հանգեցնի դիվանագիտական ​​մեկուսացման: Այս հարցն է տալիս մի հայկական հրատարակություն՝ ենթադրելով, որ չմիջամտելու քաղաքականությունը տվյալ իրավիճակում արդարացված է. որևէ մեկի կողմը բռնելը կարելի է միայն ազդեցության իրական լծակների առկայության դեպքում: Հայաստանի կողմից ցանկացած հակաիրանական կամ հակաամերիկյան դիվանագիտական ելույթ (դեմարշ) որևէ կերպ չի ազդի մերձավորարևելյան դրամայի վրա: Ընդհակառակը, հակամարտության մեջ մտնելով՝ հայկական կողմը ոչ մի առավելություն չի ունենա և միայն չարդարացված ռիսկերի կենթարկի իրեն: Հենց այդ պատճառով հեռավորության պահպանումը այս փուլում թվում է հավասարակշռված և միակ ճիշտ լուծումը:  

Իրանի դեմ պատերազմը ոչ միայն անվտանգության ռիսկեր է ստեղծում, այլև կարող է հանգեցնել լուրջ տնտեսական ծախսերի՝ ներառելով գնաճը, տրանսպորտային ծախսերի մեծացումը, կապիտալի արտահոսքի ռիսկերը և մատակարարման շղթայի խափանումները: Ինչպես նշում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի (ИКСА РАН – Институт Китая и современной Азии Российской академии наук) Կովկասի ուսումնասիրության բաժնի առաջատար գիտաշխատող Վահե Դավթյանը, նավթի և գազի ենթակառուցվածքների  վրա հարվածները նախադրյալներ են ստեղծում Իրանից գազի արտահանման կրճատման, ընդհուպ ժամանակավոր դադարեցման համար: Համապատասխանաբար սպառնալիքի տակ կարող է հայտնվել 2007 թվականից գործող Իրան-Հայաստան գազատարի աշխատանքը, որով տարեկան մուտք է գործում մոտավորապես 300-350 միլիոն խորանարդ մետր գազ՝ համեմատած ընդհանուր ներքին սպառման ավելի քան 2 միլիարդ խորանարդ մետրի հետ։ Թվում էր՝ պոտենցիալ կորուստները այնքան էլ զգալի չեն, առավել ևս, որ կապույտ վառելիքի հիմնական մասը գալիս է Ռուսաստանից՝ 1000 խորանարդ մետրի համար 165 ԱՄՆ դոլար ֆիքսված գնով (էականորեն ցածր շուկայական գնացուցակից): Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ներկայիս փոխանակման սխեմաները, իրանական գազի մատակարարումների ծավալների կրճատումը ավտոմատ կերպով կհանգեցնի Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման կրճատմանը, որը որոշ տարիներ հասել է մոտավորապես 1 միլիարդ կՎտ/ժ-ի:

Անշուշտ, Իրանում էներգետիկ ճգնաժամը կհետաձգի Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկական միջանցքի նախագծի իրականացումը։ Մասնավորապես, հարցականի տակ է հայտնվում Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի գործարկումը, որը կոչված է եռապատկելու հարավային հարևանին էլեկտրաէներգիայի մատակարարումը (մինչև 1200 ՄՎտ)։ Միջանցքի լիարժեք գործելու համար պահանջվում է էներգետիկ համակարգերի կայուն համաժամանակացում (սինխրոնիզացիա) և փոխադարձ հոսքեր, ինչի մասին պատերազմական պայմաններում հնարավոր չէ խոսել։ Բացի դրանից, Իրանի և Հայաստանի միջև գործող էլեկտրահաղորդման գծերի (ЛЭП) ենթադրական խափանումը օրակարգում կդնի տարածաշրջանային էներգետիկ ինտեգրման այլընտրանքային տարբերակներ, ամենից առաջ՝ «Արևելք-Արևմուտք» գծի երկայնքով։ Գործնականում սա նշանակում է Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի կապակցում, ինչի մասին հայտարարվեց Երևանում Դոնալդ Թրամփի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի կողմից 2025 թվականի օգոստոսին այսպես կոչված «Վաշինգտոնյան հռչակագրի» ստորագրումից հետո։

Հայտնի է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները առանձնակի մտահոգություն առաջացրին Թեհրանում, և բոլորովին էլ պատահական չէր, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ. Դ. Վենսի Երևան կատարած այցից հետո, որի մասին պատմել ենք թերթի նախորդ համարում, Թեհրան մեկնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ քննարկելով երկկողմ համագործակցության հարցերը Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: Ի դեպ, Պապիկյանը Իրան այցելած վերջին արտասահմանյան այցելուն եղավ ագրեսիայի սկսվելուց առաջ...

Մարտի առաջին օրերից Ագարակի հսկիչ անցակետում սահմանը սկսել են հատել տարհանված օտարերկրյա քաղաքացիներ, մասամբ հայեր՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ։ Առայժմ իրավիճակը ընդհանուր առմամբ վերահսկվում է, սակայն չի բացառվում նրա սրվելը, եթե զինված հակամարտությունը երկարաձգվի, և կենտրոնական իշխանությունն ու համապետական կառույցները թուլացնեն վերահսկողությունը սահմանամերձ շրջանների նկատմամբ, այդ թվում՝ թուրքերով, քրդերով և այլ էթնիկ ու կրոնական փոքրամասնություններով բնակեցված շրջանների նկատմամբ։ Մաքսատունը նկատում է բեռնափոխադրումների անկում, իսկ փոխադրողները հայտնում են Հայաստանի համար նախատեսված բեռներով նավերի պարապուրդների մասին Բանդար Աբբաս նավահանգստում, որը, ինչպես և Իրանի բոլոր հարավային ափերը, ենթարկվում է հրթիռակոծությունների ու ռմբակոծությունների։

Դեռևս փետրվարի 28-ին Երևանի “Armenian Food Bank” բարեգործական հիմնադրամը (հայկական սննդի բանկ) սկսեց մարդասիրական օգնություն հավաքել Իրանից եկած փախստականների համար: Լուրեր են տարածվում զգալի քանակով տեղահանվածների, այդ թվում Հայաստանը որպես տարանցիկ երթուղի օգտագործողների հնարավոր գալստյան մասին: Հայտնվեցին որոշ շրջանակներ, որոնք պնդում են, որ Ադրբեջանի և Իրանի միջև հնարավոր ռազմական գործողության ծավալման դեպքում Հայաստանը, չգիտես ինչու, պետք է Ադրբեջանին հումանիտար միջանցք տրամադրի դեպի Նախիջևան:

Որոշ դիտորդների կարծիքով՝ Իլհամ Ալիևի կառավարությունը իրանական իրադարձությունների աղմուկի տակ կարող է փորձել լուծել իր խնդիրները Սյունիքում և հասնել Սևանա լճի արևելյան ափերը։ 2020 թվականին ԱՄՆ-ը և Եվրամիությունը «թույլ տվեցին, իսկ Իսրայելը օգնեց Ալիևին հարձակվել Արցախի Հանրապետության վրա՝ Իրանի վրա հարձակման համար պլացդարմ ձեռք բերելու նպատակով,– ասում է «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման առաջնորդ Հայկ Բաբուխանյանը։– Այդ ժամանակ Ռուսաստանը թույլ չտվեց իրագործել այդ ծրագիրը, բայց շուտով հենց իրեն ներքաշեցին Արևմուտքի հետ պատերազմի մեջ։ Բոլոր այդ նույն ուժերը Փաշինյանին ստիպեցին հրաժարվել Արցախից՝ այդ նույն նպատակով՝ վերջնականապես մաքրազարդել Իրանի դեմ ռազմահենադաշտը։ Բնական է, որ այսօր Փաշինյանը գտնվում է ԱՄՆ-Իսրայել առանցքի ծանր ճնշման տակ՝ Սյունիքը Իրանի դեմ ագրեսիայի համար տրամադրելու առումով և հյուսիս-արևմուտքից նրա վերջնական շրջափակման համար։ Ավելի շուտ, ենթադրվում է ադրբեջանական և ամերիկյան զորքերի մուտքը Սյունիք «Թրամփի ճանապարհը» բացելու անվան տակ, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև Իրանի տարածքով ցամաքային կապը երեկ ընդհատվեց, ընդ որում, Ադրբեջանի նախաձեռնությամբ»։

Այսպիսով, չնայած խաղաղության մասին խոսակցություններին՝ «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը ամենևին արխիվ չի հանձնվել։ Ավելին, մերձավորարևելյան դրամայի արդյունքներին համապատասխան այն կարող է նոր չափումներ ստանալ։ Հայաստանի հարավում և արևելքում թյուրք-մահմեդական խոշոր համայնքի հնարավոր  հայտնվելը լրջորեն կազդի երկրի էթնոժողովրդագրական և սոցիալ-քաղաքական բնապատկերի (լանդշաֆտ) վրա, և այդ ժամանակ թմբուկ նվագելը կամ նույնիսկ Եվրախորհրդարանում ելույթները ակնհայտորեն բավարար չեն լինի...

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում