ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԱՄԻՍԸ
ՎերլուծությունԱյսպիսով, այն իրավիճակը, որը ստեղծվել է իրանական պատերազմի այս մեկ ամսվա ընթացքում, նորից ու նորից է հուշում, որ ստանդարտ ռազմական մեթոդներով ամերիկա–իսրայելական տանդեմը հաղթանակի հասնելու քիչ հնարավորություններ ունի: Այդ մասին է վկայում նաեւ ռազմական այն պատկերը, որն այս պահին ստեղծված է:
Ամերիկյան (որը փոխառեց նաեւ Իսրայելը) «հին ու բարի» պատերազմական ռազմավարությունն Իրանի դեպքում պարզապես չաշխատեց: Ինչպե՞ս է մինչ այս ԱՄՆ–ն, որպես կանոն, պատերազմներ վարել: Հիմնական շեշտը դրված է օդային հարվածների վրա (ավիացիա, հրթիռներ), որոնք հակառակորդին, բացի որոշակի վնասներ հասցնելուց, նաեւ հոգեբանական անելանելիության վիճակի են հասցնում: Այդ հարվածներից հետո, հատկապես նոր ժամանակների պատերազմի փորձով, սկսվում է ցամաքային ներխուժումը, նորից ապահովված օդային, արդեն նաեւ հրետանային, զրահատեխնիկայի ճնշումներով, հակառակորդի կապի համակարգերի պարալիզացմամբ եւ այլն: Այսքանից հետո, սովորաբար, հետեւակին գրեթե գործ չի մնում. միայն մաքրել այն տարածքները, որտեղից հակառակորդը հեռանում է:
Ահա այս տակտիկական մոտեցումն է, որ Իրանում չաշխատեց: Օդային ճնշումներն ակնհայտորեն իրանական բանակին չհուսահատեցրին: Իրանը պահպանում է պատասխան հարվածի միջոցները, ընդ որում` հաճախ ամերիկա–իսրայելական տեխնոլոգիական բանակին գերազանցող մակարդակ ցուցաբերելով: Օրինակ, նախօրեին ի ցույց դրվեց Իրանի նորագույն հրթիռներից մեկը, որը թռիչքի ժամանակ հեշտությամբ շրջանցում էր իրեն չեզոքացնել փորձող իսրայելական ժամանակակից եւ միանգամայն թանկ հակահրթիռները: Չնայած առնվազն երեկ հակահրթիռի (տեսանյութում այդքանն է երեւում) օգտագործման, որը ենթադրում է մինչեւ 10 միլիոն դոլարի ծախս, իրանական հրթիռը, այնուամենայնիվ, հաջողությամբ խոցում է թիրախը: Ընդ որում, ավելի վատ են այն դեպքերը, երբ իսրայելական (դաշնակիցների) միլիոնանոց հակահրթիռները ստիպված են հետապնդել սովորական անօդաչուների: Ընդ որում, չհետապնդել չեն կարող. չհետապնդելու ցայտուն օրինակը դարձավ իրանական մոտ 20 հազար դոլարանոց անօդաչուի կողմից ամերիկյան հեռավոր հետախուզական գործունեության մոտ 6–7 հարյուր միլիոնանոց ինքնաթիռ խոցումը:
Արդյունքում, ինչպես արեւմտյան աղբյուրներն են հաստատում, արաբական երկրները օգտագործել են իրենց հակաօդային միջոցների ավելի քան 80 տոկոսը: Նույն պատկերն է ԱՄՆ–ի եւ Իսրայելի մոտ, ասենք, նրանք արդեն նաեւ հարձակողական ռազմապաշարի հետ կապված խնդիրներ ունեն. մասնավորապես, ներկա պահին ԱՄՆ–ն պաշտոնապես հաստատում է, որ օգտագործել է ռեկորդային, աննախադեպ քանակով Tomahawk հրթիռներ, որոնց պաշարները կարող է վերականգնել ոչ թե շաբաթների կամ ամիսների, այլ` տարիների ընթացքում: Ու սա ընդամենը մեկ ամսվա պատերազմի արդյունքում, իսկ վերջը դեռ չի էլ երեւում:
Ու մյուս կողմից, հակառակորդն անգամ մոտավոր պատկերացում չունի իրանական հարվածային միջոցների քանակի մասին: Ճիշտ է, Թրամփը համառորեն խոսում է իրանական հրթիռային պոտենցիալը 90 եւ ավել տոկոսով ոչնչացնելու մասին, բայց այս հայտարարություններին վաղուց է, որ լուրջ վերաբերվող չկա: Գումարած` անօդաչուների պարկը, որը, թերեւս, ոչ միայն դեռ համալրված է տասնյակ հազարավոր միավորներով, այլ նաեւ արեւմտյան աղբյուրները հայտնում են դրսից եկող համալրումների մասին: Իսկ ահա իրանական աղբյուրի հավաստիացմամբ, ներկա պահին կարգավորվել է Չինաստանից երկաթուղով ռազմական բեռների հոսքը Իրան: Ու դա միանգամայն իրատեսական է, հաշվի առնելով, որ ներկա պահին կրկնապատկվել է Իրանի նավթարդյունահանումը, եւ դրա մոտ 90 տոկոսը, այն էլ ներկա գներով, տեղափոխվում է Չինաստան:
Արդյունքում, ինչպես քանիցս ենթադրել էինք, ԱՄՆ–Իսրայել տանդեմի համար այս պահին կա իրավիճակից դուրս գալու հաշված թվով ուղիներ:
Նախ, բեկում մտցնելու համար անցնել ցամաքային օպերացիայի, դրանում ներգրավելով քրդական, արաբական ուժերին, ԻԳԻԼ–ի «կոնսերվացված» զինյալներին եւ սեփական ուժերը: Սական, ինչպես «Հեզբոլլահի» դեմ Իսրայելի ցամաքային հարձակման փորձն է հուշում, էական հույսեր չեն կարող լինել: Ըստ տարբեր տվյալների, այս շաբաթներին «Հեզբոլլահը» ոչնչացրել է 100–ից ավել իսրայելյան տանկ, միանգամայն ժամանակակից եւ տեխնոլոգիապես հագեցված: Իրանի պարագայում այդ կորուստները հաստատ կբազմապատկվեն, էլ չասած, որ ամերիկյան կոալիցիան տարածաշրջանում պարզապես չունի համապատասխան քանակի զրահատեխնիկա: Նաեւ հրետանու եւ այդ կարգի այլ զինատեսակների կրիտիկական պակաս կա` քիչ թե շատ լուրջ ցամաքային օպերացիայի մասին մտածելու համար: Կարճ ասած, թեեւ Թրամփը համառորեն սպառնում է ցամաքային հարվածով, սակայն տեսանելի չէ այն ռեալ ուժը, որի միջոցով նա կարող է դա անել:
Երկրորդ տարբերակը միջուկային հարվածն է, կամ իրանական միջուկային օբյեկտները խոցելը: Բայց եթե Թրամփի նպատակը Մերձավոր Արեւելքի ողջ նավթագազային պոտենցիալի գրավումն է, այլ ոչ թե ռադիոակտիվ թափոն դարձնելը, ապա միջուկային հարվածի գնալը, մեղմ ասած, նպատակին չի ծառայելու:
Մեկ այլ տարբերակ է` քաղաքական ճնշումների միջոցով բանակցային «պատուհան բացելը»: Որոշ աղբյուրներ, այդ թվում` Պակիստանը, խոսում է միջնորդության մասին: Մեկ հանգամանք է միայն այստեղ խանգարողը. Իրանը հրապարակավ ներկայացրել է իրեն բավարարող պայմանները, եւ իրանական իշխանություններն այդ դիրքորոշումից արդեն հետ քաշվել, եթե անգամ ուզենան, չեն կարող. դժվար կլինի սեփական հանրությանը բացատրել, թե ինչու այսքան կորուստներից հետո որոշեցին նահանջել:
Չնայած, եթե լինեն իրական բանակցություններ, որոշակի փոխզիջումային տարբերակներ կարելի է գտնել: Ամբողջ հարցն այն է, որ նման ցանկացած տարբերակ որքանո՞վ է ընդունելի Նեթանյահուի համար, ով, եթե չկարողանա հաղթել Իրանին, հաստատ ներքին լրջագույն խնդիրներ է ունենալու:
Վերջապես, այս օրերին թրամփական ուղղությունից խոսակցություններ են լսվում, որ ԱՄՆ–ը կարող է պարզապես զորքերը վերցնել եւ հեռանալ` իրեն հաղթող հռչակելով: Եթե բան չփոխվի, սա, թերեւս, կարող է դառնալ Թրամփի միակ քայլը: Առավել եւս, երբ ԱՄՆ–ում միլիոնավոր մարդիկ են դուրս գալիս փողոց` ընդդեմ պատերազմի եւ գալոնը ռեկորդային` 4 դոլարից անցած գնի:
Մի խոսքով, մոտավորապես այս իրավիճակն է մեկ ամսվա պատերազմից հետո: Եվս մեկ ամիս կկարողանա՞ն պատերազմը շարունակել. ամենամեծ հարցն այս դեպքում այն է, թե այդ դեպքում Թրամփը կունենա՞ գոնե մի 100 Tomahawk հրթիռ, որ կարողանա Կուբայի վրա արձակել, ինչպես որ երազում է:

