Նրա կյանքը միայն կենսագրություն չէր. դա պայքարի տարեգիրք էր...
ՄշակութայինՄՆԱՍ ԲԱՐՈՎ, ԶՈՐԻ ՀԱՅԿՈՎԻՉ
Հիշողության, պայքարի եւ հավատքի ճանապարհով անցած մի ամբողջ դարաշրջան փակվեց… Հայ ժողովուրդը կորցրեց իր ամենաանկոտրում ձայներից մեկին։ Մահացավ լեգենդար գրողը, հրապարակախոսը, ազգային գործիչը՝ 91-ամյա Զորի Բալայանը՝ հենց Սուրբ Հարության տոնին: Նրա կյանքը միայն կենսագրություն չէր․ դա պայքարի տարեգիրք էր, հավատքի փորձություն եւ ժողովրդի ճակատագրի հետ միաձուլված ուղի։ Նա այն մարդկանցից էր, ում համար խոսքը զենք էր, իսկ լռությունը՝ մեղք։
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՅԱՆՔԸ ՊԱՅՔԱՐՆ Է…»
Զորի Բալայանի անունը անքակտելիորեն կապված էր Արցախի ճակատագրական տարիների հետ։ 1990-ի քաղաքական հացադուլը դարձավ ոչ միայն բողոքի ակցիա, այլեւ ազգային դիմադրության խորհրդանիշ։ Այդ օրերին նրա կողքին էին մեծագույն անուններ՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, բազմաթիվ մտավորականներ։
1992-1995 թվականներին եղել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992-1994 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմաքաղաքական նշանակության հարցերի մշակման մեջ, պարբերաբար եղել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում եւ իր ներկայությամբ ոգեւորել հայ զինվորին, որի համար ստացել է «Կոմիսար» պատվանունը, եղել է բազմաթիվ արտասահմանյան երկրների կողմից Արցախին ցույց տրվող մարդասիրական օգնության նախաձեռնողն ու կազմակերպիչը… Բայց այս ամենով հանդերձ նրա ամենամեծ առաքելությունը եղել է արցախյան ազգային-ազատագրական պայքարի միջազգայնացմանն ուղղված հիրավի նպատակասլաց գործունեությունը։ Իսկ դրա համար ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ հետպատերազմյան շրջանում նա օգտագործել է ոչ միայն միջազգային տարբեր հանդիպումների ու հրապարակային ելույթների ուժը, այլեւ «Կիլիկիա» եւ «Արմենիա» նավերով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարելու տարբերակը… Ճանապարհորդություն, որի ընթացքում նավերով օվկիանոսներն ու ծովերը հատում է Արցախի պետական դրոշը վեր պարզած։
Հենց այդ օրերին հնչեցին այն խոսքերը, որոնք դարձան նրա կյանքի բանաձեւը. «Յուրաքանչյուր իրավունք ենթադրում է մշտական պատրաստականություն՝ այն պաշտպանելու»։ Այս համոզմամբ էր ապրում Բալայանը՝ հավատալով, որ արդարության համար պայքարը չի ավարտվում հաղթանակով, այլ շարունակվում է դրա պահպանմամբ։
Նրա կյանքում առանձնահատուկ տեղ ուներ հոգեւոր ուժը։ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ Վազգեն Առաջինի խոսքերը, հնչած դեռ 1990 թվականին, ուղեկցեցին նրան այդ դժվար ճանապարհին. «Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետեւ նրանք պիտի հագենան»։ Այդ հավատքն էր, որ ուժ էր տալիս դիմանալու՝ սովի, ճնշումների, անորոշության պայմաններում։ Եվ հենց այդ հավատքն էր, որ դարձավ նրա հրապարակախոսության հիմքը՝ ազգային արժանապատվության եւ արդարության պահանջը։
Բալայանը ոչ միայն քաղաքական կերպար էր, այլեւ խորապես հումանիստ։ Նրա հիշողություններում միահյուսվում էին կատակն ու ողբերգությունը, սովն ու հույսը, վախն ու հավատը։ Նա գրում էր այն մասին, թե ինչպես էին հացադուլի օրերին անգամ մի բաժակ տաք ջուրը դառնում «խնջույք», ինչպես էին ծիծաղում՝ մահվան վտանգի կողքին, ինչպես էին երազում ազատ Արցախում ժենգյալով հաց ուտելու մասին։ Եվ այդ երազանքը տարիներ անց իրականություն դարձավ… Ավա՜ղ, մեծ մտավորականի կյանքի մայրամուտին արյունով, սպիներով, արցունքով ու քրիտնքով իրականություն դարձած երազանքն ի չիք դարձավ: Թերեւս սա էր այն մեծագույն հարվածը, որից հետո այլեւս Զորի Հայկովիչը լռեց, պարզապես, ի վիճակի չէր…
Չնայած պատմական ծանր ուղուն՝ Զորի Բալայանը մնաց նաեւ ընտանիքի մարդ։ Նրա որդու՝ հայտնի վիրաբույժ Հայկ Բալայանի հիշողություններում նա առաջին հերթին հայր էր՝ խիստ, բայց արդար, սկզբունքային, հոգատար։ Նրա տված պարզ, բայց խոր խորհուրդները դարձան կյանքի ուղեցույց. «Սիրել հայրենիքը ինչպես ընտանիքը, հարգել հացը, պահպանել արժանապատվությունը»։
ՆԱ ԳՏԵԼ ԷՐ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ
Զորի Բալայանի նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, գրված դեռ 2013 թվականին, կարելի էր դիտարկել ոչ միայն որպես դիմում, այլեւ որպես համոզմունքով գրված ուղերձ, որտեղ հեղինակն արտահայտում էր իր տեսլականը տարածաշրջանի ապագայի վերաբերյալ։
Բալայանը նամակում ներկայացրել էր այն գաղափարը, որ տարածաշրջանային բարդ ու երկարատեւ հակամարտությունների լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի՝ որպես ազդեցիկ եւ պատմականորեն ներգրավված ուժի ձեռքում։ Նրա համոզմամբ՝ հենց Ռուսաստանի հավասարակշռված, արդար եւ վճռական ներգրավվածությունն է, որ կարող էր ապահովել խաղաղություն, կայունություն եւ անվտանգություն։
Նամակը արտահայտում էր հավատ, որ հայ-ռուսական հարաբերությունների խորքային հիմքը կարող էր դառնալ այն հենարանը, որի վրա հնարավոր կլիներ կառուցել երկարատեւ լուծումներ։ Այս իմաստով Բալայանի ուղերձը ներկայանում էր որպես վստահության դրսեւորում՝ ուղղված նրան, որ ճիշտ քաղաքական կամքի եւ միջնորդության դեպքում հնարավոր էր գտնել փրկության ուղին։
Նամակում ընդգծվում էր, որ Արցախը հայ ժողովրդի համար ունի ոչ միայն պատմական, այլեւ մշակութային եւ ինքնության խորքային նշանակություն։ Բալայանը ներկայացնում էր այն որպես մի տարածք, որի բնակչությունը ձգտում է ապահով ու խաղաղ ապրել՝ իր ինքնորոշման իրավունքով։
Առանձնահատուկ շեշտ էր դրվում հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ ներկայացնելով դրանք որպես դարերով ձեւավորված բարեկամություն եւ փոխադարձ վստահություն։ Նամակը հիշեցնում էր, որ Ռուսաստանը հաճախ ունեցել էր կայունացնող դեր տարածաշրջանում, եւ ակնկալվում էր, որ այդ դերակատարումը կշարունակեր նպաստել խաղաղության պահպանմանը։
Միեւնույն ժամանակ, նամակը արտահայտում էր մտահոգություն տարածաշրջանային լարվածության եւ հնարավոր բախումների վերաբերյալ՝ կոչ անելով առավել ակտիվ ջանքեր գործադրել խաղաղության, անվտանգության եւ հավասարակշռության պահպանման ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ, այս նամակը կարելի էր դիտարկել որպես հույսի եւ վստահության արտահայտություն, որտեղ հեղինակն ակնկալում էր, որ Ռուսաստանի դերակատարությունը կնպաստի կայունության, երկխոսության եւ երկարատեւ խաղաղության հաստատմանը տարածաշրջանում։ Այսօր արդեն մարգարեական են դարձել Զորի Բալայանի խոսքերը։
ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏ
Զորի Բալայանի մահը ոչ միայն մարդու կորուստ էր, այլեւ մի ամբողջ ժամանակաշրջանի ավարտ։ Նրա հետ հեռացավ այն սերունդը, որը պայքարում էր ոչ թե խոսքով, այլ սեփական կյանքի գնով։
Բայց նրա ձայնը չի լռելու։ Այն մնալու է գրքերում, հիշողություններում, պատմության էջերում եւ ամեն հայի գիտակցության մեջ, ով երբեւէ մտածել է արդարության, հայրենիքի եւ պատասխանատվության մասին։
Այսօր, երբ մենք ասում ենք՝ մահացավ Զորի Բալայանը, իրականում ասում ենք՝ ավարտվեց մի մեծ պատմություն։ Բայց նրա պատգամը շարունակում է հնչել. «Պայքարը դեռ չի ավարտվել»։
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումը, ՍԻՄ կուսակցությունը, «Իրավունք» թերթի ողջ խմբագրակազմը իր ցավակցությունն է հղում Բալայանների ընտանիքին, հարազատներին եւ հայ ժողովրդին՝ մեծագույն կորստի համար։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

