Իսկ Նիկոլի` եկեղեցի մտնելով՝ անչափահասներին ձերբակալեցին

Վերլուծություն

Հայոց հավատքի պատմության մեջ Հիսուս Քրիստոսի կերպարը մնում է անխաթար մի չափանիշ․նա մանուկներին չէր հեռացնում, չէր լռեցնում, չէր հեռացնում իրենից: Ընդհակառակը՝ ասում էր. «Թողեք մանուկներին գալ ինձ մոտ», գրկում էր նրանց եւ օրհնում։ Այդ պարզ դրվագը դարերով դարձել է իշխանության ու բարոյականության հարաբերության ամենակարճ ու ամենահստակ բանաձեւը։

Ծաղկազարդը Հայ Առաքելական եկեղեցում համարվում է նաեւ մանուկների օրհնության օր, եւ դա ունի շատ հստակ ավետարանական հիմք։ Տոնը կապված է Հիսուսի մուտքի հետ Երուսաղեմ: Հիսուս Քրիստոս մտավ Երուսաղեմ, եւ ժողովուրդը, հատկապես երեխաները, նրան դիմավորեցին՝ ճյուղեր պարզելով եւ ուրախ բացականչություններով։ Ավետարաններում նշվում է, որ մանուկներն էին ամենաանկեղծ ընդունողները. նրանք բարձրաձայն գովաբանում էին Հիսուսին, մինչդեռ մեծահասակներից շատերը կասկածում էին կամ հակադրվում։

Բայց պատմությունը, ինչպես հաճախ է պատահում, սիրում է նաեւ դաժան հակադրություններ։ Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանն, իր ելույթներում ու քաղաքական հռետորաբանության մեջ, փորձել է սեփական կերպարը կառուցել «ժողովրդի առաջնորդի», երբեմն նաեւ՝ գրեթե մեսիական ենթատեքստերով։ Հանրային դիսկուրսում շրջանառվել են նրա խոսքերն ու ակնարկները, որոնք շատերի կողմից ընկալվել են որպես ինքնահամեմատություն քրիստոսյան ճանապարհի հետ՝ զոհաբերություն, հալածանք, «խաչելություն», բայց քաղաքական իմաստով։ Սակայն այս օրերի իրականությունը դժվար է տեղավորել Ավետարանի լեզվի մեջ։

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպը՝ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, որը շարունակում է կրծքին կրել Հայաստանի Հանրապետության հավի բուդ հիշեցնող աղճատված մակետը, վերածվեց լարված բախման քաղաքացիների եւ անվտանգության ծառայության միջեւ։ Տաճարը, որը պետք է լիներ խաղաղության եւ աղոթքի վայր, մի ակնթարթում դարձավ ուժային ցուցադրության հարթակ։ Քաշքշուկ, աղմուկ եւ ձերբակալություններ։

Հատկանշական է, որ այդ ձերբակալվածների թվում էին անչափահաս եղբայրներ, որոնց մասնակցությունը միջադեպին վերածվեց իրավապահ գործողության առարկայի։ Եվ այստեղ արդեն հռետորաբանությունը բախվում է իրականության հետ ամբողջ ուժով։ Հիսուսը մանուկներին իր մոտ էր կանչում, իսկ հիմա հենց Ծաղկազարդի օրը մանուկները հայտնվում են ուժայինների ուշադրության կենտրոնում, բերման ենթարկվում:

Եվ որքան էլ իշխանությունը փորձի սեփական կերպարը փաթեթավորել բարոյական, հոգեւոր կամ պատմական համեմատություններով, նման դրվագները անխուսափելիորեն քանդում են այդ կառուցվածքը։ Սա, այլեւս գահավիժման ընթացք չէ, այլ հատակն է, որից ավելի ներքեւ տեղ չկա, թե չէ էլի կիջներ իշխանական ռեժիմը:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆԸ Ո՛Չ ՏԵՍԵԼ Է, Ո՛Չ` ԼՍԵԼ

Իսկ նախընտրական «բարդակի» հերթական սեզոնը կարելի է համարել բացված: Եթե հավատանք պաշտոնական բացատրություններին, ապա՝ ամեն ինչ օրենքի սահմաններում է։ Բայց իրական պատկերը բոլորովին այլ է. փողը հոսում է գետերի պես, վերահսկողությունը գոլորշիացել է:

Երբեմն տպավորություն է, որ նույն այն մարմինները, որոնք ամիսներ առաջ ընկել էին տարբեր կուսակցությունների հետեւից, այդ թվում` ՍԻՄ-ի եւ կոպեկ-կոպեկ հաշվում էին՝ ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ հիմքով փոխանցեց անգամ 100 հազար դրամ, այսօր հանկարծ ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, թե ինչ է կատարվում։

Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակին նույնիսկ կուսակցության 100 դրամ անդամավճարի ցուցակ էր պահանջում, անուն առ անուն պարզում՝ ով է վճարել, որտեղից, ինչու։ Իսկ հիմա՝ միլիոնավոր դրամներ են ծախսվում նախընտրական պաստառների, գովազդային ելույթների, քարոզչական ավտոբուսների վրա, ու ոչ ոք հարց չի տալիս՝ որտեղի՞ց այդքան գումար, ո՞վ է ֆինանսավորում, ո՞ւմ փողերն են շրջանառվում։

Ավելին՝ հիշեցնենք մի ուշագրավ դրվագ. երբ կոնֆերանսի շրջանակում «Ուժեղ Հայաստան՝ Ռուսաստանի հետ» շարժումը ցանկանում էր պաստառ տեղադրել երեւանյան փողոցներից մեկի վրա, համապատասխան մարմինները մերժել էին՝ պատճառաբանելով, թե քաղաքական պաստառները թույլատրելի են միայն պաշտոնական ընտրական քարոզարշավի ընթացքում։ Այսօր նույն քաղաքում, նույն պատերին, նույն սյուներին պաստառներ են հայտնվում՝ ով ինչքան մեծ կարող է, ու որեւէ արգելք կարծես այլեւս գոյություն չունի։

ՕՐԵՆՔԻ ՏԱՌԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ, ՈԳՈՒՆ՝ ՇՐՋԱՆՑՎԱԾ

Այս համատեքստում ուշագրավ է նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիրքորոշումը։ Երբ լրատվամիջոցներից մեկը հարց է բարձրացրել, որ պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, բայց քաղաքական ակտիվությունը վաղուց դուրս է եկել «ոչ ֆորմալ» փուլից։ ԿԸՀ-ից այս ամենին ի պատասխան՝ նշել են. «Մեր վերահսկողությունը վերաբերում է բացառապես նախընտրական քարոզչության պաշտոնական ժամանակահատվածին, որը համարվում է սահմանափակումների շրջան։ Այդ ընթացքում ուժերը պարտավոր են ներկայացնել ֆինանսական հաշվետվություններ, գործում են որոշակի արգելքներ, այդ թվում՝ քվեարկությանը նախորդող օրվա լռության պահանջը։ Մինչ այդ փուլը ցանկացած քաղաքական գործունեություն դուրս է ԿԸՀ վերահսկողությունից եւ չի կարգավորվում նույն գործիքակազմով»։

Ավելի պարզ ասած՝ մինչեւ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը կարող ես անել գրեթե ամեն ինչ՝ մեծ փողեր ծախսել, «տասովկեք» տեսնել, օգտագործել ռեսուրսներ, իսկ վերահսկող մարմինները պարզապես ձեռքերը լվանում են՝ դա իրենց տիրույթից դուրս հայտարարելով։

Սա հենց այն իրավիճակն է, երբ օրենքի տառը պահպանված է, բայց դրա ոգին՝ վաղուց շրջանցված։ Երբ մի կողմից մանրամասն հաշվետվություն են պահանջում շարքային քաղաքացուց, մյուս կողմից՝ լռում են միլիոնների ծագման հարցում։ Երբ մի ուժի համար պաստառը «արգելված» է, մյուսների համար՝ քաղաքը վերածվել է անվճար գովազդային վահանակի։

Արդյունքում ձեւավորվում է անհավասար մրցակցային դաշտ, որտեղ մեկնարկային գիծը բոլորի համար նույնը չէ։ Եվ ամենակարեւորը՝ հանրության մոտ խորանում է անվստահությունը ոչ միայն ընտրական գործընթացների, այլեւ դրանց վերահսկող կոչված ինստիտուտների նկատմամբ։

Այսպիսով, նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց քաղաքական «շքերթը» վաղուց ընթացքի մեջ է՝ առանց կանոնների, առանց վերահսկողության եւ, ինչպես երեւում է, առանց պատասխանատվության։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում