Կիրառվել է ամենախիստ ու ծայրահեղ խափանման միջոց կալանքը.Ահազանգում է իրավապաշտպանը
Ես՝ որպես փաստաբան, կալանքը իբրև խափանման միջոց դիտարկում եմ ծայրահեղ միջոց, երբ այլևս չկան որևէ ողջամիտ խափանման միջոցներ, որոնք ի վիճակի չեն ապահովելու մեղադրյալի վարքագիծը մինչդատական կամ հետագայում դատական վարույթում,-նման դիտարկում է անում իրավապաշտպան Նորայր Նորիկյանը, անդրադառնալով 18-ամյա Դավիթի կալանավորմանը.
- Հետևաբար, ես գտնում եմ, որ գործի շրջանակներում, եթե առերևույթ առկա լիներ քրեորեն հետապնդելի արարք, կիրառվել է ամենախիստ ու ծայրահեղ խափանման միջոց կալանքը՝ առանց հաշվի առնելու այդ երիտասարդի առողջական վիճակը, նախկինում որևէ կերպ արատավորված չլինելու, 18 տարեկան լինելու, նախկինում դատապարտված չլինելու հանգամանքը ու բազմաթիվ այլ հանգամանքներ: Կոնկրետ պարագայում կարելի էր այլ խափանման միջոց ընտրել կամ ընդհանրապես խափանման միջոց չընտրել:
Բայց ինձ մեկ այլ հանգամանք է շատ վրդովեցնում. քիչ առաջ մամուլում կարդացի, որ նշված գործով վարույթն իրականացնող քննիչն ազատվել է աշխատանքից իր պետի հետ միասին: Ես հիմա մի զուգահեռ կանցկացնեմ, որպեսզի ցույց տամ մեր դատաիրավական համակարգի պերճանքն ու թշվառությունը:
Նույն այդ քննիչի վարույթում մեկ տարի է քննվում է գործ, դեռևս անցած տարվա ապրիլին Երևան քաղաքի բանուկ փողոցներից մեկում՝ օրը ցերեկով, տուժող կողմի համար դեռևս չպարզված պայմաններում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, դիտավորությամբ հարված կամ հարվածներ է ստացել մեր տուժողը, որը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:
Մեկ տարի է, ինչ Կենտրոն վարչական շրջանի Քննչականներում քննվում է այդ գործը, ընդ որում՝ նշված քննիչի վարույթում է այդ գործը քննվել: Մի քանի անգամ անցած տարի հոկտեմբերին ես ինքս դիմել եմ գլխավոր դատախազ Վարդապետյանին, Քննչական կոմիտեի նախագահ Պողոսյանին, ընդգծելով, որ տուժող կողմը հայտնում է իր բողոքն ու վրդովմունքը, որ իրավասու մարմինները ամիսներ շարունակ դրսևորում են բացարձակ անգործություն, որի հետևանքով հնարավոր հանցագործը կամ հանցագործները մնացել են անպատիժ, ինչի հետևանքով խարխլվում է քաղաքացիների հավատը ՀՀ իրավապահ համակարգի նկատմամբ:
Անցած շաբաթ ես կրկին գլխավոր դատախազին ու Քննչական կոմիտեի նախագահին գրություն եմ ուղարկել, պահանջելով, որ հեռացնեն այդ քրեական գործը քննող դատախազին և այդ նույն քննիչին վարույթից, որովհետև արդեն լրանում է այդ հանցագործության մեկ տարին, բայց բացահայտված չէ:
Համադրելով սա ձեր կողմից բարձրաձայնված հարցի հետ, ես հանգում եմ հետևյալ եզրակացության, որ երբ հարցը վերաբերում է իշխանության ներկայացուցիչներին ու հատկապես Փաշինյանին, ամբողջ դատաիրավական համակարգը օրնիբուն աշխատում է, գետնի տակից էլ հայտնաբերում են մեղավորներ, գիշերային արդարադատություն են իրականացնում, կալանավորում են մարդկանց, իսկ երբ հարցը վերաբերում է շարքային քաղաքացիների, այդ դեպքում դատաիրավական համակարգի անգործությունը ուղղակի աչքի է զարնում:
Հրապարակավ պահանջում եմ գլխավոր դատախազից ու Քննչական կոմիտեի նախագահից՝ համադրության մեջ դնել այս գործն էլ, որը մարդկային կյանք է արժեցել, և այդ 18 տարեկան երիտասարդի գործն էլ: Ինչպե՞ս ստացվեց, որ վերջին գործն այդքան աղմուկ ստացավ, այդքան արագ լուծվեց, իսկ մյուս գործն արդեն մեկ տարի է՝ տեղից չի շարժվում:

