«Փաստ». Թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «1982 թվականից յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ անցկացվող «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն այս տարի հունիսի 6-ին հյուրընկալելու է Երևանը։ Մեր երկիրն այս մրցույթում ունենալու է իր երրորդ մասնակցությունը։ 2012 թվականին մրցույթում Հայաստանն առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը, երկրորդ անգամ՝ 2024 թվականին, հոբոյահար Հայկ Հեքեքյանը։ Այս տարի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչն է ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։
Կասկածի տակ չդնելով նրա մասնագիտական ունակությունները և պրոֆեսիոնալիզմը՝ շատերի համար տարակուսելի է, թե ինչու բոլոր մասնակիցներից, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ էին, նախապատվությունը տրվեց ՌԴ քաղաքացուն։ Անգամ հարց է հնչում՝ գուցե սա հնարավորություն է շրջանցելո՞ւ եվրոպական պատժամիջոցները։ Չէ որ Ռուսաստանի քաղաքացիները չեն կարողանում ելույթ ունենալ իրենց դրոշի ներքո սպորտային, մշակութային տարբեր մրցույթների ժամանակ։
Ի դեպ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Հայաստանի պատվիրակի ընտրության օրը մասնակիցներից ոմանց թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով, ինչը ևս զարմանքի պատճառ է դարձել։ Նրանց նախապես խնդրել են ընտրել այլ հեղինակների ստեղծագործություններ։ Սա զարմանալի է նաև այն դիտանկյունից, որ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն անցկացվելու է հունիսի 6-ին՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, ուստի շատերն են տարակուսած՝ Հայաստանում՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն անցկացվող մրցույթի՝ Հայաստանի պատվիրակի ընտրության փուլում ինչո՞ւ չեն հնչել մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունները։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

