Վաչե Թովմասյանը հետօսկարյան էյֆորիայից դուրս եկավ, մնաց «սունկի» տա՞կ
ՄշակութայինԵրբ «հումորը» վերածվում է արժեքների ոտնահարման, արդեն գործ ունենք ոչ թե արվեստի, այլ՝ սադրանքի հետ։
«Իրավունք»-ը դեռ նախորդ տարվա հուլիսին արձանագրել էր, որ դերասան ՎԱՉԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, կարծես թե, մնացել է հետօսկարյան էյֆորիայի ազդեցության տակ։ Սակայն ժամանակը ցույց տվեց՝ խնդիրը միայն «էյֆորիան» չէ։ Ավելի մտահոգիչ է այն, որ վերջինիս հանրային պահվածքում գնալով ակնառու են դառնում պատասխանատվության լուրջ բացերը։ Եվ հենց ինքն է բեմից խոստովանում թմրանյութերի՝ «սնկերի» ազդեցության մասին՝ փորձելով դա ներկայացնել իբրեւ հումորային «բոց»։
Հիշեցնենք՝ «Ոսկե ծիրան»-ի բացման արարողության ժամանակ, երբ նրան «Իրավունք»-ը հարց ուղղեց հայաստանյան իրողությունների մասին, դերասանը շտապեց խուսափել պատասխանից՝ հայտարարելով. «Ուզում եք քաղաքական կողմ թեքե՞ք, ինձ թվում է՝ հրաշալի է ամեն ինչ»։ Մենք արդեն այն ժամանակ հռետորական հարց էինք բարձրացնում՝ ի՞նչն է հրաշալի՝ Եկեղեցու դեմ արշա՞վը, ազգային արժեքների արժեզրկո՞ւմը, թե՞ հանրային խոսքի դեգրադացիան։ Այսօր արդեն փաստերն են պատասխանում այդ հարցին։
Բելգիայի հայ համայնքի կողմից ջերմ ընդունելությունից հետո՝ նույն այդ «արտիստը» ԱՄՆ-ում իր ելույթի ժամանակ իրեն թույլ է տվել ծաղրի ենթարկել համայնքի հոգեւոր հովիվ Հոգեշնորհ Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանին՝ օգտագործելով գռեհիկ, անգամ հայհոյանք պարունակող սկետչ։ Խոսքը պարզապես անհաջող կատակների մասին չէ. սա վերաբերմունք է՝ ուղղված թե՛ կոնկրետ հոգեւորականի, թե՛ ամբողջ համայնքի, եւ վերջնական հաշվով՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Պատահակա՞ն է սա, թե՞ օրինաչափություն։ Չմոռանանք՝ Թովմասյանի «ստեղծագործական ուղու» բարձրակետը օսկարակիր «Անորա» ֆիլմում նկարահանվելն է, որտեղ կրկին ծաղրի էր ենթարկվում հայ հոգեւորականը։ Այսինքն՝ գործ ունենք ոչ թե մեկ դիպվածի, այլ՝ ձեւավորված գծի հետ։ Իսկ Հոլիվուդում հայը ներկայացավ` «վա~յ, շան տղա ըլնեմ» մակարդակով:
Ի դեպ, Բելգիայի հայ համայնքում արձագանքը երկար սպասեցնել չտվեց։ Համայնքի ներկայացուցիչները բաց տեքստով դատապարտեցին տեղի ունեցածը՝ պահանջելով ներողություն խնդրել եւ անգամ առաջ քաշելով առաջիկա միջոցառման չեղարկման հարցը։ Նույն դիրքորոշումն արտացոլված է նաեւ համայնքի կոմիտեի պաշտոնական հայտարարության մեջ, որտեղ հստակ նշվում է՝ տեղի ունեցածը չի ընկալվել որպես արվեստ, այլ անհարգալից վերաբերմունք է:
Այո՛, սա արդեն լոկ «հումորի սահմանների» քննարկում չէ։ Սա արժեքային ճգնաժամի դրսեւորում է, երբ հանրային դեմքն իրեն իրավունք է վերապահում ծաղրել այն նույն մարդկանց ու կառույցներին, որոնց շնորհիվ ժամանակին ընդունվել ու գնահատվել է։ Ի վերջո, հարցը մնում է բաց՝ արդյո՞ք սա պարզապես անհաջող հումոր է, թե՞ գիտակցված հակաեկեղեցական վարքագիծ։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

