Ինչ են Մոսկվայում բացատրել Նիկոլին
ՎերլուծությունՆիկոլի մոսկովյան այցը, ինչպես եւ սպասվում էր, արդեն իսկ սկսել է ներհայաստանյան հարթությունում աղմուկ–աղաղակի տեղիք տալ: Նրա կողմնակիցները, բնական է, փորձում են «տակից» առաջ տանել թեզը, թե տեսաք, գնաց Պուտինի մոտ, Արցախի հարցով ամեն բան դեմքին շպրտեց: Շատ ավելի հոծ է քննադատությունը, թե փորձեց իր մեղքերը մաքրել, բայց դեմ առավ ծանր դիմադրության, որի պատասխան տալու ժամանակը գալու է:
ԲԱ ՈՐ ԱՍԵԻՆ` ԳԼՈՒԽԴ ՊԱՏԻՆ ՏՈՒՐ
Իրականում այն, ինչ ասաց Նիկոլն Արցախի մասին, ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբերգական պատմության մասին չլիներ խոսքը: «Այո, մենք Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչեցինք, բայց դա արեցինք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակավ հայտարարեց այդ մասին...»: Սա այն թեզն է, որն ի սկզբանե առաջ է տանում Նիկոլը, բայց նաեւ «մոռանալով», որ Պրահայում իր դավաճանական հայտարարությունը հնչեցրեց բացառապես Արեւմուտքի թելադրանքով եւ միջնորդությամբ, ու միայն հետո Ալիեւի հետ գնացին Սոչի` այդ մասին Պուտինին պաշտոնապես պատմելու համար: Շատ է խոսվել նաեւ Մոսկվայի այդ հայտարարությունների մասին, որտեղ շատ պարզ միտք էր` Ռուսաստանն Արցախը չի ճանաչել, քանի որ նախ Հայաստանն էր պարտավոր այն ճանաչել: Ու այսքանից հետո, երբ Նիկոլը նման հայտարարություն է անում, դա, թերեւս, պետք է գնահատել նախ`որպես նախընտրական քարոզի մաս, երկրորդ` Արեւմուտքից մեղադրանքների տակից հանելու հերթական փորձ: Մինչդեռ նման հայտարարությամբ նա էլ ավելի վատթարացրեց վիճակը. ուզում է ասել, որ Ռուսաստանի հայտարարությունները հալած յուղի տեղ է ընդունել եւ հրաժարվել Արցախի՞ց: Բայց չէ՞ որ 1988թ.–ից ի վեր Ռուսաստանից բազմիցս են հնչել հայտարարություններ Արցախի կարգավիճակի մասին, ու մինչ Նիկոլը եղած հայաստանյան եւ ոչ մի ղեկավարի մտքով էլ չի անցել դրա հիման վրա Արցախն ադրբեջանական ճանաչող անգամ ակնարկ անել: Կամ շատ ավելի պարզ. եթե Մոսկվան ասեր` «գնա գլուխդ պատովը տուր», անելո՞ւ էր...
Թե իրականում ինչ էր դրված Արցախը հանձնելու, այդ թվում` 44–օրյա պատերազմի տակ, շատ բան հայտնի է, շատ բան հայտնի կդառնա ապագա դատավարության ժամանակ: Ամեն դեպքում, երբ նույնիսկ իրենց իսկ ստեղծած ու իրենց կողմից կառավարվող ԱԺ հանձնաժողովի եզրակացությունն են յոթ փակի տակ պահում, ավելորդ հուշում է, որ դա շատ հետաքրքիր դատավարություն է լինելու: Բայց այս պահին, թերեւս, Նիկոլի այդ այցի գլխավոր թեման ամենեւին էլ պատմական հիշողությունները չէր:
ԻՆՉՈՒ ԷՐ ԳՆԱՑԵԼ ՄՈՍԿՎԱ
Այսպես, թե ինչու էր Նիկոլը գնացել Մոսկվա, այս պահին կան տարբեր բացատրություններ: Սկսված հայաստանյան նախընտրական իրավիճակից, վերջացրած մեր երկրի շուրջ ծավալվող իրադարձություններով: Եվ այս ամենով հանդերձ, Պուտինի կողմից Նիկոլի ընդունելությանը հաջորդող մեկնաբանություններում շատ է խոսվում այցի տնտեսական բաղադրիչի մասին, այդ թվում, որ Նիկոլը ցանկանում է հայաստանյան երկաթուղու կառավարումը ռուսներից փոխանցել այլ կողմի: Իսկ ահա Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով, չմոռանանք, Ռուսաստան–Ադրբեջան–Հայաստան եռակողմ ձեւաչափում կոմունիկացիաների հարցով զբաղվող փոխվարչապետների խմբում ռուսական կողմի ներկայացուցիչն է, այն է` թեմայի հետ կապված միանգամայն կոմպիտենտ պաշտոնյան, Պուտինի եւ Նիկոլի հանդիպումից հետո ոչ թե պարզապես ի ցույց դրեց, թե որն է ողջ խնդիրը, այլ նաեւ միանգամայն թափանցիկ խոսեց Մոսկվայի դիրքորոշման եւ սպասվող հետեւանքների մասին: Նախ հիմնական թեզը. Հայաստանի ապաշրջափակումը կարեւոր է ամբողջ Հարավային Կովկասի զարգացման համար եւ առանց Մեղրիի հատվածի այնտեղ խաղաղություն չի լինի։ Ապա Օվերչուկն ընդգծեց. «Մոսկվայի համար պարզ է, որ Հայաստանը պատրաստվում է միանալ Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված դաշինքին։ Նման սցենարը լուրջ հետեւանքներ կունենա»: Բնական է, խոսքն այս դեպքում ինչպես Մեղրիի հատվածի, այնպես էլ հայաստանյան ողջ երկաթուղային համակարգի մասին է` դրա կառավարումն այլ կողմի հանձնելու տեսքով: Ու եթե Փաշինյանը փորձում է դրա տակ «տնտեսական տրամաբանություն» դնել, ապա դրա դեմ Օվերչուկն այս միտքն է հնչեցնում` Ռուսաստանի բոլոր հարեւանները, նույնիսկ ԵՄ-ում գտնվողները, հետաքրքրված են ռուսական երկաթուղիներով, բայց միայն Հայաստանն է կասկածի տակ դնում համագործակցությունը, ինչն էլ հուշում է, որ երբ ներկա պահին Նիկոլի հիմնական խնդիրը հայաստանյան երկաթուղային համակարգն ռուսական կառավարումից վերցնելով, այլ երկրի տալն է, ապա դրա տակ միայն քաղաքական հիմքեր կան:
Ու դա, դատելով ՌԴ փոխվարչապետի խոսքից, միանշանակ կունենա հետեւանքներ: Այդ թվում, որ` «Ռուսական եւ չինական բեռները նախընտրում են տարանցիկ անցնել Իրանով, քան ԱՄՆ-ի կողմից վերահսկվող հայկական տարածքով»: Այն է` «Թրամփի ուղու» պարագայում Հայաստանը պետք է մոռանա բեռնափոխադրումների մասին: Հաշվի առնելով նաեւ, որ հերիք չէ, որ «Հայաստանը որոշել է զիջել իր տարանցիկ եկամուտների 74%-ը՝ համաձայնվելով «Թրամփի երթուղուն»», սակայն այդ ուղղության «երկարաժամկետ հեռանկարները անորոշ են, քանի որ նախագիծը հիմնված է Կենտրոնական Ասիայից ապրանքների հոսքի վրա՝ ծանծաղ Կասպից ծովով»: Կարճ ասած, ինչպես ռուս–իրանական, այնպես էլ արեւելք–արեւմուտք ուղղությամբ բեռները շրջանցելու են Հայաստանը: Այն դեպքում, երբ եթե «Մեղրիի հատվածը կմնար լիովին հայկական սեփականություն, եթե Հայաստանը շարունակեր աշխատել Ռուսաստանի հետ եռակողմ խմբում»,- ընդգծեց Օվերչուկը ։
ԽՆԴԻՐՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ Է
Սակայն այստեղ խնդիրն առաջին հերթին աշխարհաքաղաքական է: Եթե Նիկոլը բողոքում է տնտեսական կողմից, այսինքն, որ պետք է հայաստանյան երկաթուղին հասցնել մինչեւ սահմանային անցակետեր, ապա, ինչպես հայտնեց Օվերչուկը, Ռուսաստանն այդ հարցին դրական պատասխան տվել է. ռուս մասնագետները շատ արագ հարցը կլուծեն: Բայց ակնհայտորեն թեման աշխարհաքաղաքական դաշտում է, քանի որ ԱՄՆ-ին, ըստ Օվերչուկի, անհրաժեշտ է միջանցք Հայաստանի միջով՝ Կենտրոնական Ասիայից կարեւորագույն հանքանյութեր արտահանելու եւ Իրանը վերահսկելու համար: Այսինքն, Նիկոլն այդ քայլով միանգամից Հայաստանը թշնամացնում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ` Իրանի հետ:
Բայց դա, ինչը նաեւ Պուտինի խոսքից էր ենթադրվում, կունենա շատ կոնկրետ պատասխաններ: Նախ, հայկական արտադրողները պարզապես կարող են զրկվել ռուսական շուկայից` գնացեք Եվրոպայում ձեր միրգն ու բանջարեղենը վաճառեք: Եվ այն, որ գրեթե անմիջապես էլ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը սկսեց խոսել հայկական ապրանքների հետ կապված խնդիրներից, գալիս է հուշելու, որ թեման շատ լուրջ է: Հաջորդը, այս աշնանն ավարտվում է հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը, որը ռուս մասնագետները պատրաստվում են եւս տաս տարով երկարացնել: Կարող են նաեւ դա չանել, որի պարագայում մի քանի ամսից Հայաստանը կմնա առանց հոսանքի: Իսկ ատոմակայանը դժվար կլինի գազով փոխարինել, քանի որ ռուսները նաեւ հիշեցնում են այն «ոչ եվրոպական» գների մասին, որով հիմա Հայաստանը էներգակիրներ է ստանում:
Թե իրավիճակն ինչ զարգացում է ստացել Պուտինի եւ Փաշինյանի առանձնազրույցից, դեռ հասկանալ է պետք: Սակայն իրավիճակն ակնհայտորեն հետեւյալ պարզ տրամաբանության մեջ է: Մոսկվան, փաստացի, բոլոր խողովակներով նույն բանն է մատնանշում. այս ամենը համարում են Նիկոլի կողմից արեւմտյան խաղերի մեջ լինելու հետեւանք, իսկ նրա «լոլոներին» որեւէ ուշադրություն արդեն չեն դարձնում: Իրականում այդպես է, թե` ոչ, արդեն անգամ դա չէ կարեւորը. Մոսկվայում հենց այդ պատկերացումն է եւ ակնհայտորեն գործելու են դրանից ելնելով: Ու խնդիրը հիմա Հայաստանի որոշելու դաշտում է, թերեւս կապված նաեւ առաջիկա ընտրությունների հետ: Այսինքն, եթե հայաստանյան ընտրողը նորից է Նիկոլին քվե տալու, ապա, ինչպես Մոսկվայում վստահ են, կշարունակի նույն կուրսը, որի հետեւանքն է դառնալու նկարագրված իրավիճակը:
Թեեւ մյուս կողմից էլ տարածաշրջանային լարվածությունն այն աստիճանի վրա է, որ հայաստանյան զարգացումները հազիվ թե ռուսները թողնեն ինքնահոսի: Ըստ այդմ, ՌԴ փոխվարչապետը ֆիքսեց. «Մեզ համար պարզ է, որ չկան օբյեկտիվ պատճառներ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան որեւէ երրորդ կողմին վաճառելու համար»: Այսինքն, Նիկոլը կարող է վարվել այնպես, ինչպես ՀԷՑ–ի պարագայում. պարզապես խլել այն: Բայց նման է, որ դա Մոսկվան կհամարի թշնամական արարք` պատասխանները տնտեսականից կամ տնտեսականի հետ մեկտեղ տեղափոխելով նաեւ այլ ուղղություններ: Առավել եւս, որ Իրանում եւս փորձում են որեւէ դետալ այս փուլում վերահսկողությունից դուրս չթողնել, իսկ «Թրամփի ուղի» ասվածն էլ համարում են շատ կոնկրետ վտանգ:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Ամեն դեպքում, առնվազն տարօրինակ էր, որ ներկա ծայրահեղ թեժ իրավիճակում Նիկոլը հանկարծ որոշեց Մոսկվայում խաղարկել երկաթուղու թեման: Այն, որ դա պետք է կապել հայաստանյան ընտրությունների հետ, կարելի է ենթադրել: Բայց ո՞ր կողմից:
Նախ, հնարավոր է, որ նա պարզապես ներկա ծանր նախընտրական վիճակում փորձում է Մոսկվայի հետ երկաթուղու կոնցենսիայի թեմայով «առեւտրի» մեջ մտնել` շատ մի նեղեք, ապագայի երաշխիքներ կամ նման բան:
Մյուս կողմից, չբացառենք, որ այսկերպ նա փորձում է ապահովել Արեւմուտքի կամ նույնիսկ թուրք–ազերիական տանդեմի օժանդակությունն ընտրությունների ժամանակ:
Թե որ տարբերակն է, դեռ հասկանալ է պետք: Բայց մեկ բան այս պահին էլ տեսանելի է. եթե իրեն վստահ զգար, հազիվ թե նման ծայրահեղ վտանգավոր խաղի մեջ մտներ, այն էլ` ներկայիս շատ ավելի ծայրահեղ վտանգավոր իրավիճակում, երբ առանց չափազանցության, ողջ աշխարհն է սպասում իրանական պատերազմի շուրջ հետագա զարգացումներին` փորձելով առավելագույնս զերծ մնալ կտրուկ քայլերից: Միայն թե Մոսկվան կամ Արեւմուտքը կարո՞ղ են Նիկոլին օգնել, երբ նրա ամեն մի փողոց դուրս գալուն մի նոր սկանդալ է հետեւում: Իսկ երբ բանը հասել է նրան, որ պատանիների է բանտում փակում, դա հուշում է այն հսկա նեգատիվի մասին, որ նրա անվան շուրջ է գեներացվել:

